2020.09.08,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ օգոստոսի 21 – սեպտեմբերի 6

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում կորոնամիֆերի պակաս չկար․ ArmNews-ի հաղորդավար Աբրահամ Գասպարյանը շարունակում էր կրկնել «արաղի ու պինցետի» մասին կոնտեքստից կտրված արտահայտությունը, Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրենը նորից կոչ էր անում դիմակ չկրել, իսկ Մարինա Խաչատրյանը մահապատիժ էր պահանջում Ֆեյսբուքից ջնջված նախարարի համար։

Media.am-ը ուսումնասիրեց այլ բոլոր թեզերը և առանձնացրեց կորոնավիրուսի մասին ամենատարածված կեղծ կամ մանիպուլյատիվ պնդումները։

Մամուլը գուշակում էր Թորոսյանի Ֆեյսբուքից անհետանալու պատճառը

Օգոստոսի 24-ին պարզվեց, որ Արսեն Թորոսյանը ապաակտիվացրել է իր անձնական և պաշտոնական ֆեյսբուքյան էջերը։ Նախարարի այս անհետացումը ֆեյսբուքից տարատեսակ ենթադրությունների տեղիք տվեց։

Politik.am-ը,  անանուն աղբյուրներին հղում տալով, հայտնեց, թե Թորոսյանը վիճել է վարչապետի հետ և պատրաստվում է հրաժարական տալ։ Այս հոդվածը նույնությամբ վերատպեցին Yerevan.TodayLurer.com-ը, News.am-ը և այլն։

Politik.am-ը նաև հայտեց, թե Թորոսյանը ԱԱԾ է կանչվել։ Տեղեկության աղբյուրը կրկին անանուն էր։ Միաժամանակ, Մասիսի ԲԿ նախկին տնօրեն Նունե Ներսիսյանը հայտարարեց, թե իր ընկերը տեսել է, թե ոնց է Թորոսյանը մտնում ԱԱԾ։ Ներսիսյանը, ով հաճախ է դավադրության տեսություններ տարածում, առաջ քաշեց ևս մեկ տեսություն․ Թորոսյանը չափազանց շատ բան գիտի, ինչը ձեռք չի տալիս կառավարությանը, իսկ համավարակի ժամանակ ինչ-որ փողեր են լվացվել։

Թեման շարունակեց Antifake.am կայքը, որը ներկայանում է որպես փաստեր ստուգող հարթակ, բայց ոչ հավաստի տեղեկություն է տարածել։ Կայքը հայտարարեց, թե ԱԱԾ-ն «կոտրել է» Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և գտել վարչապետին քննադատող նրա նամակագրությունը։ Այդ ամենից Փաշինյանը ջղայնացել է, իսկ Թորոսյանը` ապաակտիվացել Ֆեյսբուքից։ Ինչպես և Politik.am-ը, Antifake.am-ը չէր ներկայացնում որևէ ապացույց, բացի անանուն աղբյուրներ վկայակոչելուց։

Պաշտոնական մարմինները անդրադարձան տարածվող լուրերին։ ԱԱԾ-ն հերքեց Թորոսյանին կանչելու մասին տեղեկությունը, վարչապետի խոսնակը Փաշինյանի ու Թորոսյանի վեճի մասին տեղեկությունը «բամբասանք» որակեց, իսկ նախարարի խոսնակը մեդիայում շրջանառվող թեզերը անվանեց «կատարելագործված ստեր»։

Hayeli.am-ը թերի հաշվարկներ արեց ու պարզեց, որ դիմակներից օգուտ չկա

Օգոստոսին դիմակ կրելու պարտադրանքը հանվեց միջոցառումներին ելույթ ունեցող բաձրաստիճան պաշտոնյաների համար։ Hayeli.am-ը հաղորդեց այս տեղեկությունը և ընդգծեց, որ իշխանությունը իր համար դիմակներ կրելու պարտադրանքը հանում է, իսկ սովորական մարդկանց համար՝ թողնում։ Սակայն փոփոխությունները վերաբերում էին միայն որոշ առանձին իրավիճակների, այլ ոչ թե առանձին պաշտոնյաների։

Սյունյակագիր Անի Սահակյանը նաև կարծում էր, որ դիմակից օգուտ չկա, և իր կարծիքը հիմավորում «պարզ թվաբանությամբ»․ մայիսի 25-ին, երբ դիմակները պարտադիր դարձան, վարակված էր 7,402 մարդ, իսկ օգոստոսի 28-ին՝ 43,451։

Այս հաշվարկը թերի է․ դիմակների արդյունավետության մասին ենթադրություն անելու համար հարկավոր է համեմատել ոչ թե  երկու առանձին թիվ, այլ հետևել այս ամիսների ընթացքում վարակի տարածման տեմպին։

Հոդվածի վերջում հեղինակը հռետորական հայտարարություն արեց․ «Այն ով էր ասում, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ապրեք՝ թիվ մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես որ բոլորս էլ կարող ենք դիմակ չկրել»։

Վերջին բառակապակցությունը կոնտեքստից կտրվեց և դարձավ մոլորեցնող վերնագիր․ «ՀՀ բոլոր քաղաքացիներն այլեւս կարող են դիմակ չկրել»։ Hayeli.am-ի օրինակին հետևեցին սունկ կայքերը և հոդվածը տարածեցին նույն մոլորեցնող վերնագրով։

Հայտնի հաղորդավարը սխալ պնդումներ արեց, իսկ սունկ կայքերը ակտիվորեն տարածեցին

H2 հեռուստաընկերության նախկին հաղորդավար, Sattva յոգա ստուդիայի հիմնադիր Նարինե Բաղդասարյանը, անդրադարձավ դպրոցներում դիմակ կրելու պահանջին, հայտարարեց, որ դիմակները վնասում են երեխաներին, և դրանցով երեխաներին «արգելվում» է մաքուր օդը։ Բաղդասարյանը նաև հարցրեց․ «որ երեխան հանեց դիմակը, կարող է երեխայի քթի միջնապատը թեք է կամ երեխան ունի շնչուղիների հետ կապված խնդիր… ի՞ նչ… տուգանելու ե՞ ք երեխային, թե ՞ուսուցչին, թե՞  կախվելու եք տնօրենի պարանոցից…»։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մեկնաբանեց Բաղդասարյանի գրառումը, նշելով, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար պարտադիր չէ դիմակ կրելը։ «Դպրոցներում, պարզ է, որ ոստիկաններ չեն շրջելու և տուգանեն», հավելեց Կամավոսյանը։ Նա խնդրեց խմբագրել գրառումը՝ հաշվի առնելով իր նշածը։ Բաղդասարյանը, սակայն, հրաժարվեց։

Գրառումը Ֆեյսբուքում կիսեցին 385 անգամ և հավանեցին 1,200 անգամ։ Այն ակտիվորեն տարածեցին սունկ կայքերն ու ֆեյսբուքյան էջերը՝ հետևյալ վերնագրով․ «Իմ երեխան չի կրելու դիմակ, ոնց կարելի է տգետ լինել այնքան, որ երեխաներին արգելվի մաքուր օդը․ համամի՞տ եք հեղինակի հետ»։

կեղծ լուր ցանց

5-րդ ալիքի եթերում քննադատում են դիմակ կրելը և տարածում արդեն հերքված թեզեր

Դիմակների թեման քննարկվեց նաև 5-րդ ալիքի եթերում։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարեց, որ երեխաները կփոխանակվեն դիմակներով՝ սնկային հիվանդություն կունենան։ Շահինյանը, որը եղել է ՀՀԿ ու ՕԵԿ անդամ, վստահ էր, որ դիմակները կրում են ձևական, բայց եթե ամեն տեղ անվճար դիմակ դրված լիներ ինքն էլ «որպես քաղաքացի արդեն ամոթ կանեի, որ չվերցնեի ու չդնեի»։

Հաղորդավար Մարիաննա Ղահրամանյանը հասարակական բողոքի թեժ աշուն կանխատեսեց։ Իսկ Հովհաննես Շահինյանը հավելեց, որ «սա արդեն գոյության պայքար է» և խնդրեց վարչապետին պատրաստել իր հրաժարականի տեքստը։

5-րդ ալիքի մեկ այլ հյուր՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը, հայտարարեց, թե դիմակները առողջական խնդիրներ են առաջացնում։ Այս թեզը արդեն իսկ հերքվել է․ սովորական բժշկական դիմակ կրելը անվնաս է առողջության համար։ Նալչաջյանը հասարակությունում հոգեբանական խնդիրներ էր տեսնում ոչ միայն համավարակի, այլ առհասարակ 2018-ի հեղափոխությունից հետո, որը նա անվանում էր «գունավոր հեղափոխություն»՝ կրկնելով ռուսական քարոզչության հայտնի թեզը։

Ֆեյսբուքում սխալ պնդումներ արեցին դիմակների՝ ինտոքսիկացիա ու թթվածնային քաղց առաջացնելու մասին

Երեխաների առողջության համար դիմակների ենթադրյալ վտանգների մասին մեկ այլ տեսահոլովակ հրապարակել էր Ֆեյսբուքի օգտատեր Հասմիկ Միքայելյանը։ Նա կիսվեց դիմակների վնասակարության մասին մի տեսահոլովակով և պնդեց, որ դրանցում «ածխաթթու գազի կուտակումը հանգեցնելու է թթվածնային քաղցի, գլխացավերի, ի վերջո ինտոքսիկացիայի»։ Նրա գրառումը կիսեցին շուրջ 3,500 անգամ։

Այս պնդումները անհիմն են․ բժշկական դիմակների կտորը թույլ է տալիս թթվածնի մոլեկուլների անարգել մուտք, հետևաբար, թթվածնային քաղց սովորական բժշկական դիմակ կրելուց չի առաջանում։ Ինչ վերաբերվում է ածխաթթու գազին, ապա դրա մոլեկուլները շատ ավելի փոքր են, քան թթվածնի մոլեկուլները և նույնպես հեշտությամբ դուրս են գալիս դիմակից։

Դիմակները ստեղծված են վիրուսը կանգնեցնելու համար, որը չափսերով ավելի մեծ է, քան թթվածնի կամ ածխաթթու գազի մոլեկուլները։ Ի դեպ, դիմակի վնասարակարության մասին խոսելիս արժե հիշել, որ, օրինակ, վիրաբույժները մի քանի ժամ շարունակ դիմակ էին կրում վիրահատություն անելիս դեռ երբ Covid-19-ի համավարակը գոյություն չուներ։ Այլ կերպ ասած՝ որևէ ապացույց, որ սովորական բժշկական դիմակը առողջ մարդու մոտ առաջացնում է ինտոքսիկացիա կամ թթվածնային քաղց, չկա։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *