2022.01.18,

Ստուգված է

Հակավաքս բժիշկները հայաստանյան մեդիայում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

2021-ին ԱՄՆ-ում իրականացված հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծ մասը կորոնավիրուսի մասին տեղեկատվության ամենավստահելի աղբյուր է համարում իր բժշկին։ Նմանատիպ պատկեր է նաև աշխարհի շատ այլ երկներում՝ բժիշկների խոսքը արժանահավատ և ազդեցիկ է թվում մարդկանց։ 

Օգտվելով այս առիթից՝ բժիշկների ոչ մեծ խումբ կորոնավիրուսի վերաբերյալ  ապատեղեկատվություն է տարածում։ Հայաստանում մարդկանց մոլորեցնող բժիշկ-էքսպետրների մասին media.am-ը մի քանի անգամ պատմել է (հղում 1, հղում 2, հղում 3)։ 

Այժմ անդրադառնում ենք լրատվամիջոցներում և սոցցանցերում հաճախ հայտնված օտարերկրացի բժիշկներին, որոնք միջազգային մամուլում հայտնի են որպես COVID-19-ի մասին կեղծ լուրեր տարածողներ, սակայն մեր դաշտում շարունակաբար ներկայացվում են որպես ոլորտի մասնագետներ։ 

Գերդ Վան դեն Բոսխե

Վան դեն Բոսխեի խոսքերը առավել հաճախ են տարածում «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը և medmedia.am կայքը (1, 2, 3, 4): Հեղինակավոր լրատվամիջոցներն ու փաստեր ստուգող լրագրողները վաղուց արդեն ուսումնասիրել են նրա գործունեությունը։ 

Բոսխեն բելգիացի անասնաբույժ է և պատվաստանյութեր հետազոտող, ակտիվորեն զբաղվում է COVID-19 պատվաստանյութերի հակաքարոզով և մի շարք դավադրության տեսությունների հեղինակ է։ Ամիսներ առաջ նա բաց նամակ էր գրել աշխարհի բոլոր իշխանություններին, որում զգուշացնում էր պատվաստանյութերի վտանգի մասին։ Ըստ նրա՝ պատվաստանյութերը կարող են առաջացնել կորոնավիրուսի նոր և առավել վտանգավոր տեսակներ, ինչն էլ կհանգեցնի գլոբալ աղետի։ Այդ նամակն ու դրան հետևած հարցազրույցը տասնյակ հազարավոր անգամներ հրապարակվեցին Facebook-ում և Instagram-ում:

Բոսխեի մտահոգությունները տեղին չէին, անասնաբույժի խոսքերը ստուգել են մի շարք փաստեր ստուգող լրագրողներ և ոլորտի մասնագետներ և ճանաչել՝ որպես կեղծ լուր կամ սպեկուլյացիա (1, 2, 3)։ Նշենք, որ կորոնավիրուսի շտամները շրջանառվում էին նախքան մասսայական պատվաստումների մեկնարկը։

Գերտ Վանդեն Բոսխեն ունի նաև բժշկական կոչում վիրուսաբանության ոլորտում։ Նրա LinkedIn-ի էջում նշվում է, որ 3 տարի եղել է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամում պատվաստանյութերի հայտնաբերման ծրագրի ավագ մասնագետ: Գործնականում նրա գիտական հրապարակումները դադարել են 1995-ին, բացառությամբ 2017-ի մի հոդվածի, որը հրապարակվել է OMICS Group Inc. հրատարակչական խմբին պատկանող ամսագրում և որի դեմ ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հայց էր ներկայացրել՝ խարդախության համար։

Ռոբերտ Մելոն

Ռոբերտ Մելոնի ակտիվ ջատագովները Հայաստնաում «Հակահամաճարակային Ալյանս» և «Ազատ կամք» նախաձեռնություններն են (1, 2, 3), որոնց հրապարակումներն էլ իր հերթին ակտիվ տարածում է նույն medmedi.am-ը (1, 2, 3, 4)։ Այս հարթակներում հայտնված սխալ լուրերին մենք անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ։

61-ամյա Ռոբերտ Մելոնը լիցենզավորված բժիշկ է ԱՄՆ-ում։ Մելոնն իրեն համարում է «մՌՆԹ պատվաստանյութերի հեղինակ»։ Կան մեծաթիվ հոդվածներ և հարցազրույցներ, որոնցում նրան այդպես են ներկայացրել։ Սակայն մի շարք պրոֆեսորներ և գիտական ոլորտի լրագրողներ պնդում են, որ մՌՆԹ պատվաստանյութերի ստեղծումը ոչ թե մեկ անձի, այլ հարյուրավոր հետազոտողների աշխատանքի արդյունք է, մինչդեռ Մելոնը, փաստացի, իրեն էր վերագրում հաջողությունների ամբողջ «փաթեթը»։ Ի դեպ, Logally հոդվածից հետո Մելոնը հերքել էր, թե մՌՆԹ-պատվաստանյութի հեղինակն է և հավելել, որ ինքը «մՌՆԹ պատվաստանյութերի տեխնոլոգիական պլատֆորմների» հայտնագործողներից է։ 

Նախորդ տարի փաստերի ստուգման տարբեր հեղինակավոր հարթակներ անդրադարձել են նրա տարածած ապատեղեկատվություններին։ Օրինակ 2021-ի օգոստոսին Մելոնը հայտարարել էր, թե Pfizer և Moderna պատվաստանյութերը կարող են ծանրացնել քովիդի ընթացքը, որ դրանք բավարար փորձարկումներ չեն անցել՝ մասսայական կիրառման համար։ Նա վերարտադրում էր նաև այն պնդումը, թե Քովիդ պատվաստանյութերը ազդում են կանանց վերարտադրողական կարողության վրա։ 

2021-ի հունիսին նա Թվիթերում գրեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութի շնորհիվ փրկված երեք կյանքերից երկուսը մահանում են հենց պատվաստանյութի հետևանքով։ Սակայն այդ ուսումնասիրությունը հրապարակած ամսագիրը շուտով սխալ անվանեց այնտեղ հայտնված գլխավոր եզրակացությունը և հեռացրեց ուսումնասիրությունը։ Հարցազրույցից հարցազրույց՝ Մելոնը թվիթերում հավաքեց ավելի քան 200 000 հետևորդ, սակայն շուտով նրա հաշիվը արգելափակեց՝ քովիդի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ 

PolitiFact-ի փաստերի ստուգման թիմը կեղծ էր գնահատել Մալոնի պնդումը, թե պատվաստումից հետո առաջացած սպիտակուցները թունավոր են բջիջների համար: AAP factcheck-ի թիմը ստուգել ու կեղծ էր անվանել Մալոնի հայտարարությունը, թե նույն սպիտակուցները հաճախ անդառնալի վնաս են հասցնում երեխաների կենսական օրգաններին: Փաստեր ստուգոող լրագրողները ցույց էին տվել, որ Մալոնի խոսքը չունի փաստական որևէ հենք և բերված օրինակները պատվաստանյութի՝ շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են։

Սուխարիտ Բհագդի

Սուխարիտ Բհագդի հայտարարությունները Հայաստանում կրկին «Հակահամաճարակային Ալյանս»-ն է տարածում։

Սուխարիտ Բհագդին թոշակի անցած միկրոկենսաբան է, աշխատել է Գերմանիայի Յոհաննես Գուտենբերգի համալսարանում։ Նա առաջ քաշեց գաղափարներ, որոնք հակասում են կորոնավիրուսային համաճարակի շուրջ գիտական ​​կոնսենսուսին. իր գրքում պնդեց, թե բժշկական դիմակները չեն պաշտպանում վարակից (սխալ է), հայտարարեց, թե COVID 19-ը չի տարբերվում կորոնավիրուսի մյուս տեսակներից և ավելի վտանգավոր չէ (սխալ է), որ բոլորն ունեն բնական իմունիտետ կորոնավիրուսի դեմ, հետևաբար պատվաստման կարիք չկա (մոլորեցնող է

Պրոֆեսորը համառորեն պնդում է, որ պատվաստանյութերը «ոչնչացնելու են աշխարհի բնակչությանը»։ Այդ մասին նա խոսել է 40-րոպեանոց տեսանյութում, որն ունեցել էր ավելի քան 268 000 կիսում։ Այս պնդումը ևս հերքվել է փաստերի ստուգման բազմաթիվ հարթակների կողմից (1 2 3 4): Բավական է ասել, որ ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ և պատվաստանյութի հետևանքով մահվան որևէ դեպք չի արձանագրվել։ Մյուս կողմից, Բհագդին չէր կարողացել ցույց տալ մահացածների և պատվաստանյութերի միջև որևէ պատճառահետևանքային կապ։ Ախտաբանության գերմանական ասոցիացիան (DGP) նրա հայտնի պնդումները բնութագրել է՝ որպես գիտականորեն չհիմնավորված։

Վլադիսլավ Շաֆալինով

Հակավաքսերը սիրում են մեջբերել նաև ռուս բժիշկների խոսքերը։ Հաճախ ենք տեսնում ռազմական նախկին վիրաբույժ Վլադիսլավ Շաֆալինովի ելույթները «Հակահամաճարակային Ալյանս»-ի, «Ազատ կամք»-ի էջերում։

Բժիշկ Շաֆալինովը հայտնիություն ձեռք բերեց մի շարք սկանդալային հայտարարություններից հետո, որոնք ակտիվ տարածվում էին սոցցանցերում և մամուլում․ նա դեմ է պատվաստումներին, իսկ կորոնավիրուսի համավարակը համարում է «համաշխարհային խաբեություն» և «գլոբալիստների էքսպերիմենտ»։ 

2021-ի գարնանը նա Ռուսաստանի Գերագույն դատարանում կոչ արեց կորոնավիրուսը հանել «շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկից»։ Մեզանում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Շաֆալինովը պնդում էր, թե պատվաստումները տղամարդկանց մոտ առաջացնում են անպտղություն, ինչն ամենատարածված միֆերից է։ Գիտնականները համարում են, որ պատվաստանյութերը չեն ազդում տղամարդկանց (և կանանց) վերարտադրողական առողջության վրա։ 

Չնայած COVID19-ի նկատմամաբ սկեպտիկ վերաբերմունքին՝ Շաֆալինովին է պատկանում Մոսկվայում գործող բժշկական ծառայություն, որը վճարովի հոսպիտալացում է առաջարկում կորոնավիրուսով հիվանդներին։ Ռուսաստանում կորոնավիրուսի բուժումը պաշտոնապես անվճար է։ Շաֆալինովին պատկանող ծառայության մինիմալ արժեքը 450,000 ռուբլի է (շուրջ $6,000): 

Այսպիսով, հայաստանյան մեդիայում հակավաքս դիրքորոշում ունեցող տարբեր հարթակներ սեփական պնդումներն առավել արժանահավատ դարձնելու համար հիշատակում են բժիշկների կամ պրոֆեսորներ խոսքեր, որոնք վաղուց արդեն կապ չունեն բժշության հետ և զբաղվում են պատվաստանյութերի հակաքարոզով։ Նրանց պնդումները բազմիցս հերքվել են հեղինակավոր կառույցներ և փաստեր ստուգողների կողմից։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *