2021.03.18,

Ստուգված է

Մարտի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը․ թեստ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մարտի առաջին կեսին ապատեղեկատվության դեպքերը սկանդալային բացահայտումներ էին․ խոսքեր էին վերագրում, ամենուր լրտեսներ էին գտնում և ոչ միայն։ Թե ինչքանով եք տեղյակ ապատաեղեկատվություններին՝ ստուգեք թեստի միջոցով։

 

Տեր-Պետրոսյանին նորից վերագրվեց նույն միտքը, նորից՝ առանց ապացույց 

ArmNews-ի «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մարտի 10-ի թողարկման ընթացքում հեղինակ Աբրահամ Գասպարյանը ասաց (տեսանյութում 10։14 րոպեից), որ Տեր-Պետրոսյանն առաջինն էր, որ երեք տասնամյակ առաջ փորձում էր համոզել ժողովրդին, թե նորանկախ Հայաստանի «պաշտպանվածությունը՝ մեր անպաշտպանվածությունն է»։

Առաջին նախագահի քաղաքական թիմի՝ «Հայ ազգային կոնգրես»-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքեց Տեր-Պետրոսյանին վերագրվող այդ միտքը ու հույս հայտնեց, որ «Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ մոլորության մեջ գցելու համար»: Մարտի 11-ի հաղորդման ընթացքում Գասպարյանը չներկայացրեց ասածը հիմնավորող որևէ փաստ, փոխարենը ներկայացրեց այն մարդկանց և ԶԼՄ-ների ցանկը, որոնք նույն կերպ այդ խոսքը վերագրել են առաջին նախագահին։

Լևոն Տեր-Պետրոսյանին այս միտքը վաղուց են վերագրում․ այն շրջանառվել է տարբեր անհատների և լրատվականների միջոցով, սակայն տարիներ շարունակ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը նման միտք արտահայտել է։ 

Մեկ մարդու խոսքի վրա հիմնված լրտեսության մեղադրանք HALO Trust-ին

24news.am կայքը սկանդալային հրապարակում կատարեց, թե «Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը»։ Լուրի աղբյուրը Արցախի նախագահի` հասարակական հիմունքներով աշխատող հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էր։

Ռուսաստանում քրեական գործի մեջ ներգրավված, այդ երկրի ուժային կառույցերի հետ համագործակցած Ավագյանը պնդում էր, թե տեղեկությունը ստացել է «հավաստի աղբյուրներից», իսկ մի քանի ժամ անց ասաց, որ տեղեկությունը դեռ ստուգված չէ։ Լուրը տարածվեց ավանդական և սոցիալական մեդիայում, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապեց կազմակերպությանը մեղադրել լրտեսության մեջ։ 

2000 թվականից Արցախում աշխատող, նախագահների բարձր գնահատականին արժանացած HALO Trust-ը հերքեց Ավագյանի պնդումը՝ այն անվանելով «բացարձակապես սուտ»։ Media.am-ին հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ Ավագյանի կարծիքը չի կարող դիտվել որպես պաշտոնական և չի արտահայտում նախագահի կարծիքը։ Իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունը հիմք չի տալիս մտածելու, որ մեղադրանքները ճիշտ են։ Այնուամենայնիվ՝ մարտի 12-ին ԱՀ դատախազությունը հայտնեց, որ տեղեկությունն ուղարկվել է հանրապետության ԱԱԾ։

Սա լրտեսության միակ մեղադրանքը չէր մարտի սկզբում։ Նման սկանդալ զարգացավ UNICEF-ի Հայաստանի ղեկավարի շուրջ։

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

Մարտի 2-ին Politik.am-ը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին, որը ըստ կայքի խմբագիր և նյութի հեղինակ Բորիս Մուրազիի՝ գնվել է պատերազմից հետո։ Վերջինս տեղեկացնում է, որ իրենք այդ մեքենայի առկայությունը ֆիքսել են, երբ Փաշինյանն այս տարվա փետրվարի 17-ին դրանով այցելել էր Շիրակի մարզ։ 

«Հիմա Փաշինյանը շրջում է նոր զրահապատ մեքենայով՝ Lexus LX 470, 2015 թվականի արտադրության, բայց գնվել է սրահից ըստ ամենայնի»,- պնդում է Մուրազին։ Իրենց հաշվարկով մեքենան արժե գրեթե 70,000 դոլար, իսկ դրա ամբողջական զրահապատումը՝ առնվազն 250,000 դոլար։ 

Փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ մեքենան պատերազմից հետո չի գնվել․ նույն մեքենան երևում է Փաշինյանի՝ 2018-ի սեպտեմբերին Արցախ կատարած այցի ժամանակ։ Վարչապետի աշխատակազմից հարթակին տեղեկացրել են, որ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցը կատարվել է 2009-ին թողարկված Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայով, որը Պետական պահպանության ծառայության հաշվեկշռում է դեռ 2010-ից:

Արոնյանին խոսք է վերագրել 1in.am կայքը

1in.am-ը գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին նյութը վերնագրել է՝ «Արոնյանի հերթական հարվածը. «Էս ապրելու երկիր չի, գնում ենք փրկվենք»…»։ Այն կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե միտքը Արոնյանն է արտահայտել։ Սակայն, քլիքբեյթ վերնագիրը մոլորեցրել է լսարանին։ Նյութը կարդալու դեպքում պարզվում է, որ նման միտք արտահայտում են Հայաստանից մեկնողները «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։ 

ԶՈՒ Գլխավոր շատաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ զարգացումները մի քանի պարզաբանումների ու հերքումների առիթ դարձան

1️⃣ 1in.am-ի խմբագրությանը պատկանող «ժամանակ» թերթի հրապարակումը հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Թերթը գրել էր, թե «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել»։ Սա Ասատրյանը համարեց «ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա»։ ԳՇ-ն այս առիթով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

2️⃣ Մեկ այլ դեպքում Ասատրյանը տեղեկացրեց սոցիալական ցանցերում Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր, իսկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում։  Նման դեպքեր Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ևս գրանցվում էին տեղեկություն փոխանցող հիմնական անձանց, որոշ լրատվականների մասով։

3️⃣ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքեց տարածված տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: 

Տարածվող տեսանյութում ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են

Amnew.site սունկ կայքը հրապարակել էր տեսանյութ, որում երևում էին Ստեփանակերտում կառուցված շքեղ առանձնատներ։ Mediaport տելեգրամյան ալիքը պնդել էր, որ «հրապարակած տունը» գնտվում է Լոս Անջելեսում է։ Իրականում ալիքը ստուգել էր հրապարակման միայն գլխավոր նկարը, որը տեսանյութում առկա չէ և իսկապես գնտվում է ո՛չ Հայաստանում է, ո՛չ Արցախում։

Infocom-ն ուսումնասիրել է հրապարակված տեսանյութը ու պարզել որոշ տների Արցախում գտնվելու կոնկրետ վայրը։

«Իմ Քայլի» տարածած հանրահավաքի լուսանկարը կեղծ չէ

Մարտի 1-ի հանրահավաքի լուսանկաները ևս ապատեղեկատվության առիթ դարձան։ Մի շարք լրատվականներ (BlogNews, Alternativ.am, Yerevan.Today, Times.am, Yerkir.am և Mediaport տելեգրամյան ալիքը) պնդեցին, թե «Իմ Քայլը» դաշինքի էջով տարածած լուսանկարը ենթարկվել է խմբագրման` մասնակիցների քանակն ավելի մեծ ցույց տալու նպատակով։

Լուսանկարների՝ խմբագրված լինելու հանգամանքը ստուգող FotoForensics ծրագրով իրականացված ուսումնասիրությունը, սակայն, վկայում է, որ այդ լուսանկարը ֆոտոմոնտաժի չի ենթարկվել։ Բացի այդ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի արած աերոնկարահանման արդյունքում ստացված լուսանկարներից մեկում ևս երևում է նմանատիպ պատկեր։ 

Ստեփան Գրիգորյանը հերքում է 2018-ի իր պնդումը դատարանի պահանջով

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դատարանի որոշմամաբ հրապարակայնորեն հերքեց 2018 թվականի հուլիսի 30-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարարությունները։

«Ա1+» տված հարցազրույցում Գրիգորյանը պնդումներ էր արել Յուրի Խաչատուրովի՝ փողի դիմաց տարածքներ հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին։

Հերքումներ

❌«Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ հաղորդագրությամբ հերքեցին շրջանառվող երկու տեղեկություն։ Իբրև միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը։ Իրականում, միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել: Իրականությանը չի հապատասխանում լուրը, թե հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է: 

❌ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Այդ սահմանափակումների վերացումից հետո «Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա», – տեղեկացրել է Մարությանը։

❌ Տավուշի մարզպետարանից տեղեկացրեցին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում: Մարզպետարանը «կեղծ և պառակտիչ հրապարակումներ» համարել է հանցագործություն և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը: Նման պնդում կատարել էր Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

❌ Նախագահի աշխատակազմից հերքեցին «Իրավունք» օրաթերթի տարածած լուրը, թե իբրև 2020-ի նոյեմբերի 17-ին Սարգսյանը մեկնել է Բաքու։ Տեղեկացրեցին, որ նշված օրը Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: 

❌ Արցախի ՊԲ-ն հերքեցին Կարմիր Շուկայի ճանապարհը Ադրբեջանին հանձնելու շուրջ լուրեը։  

❌ ՀՀ ՊՆ-ից հերքեցին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի  և անհետ կորած զինծառայողների հարազատների միջև միջադեպը։ Մեկ այլ դեպքում ՊՆ փոխնախարարը հերքեց Կապանի հենակետը հանձնելու լուրը։

❌ «Լիդիան Արմենիան»-ն հերքեց լուրը, թե հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *