2020.06.11,

Ստուգված է

Քաղաքականություն vs առողջապահություն․ երբ մոլորեցնում են բժիշկները

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ամենասկզբից դարձավ քաղաքական քննարկման առարկա, ուղղորդվեց միֆերով և կեղծ լուրերով։

Չնայած որ այս պայմաններում ամենաճիշտը բժիշկների խորհուրդներին հետևելն է, Հայաստանում գտնվեցին մի քանի բուժաշխատողներ, ովքեր ակտիվորեն տարածում են ապատեղեկատվություն վարակի մասին։

Media.am-ը հետևել է այդպիսի մի քանի բժշկի գործունեությանը և պարզել, որ Covid-19-ի վերաբերյալ նրանց առողջապահական խորհուրդները հաճախ համադրված են քաղաքական խիստ արտահայտված դիրքորոշման հետ։

Հայկ Մանասյան․ կորոնավիրուսի և գրիպի սխալ համեմատություն

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը միշտ ակտիվ է եղել մեդիա դաշտում։ Նա հաղորդում էր վարում «Բուն TV» գիտամասնագիտական առցանց հեռուստատեսությունում, սոցցանցերում պատմում էր տարբեր հիվանդությունների մասին, հարցազրույցներ տալիս։ Նա ֆեյսբուքյան լայվեր էր անում ոչ միայն առողջապահական, այլ նաև քաղաքական թեմաներով։

Կորոնավիրուսի համավարակի օրերին Մանասյանի լայվերը սկսեցին հավաքել տասնյակ հազարավոր, երբեմն՝ հարյուր հազարն անցնող դիտումներ։

Մանասյանը խոսում է պատկերավոր և հուզական լեզվով։ Օրինակ, իր վերջին լայվում նա Առողջապահության նախարարությունը անվանում է «ծաղրանկար», պնդում է, որ եթե արհեստական շնչառության սարք պետք չէ, ապա կորոնավիրուսի բուժումը կարելի է կազմակերպել փողոցում՝ «վրանի տակ», ինչպես նաև հայտարարում է, որ կորոնավիրուսը Հայաստանի համար «խեր» էր, քանի որ «եթե էս հիվանդությունը չլիներ մարդիկ ավելի շատ էին մահանալու»։

Քաղաքականությունն ու առողջապահությունը համադրող նրա տարբեր տեսահոլովակներով կարմիր թելի պես անցնում է մի միտք․ կորոնավիրուսը վտանգավոր չէ։

Մանասյանը պնդում է, թե կորոնավիրուսը սովորական գրիպից վտանգավոր չէ։ Մինչդեռ արդեն մայիսին գիտական հետազոտությունները հակառակն էին ցույց տալիս․ կորոնավիրուսը մինչև երկու անգամ ավելի վարակիչ է և 30-40 անգամ ավելի մահաբեր, քան գրիպը։

Մանասյանը նաև հաճախ է կանխատեսումներ անում։ Օրինակ, նա կանխատեսել է, որ համավարակը Հայաստանում սկսում է կայունանալ և մարել։ Սակայն որևէ հաշվարկ, աղբյուր կամ այլ հիմնավորում նա չի բերում՝ ուղղակի ենթադրում է։

Նունե Ներսիսյան․ դավադրության տեսություններ և միֆեր

Նունե Ներսիսյանը Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։ Մի քանի տարի առաջ նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց իր ղեկավարած ԲԿ-ի աշխատողներին ստուգելու անսովոր եղանակով․ նա թեյը հանձնել էր անալիզի որպես մեզ և ստացել էր մեզի անալիզի պատասխան։

Ներսիսյանը Առողջապահության նախարարության խիստ քննադատ է։ Սակայն նրա քննադատությունը հաճախ է զուգորդվում կեղծ լուրերով ու մանիպուլյատիվ թեզերով։ Այդպես, նա պնդում է, թե Covid-19-ը արհեստական ստեղծված վիրուս է, տարածում Բիլ Գեյսթի և պատվաստումների մասին դավադրության տեսությունը։

Ներսիսյանը տարածել է նաև ապատեղեկատվություն այն մասին, թե դիահերձարաններում մարդկանց գումար են առաջարկում՝ կորոնավիրուսը որպես մահվան պատճառ նշելու համար։ «Փաստերի ստուգման հարթակը» այս տեղեկության տարածումը համեմատել էր փչացած հեռախոսի հետ․ Ներսիսյանը լուրը լսել էր ֆեյսբուքյան ընկերոջից, որը այն լսել էր իր ծանոթից, ծանոթը իմացել էր մորաքրոջից, մորաքույրն էլ մահացած կնոջ հարևանն էր։

Ներսիսյանը չէր ստուգել իր տարածած լուրը, իսկ նրա ֆեյսբուքյան ընկերը չէր կարողացել տրամադրել ծանոթի կամ ծանոթի մորաքրոջ կոնտակտներ՝ լուրը ստուգելու համար։

Media.am-ը զրուցել է այս տեղեկությունը տարածող մեկ այլ օգտատիրոջ հետ, սակայն այս օգտատերը նույնպես չկարողացավ որևէ աղբյուր կամ հավելյալ տեղեկություն տրամադրել։

Բժշկի իր կարգավիճակը օգտագործելով՝ Ներսիսյանը կոչ է անում քաղաքացիներին դիմակ չկրել և պնդում է, որ կորոնավիրուսը հայտնվել էր սահմանադրական հանրաքվեն չեղարկելու համար։ Ներսիսյանը նաև քաղաքական հայտարարություն է անում․ ինչպես նաև կառավարությունը որակում է որպես «սորոսական»՝ կրկնելով Ջորջ Սորոսի մասին դավադրության տեսությունը։

Մայիսին հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել Նունե Ներսիսյանի դեմ։ Թորոսյանը զրպարտության հերքում է պահանջել, քանի որ Ներսիսյանը իր էջում տեղադրել էր Medmedia.am կայքի «Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը. ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում» անվանմամբ հոդվածի սքրինշոթը։

Գևորգ Գրիգորյան․ բժշկական կայք՝ ապատեղեկատվություն տարածելու համար

Նունե Ներսիսյանի պնդումը դիահերձարաններում հարազատներին գումար առաջարկելու մասին տարածեց Medmedia.am կայքը, որը հիմնադրել է ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիրն է։ Նա ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի եղբայրն է։

Գրիգորյանը ակտիվ քաղաքական դիրքորոշում ունի։ Դեռ մարտին նա Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի և «Վետո» ծայրահեղ պահպանողական խմբի ղակավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ հիմնել էր «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ» նախաձեռնությունը։

Նունե Ներսիսյանը, Մարինա Խաչատրյանը, Գևորգ Գրիգորյանը։ Նկարը՝ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Գրիգորյանը նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է, ինչպես նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Գրիգորյանի մեկ այլ նախաձեռնություն՝ Medmedia.am-ը ներկայանում է որպես առողջապահական կայք, սակայն հաճախ տարածում է մանիպուլյատիվ կամ կեղծ լուրեր, այդ թվում՝ հանրային առողջության համար վտանգավոր տեղեկություն։

Հունիսին սկզբին այս կայքի մասին գրեցին բրիտանական openDemocracy և The Guardian պարբերականները։ openDemocracy-ն պարզել էր, որ Գրիգորյանը կայքը ստեղծելու համար դրամաշնորհ էր ստացել ԱՄՆ դեսպանատնից, և, փաստորեն, Հայաստանում Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայքը ֆինանսավորվել է ամերիկացի հարկատուների միջոցներով։

Հրապարակումներից հետո ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ դեսպանատունը դադարեցնում է կայքի ֆինանսավորումը։

Մարինա Խաչատրյան. բոլոր դավադրության տեսությունները՝ մեկ տեղում

Մարինա Խաչատրյանը նյարդավիրաբույժ է և Երևանի ավագանու նախկին անդամ։

2018-ի փետրվարին Խաչատրյանը «Երկիր ծիրանի» կուսակցության մեկ այլ անդամի՝ Սոնա Աղեկյանի հետ միասին փորձել էր Տարոն Մարգարյանին մոտեցնել կոյուղաջրով լի տարան, ինչից հետո դահլիճում ծեծկռտուք էր սկսվել։

2019-ին Խաչատրյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես բժիշկ։ Այս ժամանակվանից ի վեր նա առավելապես կենտրոնացած է քաղաքական գործունեության վրա, սակայն բազմիցս օգտագործել է բժշկի իր հեղինակությունը չճշտված կամ կեղծ լուրեր տարածելու համար։

Խաչատրյանի քաղաքական գործիքակազմում կարևոր տեղ են զբաղեցնում դավադրության տեսությունները։ Նա ծայրահեղ պահպանողական «Կամք» նախաձեռնության հետ միասին դեմ էր Ստամբուլյան կոնվենցիային և ամենուր տեսնում էր Ջորջ Սորոսի գործակալներին։

Բժիշկ լինելով, նա ակտիվորեն տարածում էր ապատեղեկատվություն մարդու պապիլոմա վիրուսի պատվաստման (և առհասարակ իմունիզացիայի) մասին։ Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերից Խաչատրյանը վարակը որակեց որպես Բիլ Գեյթսի դավադիր պլան, իսկ հետագայում այն կապեց 5G հեռահաղորդակցման ցանցերի հետ։

Մայիսին Խաչատրյանը նույնիսկ ֆեյսբուքյան լայվերի շարք հրապարակեց՝ շրջելով Երևանի թաղամասերով և ցույց տալով կարանտինի ժամանակ թաքուն տեղադրված 5G աշտարակները (հայկական շարժական կապի երեք օպերատորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանում 5G ցանց չկա)։

Այսպիսով, Հայաստանում միանգամից մի քանի նախկին և գործող բուժաշխատողներ պարբերաբար կիսաճշմարտություններ ու ապատեղեկատվություն են տարածում կորոնավիրուսի համավարակի մասին։ Բոլոր այս բժիշկները այս կամ այն կերպ ներգրավված են քաղաքական գործընթացներում, վարում են քաղաքական գործունեություն կամ ունեն խիստ արտահայտված քաղաքական դիրքորոշում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *