2022.01.31,

Ստուգված է

Հակապատվաստումային շարժում` զինված քաղհասարակության գործիքակազմով

Աշխարհում պատվաստումների դեմ պայքարը վերածվել է քաղաքական ակտիվիզմի։ Պատվաստման հակառակորդները օգտագործում են քաղհասարակության գործիքակազմը՝ հակագիտական և բազմիցս հերքված տեղեկությունը լայն զանգվածներին հասցնելու և մեծամասամբ անհիմն վախ ձևավորելու համար։ 

Հայաստանում նույնպես հակավաքսերը ստեղծում են սեփական հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), լրատվականները և «շարժումները»՝ այս ակտիվիզմը ավելի լեգիտիմ ներկայացնելու համար։

Սեփական լրատվամիջոցներ՝ քարոզչության համար

Հակապատվաստումային միֆեր տարածող ակտիվիստներն ու քաղաքական գործիչները ոչ միայն օգտագործում են մամուլի տրամադրած հարթակները, այլև հիմնում են սեփական լրատվական կայքեր։ 

Դրանցից առավել հայտնի է Medmedia.am-ը, որը ստեղծել է ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ ԱՄՆ դեսպանատան տրամադրած գումարով։ 2020-ին այս փաստը սկանդալի առիթ դարձավ․ միջազգային մամուլը գրեց այն մասին, որ դեսպանատան տրամադրած դրամաշնորhը օգտագործվում է համավարակի և պատվաստումների մասին կեղծ լուրեր տարածելու համար։ Դեսպանատունը հայտնեց, որ այլևս չի շարունակելու համագործակցությունը կայքի հետ։ 

2021թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին Գևորգ Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում էր, սակայն չանցավ խորհրդարան։ 

Մեկ այլ օրինակ է Pastark.am-ը (հոդվածի ստեղծման պահին կայքը հասանելի չէր)։ Դրա նյութերը վերջին ամիսներին ամենօրյա հաճախականությամբ իր ֆեյսբուքյան էջում տարածում էր Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։ Այս կայքը խոստանում է «միայն ստուգված և փաստարկված լրատվություն», բայց հաճախ է տարածում համավարակի և պատվաստումների մասին կեղծ լուրեր։ Թեև Pastark.am-ում դրա սեփականատերերի մասին տեղեկություն չկա, բայց Media.am-ին հաջողվել է պարզել, որ կայքը փոխկապակցված է Մարինա Խաչատրյանի հետ։

Կայքի ֆեսբուքյան էջում որպես կոնտակտային տվյալ նշված է միայն մեկ հեռախոսահամար՝ 099 378700։ Այս նույն հեռախոսահամարը որպես կոնտակտային տվյալ նշված է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Այս ՀԿ-ի նախագահն է Արթուր Գրիգորյանը։ Նա և Խաչատրյանը կուսակիցներ են և սերտորեն համագործակցում են․ միասին են մամուլի ասուլիսներ տալիս, դատական հայց   կամ ՄԻՊ դիմում ներկայացնում, հայտնվում իրար սոցցանցային էջերում։ Վերջին շրջանում Գրիգորյանի էջի գրեթե բոլոր հրապարակումները Խաչատրյանի ելույթները կամ գրառումներն են (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3, օրինակ 4, օրինակ 5)։ 

«Ազգային վերահսկողության համակարգը» ունի ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրվում են Խաչատրյանի և Գրիգորյանի ելույթները, ինչպես նաև Pastark.am-ի նյութերը։ Էջում արվում են նաև ՀԿ կատարած բարեգործությունների՝ հիմնականում՝ զինվորներին տրամադրած օգնության մասին հրապարակումներ։

Բացի դրանից, Մարինա Խաչատրյանը փոխկապակցված է մեկ այլ ՀԿ-ի՝ «Առողջ հանրության» հետ։ Այն հիմնադրվել է 2019-ը թվականին, Խաչատրյանը ՀԿ-ի նախագահն է։ Հենց այս պաշտոնով է Խաչատրյանը առավել հաճախ ներկայանում հարցազրույցներ տալիս։ Սակայն Media.am-ին չհաջողվեց գտնել այս ՀԿ-ի գործունեության մասին որևէ տեղեկություն․ այն չունի ֆեյսբուքյան էջ կամ կայք, համացանցում հասանելի չեն հաշվետվություններ կամ այլ տվյալներ։ 

2021թ․ կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Խաչատրյանը և Գրիգորյանը առաջադրվել էին «Հայոց Հայրենիք» կուսակցության ցուցակով։ Կուսակցության շարքերում է նաև նախկին ոստիկան, սկանդալներով հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանը (հայտնի է Դոգ մականունով)։

Մարինա Խաչատրյանը և Արթուր Գրիգորյանը՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության այլ անդամների հետ միասին։ Լուսանկարը «Հայոց Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջից։

«Պատվերով» լայքեր

Պատվաստումների դեմ հանդես եկող մեկ այլ խումբ՝ «Լույսի բանակը», նույնպես որդեգրել է քաղաքացիական հասարակությանը հատուկ գործիքակազմ։ Այն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում որպես ՀԿ։ Կազմակերպությունը հանրությանը հայտնի դարձավ 2021թ․ աշնանը, երբ սկսեց ամենօրյա հանրահավաքներ կազմակերպել՝ ընդդեմ «պարտադիր պատվաստման և թեստավորման»։ 

«Լույսի բանակի» ղեկավարն է Կարեն Արայանը։ Արայանի անունը հայտնի դարձավ 2012-ին՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների հրապարակումից հետո։ Այս մեղադրանքով Արայանը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման։ 

«Լույսի բանակը» ներկայանում է որպես «հայկական միլիտարիզմի» գաղափարախոսության կրող, որի հիմքում ընկած է «երկիրը զավթողական պատերազմներին նախապատրաստելու» գաղափարը։ 

Զավթողական պատերազմերի պատրաստվելուց բացի, Արայանի կազմակերպությունը ակտիվ զբաղվում է պատվաստումների մասին սխալ կամ մանիպուլյատիվ տեղեկություն տարածելով։ Օրինակ՝ կազմակերպության անդամները հայտարարում էին, թե պատվաստանյութերը լիարժեք փորձարկված չեն, իսկ դրանց սրվակների վրա գրված է «Էքսպերիմենտալ»։ Սակայն «Լույսի բանակի» անդամները ամենայն հավանականությամբ շփոթել էին AstraZeneca-ի սրվակի վրա գրված EXP (այսինքն՝ expiry, պահպանման ժամկետ) հապավումը «էքսպերիմենտալ»-ի հետ։ Առողջապահության նախարարությունը նույնպես հերքել է այս տեղեկությունը։

«Լույսի բանակին» անդամագրված անձանց համար գործում են Whatsapp փակ խմբեր, որոնցում անդամները բաշխված են ըստ հետաքրքրությունների (օրինակ՝ գործում է ՏՏ ոլորտի խումբ)։ Media.am-ի լրագրողներից մեկը անդամագրվել է նման մի խմբում։ Նրա  փոխանցմամբ՝ խմբերում մարդկանց կոչ են անում «լայքել» և տարածել Կարեն Արայանի ելույթները։ Որոշ դեպքերում խմբերում տեղադրվել են պատվաստումների մասին վախ առաջացնող լուսանկարներ, որոնք խմբերի անդամները պետք է տարածեին իրենց էջերում։ Ուշագրավ է նաև, որ գրառումներից մեկում անդամներին կոչ էր արվում մեկբանություններ (ենթադրաբար՝ բացասական) թողնել կորոնավիրուսի մասին միֆեր տարածող այլ ֆեյսբուքյան էջերում, քանի որ վերջիններս «օգտագործում են Լույսի Բանակի թե նկարները թե դրոշը թե արվող կոչերը և արտահայտությունները․․․․․ բայց ոչ մի կերպ չեն ուզում միանալ մեր և մի փոքր մարդ դառնան․․․․»։ 

Սոցցանցերում և դրանցից դուրս մարդկանց կոորդինացնելու և հակապատվաստումային շարժման մեջ ներգրավելու փորձ է անում նաև ակտիվիստ Դմիտրի Հարությունյանը։ Նա սովորել է բժշկական համալսարանում, բայց լքել է բժշկությունը և զբաղվել քաղաքականությամբ։ Հարությունյանը վստահ է, որ պատվաստումները փորձարկված չեն և խիստ վտանգավոր են։ Նա ստորագրահավաք էր սկսել քաղաքացիական նախաձեռնությունների համար անվճար հարթակում՝ Change.org կայքում։ Սակայն կայքը հեռացրել էր Հարությունյանի ստորագրահավաքը՝ պատվաստումների մասին կեղծ պնդումների պատճառով (ինչից հետո Հարությունյանը նորից է ստորագրահավաք սկսել՝ ընդդեմ «սողացող սատանիզմի,որը հանդես է գալիս «պատվաստումների» անվան տակ»)։ 

Հարությունյանը նշում է, որ ձեռնարկել է պատվաստումներին դեմ մարդկանց «միաբանելու» գործընթացը։ Բացի ֆեյսբուքյան ակտիվություն նա պարբերաբար հավաք-հանդիպումներ է կազմակերպում համախոհների հետ (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3)։ Հանդիպումների մասին հայտարարությունները ակտիվիստը տեղադրում է «Հանուն ազատության» ֆեյսբուքյան խմբում, որի համակարգողը ինքն է։ 

Դմիտրի Հարությունյանը նաև «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի հիմնած «Ազատ կամք» հակապատվաստումային խմբի մասնակիցն է, որը 2021-ի աշնանը մամուլում և սոցցանցերում հայտնի դարձավ «պարտադիր պատվաստումների» դեմ պայքարով։ 

Հակավաքսերը իրար հետ կապված են նախաձեռնություններով

Հակավաքսերը իրար հետ կապված են այս կամ այն հակապատվաստումային նախաձեռնության կամ քաղաքական կազմակերպության շրջանակում։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ նման շարժումները փոքր նախաձեռնություններ են, որոնք հաճախ չունեն պաշտոնական գրանցում կամ հրապարակված անդամակցության ցուցակներ։ Դրանք հաճախ գոյություն ունեն որպես ֆեյսբուքյան էջեր կամ մի քանի անգամ նախաձեռնել են միջոցառումներ և այլևս հանրային ակտիվություն չեն ցուցաբերում։ Ուստի փոխկապակցվածությունները բացահայտող մեր ցանկում ներառել ենք այն անձանց, որոնք այս շարժումների կազմակերպած միջոցառումներին ելույթ են ունեցել։ 

Նրանց միավորող ամենամեծ նախաձեռնությունը 2021-ի սեպտեմբերից ձևավորված «Ազատ կամքն» է։ Դրա առաջնորդը ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն է։ Նախաձեռնությունը պայքարում է կառավարության` համաճարակի տարածումը կանխարգելող որոշումների դեմ՝ պատվաստումներից մինչև կորոնավիրուսի թեստ։

Այս նախաձեռնությանն են միացել մի շարք բժիշկներ և իրավաբաններ։ 

Օրինակ, ՁԻԱՀ կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը և նույն կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Ի դեպ, նրանք իրենց հերթին ստեղծել են նախաձեռնություններ՝ համապատասխանաբար «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» և «Հակահամաճարակային ալյանս»։ Նրանք ներկայանում են այս նախաձեռնությունների անունից և դրանց սոցիալական ցանցերի էջերով կատարում են հակապատվաստումային արշավ։ Օրինակ տարածում են «Ազատ կամքի» կամ դրա անդամների ստեղծած բովանդակությունը կամ օտարազգի հակավաքս բժիշկների կեղծ պնդումները։  

Ավելին, Սամվել Գրիգորյանը հաղորդում է վարում Գևորգ Գրիգորյանի հիմնադրած առողջապահական Medmedia.am-ում։ 

«Ազատ կամքի» մեկ այլ անդամ՝ Էմիլ Մարկոսյանը, նաև ուրիշ հակապատվաստումային շարժման՝ «Լույսի բանակ»-ի ակցիաներին էր մասնակցում։ Իսկ Դմիտրի Հարությունյանը արդեն ստեղծել է «Հանուն ազատության» շարժումը, որով դեմ է արտահայտվում «բոլոր ուլտրագլոբալիստական նախագծերին՝ լինեն դրանք կորոնահիստերիայի, «պատվաստումների», կամ այլ ազգակործան կոնվենցիաների տեսքով […]»։

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *