2020.08.24,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ հուլիսի 27- օգոստոսի 21

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին հուլիսի վերջից մինչև օգոստոսի 21-ն ընկած շրջանում տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։ 

 

Բացի դիմակներից և պատվաստումներից, քննարկման նյութ դարձավ դպրոց վերադառնալը՝ դիմակով և սոցիալական հեռավորության պահպանմամբ։ Մեծ աղմուկ բարձրացրեց «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնը ղեկավարած Մհեր Դավիդյանցի պաշտոնից հեռացումը։

Դավադրապաշտներն ու նոր ուսումնական տարին

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ծնողներին և ուսուցիչներին «ուշադիր կարդալու» և «լուրջ մտածելու» նյութ է առաջարկել օգտատեր Na Ha-ի էջից։

Հեղինակը դավադրության տեսություն է գտել դպրոցները վերաբացելու մեջ․ դրա գլխավոր նպատակը պատվաստումն է։ «ԲՈՅԿՈՏԵ՛Ք ԴՊՐՈՑՆԵՐՆ այն տեսքով, ոնց լինելու է սեպտեմբերի 15-ից: ԴԱ ԹԱԿԱՐԴ Է», – գրված է հրապարակման մեջ։ 

Մեկ այլ գրառմամբ Հարոյան-Դալլաքյանը դեմ է արտահայտվել դիմակներով դպրոց գնալուն։ Նորից դավադրապաշտական մեղադրանքներ առաջ քաշել, ըստ որի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «գլոբալիստական չարիքի դրածոն են»։ Նրանք «զբաղվել են մանկապղծությամբ, կանանց և երեխաների առքուվաճառքով, շահագործմամբ, օրգանների վաճառքով, երիտասարդեցնող ցողունների պատվաստմամբ»: Իսկ այդ ամենի մեծ նպատակը «մեր Լեռնաշխարհը» կործանելն է։

Նոր նորմալի դպրոցին էլի դեմ արտահայտվողներ կան

հարոյան դալլաքյան կեղծ

«Հայք» նախաձեռնությունից Հրայր Կոստանյանը դեմ է արտահայտվել  նոր նորմալ պայմաններով դպրոց ու մանկապարտեզ գնալուն։ Նրա հիմնավորումն է․ «Կարո՞ղ է արդյոք նման պայմաններում հասունացող երեխան Աբաջյան կամ Նժդեհ դառնալ` իհարկե ոչ։ Հայ երեխան չի կարող շան տնակի մեջ դաստիարակվել ու ՀԱՅ մեծանալ, անգամ եթե այդ տնակը թափանցիկ պատեր ունի…»

Անհայտ ծագման վիճակագրություն․ ամերիկացիները չեն ուզում պատվաստվել

5-րդ ալիքը անդրադարձել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստումների մասին սոցիոլոգիական մի հարցման՝ առանց դրա աղբյուրը նշելու։ Համաձայն ներկայացրած տվյալների՝ յուրաքանչյուր 3-րդ ամերիկացին դեմ է պատվաստմանը՝ եթե անգամ այն առաջարկեն անվճար։ 

5-րդ ալիքի ներկայացրած տվյալներից պարզ չէ, թե 

  • ով է իրականացրել հարցումը
  • ինչ մեթոդով է իրականացվել հարցումը
  • որտեղ է իրականացվել հարցումը։

Նախկինում եղել է դեպք, երբ 5-րդ ալիքը խեղաթյուրված ու մանիպուլացված է ներկայացրել   սոցիոլոգիական հարցումը։ 

Մհեր Դավիդյանցի պաշտոնից հեռանալը

«Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Դավիդյանցը օգոստոսի 7-ին տեղեկացրել է աշխատակազմին, որ հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ու աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։ Այս լուրը մեկնաբանելու հարցում ակտիվ էին հատկապես մոլորեցնող բժիշկները։

? Կրոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ տարածող medmedia.am-ի հետ զրույցում դավադրության տեսություններ տարածող Մարինա Խաչատրյանն ասել է, թե Դավիդյանցը մասնակցել է «կորոնաշոուին»։ Այսինքն, «Նորք» ինֆեկցիոնում չկային հիվանդներ, բայց նրանց անվամբ հիվանդության պատմագրեր էին բացվում ու հսկայական գումարներ էին «մսխվում, դուրս գրվում»։

? Նույն կայքի հետ զրույցում բժիշկ Նունե Ներսիսյանը ավելի է զարգացրել թեման։ Ըստ նրա․ ««Նորք» ինֆեկցիոնը շատ մեծ «լվացքատուն» հանդիսացավ համավարակի ընթացքում»։ Ներսիսյանի խոսքով` Դավիդյանցը եթե խելացի լինի, առաջինը հանցագործության մասին հաղորդում կտա։ Այդ դեպքում, գոնե մեղմացուցիչ հանգամանքներ կունենա։

? КВН նախագծից հայտնի Արմեն Գրիգորյանը, որը վերջին շրջանում ակտիվ քննադատություններ ու դավադրության տեսություններ է հնչեցնում COVID-19-ի թեմայով, այս առիթով էլ է իր կարծիքը հայտնել։ Նա Ներսիսյանի հետ նույն միտքն է արտահայտել․ «քանի կովիդի ՍԱՂ պատմությունը չեն քցել ջեբդ, գնա առաջինը ցուցմունք տուր»։

? medmedia.am-ի դրամաշնորհի ծրագրերի համակարգող, բժիշկ Գևորգ Գրիգորյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, թե Դավիդյանցի գրած հրաժարականի դիմումը հեռատեսության արդյունք է։ «Նա չի համաձայնել իրեն առաջարկվող փոխտնօրենի պաշտոնին, քանի որ, որքանով ես եմ տեղյակ, ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է լինելու ԼԳԲՏ համայնքի պաշտպան ՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ», – ասել է նա:

Գևորգ Գրիգորյանը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հարենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Գրիգորյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում չի բացառել քաղաքականություն իր մուտքը։

Բժիշկ Հայկ Մանասյանը վերջաբան է հրապարակել 

Կորոնավիրուսը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով մեկնաբանող բժիշկ Հայկ Մանասյանը հասել է այս թեմայով իր միֆերի վերջաբանին։ Վերջաբան՝ բժիշկն այդպես է վերնագրել Ֆեյսբուքում հուլիսի 30-ին ունեցած իր ուղիղ եթերը։ 

Նա թեմայի ամփոփման մեջ մանրամասն ներկայացնում է իր մասնագիտական գործունեությունը՝ ախտորոշումը։ Ասում է` նույն մեթոդով համավարակն է ախտորոշել ու եզրակացրել․ «Սկզբում ինձ թվում էր, թե մեր խնդիրը համաճարակը հաղթահարելն ա։ Էսօր ես եկել եմ էն եզրակացության, որ խնդիր ա դրած համաճարակը երկարաձգել» (տեսանյութում 22։22 րոպեից)։

Նրա համար խնդրահարույց է, որ ԱՄՆ դեսպանը գնացել է դիմավորելու Ֆրանսիայից եկած բժիշկներին։ «Ամերիկայի դեսպանը Հայաստանում ո՞վ ա, Առողջապահության  նախարա՞ր ա, վարչության պե՞տ ա», – հարցրել է նա ու եզրակացրել, – «քաղաքական ինչ-որ բան կա, որը կոորդինացվում ա ամերիկյան դեսպանատնից։ Եթե սխալվում եմ, սա կանսպիրալոգիա ա, ինձ բացատրեք, խի՞ ա Ամերիկայի դեսպանը խառնվում Ֆրանսիայից եկած մարդասիրական օգնությանը Հայաստանին» (տեսանյութում 26 րոպեից)։

Բացատրենք․ բժիշկները Հայաստան են եկել ԱՄՆ ֆինանսավորմամբ և այդքան զարմանալու կարիք չկա։ Մանասյանի պնդումն անհիմն է ու դավադրապաշտական։

Մանասյանի այս տեսանյութը տարածել է նաև Ա1+-ը։ Նրանց YouTube-ի ալիքում այն օգոստոսի 24-ի դրությամբ ունի 11 հազարից ավել դիտում։ Մանասյանի Ֆեյսբուք լայվը ունի 87 հազար դիտում։

Կեղծ լուրեր տարածող էջը դուստր էջ է բացել

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ շրջանառող «Կորոնավիրուս = դարի աֆերա» էջը պնդել է․ «Այս «կեղտոտ» խաղը ինձ շախմատի է նմանեցնում, որտեղ գլոբալիստները խաղում են մարդկության դեմ»։

Էջը փորձում է մարդկանց «փրկել» պատվաստումից․ «մենք ունենք 4 ամիս, որպեսզի պատրաստվենք էնդշփիլին։ Մենք հիմիկվանից պիտի սկսենք իրազեկման գործընթացը այնպես, որ ոչ մի ողջամիտ մարդ չհամաձայնվի պատվաստվել»։

Այդ նպատակով էջը ղեկավարողները բացել են մեկ այլ էջ՝  «Ասա Ոչ Մահաբեր Վակցինային»։ Դրանով նրանք հավաքագրում են մարդկանց՝ պատվաստանյութի թեմայով «հակաքարոզչության» համար։

2018-ի այտուցված երեխայի նկարը ներկայացնում են COVID-19-ի պատվաստման արդյունք 

Բացի տեքստային հակաքարոզչությունից, դավադրության տեսություններից COVID-19-ի պատվաստանյութին դեմ արտահայտվողները նաև դիմում են լուսանկարներով մանիպուլյացիայի։

կեղծ նկար կորոնավիրուս

Սոցցանցերում տարածում են այտուցված մարմնով երեխայի լուսանկար՝ ներկայացնելով COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման հետևանք։ Պարզվում է, որ լուսանկարը 2018-ին է հայտնվել համացանցում, երբ նոր տեսակի կորոնավիրուսը գոյություն չուներ։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *