2020.08.31,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. օգոստոս

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Օգոստոսին տարածաշրջանի լրատվականները Հայաստանը համեմատում էին Բելառուսի հետ և կրկնում «գունավոր հեղափոխության» մասին քարոզչական պատումը։ Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքում էլ նորից բողոքեցին Հայաստանի իշխանություններից և շահարկեցին հերքված դավադրության տեսությունը։ 

Քարոզչամեքենաները Հայաստանի հեղափոխությունը «գունավոր» հռչակեցին ու համեմատեցին Բելառուսի հետ

Նախագահական ընտրություններից հետո Բելառուսում սկսվեցին լայնամասշտաբ ցույցեր 26 տարի պետությունը գլխավորած Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Բելառուսում, Ռուսաստանում և Ադրբեջանում այս ցույցերը գրեթե միանգամից անվանեցին «գունավոր հեղափոխության» փորձ և համեմատեցին Հայաստանի հետ։  

?Լուկաշենկոն դեռ իր նախընտրական գովազդային հոլովակում ցուցադրում էր ցույցերի ու բռնության կադրեր Ուկրաինայից, Հայաստանից, Ղրղզստանից և այլն։ Ինչպես նշում է Eurasianet.org պարբերականը՝ պարզ չէ, թե արդյո՞ք ցուցադրվող կադրերը Հայաստանից են, թե՝ ոչ, բայց նման բռնություն հայկական Թավշյա հեղափոխության ժամանակ չի եղել։ 

Կրեմլը և դրան հարող լրատվամիջոցները հաճախ են շահարկում գունավոր հեղափոխությունների մասին քարոզչական պատումը հարևան երկրներում ցույցերի մասին խոսելիս։ Այս պատումի հիմնական թեզը կայանում է նրանում, որ տարբեր երկրներում իշխանության դեմ ցույցերը անում եմ ոչ թե դժգոհ քաղաքացիները, այլ «դրսի ուժերը», որոնք ներսում ինչ-որ գործակալների են ֆինանասավորում։ 

Գունավոր հեղափոխությունների մասին այս պատումը հնչեցրեց «Комсомольская правда»-ն, որի մոտ մեկ ժամանոց հաղորդման մի առանձին հատված նվիրված էր Հայաստանին։ 

?«КП»-ն կրկնեց սովորական քարոզչական թեզերը «դրսից» ուժերի մասին, իսկ պրոիշխանական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը (ում հարցազրույցները հաճախ են հայտվում հայկական 168.am կայքում) հայտարարեց, թե Թավշյա հեղափոխությունը ծրագրվել է ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից, Փաշինյանն ու Սարգսյանը նախնական պայմանավորվածություն ունեին, իսկ Հայաստանում այժմ բռնապետություն է հաստատվում։

Գունավոր հեղափոխությունների պատումը օգտագործեց նաև ադրբեջանական քարոզչությունը։ 

? Ռուսական պետական Sputnik գործակալության բելառուս թղթակիցներից մեկը ադրբեջանական մամուլին հայտնեց, թե Ադրբեջանն ու Բելառուսը ուժեղ առաջնորդներ ունեն և կարողացան «դիմակայել» գունավոր հեղափոխությանը, իսկ Հայաստանը՝ ոչ։ 

Հայկական և ռուսական կայքերը բողոքում են, որ Թորոսյանը չի ուզում օգտվել ռուսական պատվաստանյութից 

Հայկական 1or.am կայքը գրեց, թե Արսեն Թորոսյանը ռուսական պատվաստանյութի հակաքարոզ է անում։ Այս հոդվածը վերարտադրեց նաև ռուսական Eadaily.com կայքը։ Երկու լրատվականներն էլ ենթադրեցին, թե Թորոսյան կապեր ունի միջազգային կառույցներում և «ինչ-որ ծրագրերով» Հայաստան այլ պատվաստանյութ է բերելու։

Այս հրապարակումները հաշվի չէին առնում, որ Ռուսական պատվաստանյութի մշակումը դեռ ավարտված չէ։ 

Օգոստոսի 11-ն Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե Ռուսաստանը առաջինն աշխարհում գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Ըստ Պուտինի՝ պատվաստանյութը արդյունավետ է, այն ընդունողների թվում նաև նրա դուստրն է եղել։  

❌ Պուտինը սխալվում էր․ «Sputnik-V»-ը առաջին գրանցված պատվաստանյութը չէր՝ Չինաստանը իր պատվաստանյութի գրանցումը ստացել էր դեռ հունիսին։ Երկու այս դեղամիջոցներն էլ ամբողջ բնակչության համար չեն, դրանք փորձարկվելու են որոշ սահմանափակ խմբերի վրա․ Չինաստանում՝ զինվորականների, Ռուսաստանում՝ բժիշկների և ուսուցիչների։ 

Այսինքն, ռուսական պատվաստանութի փորձարկումները, ըստ էության, ավարտված չեն։ Այլ արտադրողներ Ռուսաստանից առաջ են անցել։ Օրինակ՝ Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունը ավելի վաղ էր սկսել փորձարկումների եզրափակիչ փուլը։ 

Соловьёв LIVE-ը նորից շահարկեց հերքված դավադրության տեսությունը և Հայաստանում «հակառուսական» միտումներ տեսավ 

Соловьёв LIVE յութուբյան ալիքը նորից քննադատեց հետհեղափոխական Հայաստանը։ Այս ալիքը հիմնադրվել է ռուսական քարոզչության ամենահայտնի գործիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի կողմից։ Ալիքը վերջին ամիսներին մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանին՝ տարածելով մանիպուլյատիվ պնդումներ։

Օգոստոսին յութուբյան ալիքի մեկ այլ հաղորդավար՝ Պետդումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բագդասարովը, Հայաստանին առանձին հատվածներ նվիրեց իր Смерш հաղորդման երկու թողարկումներում (1, 2)։ 

Երկու դեպքում էլ Բագդասարովի պնդումները գրեթե նույնն էին։ Նա շահարկում էր բազմիցս հերքված դավադրության տեսությունը Ջորջ Սորոսի մասին և պնդում էր, թե Փաշինյանի կառավարությունը «սորոսական» է։ Բացի այդ, Բագդասարովը հաճախ հիշում էր պատմական գործիչներին, Հայաստանի փառահեղ անցյալը ու իր հայ նախնիներին։ 

Ինչպես և ռուսական քարոզչության մեկ այլ հայտնի ներկայացուցիչ՝ Մարգարիտա Սիմոնյանը, Բագդասարովը հակադրում էր նախնիների վեհությունը Հայաստանի ներկայիս «հակառուսական» իշխանությանը։

?Բագդասարովը հայտարարեց, թե Փաշինյանը ուզում էր 102-րդ ռուսական ռազմաբազան վերացնի Հայաստանից, բայց հետո հասկացավ, որ Թուրքիան վտանգավոր հարևան է, իսկ Ռուսաստանը՝ այդ հարևանից պաշտպանվելու միակ հույսը։ Նա նաև նեղսրտեց, որ ռուսական ալիքները Հայաստանում «արգելափակում են», տեղափոխում կաբելային հեռարձակման, իսկ հայկական հեռուստատեսությունը ցույց է տալիս ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն։ 

ռուսական միֆերը Հայաստանի մասին

Հայաստանն ու Արցախը հերքեցին ռուսական մամուլում տարածվող լուրերը

Օգոստոսին Հայաստանի և Արցախի պաշտոնյաները երկու անգամ հերքեցին անվտանգությանը վերաբերվող ռուսական մամուլի տարածած տեղեկությունը։

❌ ՊՆ խոսնակը հերքեց ռուսական Avia.pro կայքի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե թուրքական F-16 ինքնաթիռները մոտեցել էր Հայաստանի սահմնին։ Տեղեկությունը տարածել էին նաև այլ ռուսական լրատվամիջոցներ՝ Lenta.ru-ն, Dialogorg.ru-ն և այլն։

❌Արցախի ԱԳՆ-ն հերքեց Topwar.ru-ի տարածած լուրը այն մասին, թե աարտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին ասել է, որ Հայաստանը ռուսական ռազմական ուժերը կհեռացնի իր տարածքից, եթե ՌԴ-ն օգնություն չտրամադրի։ Ռուսական կայքը հղում էր անում լեհական Defense24.pl պարբերականին, սական լեհական հոդվածում այս խոսքերը ասում է ոչ թե Մայիլյանը, այլ պաշտոնաթող մի զինվորական։ Topwar.ru-ն ավելի ուշ հեռացրել է հրապարակումը։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *