2020.01.28,

Ստուգված է

Ֆեյքի պատից մինչև ամենաայցելվող լրատվական կայք

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հունվարի 27-ին Tert.am-ը, 7or.am-ը, Yerevan.Today-ը և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ «սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել»։ Այս տեղեկությունը հրապարակել է նաև Հայաստանի ամենաայցելվող լրատվական կայքը՝ news.am-ը։

Բոլոր լրատվականները հղում էին տալիս ռուսական «Новые Ведомости» կայքին։ Այստեղ հրապարակված հոդվածը հայտնում էր, թե Փաշինյանի մոտ սուր նևրոզ է, իսկ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ՝ նյարդային խանգարում։ Ըստ կայքի, Լուկաշենկոյին հանգստացնող դեղամիջոցներ են նշանակել, իսկ Փաշինյանին բուժում է հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանը:

Infoteka24.ru ռուսալեզու կայքը կապվել էր Ցոլակ Հակոբյանի հետ, որը հերքել էր տեղեկությունը։ Կարևոր է նշել, սակայն, որ Infoteka24.ru-ն չի ներկայացնում կազմակերպության մասին որևէ տվյալ և կարող է բնութագրվել որպես սունկ կայք։

Լուրը ստուգել կարելի է նաև ինքնուրույն․ պարզապես հղումներին հետևելով ցանկացած ընթերցող կարող է հեշտությամբ գտնել այս լուրի սկզբնաղբյուրը։ Այսպես`

1️⃣հայկական կայքերը հղում են կատարում «Новые Ведомости»-ին,
2️⃣«Новые Ведомости»-ին հղում է կատարում «Мастер пера» Telegram ալիքին,
3️⃣այս ալիքն էլ հղում է տալիս Vkontakte սոցիալական ցանցի ֆեյք օգտատիրոջ էջին, որը ունի ընդամենը մեկ գրառում՝ Փաշինյանի նևրոզի մասին։

Հայկական կայքերը լուրի սկզբնաղբյուրի մասին որևէ տեղեկություն չեն հայտնում, այլ սահմանափակվում են «Новые Ведомости»-ին վկայակոչելով։ Սակայն ռուսական այս լրատվականը ինքնին խնդրահարույց է․ դրա անունը նմանակում է «Ведомости» թերթին, սակայն այն որևէ կապ հայտնի թերթի հետ չունի։ Համեմատեք իրական www.vedomosti.ru կայքի հասցեն և իրավաբանական տվյալները նմանակող www.nvdaily.ru կայքի հասցեի և իրավաբանական տվյալների հետ․ դրանք չեն համընկնում։

Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության խնդիրների մասին կեղծ լուրերը մամուլում առաջին անգամ չեն տարածվում։ Օրինակ, մի քանի ամիս առաջ YerevanToday-ը հրապարակել էր «Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակը մտահոգիչ է․ Ասուլիս՝ կառավարության դիմաց» վերնագրով նյութ։ Իսկ անցած տարվա սեպտեմբերին համացանցում շրջանառվում էր նույնիսկ Փաշինյանի կեղծ «գժի թուղթ»-ը։

Կարինե Ղազարյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *