2024.04.23,

Նյուսրում

Ինչպես է կարգավորվում հանրային ծառայողի վարքը սոցիալական մեդիայում և ոչ միայն

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ պետական համակարգի աշխատակիցների վարքը սոցիալական ցանցերում դարձավ համընդհանուր քննարկման առարկա։ 

Ապրիլի 4-ին ԲՏԱ նախարարության լրատվության բաժնի աշխատակից Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից այլևս չի աշխատում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։  

«Մարտի 13-ի հայտնի դեպքերից` հորս` Գագիկ Սարգսյան-ի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում` հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները»,- գրել էր Արամ Սարգսյանը։ 

Երկրորդ միջադեպը կապված էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակցի հետ, ով հավանել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը ու ՀՈԱԿ-ի տնօրենից նամակ ստացել, որ այդպիսով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։ Աշխատակիցը ենթարկվել էր կարգապահական տույժի։ 

«Կան ներքին կարգապահական կանոններ, որոնք 2020 թվականին հաստատվել են նախորդ տնօրենի կողմից։ Դրանք հաստատված են, բոլորը ծանուցված են, որ մարդը աշխատելով մի կառույցում, մի հիմնարկում չպետք է դրսևորի մի վարքագիծ, որով վիրավորանք կհասցնի իր կոլեգաներին, որով իր աշխատած կազմակերպության բարի համբավի վրա բիծ կգցի»,- լրագրողներին ասել է ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը։ 

Media.am-ը փորձել է պարզել ինչպես է Հայաստանում պետական ու համայնքային կառույցներում կագավորվում աշխատակիցների վարքը սոցիալական մեդիայում։   

Հայաստանի պետական գերատեսչություններում գործում են էթիկայի կանոններ։ Դրանք կարգավորում են ենթակա-ղեկավար հարաբերությունները, գործընկերների հետ շփման կանոնները, այսպես կոչված կարելիներն ու չի կարելիները հանրային ծառայողների համար։ 

Բացի այդ գործում է նաև բարեվարքության համակարգ, որը կարգավորում է ավելի լայն շրջանակ։ Դրա վերաբերյալ դրույթները ամրագրված են Հանրային ծառայության մասին օրենքում և այլ oրենքներում։ 

Ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Ռոնա Ահարոնյանն ասում է, որ ի թիվս պետական այլ գերատեսչությունների, ֆինանսների նախարարությունում ևս, նմանատիպ հարցերը կարգավորվում են ներքին իրավական ակտերով, մասնավորապես՝ նախարարության ներքին կարգապահական կանոններով: Աշխատակիցները դրանց ծանոթանում են ներքին համակարգում, երկկողմ ստորագրած համաձայնություններ չեն նախատեսվում։  

«Փաստաթուղթը սահմանում է աշխատակիցների՝ այսպես ասած էթիկական նորմերի որոշակի շրջանակ, այդ թվում՝ հանրային միջավայրում ներկայացվածությանն ու հանրային խոսույթի ապահովմանն առնչվող: Սահմանվում են համացանցում, հատկապես՝ սոցիալական և լրատվական կայքերից օգտվելու որոշակի ուղենիշեր, որտեղ հիմնական շեշտադրումն ուղղված է ապատեղեկատվությունից խուսափելուն ու հավաստի աղբյուրներից օգտվելուն», ասում է Ռ․ Ահարոնյանը՝ նշելով, որ փաստաթղթից մեջբերումներ անել չի կարող, բայց դրույթներն առնչվում են հանրային միջավայրում ապատեղեկատվության, զրպարտության ու վիրավորանքի տարածման բացառմանը, քաղաքական, ռազմական ու նման զգայուն թեմաներում զսպվածության պահպանմանը: 

Խոսնակի խոսքով՝  աշխատակիցները տեղեկացված են, որ, լինելով պետական գերատեսչության ներկայացուցիչներ ու հանրային ծառայողներ, պարտավոր են դրսևորել առավել զսպվծություն ու բարեվարքություն քաղաքական մտքերի արտահայտման մասով, առաջնորդվել միայն իրենց աշխատանքային պարտականություններով:  

«Աշխատածս տարիներին նմանատիպ դեպքեր, երբ որեւէ մեկն արտահայտած քաղաքական հայտարարությունների համար ենթարկվի պատասխանատվության, չեն եղել: Ավելին, նման մեխանիզմներ սահմանված չեն»,- հավելում է Ահարոնյանը։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Ահարոնյանն էլ ասում է, որ քաղաքացիական ծառայողն ունի մի շարք պարտավորություններ, որոնց թվում են օրինակ իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը բացահայտելուց զերծ մնալը, ոչ հավաստի տեղեկատվությունը տարածելը, քաղաքական զսպվածություն ցուցաբերելը։ 

«Հանրային ծառայության մասին օրենքով որոշակի սահմանափակումներ ևս կան։ Բացի գիտական, մանկավարժական գործունեությունն օրինակ թույլատրվում է ծավալել, քաղաքականը՝ ոչ։ Կա նաև քաղաքացիական ծառայողների մասին 2022 թ․-ի կանոնագիրք, որտեղ մանրամասն գրված են բարեվարքության, էթիկայի կանոնները, որոնք սահմանում են ոչ միայն սանկցիաները, այլև՝ խրախուսման եղանակները։ Եթե աշխատակցի վարքագիծը խրախուսելի է, դա գնահատվում է»,- մանրամասնում է Հասմիկ Ահարոնյանը։  

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը, լինելով քաղաքապետի նախկին խոսնակ, ասում է, որ էթիկայի ու բարեվարքության վարքականոնները համակարգում անհրաժեշտ են ու կան։  

Ըստ նրա՝ աշխատակիցները սովորաբար այդ պահին զգուշացվում են աշխատանքային պայմանագիրը ստորագրելու պահին։ «Պայմանագրում ներառված են էթիկայի կանոններին հետևելու դրույթները, որոնք ստորագրելով աշխատակիցը ընդունում է դրանք ու պետք է առաջնորդվի դրանցով։ Խախտելու դեպքում պետք է սանկցիաներ կիրառվեն, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, եթե մարդն իր հանրային գործունեությամբ ատելության խոսք է տարածում, կազմակերպության գործունեության հետ անհամատեղելի վարքագիծ է ցուցադրում»,- ասում է Կարապետյանը։  

Նա նշում է, որ այլ հարց է, որ վարքականոնը պետք է վերաբերի անխտիր բոլորին, չկիրառվի ընտրողաբար։ «Արամ Սարգսյանի դեպքում մենք տեսանք, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող հոր մասին գրառում անելուց հետո հասկացրել էին հեռանալ աշխատանքից, դիմում գրել։ Բայց օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանրային կերպով իր վերաբերմունք էր արտահայտել իր եղբոր կնոջը ձերբակալելու վերաբերյալ։ Նորմերը պետք է կիրառվեն միանման»,- ասում է Հակոբ Կարապետյանը։  

ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Բարեվարքություն Ծրագրի կառավարման ավագ մասնագետ Արսեն Մանուկյանն ասում է, որ բարեվարքությունը պետք է դիտարկել որպես հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմի պարտադիր տարր։ Եթե անձը հավակնում է լինել բարձրակարգ հանրային ծառայող, ապա նա պետք է լինի բարեվարք։  

«Սոսկ իրավական կամ տնտեսագիտական կամ այլ մասնագիտական գիտելիքների տիրապետելը անհրաժեշտ, սակայն բավարար չէ պրոֆեսիոնալ և բարձրակարգ հանրային ծառայող համարվելու համար։ Ինչ եք կարծում ինչ արժեք ունեն այն հանրային ծառայողի փորձն ու գիտելիքները, ով հանրային կերպով կամ մասնավոր զրույցներում վարկաբեկում և նսեմացնում է հանրային ծառայությունը, կամ անհարգալից և անզուսպ արտահայտություններ է թույլ տալիս հանրային իշխանության այն մարմնի վերաբերյալ, որտեղ ինքն աշխատում է։  

Նմանատիպ օրինակ է, երբ հանրային ծառայողն իր դիրքն օգտագործում է իր և իր մերձավորների համար արտոնություններ և նպաստավոր պայմաններ ստանալու համար, կամ պահանջում է, որպեսզի քաղաքացիներն իրեն նվերներ կամ կաշառք տան՝ այն գործողությունները կատարելու համար, որոնք մտնում են իր ծառայողական պարտականությունների մեջ։ Այսինքն, կարող ենք ասել, որ քաղաքական զսպվածությունը, շահերի բախման կառավարումը, նվերների ընդունման արգելքը և այլ տարրեր հանդիսանում են բարեվարքության համակարգի բաղադրիչները։ Բարեվարքությունը պետք է ընկալվի որպես հանրային ծառայությունում առաջխաղացման էական պայման»,- նշում է նա։ 

Արսեն Մանուկյանն ասում է, որ հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում են էթիկայի հանձնաժողովները, որոնց ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով։ Մասնավորապես, էթիկայի հանձնաժողովները քննում և լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները, և այդ քննությունների արդյունքում ներկայացնում են այդ խախտումների կանխարգելմանը և վերացմանն ուղղված առաջարկություններ։ Առաջարկությունները ներկայացվում են տվյալ հանրային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։  

Ըստ նրա՝ բարեվարքության համակարգի և հանրային ծառայողների կողմից բարեվարքության կանոնների պահպանման և կիրառման իմաստով կարևորագույն տարր է նաև բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը։ Նրանք նշանակված են բոլոր պետական և համայնքային իշխանության մարմիններում, սակայն, «այդ ինստիտուտը դեռևս լիարժեք չի գործում ու նրանց դերը և գործառույթների կարևությունը հանրային ծառայողների շրջանում դեռևս պատշաճ չի ընկալվել»։  

Հանրային ծառայողները վարքագծի խախտումների դեպքում, Արսեն Մանուկյանի փոխանցմամբ, ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ նախազգուշացումից և նկատողությունից մինչև աշխատավարձի մինչև 20%-ով իջեցում կամ զբաղեցրած պաշտոնից ազատում։   

  • Քաղաքացիական ծառայության մասին օրենքով նախատեսված են կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները՝ թեթև կարգապահական տույժեր (նախազգուշացում, նկատողություն) և խիստ կարգապահական տույժեր (խիստ նկատողություն, հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, ծառայության դադարեցում):  
  • Համայնքային ծառայության մասին օրենը նախատեսում է կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով, զբաղեցրած պաշտոնից ազատում: 

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *