2021.03.12,

Ստուգված է

Տեր-Պետրոսյանին վերագրվող խոսքերը նորից հանրային քննարկման առիթ են

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մարտի 10-ին եթեր դուրս եկավ ArmNews հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հերթական թողարկումը։ Հաղորդավար Աբրահամ Գասպարյանն իր ծավալուն վերլուծության մի հատվածում հիշատակեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ողջունում էր ՀՀ ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետի՝ իր պաշտոնանկության խնդիրն իրավական ճանապարհով վիճարկելու որոշումը։ Գասպարյանը, մեջբերելով նախագահի խոսքերը, միևնույն ժամանակ շեշտեց, որ Տեր-Պետրոսյանն առաջինն էր, որ երեք տասնամյակ առաջ փորձում էր համոզել ժողովրդին, որ նորանկախ Հայաստանի «պաշտպանվածությունը՝ մեր անպաշտպանվածությունն է»։

Ի պատասխան՝ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքեց առաջին նախագահին վերագրվող այդ խոսքն ու հույս հայտնեց, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ մոլորության մեջ գցելու համար:

Հաղորդավարը խոստացավ եթերում պատասխանել ՀԱԿ մամուլի խոսնակին և կատարեց խոստումը։

Սակայն մարտի 11-ի հաղորդման ընթացքում Աբրահամ Գասպարյանը չներկայացրեց որևէ փաստ այն մասին, որ Տեր-Պետրոսյանը նման բան է ասել, փոխարենը ներկայացրեց այն մարդկանց և ԶԼՄ-ների ցանկը, որոնք այդ խոսքերը վերագրել են առաջին նախագահին։

Նախապատմություն

Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրվող այս խոսքերը նոր չեն։ Վերջին՝ ամենաթարմ դեպքը, երբ թեմայի շուրջ հրապարակային բանավեճ ծավալվեց, 2016-ին էր։ Ստեփան Թոփչյանն էր իր «Ցխել, թե չցխել. այս է խնդիրը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել հարցին՝ նախագահին վերագրելով «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» միտքը։ 

Արման Մուսինյանն այդ ժամանակ ևս հերքեց լուրը՝ պահանջելով հոդվածը հրապարակած լրատվամիջոցից՝ «Հրապարակից», ցույց տալ Տեր-Պետրոսյանի բանավոր կամ գրավոր ելույթ, ձայնագրություն կամ տեսագրություն, որտեղ նա այդպիսի նախադասություն արտասանած լինի:

Պատասխան հոդվածում «Հրապարակը» որևէ ապացույց այդպես էլ չներկայացրեց։ Փոխարենը մեջբերեց մի քանի անձանց խոսքեր, որոնք տարբեր ժամանակ Տեր-Պետրոսյանին են վերագրել այդ միտքը։ Ինչպես, օրինակ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ 2015-ի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին։ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի 1992-ի հոդվածը։ 

Կամ Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար Իգոր Սարգսյանի՝ 2013-ի հարցազրույցը «Իրավունք» թերթին, որտեղ նա վերհիշում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը. «Ասում էր  «մեր խեղճության մեջ են մեր հաղթանակները», «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»։ 

Ըստ թերթի՝ «այսքան տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում չէին կարող սխալվել կամ սխալ հիշել»։

Ակնհայտ է, որ Ստեփան Թոփչյանի հոդվածից էլ առաջ այս միտքը շրջանառվել է և ներկայացվել որպես առաջին նախագահի խոսք, սակայն տարիներ շարունակ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման միտք ասել է։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ժամանակին ուսումնասիրել էր իր՝ բավականին հարուստ արխիվը, սակայն նման նախադասություն, որն ասել է նախագահը, չէր գտել։ 

Կա վարկած, որ նման միտք նախագահն ասել է Տեր-Պետրոսյանի՝ ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում(19 հունիսի, 1992)։ Մինչդեռ, ըստ ԱՆԻ կենտրոնի պահոցի, առաջին նախագահը բառացիորեն ասել է հետևյալը.
«Հայաստանի գոյատևման անվտանգության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերությունները: Այդ սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում»։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *