Պատկերը պատրաստել է Նատալի Հարությունյանը։

Ապրիլի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ «Եվրասիա․ ավանդական արժեքների տարածք» խորագրով ֆորումը, որին մասնակցեցին պետական, հասարակական և բիզնես ոլորտի շուրջ 600 ներկայացուցիչ, այդ թվում՝  100 լրագրող։ Նախաձեռնողը ռուսական իշխանության հետ փոխկապակցված «Եվրասիա» կազմակերպությունն էր։ Ֆորումին քննարկվում էին Ռուսաստանի Դաշնության վերջին տարիների գաղափարական ձգտումները․ «ավանդական արժեքների» հակազդումը Արևմուտքին և եվրասիական ընդհանուր տարածքը հետխորհրդային երկրների հետ։    

Մեդիան ֆորումի առանցքային թեմաներից էր։ Հյուրերի թվում էին նաև հայաստանյան մեդիա մասնագետներ։ Նրանցից մեկը՝ AlphaNews.am կայքի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը, Հայաստանում ռուսական նախաձեռնությունների շուրջ «մեդիաաղմուկ» ստեղծելու, դրանք ավելի շատ լուսաբանելու կարիք էր տեսնում։ Նա կարծում էր, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում ստեղծի «փաստերի ստուգման կազմակերպություն»։ Ռուսաստանը աշխարհում մամուլի ազատության ամենացածր ինդեքսներից մեկն ունեցող պետություններից է. ազատ մամուլը ՌԴ իշխանությունների կողմից ենթարկվում է համակարգային ճնշումների։  

Media.am-ն ուսումնասիրել է «Եվրասիայի» մոսկովյան ֆորումին մասնակցած հայկական լրատվամիջոցներից երեքը, պարզելու, թե ինչպես են դրանք լուսաբանում հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաները։ Որպես օրինակ ընտրել ենք ՀՀ Ազգային ժողովում վերջերս ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ հաշվի առնելով դրան ՌԴ իշխանությունների զգալի արձագանքը։

Ի՞նչ է սահմանում «ԵՄ-ին միանալու» մասին օրենքը

Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջարկել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ հավաքելով դրա համար անհրածեշտ ստորագրությունների քանակը։ Հունվարի 9-ին դրան հավանություն տվեց ՀՀ Կառավարությունը։ Օրենքի տեքստը բաղկացած է ընդամենը մի քանի տողից և սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության` ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկը հայտարարելով։ Ընդդիմությունը քննադատեց օրենքը՝ նշելով, որ այն զուտ հայտարարություն է, և չի կարող օրենք կոչվել: Media.am-ը պարզել էր, որ օրենքի նախագիծը իր կառուցվածքով իսկապես չէր համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին։ Այնուամենայնիվ, մարտի 26-ին այն ընդունվեց Ազգային ժողովում։

Ի՞նչ է «Եվրասիան»

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է «հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն պրոցեսների ամրապնդման» համար։ Այն ղեկավարում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, պատգամավոր Ալյոնա Արշինովան։ Նա պատգամավոր է դարձել 26 տարեկանում և ինքն իրեն կոչում է «Պուտինի սերնդի» ներկայացուցիչ, քանի որ Պուտինը նախագահ է այնքան երկար, որ իր սերունդը Պունիտի օրոք գնացել է մանկապարտեզ, դպրոց, համալսարան, կարիերա կառուցել։ 

Ռուսաստանի իշխող կուսակցության հետ փոխկապակցված «Եվրասիայի» խորհրդի անդամ է հայազգի Միքայել (Միկա) Բադալյանը, որը Հայաստանում ներկայանում է որպես ընդդիմադիր ակտիվիստ։ 2022-ին նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու մեղադրանքով, իսկ 2020-ին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, դիմակներ էր վաճառել պետությանը և խուսափել հարկեր վճարելուց։ 

Ձայներ Մոսկվայից և Երևանից՝ ԵՄ-ին ինտեգրման մասին

«Եվրասիայի» ֆորումին մասնակցած հայկական լրատվական կայքերից դիտարկել ենք երեքը, որոնց տեքստային բովանդակությունը տեխնիկապես հասանելի էր քաղման (web scraping) և քանակական վերլուծության համար՝ AlphaNews.am, Hayeli.am, Yerevan.today։

Ուսումնասիրել ենք կայքերի՝ ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքին վերաբերող տեքստային բովանդակությունը։ Ընդհանուր առմամբ, քաղվել է 2025 թ․ հունվար-ապրիլ ամիսներին հրապարակված 189 հոդված։ Դրանց մեծ մասը՝ 128-ը, պարունակում էր որևէ փորձագետի, պաշտոնյայի կամ հասարակական գործչի կարծիք։ 47 հոդված խմբագրական կամ հեղինակային ակնարկ էր, իսկ 14-ը զուտ լուր էր և չէր պարունակում որևէ կարծիք կամ գնահատական։ 

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի մասին հոդվածների տեսակները

Հատկանշական է, որ AlphaNews.am-ի դեպքում կարծիք հայտնողների ճնշող մեծամասնությունը՝ 37-ը, Ռուսաստանից էին, նրանցից 14-ը՝ ՌԴ պաշտոնյա։ Միայն 6 դեպքում էին կարծիք հայտնողները ԵՄ-ից կամ Հայաստանից։

Yerevan.today-ի հրապարակումներից 25-ում կարծիք հայտնողները Հայաստանից էին, 13-ում՝ Ռուսաստանից, 3-ում՝ Եվրոպայից։ Hayeli.am-ի տեքստերում հայաստանցի և ռուսաստանցի խոսնակների թիվը գրեթե հավասար էր՝ համապատասխանաբար 22 և 18։ 

 Որ երկրից էին կայքերի կողմից ձայն ստացած խոսնակները

Ուշագրավ է, որ Hayeli.am-ում սեփական բովանդակությունը քիչ էր․ հոդվածների կեսից ավելին՝ 44-ը, վերահրապարակումներ էին։ Դրանցից 7-ը վերցված էին սոցցանցերից, 37-ը՝ լրատվամիջոցներից։ Դիտարկված բովանդակության մեջ Hayeli.am-ը ամենից հաճախ վերահրապարակել է «Փաստ» օրաթերթի նյութերը (13 հոդված), որին հաջորդում են «Հրապարակն» ու «Արմենպրեսը»՝ երեքական հոդվածներով։ 

Կրեմլի հետ փոխկապակցված փորձագետները

Հատկանշական է, որ չնայած բոլոր երեք լրատվամիջոցների կարծիք պարունակող հոդվածներում ռուսական տեսակետը հաճախ էր հնչում, AlphaNews.am-ը գրեթե ամբողջությամբ օրենքը լուսաբանել էր ռուսական դիտանկյունից։ Կայքը հաճախ է հարցազրույց վերցրել ռուսաստանցի փորձագետներից, որոնց, սակայն, դժվար է անկախ անվանել։ 

Օրինակ, քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Կրեմլից կախվածություն ունեցող Հասարակական պալատի անդամ է։ Նրա հոդվածները կարելի է գտնել ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պաշտոնական կայքում (օրինակ 1, օրինակ 2)։   

Մեկ այլ քաղաքագետ` Անդրեյ Արեշևը, աշխատում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամում, որը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։ Այս հիմնադրամը ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական պարբերականի գործընկերն է։ Բացի այդ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի, հիմնադրամը կապված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հետ։

AlphaNews-ին հարցազրույց տված ևս երկու քաղաքագետ՝ Դմիտրի Սուսլովն ու Ֆյոդոր Լուկյանովը, հաղորդումներ են վարում ռուսական պետական հեռուստաալիքներում, որոնք գործում են Կրեմլի վերահսկողության տակ (հղում 1, հղում 2)։ Երկուսն էլ ներառված են Կանադայի սահմանած պատժամիջոցների ցանկում։ Իսկ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվում է փորձագետ Մարատ Բաշիրովը, որը ժամանակին եղել է Ռուսաստանի կողմից վերահսկվող Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ։ 

AlphaNews-ի փորձագետների թվում էին նաև`

  • ՌԴ իշխանության հետ համահունչ աշխատող «համակարգային» ընդդիմության ներկայացուցիչ, դավադրապաշտական գրքերի հեղինակ Նիկոլայ Ստարիկովը,
  • պուտինյան գաղափարախոսության ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Ալեքսանդր Դուգինի հիմնադրած Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը,
  • Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գլխավորած ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը,
  • Կրեմլի հիմնադրած և պետբյուջեից ֆինանսավորվող «Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ» կենտրոնի աշխատակից Կոնստանտին Տասիցը և այլն։ 

Նշված բոլոր փորձագետները հիմնականում խոսում էին Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու անիրատեսական լինելու, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին։ Որոշ դեպքերում նշվում էր, որ Հայաստանի անվտանգության համար ռուսական ազդեցությունը ավելի լավ է, քան արևմտյանը։ Մեկ փորձագետ կարծում էր, որ ԵՄ-ի ճանապարհը, իրականում, տանում է դեպի Թուրքիա։ 

Ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանը

Ուսումնասիրված 189 հոդվածների մեծ մասի առանցքը չորս հիմնական տեսակետ էր․ 

  • ԵՄ մտնելը անիրատեսական է, հեքիաթ է,
  • ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ-ին միանալը խիստ վնասակար, նույնիսկ կործանարար կլինի երկրի և տնտեսության համար,
  • Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ,
  • Հայաստանը ԵՄ-ին չի հետաքրքրում կամ հետաքրքրում է միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Այս տեսակետներում հիմնականում կրկնվում են ՌԴ պաշտոնյաների հայտատարությունները ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության և, ԵԱՏՄ-ի «արտոնություններից» զրկվելու դեպքում, Հայաստանի տնտեսությանը սպառնացող   վտանգների մասին։

Հատկանշական է, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու Հայաստանի փորձերը ներկայացվում էին որպես սխալ, հաճախ էլ կործանարար երկրի համար։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը հատուկ է հարևանների հետ սպառնալիքներով խոսելը՝ «Ռուսաստանին հակառակվելը կբերի կործանման» բանաձևի շրջանակում։ Այս կոնտեքստում Հայաստանը զգուշացվում էր տնտեսության փլուզման, աղքատության, էներգետիկ ոլորտի ճգնաժամի մասին։ Ուշագրավ է, որ երբեմն հնչում էր հաճախ շահարկվող «երկրորդ Ուկրաինա» դառնալու պատումը։ Օրինակ, Hayeli.am-ը հրապարակել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ և վերջին տարիներին սոցցանցերում սկանադալային սպառնալիքներով հայտնի Դմիտրի Մեդվեդևի խոսքը, որում նա շեշտում էր Հայաստանի անվտանգության խնդրում ՀԱՊԿ-ի դերը և հեգնում ԵՄ-ին՝ «դրախտի թեկնածու» Ուկրաինային օգնելու համար։ Նույն կայքում վերատպված մեկ այլ հոդված զգուշացնում էր, որ «Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին»։ Իսկ AlphaNews.am-ում ռուսաստանցի փորձագետները զուգահեռներ էին անցկացնում Ուկրաինայի՝ դեպի Եվրոպա շարժման հետ (հղում 1, հղում 2)։ 

Ուսումնասիրված հոդվածներում տեղ գտած հայաստանյան ընդդիմադիր տեսակետներում այս պատումները նույնպես հնչում էին, սակայն կարևորվում էր Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը, որը երկիրը վարել է նաև Ռոբերտ Քոչարյանի և հատկապես Սերժ Սարգսյանի օրոք։ Hayeli.am և Yerevan.Today կայքերը, որոնք ավելի մանրամասն էին ներկայացրել ընդդիմության տեսակետը, գրում էին, որ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու համար արդեն իսկ կա գործող մեխանիզմ՝ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թ․։ Այս կայքերը հաճախ էին գրում նաև գործող իշխանության անհեռատես և անիրատեսական քաղաքականության, ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքը զուտ վերընտրվելու նպատակով օգտագործելու մասին։ Որոշ դեպքերում հնչում էին նաև օրենքի միջոցով Հայաստանը դեպի Թուրքիա տանելու մասին շահարկումներ։

«ԵՄ-ին միանալու» մասին օրենքի նպատակների մասին հստակ ուղերձ չունեցող իշխանության տեսակետը,  ինչպես նաև օրենքի մասին առհասարակ դրական տեսակետներ ներկայացվել են 189-ի հոդվածից 15-ում։ 

Այսպիսով, ուսումնասիրված երեք կայքերից երկուսը՝ Hayeli.am-ը և Yerevan.Today-ը ներկայացրել են ռուսական և հայկական տեսանկյունները՝ վերջին դեպքում ձայն տալով մեծ մասամբ ընդդիմությանը։ Մյուս կայքը՝ AlphaNews-ը, ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը լուսաբանելիս ձայն է տվել հիմնականում ռուս պաշտոնյաների և Կրեմլին համահունչ գործող փորձագետների։ Դիտարկված կայքերը օրենքը ներկայացրել են որպես անհնարին և վնասակար։ Կարծիքը, որ Ռուսաստանն է  Հայաստանի անվտանգության և տնտեսական աճի միակ աղբյուրը, գերակշռում էր բոլոր երեք լրատվականներում։  

Հոդվածի համար քաղված տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ Yerevan.Today (նոր, արխիվացված), Hayeli.am, Alphanews.am:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել