2020.07.31,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. հուլիս

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հայաստանի մասին տարածաշրջանային լուսաբանումների առանցքում հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիան էր։ Բացի տեղեկատվական պատերազմից և քարոզչական թեզերից, տարածվեցին նաև ապատեղեկատվություններ ու նորից շրջանառվեց Հայաստանում հակառուսական տրամադրությունների թեզը։ 

Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը` ապատեղեկատվության նյութ

Eurasia Diary կայքը, որի հիմնադիրներից մեկն ադրբեջանցի է, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցություններին՝ երկու ապատեղեկատվություն տարածելով։

❌ Կայքը պնդել է` Ադրբեջանը և Մինսկի խմբի համանախագահները մերժել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու փորձերը։

Համանախագահների մասով պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, 2018-ին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, – «Եթե կողմերը համաձայնության գան ինչ-որ փուլում, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցությունների սեղանին, դա կլինի իրենց որոշումը, և մենք կհարգենք այն» (տեսանյութում 18:02 րոպեից):

❌ Կայքը նաև պնդել է՝ Փաշինյանի առաջարկը մերժվել է, քանի որ հակասում է 1992-ի մարտին սահմանված բանակցությունների հիմնարար սկզբունքներին։ Իբրև այն ժամանակ ԵԱՀԽ-ի (հիմա ԵԱՀԿ) հրապարակած փաստաթղթերում ասվում է, թե նախատեսված է Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների մասնակցությունը, եթե բանակցություններում առաջընթաց լինի։

1992-ի մարտի 24-ի փաստաթղթում նման կետ չկա։ Փոխարենը 9-րդ կետով սահմանվում է․ «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդակցություններին նրա նախագահի կողմից` դրան մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»: 

Բանակցությունների ձևաչափի փոփոխությունների մասին կարդացեք այստեղ։

Փաստական անճշտություններ և ոչ փաստահեն պնդումներ

❌ Ռուսական Russia Today-ը սահմանային բախումներին անդրադառնալիս մի քանի նյութում տալիս է խորապատկերային երկիմաստ տեղեկություն։ Կայքը Արցախի մասին գրել է՝ «Ադրբեջանի ներսում հայաբնակ մեծ անկլավ, որը երեք տասնամյակ առաջ անկախություն հռչակեց Բաքվից»:

Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, անկախություն հռչակել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից։ Այն երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչպես կարող է գրվածից տպավորություն ստեղծվել։ Այս թեմային առավել մանրամասն ծանոթանացեք media.am-ի անդրադարձում։

❌ News-front.info տեղադրել է ԱԱԾ նախկին տնօրեն էդուարդ Մարտիրոսյանի նկարը և մեջբերել EADaily կայքին, որը իր հերթին մեջբերել էր VERELQ-ին, որն էլ մեջբերել էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։ «Տեղական ռադիոյում հայտարարեց, որ արտաքին ուժերի «հինգերորդ շարասյունը» աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության դեմ», – գրել է կայքը:

նյուսֆրոնտ

Սկզբնաղբյուրը նայելիս պարզվում է, որ բացի այլ անձի նկար տեղադրելուց, լուրում նաև սխալ է նշված լրատվամիջոցի տեսակը։ Խոսքը ոչ թե ռադիոյի, այլ 168․am կայքի մասին է։ 

❌ Պաշտոնական Թբիլիսին հերքել է ադրբեջանական մամուլում և Վրաստանի ընդդիմադիր շրջանակներից հնչող պնդումները, թե Ռուսաստանը Վրաստանի տարածքով պլանավորում է 300 ռազմական բեռնատար ուղարկել Հայաստան։

Զենքերի թեման էլ ավելի է զարգացրել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա մամուլի ասուլիսի ժամանակ առանց փաստական հիմքի ասել է, իբրև Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը ստեղծում է կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ցածր գնով զենք է գնում ու վաճառում երրորդ կողմի։ «Կա ուժեղ ապացույց, որ այդ զենքերը ընկնում են ահաբեկիչների ձեռքը»,- ասել է նա։

Պաշտոնական Բաքուն պատասխանում է հայկական առանձին հրապարակումների, իսկ ռուսական դաշտում դրանք դրվում են նույն հարթության վրա

Բացի մերկապարանոց մեղադրանքներից, պաշտոնական Բաքուն որսում էր առանձին մեդիա հրապարակումներ և պաշտոնապես արձագանքում դրանց։ Media.am-ն առանձնացրել է նման երկու դեպք։

Դրանցից մեկը Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունն էր, թե Բաքուն ի զորու է «բարձր ճշգրտությամբ» հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այն տեղական և միջազգային դաշտում մեծ արձագանք ստացավ։ Ըստ ադրբեջանական կողմի, այս սպառնալիքը պատասխան էր Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը խոցելու Հայաստանից հնչող հայտարարությունների։ 

Սակայն, Հայաստանի որևէ պաշտոնական աղբյուր նման հայտարարություն չի արել։ Փոխարենը, հիդրոէլեկտրակայանի խոցման տեխնիկական հնարավորության մասին մինչև Տավուշի սահմանային բախումներն ասել էր մոտ 20 տարի առաջ պաշտոնավարած Վաղարշակ Հարությունյանը։

Հետագայում Ադրբեջանում ՊՆ խոսնակի հայտարարությունը ներկայացվեց իբրև անձնական տեսակետ։ Իսկ ռուսական որոշ հարթակներում այս տարբեր մակարդակների հայտարարությունները նույն հարթության վրա դիտարկվեցին։ 

News-front.info-ն էսկալացիայի առիթն օգտագործում էր Ուկրաինային հարվածելու համար

Ռուսական պրոպագանդիստական news-front.info-ը, որը ինֆորմացիոն ճակատում մեծ դերկատարում է ունեցել Ղրիմի իրադարձությունների ժամանակ, ակտիվորեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիային։ Դրանցում կարմիր գծի նման անցնում էր Ուկրաինայի թեման։ 

❌ Անդրադարձերից մեկում քննարկվում է Ուկրաինայի պրոադրբեջանական դիրքորոշման շարժառիթները, իսկ տեղեկատվական առիթի մասով փաստական սխալ է հրապարակվում։ Ըստ կայքի՝ հուլիսի 12-ից սկսած մարտերը տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում։ Իրականում, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ եղել են, սակայն, այնտեղ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել այս օրերին։ Սահմանային լարվածությունը Հայաստանի տարածքում էր՝ Տավուշի մարզում։

📌 Մեկ այլ հրապարակմամբ կայքն անդրադարձել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի՝ Արտաքին գործերի նախարարություն հրավիրվելուն։ Հրավերը տեղի ունեցավ Ուկրաինայի պրոադրբեջանական հայտարարությունից հետո։ Կայքը հիշեցրել է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը այդ երկրի Արտաքին գործերի նախարարի հայրն է ու իրադարձությունը  այսպիսի բառապաշարով է նկարագրել․ «Ուկրաինայի ԱԳՆ-ին երկար լեզվի համար նորից շշպռեցին, և հայրը սպիպված էր անխելք որդու տեղը պատասխան տալ»։

📌 News-front.info-ը մեկ այլ նյութում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների բախումներին Լոնդոնում և ոչ չեզոք բառաշարով պնդել․ «Լոնդոնում բնակվող ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված սադրանքների»։

«Հակառուսական Հայաստան»

Ռուսական և հայկական մեդիա դաշտում դեռևս նախորդ ամսվանից շարունակվում է շրջանառվել Հայաստանում հակառուսական տրամադրությունների թեզը։ Սրա համար մի քանի առիթ եղավ նաև հուլիսին։

📌Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվենի թեմայով ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու խոսքից մի դրվագի ներառումը Հայաստանի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում աղմուկ բարձրացրեց։ Սրան արձագանքեց Կրեմլի քարոզիչներից Վլադիմիր Սոլովյովը։ «Տեսեք, մեր բարեկամ Հայաստանում, Հանրային հեռուսատեսության եթերում ու՞մ են ցույց տալիս: Ցույց են տալիս նացիստ Նավալնուն, որը հայերին անվանում էր «խաչեր», որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան…», – ասել էր նա (տեսանյութում 34:30-րդ րոպեից):

Սրան արձագանքեց Նավալնին, իսկ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարեց, թե դա «հակահայկական ակցիա» էր, «սադրանք», որը կասկածի տակ է դնում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները: Այս մեդիա պատերազմի և դրանում Հայաստանը պատրվակ դարձնելու մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։ 

📌«Փաստ» թերթի հրապարակումը, թե «հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլևս նույնիսկ թաքցնել չի հաջողվում», հայտնվեց տեղական լրատվամիջոցներում, ապա արտահանվեց Ednews հարթակ, որի հիմնադիրներից մեկն ու գլխավոր խմբագիրներից մեկն ադրբեջանցիներ են։

Լրատվամիջոցը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մասով գրել էր․ «Այս օրերին վերստին ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշվում է, որ այս թեման իշխանությանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին»։ 

Ռուսական Sputnik Armenia-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ի պատասխան նմանաբովանդակ պնդումների, ասել է․ «Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»։

📌 Ռուսական RT-ի և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սահմանային էսկալացիայից հետո գրառում կատարեց։ Դիմելով իշխանություններին` երկար գրեց Հայաստանում հակառուսական տրամադրությունների, նույն տրամադրությամբ աշխատող ՀԿ-ների, Ղրիմը չճանաչելու, «Ռուսաստանի անդավաճան դաշնակից» Քոչարյանին բանտարկելու մասին։

Այս գրառմանը, ի պատասխան հնչեցված հարցի, ռուսական РБК-ին տված հարցազրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութում 17։58-րդ րոպեից)։ Վարչապետը հիշեցրել է, որ նման կերպ բնութագրվող հասարակական կազմակերպությունները «ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին»: Իսկ Ռուսաստանի անդավաճան դաշնակիցը, ընդգծել է վարչապետը՝ ոչ թե Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանն են, այլ հայ ժողովուրդն է։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *