2020.05.28,

Ստուգված է

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում

Կայքի հոդվածները COVID-19-ը «կեղծ համավարակ» են անվանում և պատվաստումներին դեմ արտահայտվում։ Առողջապահության փորձագետները սա «չափազանց վտանգավոր» են անվանում։

OpenDemocracy-ն պարզել է, որ ամերիկացի հարկատուների փողերով Հայաստանում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին։

ԱՄՆ-ում և Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի փորձագետները դատապարտել են այս բովանդակությունը, որը ի թիվս այլ պնդումների ներկայումս մշակվող պատվաստանյութերn անվանում է «կենսաբանական զենք»:

Կայքը՝ Medmedia.am, բացվել է 2019-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո բազմացող ծայրահեղ պահպանողական խմբերի ֆոնին։ Հիմնադիրը հայկական ՀԿ է, որը ղեկավարում է հակա-ԼԳԲՏ տեսակետներով և ծայրահեղ աջ շրջանակներում կապեր ունեցող հայտնի մի բժիշկ։

Medmedia.am-ը հիմադրվել է անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ՀԿ-ներին տրվող Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այս դրամաշնորհների նպատակն է «նպաստել ժողովրդավարությանը», և դրանց չափսը կարող է հասնել տարեկան $50,000-ի։

Մայիսին Medmedia.am կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցիալական ցանցերում (3 միլիոնանոց երկրի համար սրանք մեծ թվեր են)։

Երկրորդ ամենաընթերցված նյութը սխալ պնդում էր անում այն մասին, թե դիահերձարանները 100,000 դրամ են առաջարկել մահացած պացիենտների ընտանիքներին, եթե նրանք փաստաթուղթ ստորագրեն, որ մահվան պատճառը COVID-19-ն է եղել։

Ամերիկացի բժիշկ, իմունիզացիայի փորձագետ և ռոտավիրուսի (մինչև 5 տարեկան երեխաների մոտ փորլուծության հիմնական պատճառներից մեկը) դեմ պատվաստանյութի համահեղինակ Փոլ Օֆիթը OpenDemocracy-ին ասաց․ «Ես կարծում եմ, որ այս ապատեղեկատվությունը չափազանց վտանգավոր է»։

Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը զգուշացրեց, որ «նման ապատեղեկատվությունը կարող է վատթարացնել COVID-19 վարակները»։

Նրանք, որոնք տարածում են այս կեղծ պնդումները ճգնաժամի պայմաններում «փորձում են քաոս սերմանել», ասաց Սահակյանը, «և պատվաստանյութի մշակումից շատ ավելի շուտ արդեն կրճատել դրա պահանջարկը»։

«Նման ապատեղեկատվությունը կարող է վատթարացնել COVID-19 վարակները»

Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանն ունի կորոնավիրուսի շուրջ 8,200 դեպք։ Բայց այս թիվը գրեթե քառապատկվել է մայիսի սկզբի 2,200 դեպքերի համեմատ։ Վարակի դեպքերը աճում են, և մայիսի 25-ին երկիրը գրանցեց մեկ օրում ռեկորդային՝ 452 նոր դեպք։

Պաշտոնյաները վախենում են, որ դավադրության տեսությունները կարող են խոչընդոտել COVID-19-ի դեմ պայքարին և բնականոն իրավիճակի վերականգնմանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ «եթե հակապատվաստումային արշավը շարունակվի նույն տեմպերով, Հայաստանը այն կքրեականացնի»:

Գայանե Սահակյանը հավելեց, որ 2019-ին արդեն արձանագրվել է մանկական պատվաստումների մակարդակի անկում․ դեռ մինչև կորոնավիրուսի համավարակի սկսվելը երկրում տարածվում էին հակապատվաստումային տեսությունները:

«Սա պետք է սթափեցնող կոչ լինի»

Medmedia.am կայքի ներքևի հատվածում նշված է, որ այն «ֆինանսավորվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի հանրային կապերի բաժնի դրամաշնորհի միջոցով», բայց որ դրա հոդվածները «պարտադիր չի, որ արտացոլեն» ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հաստատեց, որ Medmedia.am-ը «ստեղծվել է» անցյալ տարի տեղական ՀԿ-ին տրված դրամաշնորհի շրջանակներում: Բայց դեսպանատունը չհաստատեց դրամաշնորհի ստույգ չափսը և չմեկնաբանեց կայքում հրապարակվող ապատեղեկատվությունը:

Medmedia.am-ը հրապարակում է հոդվածներ, տեսահոլովակներ և հարցազրույցներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ սնունդ, ատամների առողջություն և այլն։ Սակայն կայքում չեն նշվում դրա խմբագիրների և թղթակիցների անունները, քիչ հոդվածներում են նշվում հեղինակների անունները, և որևէ այլ ֆինանսավորման աղբյուր չի բարձրաձայնվում։

Կայքի ամենահաճախ հանդիպող նյութերը հեղինակային կարծիք արտահայտող հոդվածներն են, որոնց մեծ մասը ֆեյսբուքյան գրառումների վերատպումներ են (ինչը հաճախ է հանդիպում հայկական ԶԼՄ-ներում):

Անցած մեկ ամսվա ընթացքում Medmedia.am-ը վերահրապարակել է նմանատիպ տասնյակ գրառումներ՝ տարածելով սխալ կամ չհաստատված տեղեկություն COVID-19-ի կամ պատվաստանյութերի մասին։ Այս հոդվածներն ուղեկցվում են լուսանկարներով, վերնագրերով և հրապարակվում են «Med Media»-ի անվան տակ:

Մայիսին Medmedia.am-ի ամենակարդացված նյութը կայքում 131,000 դիտում ուներ և հայերին կոչ էր անում հրաժարվել պատվաստումներից։ Սքրինշոթը արվել է 25/05/2020 

Կայքի էջերի ներքևում տեղադրված են ֆեյսբուքյան բնօրինակ գրառումների հղումները, ինչից պարզ է դառնում, որ դրանցից շատերը նույն մարդիկ են գրել։ Պարզ է դառնում նաև, որ Medmedia.am-ի շնորհիվ նրանք շատ ավելի մեծ ուշադրություն են գրավել, քան կկարողանային միայն Ֆեյսբուքում:

Վերոհիշյալ ամենակարդացված նյութը սոցիալական ցանցում ուներ ընդամենը 129 հավանում, մինչև որ Medmedia.am-ը այն վերատպեց՝ ապահովելով 131,000 դիտում:

ԱՄՆ-ում գործող First Draft News ՀԿ-ի տնօրեն և ապատեղեկատվության փորձագետ Կլեր Ուորդլը ասաց․ «Ոչ մի արդարացում չկա մասնագիտացված «լրատվական կայքի» համար նմանատիպ տեսություններ տարածելու համար […] Մարդիկ առավել հակված են հավատալ սրան և կիսվել ուրիշների հետ, քանի որ նրանք կարծում են, որ տեղեկությունը ստուգվել է «պաշտոնական աղբյուրի» կողմից»:

Ուորդլը նշում է, որ ԱՄՆ կառավարությունը կարծես թե «աշխարհով մեկ աջակցում է տեղեկատվական նախաձեռնությունների՝ համապատասխան վերահսկողություն իրականացնելու կարողություն չունենալով»:

«Այս օրինակը պետք է սթափեցնող կոչ լինի․ վտանգավոր դավադրությունները և բամբասանքները տարածվում են տարբեր մարդկանց կողմից, և զգոն լինելու կարիք կա»։




Հակա-ԼԳԲՏ բժիշկները

ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհը ստացած և Medmedia.am-ը հիմնած ՀԿ-ն կոչվում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա: Այն հիմնադրվել է երիտասարդ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի կողմից:

Անցյալ տարի նա սխալ պնդում էր անում, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը (որը, ի թիվս այլ բաների, պաշտպանում է կանանց արգանդի վզիկի քաղցկեղից), նախատեսված է գեյերի համար, և որ դրա կողմնակի ազդեցությունը քաղցկեղի տարածվածությունից ավելի վտանգավոր է:

Սոցիալական ցանցերում Գրիգորյանն ասել է, որ «վառել ա պետք [գեյերին], ու հրապարակային կերպով» և որ նա միշտ կլինի «այն մարդկանցից մեկը, ով կպայքարի միասեռամոլության դեմ»։

Գրիգորյանը կապված է նաև հայաստանյան ծայրահեղ աջ ակտիվիստների հետ: Վերջերս նա ստեղծել է մի նոր ՀԿ, որի համահիմնադիրներից է ծայրահեղ աջ ՎԵՏՈ շարժման անդամը (ՎԵՏՈ-ն ստեղծվել է անցյալ տարի՝ 2018-ի  հեղափոխությունից հետո):

Գևորգ Գրիգորյան, Medmedia.am-ը ստեղծած ՀԿ-ի հիմնադիր։ Լուսանկարը՝ Արմենպրես

2019-ին Գրիգորյանը հիմնել է նաև Հայկական առողջապահական ազգային խորհուրդը, որը նույնպես արշավ է անցկացնում պապիլոմավիրուսի պատվաստանյութի դեմ և կոչ է անում քաղաքացիներին դիմադրել դրա «տարածմանը»:

Աջակցություն ԱՄՆ-ից և փողեր Եվրամիությունից

Այս խորհուրդը նույնպես արտասահմանյան ֆինանսավորման շահառու է: Այն ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի նախագծի գումարներով, որը որպես իր նպատակ նշում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միավորումը և հանրային քաղաքականության վրա դրանց ազդեցության մեծացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը openDemocracy-ին ասաց, որ այս նախագծից գրեթե €10,000 մեկ այլ ՀԿ-ի կողմից հատկացվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային՝ այն խմբին, որը ստեղծել է Medmedia.am-ը և գումարներ է ստացել է նաև ԱՄՆ-ից:

ԵՄ պատվիրակությունից նշեցին, որ այս ասոցիացիան 14 տեղական այլ խմբերի հետ միասին հետագայում հիմնել են Հայկական առողջապահական ազգային խորհուրդը, որը «ուղղակիորեն չի ֆինանսավորվել ԵՄ կողմից» և որի դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ «մշակվել է ԵՄ կողմից տրված դրամաշնորհից շատ ավելի ուշ»։

«ԵՄ-ն իր ֆինանսավորման միջոցով պատասխանատվություն չի ստանձնում իր դրամաշնորհների շահառուների արտահայտած կարծիքների համար», – ասաց պատվիրակությունը՝ ավելացնելով, որ «խստորեն հետևում է» COVID-19-ի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խարհուրդներին, և որ աշխատում է նաև ապատեղեկատվությունը զսպելու ուղղությամբ:

Երևանում ԱՄՆ դեսպանատնից ասացին, որ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային տրված դրամաշնորհը նախատեսված էր Հայաստանում առողջապահության թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական հասարակության մոնիթորինգի բարձրացման, ոլորտում «կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» համար:

Դեսպանատնից ասացին, որ Medmedia.am կայքը «ստեղծվել է որպես նախագծի բազմաթիվ բաղադրիչներից մեկը և տեղադրում է հիմնականում պաշտոնական նորություններ, ի լրումն տարբեր կարծիքներ արտահայտող նյութերի և հարցազրույցների»:

Դեսպանատունը նաև հավելեց, որ այդ կարծիքները չեն արտացոլում ԱՄՆ կառավարության տեսակետները, և որ դեսպանատունը «պարբերաբար իրականացնում է բոլոր դրամաշնորհների մոնիթորինգ` ապահովելու համար, որ նախագծերն ընթանան այնպես, ինչպես նախատեսված է և համաձայն ԱՄՆ քաղաքականության և առաջնահերթությունների»:

OpenDemocracy-ի հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նույնպես հաստատեց, որ Medmedia.am կայքը «ստեղծվել է ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»:

Նա չպատասխանեց իր նախորդ հակա-ԼԳԲՏ հայտարարություններին և ծայրահեղ աջ կապերին վերաբերող հարցերին: Medmedia.am-ի մասին նա ասաց․ «Մեր կայքում տեղադրված նյութերի բովանդակությունը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ, բայց որպես լրատվամիջոց, մենք պարտավոր ենք լուսաբանել ինչպես քաղաքացիական հասարակության կարծիքը (անկախ բովանդակությունից և կարծիքների համընկնումից), այնպես էլ լիազոր մարմնի կարծիքը»:

Գրիգորյանն ավելացրեց՝ հակասելով Medmedia.am-ի որոշ ամենակարդացված հոդվածներին․ «Մեր կայքը նաև պատրաստ է համագործակցել և իրականացնել ծրագիր, որը միտված կլինի պատվաստումների տարածվածությունը մեր երկրում բարձրացնելուն»:

Հոդվածի հեղինակ՝ Տաթև Հովհաննիսյան
Թարգմանություն՝ Կարինե Ղազարյանի

Այս տեքստը ՕpenDemocracy-ի Tracking the Backlash նախագծի շրջանակներում հրապարակված հոդվածի խմբագրված և թարգմանված տարբերակն է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *