2021.09.18,

Ստուգված է

Հայաստանում «անօրինական փորձարկումներ» չեն իրականացվում․ քաղաքական գործիչները մանիպուլացնում են

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

2021 թ․ օգոստոսին երկու քաղաքական գործիչ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին Դատախազություն, ՀՔԾ և ԱԱԾ՝ պնդելով, թե Հայաստանում իրականացվում են «անօրինական փորձարկումներ» COVID-19-ի դեմ պատվաստանյութերով, իսկ բուն պատվաստանյութերը գրանցված չեն ՀՀ-ում։

Այս պնդումները մանիպուլյատիվ էին, իսկ դրանք անողները՝ հակապատվաստումային տեղեկատվական արշավ վարող քաղաքական գործիչներ էին։ 

Ովքե՞ր էին հանցագործության մասին հաղորդում ներկայացնում

Հանցագործության մասին հաղորդման հեղինակներն էին Մարինա Խաչատրյանը և Արթուր Գրիգորյանը։ Երկուսն էլ ներկայանում էին որպես հասարակական կազմակերպության ղեկավարներ։ 

Երկու գործիչներն էլ մասնակցել են 2021 թ․ արտահերթ ԱԺ ընտրություններին «Հայոց հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակով։ 

Այս կուսակցությունը հիմնվել է 2018-ի օգոստոսին։ Այն ղեկավարում է Արտակ Գալստյանը։ Կուսակցությունը կապ ունի նաև համացանցում ակտիվ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի հետ։ 

Ընտրությունների ժամանակ կուսակցությունը չէր հայտարարագրել որևէ դրամական միջոց կամ գույք։ Մարինա Խաչատրյանը հայտարարագրել էլ միայն մեկ եկամուտ՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ստացված աշխատավարձը (816,000 դրամ, այսինքն՝ ամսական մինիմալ 68,000 դրամ)։ Արթուր Գրիգորյանը որևէ եկամուտ չէր հայտարարագրել։ 

Մարինա Խաչատրյանը Երևանի ավագանու նախկին անդամ է։ Նա ակտիվորեն զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ընդ որում՝ հաճախ տարածում է առողջապահության ոլորտին վերաբերող կեղծ կամ մանիպուլյատիվ տվյալներ։ 

Արթուր Գրիգորյանը նույնպես ակտիվիստ է։ 2019 թ․ նա պայքարում էր Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) դեմ։ Այժմ նա իր ֆեյսբուքյան էջում տարածում է չճշտված տեղեկություներ պատվաստանյութերի մասին, առավել հաճախ՝ Pastark.am կայքից։ 

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արդեն իսկ անցել են կլինիկական փորձարկումները 

Խաչատրյանի և Գրիգորյանի հայցը հրապարակվել էր Pastark.am կայքում։ Այն հրապարակեց նաև Hraparak.am-ը։ Հայցով նրանք պահանջում էին քրեական գործ հարուցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ առողջապահության և էկոնոմիկայի նախարարների դեմ։ 

Հայցում, սակայն, առկա էին մանիպուլյատիվ պնդումներ։ 

❌«COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութ ՀՀ Կառավարության որոշմամբ ներառված չէ «Պատվաստումների ազգային օրացույցում»»։

✔️Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պլանային չեն։ Դրանք սկսել են իրականացվել, քանի որ կա արտակարգ իրավիճակ՝ համավարակ։ Այդ պատճառով էլ դրանք կատարվում են համաճարակաբանական ցուցումով՝ կառավարության՝ 2020 թ․ ընդունված որոշման համաձայն։  

❌Հեղինակները նշում են՝ «Հայաստանում գրանցված չէ COVID-19-ի դեմ որևէ պատվաստանյութ»։ Նաև ակնարկում են՝ պատճառը այն է, որ դրանք փորձարկվող են։ 

✔️ Media.am-ի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս նաև չգրանցված պատվաստանյութերի ներմուծում և կիրառում՝ եթե կա լիազոր մարմնի համապատասխան որոշում (հոդված 21, մաս 6, կետ 4)։ Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ այդպիսի որոշում կառավարությունը ընդունել է 2019 թվականին։

Մինչև բնակչության շրջանում կիրառումը Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը անցել են փորձարկումներ և հաստատվել միջազգային առողջապահական կառույցների կողմից (ավելի մանրամասն տես ստորև)։ 

❌ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացվում են կլինիկական փորձարկումներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերով»։ 

✔️Հայցի հեղինկարներ Խաչատրյանն ու Գրիգորյանը ոչ միայն պնդում են, թե Հայաստանում «կլինիկական փորձարկումներ» են անում, այլև հիշատակում են փորձարկումների էթիկական մասը կարգավորող Նյուրնբերգյան կոդեքսը։ 

Սակայն  կորոնավիրուսի դեմ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը արդեն իսկ անցել են կլինիկական փորձարկումները և միջազգային առողջապահական կառույցների կողմից հաստատվել բնակչության շրջանում կիրառվելու համար։ Այդպես՝ ԱստրաԶենեկան, Սինովակը  և Սինոֆարմը հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Սպուտնիկ V-ն՝ հաստատված է Հարավային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրների կողմից։*

Մարինա Խաչատրյանը առաջին անգամ չէ փորձում Նյուրնբերգյան կոդեքսը կապել կորոնավիրուսի պատվաստման գործընթացի հետ։ Հուլիսին նա նույնիսկ սպառնում էր այս փաստաթղթի օգնությամբ «պատասխանատվության ենթարկել» այն բժիշկներին, որոնք ներարկում են պատվաստանյութերը։

Մեծ Բրիտանիայի Աստոնի համալսարանի սոցիալական վարակաբանության և առողջության սոցիոլոգիայի դասախոս Ալեքսիս Փաթոնը Full Fact լրատվականին տված հարցազրույցում շեշտել է, որ Նյուրնբերգյան կոդեքսը կիրառելի է միայն երբ խոսքը հենց փորձարկումների մասին է։ Այսինքն, կոդեքսը կիրառելի է պատվաստանյութերի փորձարկումների ժամանակ, բայց այլևս արդիական չէ, երբ խոսքը արդեն իսկ բնակչության շրջանում կիրառելու համար հաստատված պատվաստանյութերի մասին է։ «Երբ խոսում ենք Pfizer կամ AstraZeneca [պատվաստանյութերի] մասին, Նյուրնբերգյան կոդեքսը կիրառելի չէ, քանի խոսքը վերաբերում է մի պրոդուկտի, որ համապատասխան էթիկական նորմերի պահմանմամբ փորձարկվել է, հաստատվել է և այժմ արտադրվում ու կիրառվում է աշխարհով մեկ», ասել է Փաթոնը։

Այսպիսով՝ «Հայոց հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված երկու քաղաքական գործիչներ իրավապահ մարմիններին հայց են ներկայացրել իրենց քաղաքական հակառակորդների դեմ՝ օգտագործելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին մանիպուլացված տվյալներ։ Նրանց պնդումը, թե Հայաստանում իրականացվում են «անօրինական» «կլինիկական փորձարկումներ» սխալ է, քանի որ կիրառվող բոլոր պատվաստանյութերը արդեն իսկ անցել են կլինիկական փորձարկումները։

Կարինե Ղազարյան

* Հոդվածում կատարվել է փոփոխություն 2021թ․ սեպտեմբերի 21-ին։ Հոդվածի առաջին տարբերակում սխալմամբ նշվում էր, որ Սպուտնիկ V-ն հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հայաստանում «անօրինական փորձարկումներ» չեն իրականացվում․ քաղաքական գործիչները մանիպուլացնում են”
  1. Andranik says:

    I don’t understand why politicians spread misinformation about vaccines. What do they have to gain from this?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *