2020.07.18,

Ստուգված է

Պաշտոնական Բաքուն պատասխանում է առանձին հայկական լրատվամիջոցների և փորձագետների

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հանրային ռադիոյի կողմից սխալ լուսանկար հրապարակելը մեջբերելով` Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց սուտ հայտարարություններ անելու մեջ։ Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի, հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին, Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը պատասխան էր մոտ 20 տարի առաջ պաշտոնավարած ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերին։

Հանրային ռադիոյի կայքում խոցված ԱԹՍ-ի կեղծ լուսանկար հրապարակվեց

Հուլիսի 13-ին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում հրապարակվեց լրագրող Սիրանուշ Ղազանչյանի հոդվածը Ադրբեջանի կողմից կարևոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կորստի մասին։

Հոդվածը ուղեկցվում էր խոցված ԱԹՍ-ի մի լուսանկարով, որը ոչ մի կապ չուներ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ․ այն արվել էր տարիներ առաջ Աֆղանստանում։ Այստեղ կարելի է տեսնել Armradio.am-ի հոդվածի արխիվացված տարբերակը այն լուսանկարով, որը համացանցում շրջանառվում է առնվազն 2013-ից։ 

դրոն 2013

Լուսանկարի սխալ լինելը պարզեց ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլին այս փաստը որպես ապացույց ներկայացրեց առ այն, որ հայկական կողմը ստում է 13 ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին։    

Շուտով Armradio.am-ը փոխեց նյութի լուսանկարը։ Փոփոխության մասին նշում հոդվածում չկա։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր հերթին հայտարարեց, որ պաշտոնական Երևանը Hermes 900 ԱԹՍ-ի խոցման որևէ լուսանկար չի հրապարակել․ ՊՆ կողմից տարածվել է միայն տեսահոլովակ։ 

Այսինքն, ադրբեջանական Hermes 900 ԱԹՍ-ի խոցման մասին հոդվածում Հանրային ռադիոն օգտագործել էր համացանցից վերցված հին, իրադարձության հետ կապ չունեցող լուսանկար։ Այս հրապարակման վրա ուշադրություն էր դարձրել ադրբեջանական կողմը, ինչից հետո Բաքուն Հայաստանին մեղադրել էր խոցված ԱԹՍ-ների մասին կեղծ տեղեկություն տարածելու մեջ։ 

Մեծամորի ատոմակայանը խոցելու սպառնալիքը պատասխան էր ՀՀ նախկին պաշտոնյայի հուլիսի 2-ին տված հարցազրույցին

Հանրային ռադիոյի հոդվածը միակ դեպքը չէր, երբ ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով հայտարարություններ արեց՝ հիմնվելով հայաստանյան ոչ պաշտոնական աղբյուրների վրա։ 

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե ի զորու է «բարձր ճշգրտությամբ» հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Ըստ ադրբեջանական կողմի, այս սպառնալիքը պատասխան էր Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը խոցելու Հայաստանում հնչող հայտարարություններին։ 

Սակայն Հայաստանի որևէ պաշտոնական աղբյուր նման հայտարարություն չի արել։ Փոխարենը, Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի խոցման մասին հուլիսի 2-ին (մինչև Տավուշում տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային բախումների սկիզբը) խոսել էր Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-2000 թթ․ Հայաստանի պաշտպանության նախարարն էր։

Վաղարշակ Հարությունյան

Factor TV-ին տված հարցազրույցում Հարությունյանը մեջբերել էր ռուս գեներալ Լև Ռոխլինի հայտարարությունը այն մասին, որ եթե «հայկական կողմը օգտագործի «Սկադ» համալիրը, Մենգեչաուր ջրամբարը որպես թիրախ, ապա Ադրբեջանի ⅔-ը  կմնա ջրի տակ»։ 

Համացանցում հանդիպում է տեղեկություն այն մասին, որ 1990-ականներին Ռոխլինը Պետդումայի փակ նիստին խոսել է Հայաստանի սպառազինության մասին։ Media.am-ին, սակայն, չհաջողվեց գտնել Հարությունյանի մեջբերած խոսքերի սկզբնաղբյուրը։ 

Մեծամորը խոցելու մասին խոսքերը, որոնց անդրադարձել է Ադրբեջանին ՊՆ-ն, հնչել են մոտ 20 տարի առաջ պաշտոնավարած Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցի ժամանակ, որը վերջինս տվել էր 2020թ․ հուլիսի 2-ին։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *