2020.07.15,

Ստուգված է

Հուլիսի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հուլիսի առաջին կեսին մամուլը գրեց, թե ֆրանսիացի բժիշկների հումանիտար առաքելությունը Հայաստանի վրա կլորիկ գումար է նստել, իսկ Հանրային հեռուստատեսությունը տարածում է «հակառուսական տրամադրություններ»։ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին էլ շատացան Ադրբեջանից տարածվող կեղծ լուրերը։

Կիբեր-գրոհներ և կեղծ լուրեր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված ռազմական լարվածությունը ուղեկցվեց նաև տեղեկատվական գրոհով. DDoS հարձակումներ սկսվեցին պետական մարմինների և հայկական լրատվական կայքերի վրա։

Միաժամանակ մամուլում տարածվեցին կեղծ լուրեր։ Այդպես, ադրբեջանական կայքերը սկսեցին հրապարակել ապրիլյան պատերազմի զոհերի անունները և գրել, որ Հայաստանը տասնյակ սպանվածներ ունի։

Սիրիայում արված ռմբակոծման նկարը տարածվեց հայկական կողմի կրած կորուստների կոնտեքստում։

Մեկ այլ դեպքում էլ տարածվեց ծայրահեղ պահպանողական ակտիվիստ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը։ Այդ տեսանյութը ներկայացվեց որպես ռազմաճակատից հայ սպայի փախուստի վկայություն։

Միջազգային մամուլում նույնպես սխալ տեղեկություն հրապարակվեց. ռուսական gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրեց որպես զոհվածներ։

«Հրապարակ»-ն ու կեղծ լուրերը

Հուլիսին կեսին Hraparak.am-ը ապատեղեկատվությունների և մանիպուլյացիայի մի ամբողջ շարք հրապարակեց։

❌Հուլիսի 8-ին Hraparak.am-ը՝ հղում տալով France Arménie ամսագրին, գրեց, թե Արսեն Թորոսյանը ֆրանսիացի բժիշկներ է հրավիրել Հայաստան, նրանց €200,000 վճարել թվացյալ հումանիտար օգնության համար և այդ ամենը չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։ Հոդվածի պնդումները, սակայն, կեղծ էին. դրանք հերքեցին թե՛ փաստեր ստուգող լրագրողները, թե՛ ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատները։ «Հրապարակը» և France Arménie-ն իրենց հերթին փորձեցին պատասխանատվությունը բարդել լուրի աղբյուրների վրա։

❌ Հուլիսի 9-ին՝ ՍԴ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հրապարակման հաջորդ օրը, Hraparak.am-ում լույս տեսավ ռուսական EADaily կայքի հոդվածի թարգմանությունը ՄԻԵԴ-ի և Ջորջ Սորոսի կապերի մասին։ EADaily-ն, հղում տալով ֆրանսիական Valeurs actuelles պարբերականին, շահարկում էր Ջորջ Սորոսի մասին դավադրության տեսությունը։ Թեև Hraparak.am-ի հոդվածը ռուսական տեքստի գրեթե բառացի թարգմանությունն էր, կայքը նշել էր միայն ֆրանսիական աղբյուրը։

❌ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման պայմաններում Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց հայկական դիրքերը խոցելու տեսանյութ։ Հայկական կողմը տեսանյութի իսկությունը չհաստատեց։ Hraparak.am-ը այս տեսանյութը տեղադրեց կայքում և յութուբյան ալիքում՝ նշելով, թե այն վրացի գործընկերներից է ստացել։

«Հակառուսական» տրամադրությունները մտահոգում էին հայկական լրատվականներին ու քաղաքական գործիչներին

Հուլիսի սկզբին մանիպուլյացիաների առարկա դարձավ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի մասին։

Ռեպորտաժում ցուցադրվում էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մեկնաբանությունը։ Նավալնուն Հանրայինով ցույց տալը քննադատեց ռուսական քարոզչության հայտնի դեմքերից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը։

Սոլովյովի արձագանքը լայնորեն տարածվեց հայկական մեդիայում, իսկ Politik.am-ը նույնիսկ հայտարարեց, թե Նավալնու «հակապուտինյան» հարցազրույցը ռեպորտաժում ներառվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

📌 Նավալնու հետ որևէ հարցազրույց չէր արվել. ցուցադրվող կադրերը նրա յութուբյան տեսահոլովակից մի հատված էին։

Թեման մանիպուլյատիվ հրապարակումներով լուսաբանեցին Yerevan.Today-ը, Livenews.am-ը։ Տեղեկատվական դաշտում «հակառուսական» տրամադրությունները մտահոգեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին։

Նավալնի Աբովյան եթեր

Politik.am-ը հայտնաբերեց օրինական դիվանագիտական անձնագիր

Politik.am-ը գրեց, թե Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական անձնագիր է տվել «Ռուսաստանի շահերի դեմ գործող «Ազատություն» ռադիոկայանի» լրագրող Ազա Բաբայանին։

Հրապարակումը մանիպուլյատիվ էր։ Ազա Բաբայանը իսկապես դիվանագիտական անձնագիր ունի, որը ստացել է տարիներ առաջ՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ Բաբայանի ամուսինը Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետ է։

Բազմազավակ ընտանիքի անօթևան մնալու պատմությունից կարևոր մանրամասներ էին բաց թողնվել

«Արմնյուզ» հեռուստաալիքը անդրադարձավ բազմազավակ ընտանիքին, որին «Իմ քայլը» հիմնադրամը ժամանակավոր տուն էր տրամադրել։ Ըստ ռեպորտաժի՝ «Իմ քայլից» ընտանիքին մեկ օր են տվել տունը ազատելու համար։

Ընտանիքի պատմությանը անդրադարձավ նաև Lurer.com-ը։

«Իմ քայլից», սակայն, պարզաբանեցին, որ ընտանիքին բազմիցս առաջարկվել են այլ բնակարաններ, որոնցից նրանք հրաժարվել են: Ընտանիքը նաև ակտիվ համագործակցություն չի ցուցաբերել աշխատանք գտնելու և եկամուտի աղբյուր ապահովելու հարցում։

Հերքումներ

❌Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեց տեղեկությունն այն մասին, թե հուլիսին Երևանի տրանսպորտը թանկանալու է. 2013-ի հրապարակումը տարածվում էր որպես թարմ լուր։

❌ԱԱԾ-ից հայտնեցին, որ «Փաստինֆո» կայքում հրապարակված «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով լուրը չի համապատասխանում իրականությանը։

❌ 1in.am-ը գրեց, թե «ՎիվաՍելլ» ընկերությունը պատրաստվում է վաճառել բաժնեմասերը, սակայն շուտով կայքը տարածեց «ՎիվաՍելլ»-ի հերքումը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *