Header

2020.02.03,

Ստուգված է

Հունվարի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Mobile

Հունվարի երկրորդ կեսին հերքումների առիթ ունեցավ Առողջապահության նախարարությունը։ Հերքվեցին նաև ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին տարածվող որոշ լուրեր։ Պարզվեց, որ Փաշինյանի զարմուհին գեղեցկության սրահ չի գնել Ռուսաստանում, Տավուշում էլ ավիավթար չի եղել, իսկ նոր Հայաստանի մասին 100 փաստում կա երկու սխալ։

Ֆեյքի պատից մինչև ամենաայցելվող լրատվական կայք

Հունվարի 27-ին Tert.am-ը, 7or.am-ը, Yerevan.Today-ը, news.am-ը և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ «սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել»։ Media.am կայքը պարզեց, որ այս հրապարակումների սկզբնաղբյուրը կեղծ օգտատեր է։ Բոլոր լրատվականները հղում էին տալիս ռուսական «Новые Ведомости» կայքին, որն էլ իր հերթին հղում է կատարում «Мастер пера» Telegram ալիքին, իսկ այս ալիքը՝ Vkontakte սոցիալական ցանցի ֆեյք օգտատիրոջ էջին, որը ունի ընդամենը մեկ գրառում՝ Փաշինյանի նևրոզի մասին։ Ի դեպ, ռուսական այս «Новые Ведомости» լրատվականը ինքնին խնդրահարույց է․ դրա անունը նմանակում է «Ведомости» թերթին, սակայն այն որևէ կապ հայտնի թերթի հետ չունի։

Առողջապահական հերքումներ

Հունվարի երկրորդ կեսին ծննդատների փակման աղմուկից հետո «Ժամանակ» թերթը գրեց՝ «ԱՆ ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները՝ հիվանդանոցները»: Խոսքը Արարատի մարզի Մասիս քաղաքի հիվանդանոցի մասին էր։ Սրան հաջորդեց նախարարության հերքումը, որից պարզվեց, որ ի հակառակ լուրի, Մասիսի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթն է այժմ մշակվում:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հունվարի 29-ին հերքեց նաև տարածվող լուրը, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում կորոնավիրուսի վարակակիր երկու չինացի կա։

Գեորգի Կուտոյանի մահվան հերքումները

Քննչական կոմիտեից հերքեցին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը ու պարզաբանեցին, որ ԱԱԾ նախկին պետ «Գեորգի Կուտոյանի ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել»: Մինչ այդ արդեն հերքվել էր hraparak.am կայքի հրապարակումը, թե Կուտոյանի հրազենային վիրավորումը եղել էր բերանից։ Քննչականից նաև տեղեկացրել են, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, խլացուցիչ չի օգտագործվել։

Կեղծ լուր Շամշյանից

Վթարներին և դժբախտ պատահարներին արագ արձագանքով հայտնի Shamshyan.com-ը հունվարի 24-ի առավոտյան լուր տարածեց, թե ՊԲ զորամասերից մեկում հայտնաբերվել է  երկու զինծառայողի դի։ Լուրը վերատպեցին Galatv.am-ը, «Հայկական ժամանակ» թերթը և մի շարք այլ լրատվականներ, նաև սունկ կայքերը։ Սակայն, հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկությունը հերքեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պարզվեց՝ զոհ չկա, երկու զինվոր է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Այնուհետև, Գագիկ Շամշյանի կայքում հոդվածը խմբագրվեց՝ առանց դրա մասին որևէ նշում թողնելու։

Նոր Հայաստանի 100 փաստը

Հունվարի 25-ին Կապանում վարչապետի ներկայացրած 100 փաստը ստուգել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը ու պարզել, որ  դրանցից 66-ը ճիշտ են, 7-ը մեծամասամբ ճիշտ, 2-ը՝ սխալ, 3-ը հնարավոր չէ ստուգել, 22-ը գտնվում են ստուգման փուլում։ Սխալ պնդումներից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձերի բարձրացման մասին պնդումն էր ( փաստ 47): Իրականում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, օրենքի փոփոխության արդյունքում շուրջ 20 տոկոսով ավելացել են մոտ 121 հազար աշխատողի աշխատավարձերը։

Հաջորդ սխալը Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին հայտարարությունն էր (փաստ 10)։ Թեև ըստ վարչապետի՝ 2019 թ․ առաջին ինն ամիսներին ՕՈւՆ-ը կազմել է 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով ավել է, քան 2018-ի ցուցանիշը։ Սակայն Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված վճարային հաշվեկշռի համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՕՈւՆ-ը կազմել է 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վարչապետի զարմուհին գեղեցկության սրահ չի բացել

«Իրավունք» թերթը ապատեղեկատվություն է տարածել, թե Նիկոլ Փաշինյանի զարմուհին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է գնել։ Հոդվածն ամբողջությամբ արտատպել են 7or.am, 168.am, analitik.am, tert.am, hayeli.am, times.am կայքերը և այլ լրատվականներ։ Սակայն, Fip.am-ը պարզել է, որ տեղեկությունը սուտ է։ Փաշինյանը Դիանա Փաշինյան անունով զարմուհի չունի։ Բարեկամական կապի լուրը հերքել է նաև գեղեցկության սրահի տնօրեն Դիանա Փաշինյանը։

Չկա կործանված ինքանաթիռ

Հունվարի 22-ին սոցցանցերում լուր տարածվեց, թե Տավուշի մարզում՝  Ենոքավան գյուղի մոտակայքում ավիավթար է եղել՝ կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ: Իսկ ավելի ուշ շրջանառվեց վարկած, որ մարզում խոշոր գազատար է պայթել: Լուրը իր ֆեյսբուքայն էջում հերքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Այս տեղեկատվությունը չհաստատեց նաև ԱԻՆ-ը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Factor.am-ի հետ զրույցում վերջինս պարզաբանեց, որ այդ օրը Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն են ստացել օդային զորավարժությունների մասին, որին մասնակցել է երեսունից ավելի օդային տեխնիկա․ «Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլև Լոռում: Երևի այդ թռիչքների աղմուկն է եղել»:

ՍԴ նախագահի և ԲՀԿ առաջնորդի սխալ պնդումները

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 168.am-ի Pressing հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է դատական իշխանության ղեկավարը։ Սակայն,  «Փաստերի ստուգման հարթակը»-ը պարզել է, որ ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն օրենսդիր և գործադիր մարմինների,  չի հստակեցնում, թե որն է դատական մարմնի ղեկավարը։ Հետևաբար,  Թովմասյանի պնդումը իրականությանը չի համապատասխանում։

Իրականության հետ աղերսներ չունի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ինքը 2015 թվականին Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող միակ քաղաքական ուժն էր, և որևէ այլ ուժ իրեն չի պաշտպանել: Հիմք ընդունելով 2014-2015 թթ. տեղի ունեցած իրադարձությունները fip.am-ը գրում է, որ այդ փոփոխությունների դեմ ակտիվ պայքարում էին ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» և այլ ուժեր։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *