2020.07.10,

Ստուգված է

ՍԴ գործով ՄԻԵԴ որոշումը․ ինչը ինչի մասին էր և ինչպես մանիպուլացվեց

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հուլիսի 8-ի ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց հաղորդագրություն ու տեղեկացրեց, որ մերժել է «Գյուլումյանը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյան միջոց կիրառելու հայցը։*

Մեկ և կես էջ բովանդակությունը փոթորկեց Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտը։ Դատարանի որոշումը շահարկվեց ու մանիպուլացվեց ըստ մասնագիտական որակների և քաղաքական նպատակահարմարության։

Հայցի և ՄԻԵԴ որոշման բովանդակությունը

Հունիսի 26-ին դիմումով ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը և ՍԴ-ի իր գործընկերները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը հայցում էին ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությամբ պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը սառեցնել ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների իրագործումը։ Մասնավորապես․

  • պահպանել դիմումատուների պաշտոնները
  • ձեռնպահ մնալ ՍԴ նոր դատավորներ նշանակելուց և/ կամ հետաձգել ընթացող գործընթացները 
  • «ապահովել դատավորների ֆիզիկական անվտանգությունը, հոգեբանական ու բարոյական անձեռնմխելիությունը՝ վարչական ռեսուրսների կիրառմամաբ հանրային ընկալումները մանիպուլացնելուց»: 

ՄԻԵԴ-ը մերժեց միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ մեկնաբանելով, որ այն դուրս է 39-րդ կանոնի շրջանակից։ Համաձայն դատարանի այս կանոնի, որոշումներ են կայացվում, երբ կան մարդու հիմնարար իրավունքներին սպառնացող լուրջ և անդառնալի ռիսկեր։ Այս դեպքում դատարանը նման ռիսկեր չի տեսել։ 

Սակայն, դատարանը ընդգծել է, որ դիմումատուները կարող են հայտ ուղարկել և իրենց բողոքը ներկացնել դատարան։ Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է որոշել առաջնահերթություն տալ որոշ դիմումների։ 

Ինչ քաղաքական մանիպուլյացիաներ հաջորդեցին

Իշխանական թևն առաջիններից էր, որ տարածեց ՄԻԵԴ որոշումը։ 

? ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց․ «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։

Ռուբինյանը մանիպուլացրել էր որոշման բովանդակությունը․ մերժումը վերաբերում էր միջանկյալ միջոց կիրառելու դիմումին։ Այսինքն, ինչպես Ռուբինյանն է գրել, ոչ թե «ի թիվս այլնի» էին դիմումատուները պահանջել «կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը», այլ նրանց միջանկյալ միջոցը կիառելու դիմումը վերաբերում էր և՛ իր նշած, և՛ «և այլն»-ով չպարզաբանած կետերին։ 

? Այս նույն բովանդակությունը տարածեցին «Իմ քայլ»-ական այլ պատգամավորներ ևս, որոշ դեպքերում ավելացնելով ՄԻԵԴ մամուլի հաղորդագրության միայն առաջին էջը։ Իշխանական պատգամավորների օրինակով երկու էջ ծավալով հաղորդագրության միայն առաջին էջն էր հրապարակել վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com-ը։

Երկրորդ էջում է, որ դատարանը տեղեկացրել էր անհրաժեշտության դեպքում որոշ դիմումների առաջնահերթություն տալու հնարավորության մասին։

? Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող իշխանական թիմից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը այս ենթամշակույթի տրամաբանությամբ որակումներ տվեց ՄԻԵԴ դիմելուն․ «․․․արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»։

Ինչ լրատվական մանիպուլյացիաներ եղան

❌ Ըստ lragir.am-ի վերլուծաբանի` «փաստացի ստացվել է, որ ՄԻԵԴ-ը ճանաչել է Սահմանադրության փոփոխությունը»։ Նյութի հեղինակ Հակոբ Բադալյանը նաև պնդել է․ «Այդպիսով, Հրայր Թովմասյանն ու մյուս դիմումատուները կամա, թե ակամա արել են մի քայլ, որը բերել է խորհրդարանի կատարած փոփոխության լեգիտիմության բարձրացման՝ միջազգային ասպարեզի տեսանկյունից, որովհետև ներքին դաշտում քայլը կարծես թե չուներ լեգիտիմության խնդիր»:

ՄԻԵԴ-ը այս մերժումով Սահմանադրական փոփոխությունների մասով ոչ մի որոշում չի կայացրել և ոչ մի բան չի ճանաչել։  Հրապարակված որոշմամբ միայն փաստվում է, որ միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, քանի որ չկան մարդու հիմնարար իրավունքներին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու ռիսկեր։

❌ 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվականն էլ մանիպուլացրեց իրավաբանների մեկնաբանությունը (տեսանյութում 4։45 րոպեից)։ «Մինչդեռ իրավագետները բացատրում են, որ ստրասբուրգյան դատարանը ոչ միայն չի մերժել ՍԴ դատավորների դիմումը իրենց պաշտոնանկության օրինականության մասին, այլ անհապաղ է քննելու այդ գործը», – ասաց մեկնաբանը։ 

Սակայն, ՄԻԵԴ-ը անհապաղ քննելու խոստում չի տվել, այլ տեղեկացրել է անհրաժեշտության դեպքում դրա հնարավորության մասին։ 

Այս նույն միքտը կրկնվում է փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքը մեկնաբանելիս, չնայած, որ Վարդևանյանը տալիս է պատրաստակամություն ձևակերպումը։

❌ Pastinfo.am-ը, տեղյակ չլինելով դատարանի 39-րդ կանոնի ենթադրած սեղմ ժամկետներից, գրեց․ «Հատկանշական է նաև ՄԻԵԴ-ի հրատապ կոմունիկացնելը, որն այս կառույցին այդքան էլ բնորոշ չէ, քանի որ սովորաբար ընթացակարգերն այստեղ շատ ավելի երկար են տևում և վկայում է գործի նկատմամբ ՄԻԵԴ-ի հետաքրքրվածության մասին»։

ՄԻԵԴ-ին վերագրված այս բնորոշումները, թերևս, անտեղյակության հետևանք էին։ Նույն հրատապությամբ ՄԻԵԴ-ը, օրինակ, 2019-ի հունվարին որոշել էր կիրառել միջանկյալ միջոց գործարար Սամվել Մայրապետյանի գործով, երբ կար առողջությանը սպառնացող ռիսկեր։

❌ Այս տեղեկատվական խառնաշփոթում Hraparak.am-ը  սենսացիա գտավ։ Թարգմանեց «Valeurs actuelles» պարբերականի հետաքննության արդյունքները` նյութը վերնագրելով՝ «Սկանդալ Ֆրանսիայում․ ՄԻԵԴ դատավորները ինչ-որ կապեր ունեն Ջորջ Սորոսի հետ»։

Այն բառացիորեն կրկնում էր ռուսական eadaily.com-ի բովանդակությունը, որը հրապարակվել էր ամիսներ առաջ՝ 2020 թվի փետրվարին։ Այս հրապարակմամբ մինչև hraparak.am-ի սենսացիոն լուրը, կիսվել էր ՎԵՏՕ շարժումից Նարեկ Մալյանը՝ շրջանառելով Սորոս-ՄԻԵԴ կապի թեզը։

Փաստերի ստուգմամբ զբաղվող euvsdisinfo.eu-ն փետրվարին անդրադարձել էր այս լուրին՝ այն որակելով ապատեղեկատվություն։ Կայքը բացատրել էր, որ որոշ իրավաբանների մինչև ՄԻԵԴ դատավոր դառնալը ինչ-որ ժամանակ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացած ՀԿ-ներում աշխատելը բավարար հիմք չէ հայտարարելու համար, թե ՄԻԵԴ-ը շահերի բախում ունի։ 

Հերթը հասավ դավադրապաշտությանը 

? ՎԵՏՕ-ից Նարեկ Մալյանը, կիսելով վերը մեջբերված ռուսական կայքի հրապարակումը, տեղայանացրել էր թեզը. «Իմ տեղեկություններով օլիգարխ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին»: 

Մալյանը պնդել էր, թե այս աջակցությունն իր գինն ունի։ Համաձայն իր առաջ քաշած քարոզչական գծի, այդ գինը տրանսգենդերների անձեռնմխելիությունն է, Հայ Առաքելական Եկեղեցու քանդումը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, երեխաների պղծումը «ձեր տան մեջ…»։

? Փաստաբան Երվանդ Վարոսյանը առաջ էր տարել որոշ խոստումների դիմաց նման որոշում ստանալու թեզը։ «Խոստացվածն արդյոք բխո՞ւմ է մեր ազգային ու պետական շահերից», – հռետորական հարց էր հնչեցրել։

? «Ադեկվադ» միաբանությունից Արթուր Դանիելյանը շարունակել էր ամեն պարզ բանում գեոպոլիտիկ բարդ կապեր գտնելը։ Այս անգամ նա պնդել էր` ՄԻԵԴ-ի մերժումը պայմանավորված է Եվրամիությանը մատակարարվող գազի գնով։

Արշալույս Բարսեղյան

* Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Նախնական տարբերակում օգտագործել էինք ՄԻԵԴ վճիռ տերմինը, ինչը սխալ է։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ոչ թե վճիռ։ Տեքստում վճիռ բառը փոխարինվել է որոշում բառով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *