2021.03.11,

Ստուգված է

Պատերազմը՝ UNICEF-ի հայաստանյան և ադրբեջանական ծառայությունների աչքերով

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող UNICEF-ի հայաստանյան գրասենյակը վերջերս հերքեց լուրը, թե կազմակերպության ղեկավար Մարիան Քլարկ-Հաթթինգը լքել է Հայաստանը: Մարտի 8-ին Sputnik Արմենիան էր գրել, թե նա հապճեպ հեռացել է երկրից։ Հղում անելով ԱԳՆ աղբյուրին՝ լրատվականը նշել էր, որ շտապողականության պատճառը հայաստանյան առաքելության ընթացքում թույլ տված սխալն է եղել։ Mediaport տելեգրամ-ալիքի գրառումը մեջբերելով՝ մի շարք լրատվականներ (1 2 3 4 5 6) նրա հեռացումը կապեցին հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն իրականացնելու հետ և գրեցին, որ նա «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել։ 

ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց Քլարկ–Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու լուրը, սակայն որոշումը կապեց «մանդատի իրականացման գործում ղեկավարի թերացումներով և ոչ համագործակցային աշխատելաոճով»։ Մարտի 10-ին արձագանք եղավ նաև ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչից․ նա Քլարկ–Հաթթինգին վերագրվող մեղադրանքներն անհիմն որակեց։

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հեռացման որոշումը շատերը կապում են 44-օրյա պատերազմի ընթացքում կառույցի ցուցաբերած անտարբերության հետ։ Օրինակ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկյանի հետ հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժում էին խաղաղ բնակիչներ՝ որոնց թվում նաև երեխաներ, սակայն կազմակերպությունն անարձագանք էր թողնում դրանք։ Պետք է նշել, որ նմանատիպ մտահոգություններ արտահայտել են նաև շատ այլ անձինք պատերազմի օրերին՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում։ 

Փորձենք հասկանալ՝ հրապարակային ինչպիսի քայլեր են արել միջազգային հեղինակավոր կառույցի երկու գրասենյակները պատերազմի ժամանակ (Հայաստան և Ադրբեջան), արդյո՞ք հայաստանյան գրասենյակն իսկապես կրավորական դիրքորոշում է ունեցել և չի կատարել ստանձնած պարտավորությունները։ 

UNICEF-ը Հայաստանում

  • Հոկտեմբերի 6-ին՝ պատերազմից 10 օր անց, UNICEF-ն առաջին անգամ արձագանքեց պատերազմական գործողություններին՝ կոչ անելով պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայտարարությունը նույնն էր UNICEF-ի երկու մասնաճյուղերում էլ։ Շատերը պաշտոնական այս հաղորդագրությունն ուշացած համարեցին, քանի որ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Մարտունու շրջանում արդեն իսկ սպանվել էր մեկ երեխա, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, զոհված երեխաների թիվը երկուսն էր։ Այդ ընթացքում Արցախում 19 քաղաքացիական անձ էր զոհվել, վիրավորվել՝ 80-ը։
  • Հոկտեմբերի 15-ին եղավ երկրորոդ հայտարարությունը, որում հիշատակվում էր Սոթք համայնքում 14-ամյա երեխայի ծանր վիրավորման փաստը։ UNICEF-ն, այսպիսով, վերահաստատեց բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու կոչը։ Բացի 14-ամյա երեխայի վիրավորումից՝ հոկտեմբերի 15-ին արդեն հայտնի էր, որ Մարտունիում ծանր ռմբակոծությունից վիրավորվել է 2-ամյա Արծվիկը, իսկ նրա 9-ամյա քույրը՝ մահացել։ Այդ ընթացքում 24 հազար երեխա զրկված էր դպրոց հաճախելու իրավունքից։ 

Հոկտեմբերի 16-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ-ի՝ հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանց պահանջներից մեկն այն էր, որ UNICEF-ը պատշաճ և արդարացի արձագանքի Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործություններին։ 

  • Հաջորդ օրը UNICEF-ը տեղեկացրեց ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին այցելելու մասին։ Հայտարարության մեջ հիշատակվում էին 3 երեխաների անուններ։ Միևնույն ժամանակ կայքում հրապարակվեց «Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը» դատապարտող՝ հնարավորինս չեզոք կոչ։
  • Հոկտեմբերի 28-ին և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական ծառայությունները հրապարակեցին հայտարարություն ԼՂ-ում (Ադրբեջանականում նշվում էր նաև ԼՂ սահմաններից դուրս) ավելի քան մեկ ամիս տեղի ունեցող մարտական գործողությունների մասին։ Այստեղ հիշատակվում էին հակամարտության հետևանքով զոհված երեխաների անուններն ու հնչում դատապարտող կոչեր։

Պատերազմի օրերին UNICEF-ի հայաստանյան գրասենյակի արձագանքներն այսքանն էին։

UNICEF-ը Ադրբեջանում

  • Հոկտեմբերի 6-ից հետո UNICEF-ի՝ ադրբեջանական գրասենյակի հաջորդ հայտարարությունը նույն ամսվա 13-ին էր։ Կառույցի ղեկավար Էդվարդ Քարվարդին այցելել էր Գյանջա, հրապարակել տեղի ավերված տներից մեկի լուսանկարը՝ կից գրելով, որ ցավով տեղեկացել է երեխաների շրջանում վիրավորման նոր դեպքերի մասին։ Նա նաև գրել էր, որ Գյանջայում հանդիպել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ և պատրաստակամություն հայտնել UNICEF-ի կողմից օգնություն տրամադրել երեխաներին։ 

  • Հոկտեմբերի 14-ի հայտարարությամբ ծառայությունը հայտնեց, որ հանդիպում է տեղի ունեցել UNICEF-ի և Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի պետական ​​կոմիտե միջև։ Ձեռք է բերվել համաձայնություն ստեղծված իրավիճակի հետևանքով տուժած երեխաներին հոգեբանկան աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
  • Հոկտեմբերի 17-ին կառույցը վերահրապարակեց Էդվարդ Քարվարդի գրառումը․ վերջինս գրել էր, որ ցավով տեղեկացել է կոնֆլիկտի հետևանքով Գյանջայում զոհված 3 երեխաների մասին։ Զուգահեռաբար պաշտոնական կայքում հրապարակվեց ԼՂ-ում և դրա սահմաններից դուրս պատերազմական գործողությունները դատապարտող կոչ՝ նույն բովանդակությամբ, ինչ հայաստանյան ծառայության հրապարակումը։

  • Հոկտեմբերի 23-ին գրասենյակն իրազեկեց, որ հանդիպում է եղել Գյանջայի, Բարդայի, Աղջաբադի և Գերանբոյի շրջանների՝ կոնֆլիկտի հետևանքով տուժած հոգեբանների և սոցաշխատողների հետ։ Նրանց տրամադրվել է հոգեբանական «առաջին օգնություն»։ 

Հոկտեմբերի 28-ի հայտարարությունը, ինչպես նշվեց, նույնական էր հայաստանյանի ծառայության կոչի հետ։

Այսքանն էին ադրբեջանական ծառայության արձագանքները կոնֆլիկտին՝ 44 օրերի ընթացքում։ Սակայն կարևոր է նաև, որ եռակողմ հայտարարությանը հաջորդող օրերին էլ UNICEF-ի Ադրբեջանի գրասենյակն ակտիվորեն մասնակցում է կոնֆլիկտի հետևանքով տուժած երեխաներին աջակցելուն և նրանց խնդիրների մասին բարձրաձայնելուն։ Ծառայության ղեկավարն այցելել է Աղդամ և Աղջաբադ՝ աջակցություն տրամադրելու տուժած երեխաներին։ Նշենք, որ Մարիան  Քլարկ-Հաթթինգի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության որևէ դեպք ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո կայքում արտացոլված չէ։ Կարևոր է նշել, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակը Արցախում աշխատելու մանդատ չունի ու այցերի բացակայությունը այս փաստի հետևանք է։*

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում։ Կառույցի նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա։ Հայաստանում կառույցը գործում է 1994-ից: 

Օֆելյա Սիմոնյան

*  «Կարևոր է նշել, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակը Արցախում աշխատելու մանդատ չունի ու այցերի բացակայությունը այս փաստի հետևանք է» նախադասությունը հոդվածում ավելացվել է 2021թ․ հունիսի 9-ին։ Կարծում ենք այս տեղեկատվությունը կարևոր է պատմության ենթատեքստի համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *