2024.04.25,

Նյուսրում

Պետությունը ցանկանում է ընդլայնել մերժման ենթակա լրագրողական հարցումների շրջանակը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Տեղեկատվության ազատության մասին և պետական գաղտնիքի մասին օրենքներում լրացում է կատարվել, ըստ որի՝ մերժման են ենթակա նաև տեղեկատվություն ստանալու այն հարցումները, որոնք վերաբերում են սահմանափակ գաղտնիք պարունակող տեղեկություններին։  

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից նախաձեռնված քննարկման ժամանակ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ սա լրատվամիջոցների և քաղաքացիների համար ստեղծում է բարդություն՝ պետական գերատեսչությունից տեղեկատվություն հայցելու մասով, քանի որ սահմանափակ գաղտնիք պարունակող տեղեկություններ ձևակերպման տակ կարող է մտնել պետական համակարգում շրջանառվող ցանկացած փաստաթուղթ։  

«Օրենքի լրացումը կարող է իրավական հիմքեր ստեղծել հարցումը մերժելու համար։ Մեր երկրում առանց այդ էլ տեղեկատվության ազատության վիճակը բավական մտահոգիչ է»,- նշեց Աշոտ Մելիքյանը։ 

Նա ասաց, որ տեղեկատվության ազատության ոլորտում լրագրողներ-պետական մարմիններ հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, «ավելանում է անհիմն մերժումների, լղոզված պատասխանների քանակը»։  

«Բողոքները հիմնականում նման բնույթի են՝ պետական մարմիններն ասում են՝ այս ինչ որակի հարցեր են, լրագրողներն էլ ասում են՝ մենք ուրիշ հարց ենք տվել, իրենք ուրիշ պատասխան են տվել։ Հաճախ պատահում է, որ խմբագրությունը չորս հարց է ուղարկում, որոնցից միայն մեկին է պատասխանում գերատեսչությունը, մյուսներին տալիս է ընդհանուր պատասխան։ Հասկանալի է, որ պետական գաղտնիք պարունակող հարցերի մասին չէ խոսքը, բայց կան դեպքեր, երբ պետական գաղտնիք հասկացությունը չարաշահվում է, հարցին պատասխան չի տրվում»,- հայտնեց Աշոտ Մելիքյանը։  

Քննարկմանը ներկա էր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանը։  

Նա նշեց, որ քաջ գիտակցում է տեղեկատվություն ստանալու հարցումներին ժամկետներում և ամբողջական պատասխանելու կարևորությունը, ուստի ինքն անձամբ է համակարգում ԶԼՄ-ներից ստացված հարցումների պատասխանները։ Գևորգյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ծանրաբեռնված գրաֆիկով պատասխանում է ԶԼՄ հարցումներին։  

«Հիմա սահմանված է գրավոր հարցմանը պատասխանելու հինգօրյա ժամկետ։ Տարիներ առաջ, երբ օրենքը ընդունվում էր, այս քանակի լրատվամիջոցներ չկային։ Առնվազն մեկ զրոյով լրատվամիջոցների թիվն ավելացել է։ Չեմ ասում սա, որ արդարացնեմ հինգօրյա ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը, բայց վերջին տարիներին հարցումների քանակը շատացել է, ահռելի մեծ ծավալների է հասել։ Կան հարցումներ, որոնց բովանդակությունը այնպիսին է, որ հարկավոր է արխիվային մեծ աշխատանք կատարել դրանց պատասխանելու համար։ Հարցումներ կան, որոնց պատասխանելու համար քսան և ավել վարչություններ, 12 վարչական շրջաններ պետք է ներգրավվեն։ Բնականաբար, լրատվամիջոցին չի հետաքրքրում, որ ծանրաբեռնված է գերատեսչությունը, բայց հավատացեք, երբեմն օբյեկտիվորեն անհնար է հինգօրյա ժամկետում տեղավորվել»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարը։  

Գևորգյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ լրագրողին չի բավարարում հարցման պատասխանը, լրագրողը համարում է այն ոչ լիարժեք, աղմուկ է բարձրացնում, որ իրենք որևէ բան թաքցնում են կամ չեն ուզում հայտնել։ Այնինչ, ըստ նրա, իրենք փոխանցում են տվյալ պահի եղած առավելագույն ինֆորմացիան ու չունեն որևէ բան թաքցնելու միտում։  

Աշոտ Մելիքյանը հակադարձեց, որ պետությունը, հասկանալով տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը, գուցե պետք է որոշակի քայլեր նախաձեռնի լրատվամիջոցների քանակի ավելացմանը զուգընթաց, ավելացնի օրինակ լրատվության վարչության աշխատակիցների թիվը, որպեսզի հարցին լուծում տա։  

Անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանն ասաց, իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ տեղեկատվության հարցումների 70 տոկոսին պետական գերատեսչությունները պատասխանում են ճիշտ ժամանակին, հինգօրյա ժամկետներում, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանել հնարավոր է։  

Նա համաձայնեց, որ տեղեկություն հայցողները երբեմն դիրքորոշում ու կարծիք են պահանջում, ինչը չի տեղավորվում օրենքի շրջանակներում։ Հայրապետյանը խորհուրդ տվեց տեղեկատվության հարցման պատասխանները զետեղել կայքում, այդպիսով խուսափել նույն հարցին մեկ կամ մի քանի անգամ պատասխանելու պրակտիկայից։  

«Ձեր աշխատանքը մի քանի անգամ կկրճատվի, եթե պատասխանի մեջ հղում դնեք։ Հինգ և ավել անգամ նույն հարցը ստանալուց հետո գրեք, որ թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել օրինակ ամենից հաճախ տրվող հարցերի բաժնում»,- հավելեց նա։  

Տարոն Գևորգյանն ասաց, որ ձևակերպվող հարցերը լայն են։ Օրինակ լրատվամիջոցը խնդրում է ներկայացնել վերջին հինգ տարվա մեջ վարչական որևէ շրջանում նորոգված բակերի քանակը։ «Նորոգված բառի տակ շատ բան կարելի է հասկանալ։ Ունենք ընթացիկ նորոգվող բակեր, ունենք բակեր, որոնք նորոգվել են մասնավորի աջակցությամբ։ Ամեն մեկը մի ձևով է հասկանում հարցը։ Լրատվամիջոցի ակնկալիքի և մեր պատասխանի միջև կարող են լինել հակասություններ»,- բացատրեց պաշտոնյան։ 

Նա նաև ասաց, որ երբեմն լրատվամիջոցները մեկ թեմայի վերաբերյալ բազում հարցեր են ուղարկում և հաճախ դրանց պատասխանում են միանման՝ ընդհանրացված եղանակով։  

Քննարկմանը ներկա լրագրողներից մեկն առաջարկեց, որ նման պարագայում կարելի է ասուլիս հրավիրել, եթե այդպիսի մեծ պահանջարկ կա թեմայի վերաբերյալ։ Տարոն Գևորգյանն էլ ասաց, որ այդ դեպքում ստիպված կլինեն օրական հինգ-վեց ասուլիս հրավիրել։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *