2021.02.15,

Նյուսրում

Օրենքների փունջ՝ մեդիային ուղղված

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական նախաձեռնություն, որը զգալիորեն մեծացնում է զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված դրամական փոխհատուցման չափը։

Վիրավորանքի համար՝ մինչև 5 միլիոն դրամ (այժմ գործող մեկ միլիոնի փոխարեն), զրպարտության համար` մինչև 10 միլիոն (գործող 2 միլիոնի փոխարեն): 

Նախագիծը դեռևս չի անցել երկրորդ ընթերցմամբ, բայց տարակուսանք ու դժգոհություն առաջացրել մեդիա ոլորտի տարբեր կողմերից:

Մեդիա կազմակերպությունները հայտարարեցին, որ փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ մեդիա ոլորտի համար, քանի որ «դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները»։ 

Օրինակ, տեսնում ենք, թե ինչպես է հիմնավորված քննադատությունը հաճախ ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դառնում դատական վեճի առիթ։

Ընդհանրապես, վերջին շրջանում ի հայտ եկան լրատվական դաշտին վերաբերող տարբեր օրինագծեր, որոնք հայտարարությունը ստորագրած մեդիա կազմակերպությունները որակեցին որպես «ռեպրեսիվ» և «հետադիմական»։

Դրանց թվում է փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում հղում անել անանուն աղբյուրներին, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։ 

Այդ ամենը ստեղծում է անորոշ մթնոլորտ, որտեղ բնական է, որ ծագելու են խոսքի ազատության իրավունքի խախտման, ճնշման, ոտնահարման մեղադրանքներ։

Անանուն աղբյուրներին հղում անելու արգելքն ու վիրավորանքի կամ զրպարտանքի համար փոխհատուցման ավելացումը լծակ է, որով իշխանությունները (ցանկացած ժամանակ) կարող են անհամաչափ որոշումներ կայացնել լրատվամիջոցների դեմ։ Մանավանդ, հաշվի առնելով մեր դատական համակարգի անկատար ու ոչ անկախ լինելու փաստը։

Օրինակ, պատգամավորները, կառավարման համակրգի պատասխանատուները կարող են հանգիստ սրտով հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ ու գումար պահանջել՝ համբավը արատավորելու մեղադրանքով։ Գումարը մեծ չափը կործանիչ կլինի լրատվամիջոցի համար՝ հանգեցնելով նրանց հնարավոր սնանկացման։ 

Նման նախադեպ եղել է 2011-ին, երբ ԱԺ երեք պատգամավորներ (բոլորը խոշոր գործարարներ) դիմեցին դատարան ու ստիպեցին «Հայկական ժամանակ» օրաթերթին վճարել զգալի գումար, քանի որ թերթի հոդվածը որակվեց որպես այդ պատգամավորների գործարար համբավին, արժանապատվությանը և պատվին վնաս պատճառած։

«Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով Ռուսաստանում հետաքննվել են նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերը, և պարզվել է, որ այդ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ (այդ թվում դատական հայց ներկայացրած երեք պատգամավորները՝ ՀՀԿ-ից)։

Դատարանը եզրակացարեց, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և խմբագրությունը պետք է յուրաքանչյուր պատգամավորին վճարի 2 մլն դրամ ու հոգա դատական ծախսերը։ 

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանը (այժմ ԱԺ պատգամավոր) ասել էր. «Այս ձևով փորձում են լռեցնել ազատ խոսքը»։

Ընդ որում՝ դա միակ դատական հայցը չէր «Հայկական ժամանակի» դեմ։ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ էր հայց ներկայացրել ու պահանջել 16 մլն դրամ փոխհատուցում, որը սակայն դատարանը բավարարեց մասնակի՝ 3,5 մլն։

Հիմա 2021-ին, երբ լրջագույն ռեֆորմի կարիք ունի դատական համակարգը, օրենսդիրների բոլոր ուժերը կարծես կենտրոնացել են ոչ թե դատական, այլ լրատվական դաշտի վրա։

Ի վերջո, հենց դատարանը կարող է որոշել, թե որն է իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, և ինքն էլ սահմանել, թե գումարային ինչ սանդղակով է գնահատելու փոխհատուցումը (առանց հուշման, որ գոյություն ունի բարձր շեմ ու այդ շեմը պահպանելը այլևս օրենսդրական հրամայական է), եթե առկա է զրպարտանք, վիրավորանք կամ համբավը արատավորելու դեպք։ 

Սահմանադրական դատարանի 2011-ի որոշումը սահմանում է, որ տեղեկատվության հրապարակման դրդապատճառների ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր կոնկրետ գործը գնահատելիս: 

«Չի կարող իրավաչափ համարվել այն գործողությունը, որն ի սկզբանե նպատակ է հետապնդել վնաս պատճառել անձին, կամ երբ տեղեկություններ տարածողն անփութություն է դրսևորել՝ չստուգելով դրանց իսկությունը»,- այս դրույթը արդեն իսկ կա, և այն գործի դնելը առավել օգտակար է, քան գումարային փոխհատուցումն ավելացնելը։

Իսկ մեզ մոտ դատական համակարգի մկաններն այնքան երկար են անգործ մնացել, որ մարմինը դժվարությամբ կարող է ճկուն կերպով օգտագործել արդեն իսկ եղած օրենքները։ Հրապարակման իրավաչափությունը որոշելը ավելի առաջնահերթ է, քան սևեռվելը գումարային փոխհատուցման ավելացման վրա։

Համենայնդեպս, հիմա այս օրինագիծը կարող է աշխատել ընդդեմ թափանցիկ լրատվական դաշտի ու հանգեցնել մի կողմից ինքնագրաքննության, իսկ մյուս կողմից՝ ոչնչով չօգնել դատական համակարգի ճգնաժամի լուծմանը։

Բոլոր դեպքերում՝ կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը այդպես չի լուծվելու։ 

Կարևոր քայլն արդեն արվել է՝ այդ նույն օրենսդրական փաթեթում կա կետ, որը պարտադրում է լրատվամիջոցների սեփականատերերին լինել առավել թափանցիկ ու հաշվետու, իսկ բովանդակության ցանկացած տարընթերցում, վեճ ու ու դատական գործ ցանկալի է քննել իրենց համատեքստում, առանց հավելյալ օրենսդրական պատժիչ բազայի։

«Նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից»,- նման կարծիքի է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ 

Գրասենյակը տարածել է հայտարարություն, ասելով, որ նախագծերի փաթեթի հիմնավորումը թերի է և «տուգանքների ֆիքսված չափերը կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է  Ազգային ժողով ներկայացնել իր եզրակացությունը։

Օրինագծերի հեղինակները (խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլ»-ից) նոր սահմանափակումները հիմնավորում են հանրային շահով, ասելով, որ ցանկանում են մեդիա սպառողին ապահովագրել անբարեխիղճ ինֆորմացիայից։ 

Բայց երևի, սա այն դեպքն է, երբ լսարանը շատ ավելի պատրաստված է ապրելու բազմազան լրահոսի մեջ ու ինքը դատողություններ անելու, քան պատրաստ են դա ընդունել իշխանական օղակներն ու լրատվական դաշտում քաղաքական դերակատարում ունեցող մեդիա հարթակները։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *