2021.02.10,

Քննադատ

Օրինագիծ մեդիայի մասին՝ եզրույթների խառնաշփոթով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է փոփոխություններ անել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որպեսզի լրատվական գործունեություն իրականացնողները լինեն թափանցիկ թե՛ իրենց սեփականատերերի, թե՛ եկամուտների տեսակետից և գործի դրվի անանուն աղբյուրներին հղում անելու արգելքը (կամ հղում անելու դեպքում սահմանվի տուգանք)։

Սրանք են այն հիմնական մտադրությունները, որոնք այժմ դրվել են քննարկման՝ ունենալով բազմաթիվ պատեհ ու անպատեհ կիրառության մակարդակներ։

Թափանցիկ գործելու պահանջը հետևյալն է․

Ոչ միայն վերգետնյա հեռարձակողներն ու տպագիր թերթերը, այլև ինտերնետային ԶԼՄ-ները պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն։ 

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, պիտի նշվի նրա անուն-ազգանունը, հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերի դեպքում՝ նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը։

Պետք է ապահոված լինի նաև հետադարձ կապ՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե:

Ֆինանսական թափանցիկությունը ապահովելու համար կպահանջվի «կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին… ինչպես նաև տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորության մասին»:

Օրենքի նախագիծը սահմանում է, որ օնլայն լրատվականները «նյութական կրիչների վրա թողարկվող զանգվածային լրատվական միջոցներն են»։ 

Սակայն կա նաև այդ եզրույթի ընդլայնում։ Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2003-ին, իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում լայն տարածում չունեին համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցները, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել» նաև պարտադիր տվյալները՝ ԶԼՄ համարվելու համար։

Քանի որ վաղուց արդեն լղոզվել են սահմանները ԶԼՄ-ների ու տարբեր մեդիա հարթակների միջև, այս դրույթը (ֆինանսական թափանցիկությունը), լավ առիթ է տեսնելու, թե ով ո՞վ է դաշտում։ 

Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունը սպասելի ու պարտադիր պայման է՝ բիզնես գործունեության դեպքում։

Բայց օրինագիծը բացի այս դրույթից փորձում է մտնել ավելի խոր տեղեր ու կարգավորել տեղեկատվության ստացման ուղիները։ Նախագիծը ենթադրում է տույժեր, եթե ԶԼՄ-ները հղում անեն «անանուն աղբյուրին»։ Այս ձևակերպումը և դրա գործարկման մեխանիզմենրը մշուշոտ են։ Եվ քանի որ մշուշոտ են, վիճահարույց են։

Անանուն աղբյուր

«Անանուն աղբյուրը» օրինագծում բնորոշվում է որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:

Օրինագծի հեղինակներից մեկի կարծիքով՝«ասելով «անանուն աղբյուր» գործնականորեն նկատի ունենք ֆեյքերին»։

Հասկանալի է, որ օրինագծի հեղինակները այդպես ձևակերպելով՝ անանուն աղբյուրը տեսնում ու փնտրում են համացանցում, հատկապես վերջերս մեծ թափ ստացած Տելեգրամում, որտեղ ստեղծված ալիքները դարձել են շատ լրատվամիջոցների համար մեջբերման սկզբնաղբյուր։ Կամ տարբեր սունկ կայքերն ու սոցցանցային էջերը, որոնց չունեն իրավաբանական հասցե, բայց ունեն նպատակ՝ ալեկոծելու մեդիա դաշտը։

Բայց անանուն լինել կարելի է ոչ միայն ինտերնետում և ոչ միայն մութ ու քայքայիչ գործ անելու նպատակով։ 

Անանուն կարող են լինել իրավապաշտպանական թռուցիկները, արվեստի կամ էկոլոգիական մանիֆեստները, անանուն, բայց հումանիստական ուղերձով կոչերը և այլն։ Ի վերջո, նաև փողոցային գրաֆիտին (հիշենք Բենքսիին, որի պատկերի վերատպումը փաստորեն մեզ մոտ կստացվի օրինազանցություն, քանի որ հեղինակն իր անձը թաքցնում է վաղուց և լավ)։

Անանուն կարող է ցանկանալ մնալ աղբյուրը, որը ենթարկվում է սպառնալիքների և պետք է օրենքով ստանա իրավական պաշտպանություն։ Կամ համեստ է ու խուսափում է լինել մեդիայի ուշադրության կենտրոնում՝ գերադասելով հույժ կարևոր ինֆորմացիան փոխանցել անանուն։

Եվ այս դեպքում, արդեն լրատվամիջոցի էթիկական կոդեքսից է կախված, թե ինչպես վարել ստացած ինֆորմացիայի հետ։

Անանանուն, անհասցե, գաղտնի… Այս բառերը թեև հոմանիշ են, բայց շատ տարբեր երանգներ ունեն։ Եվ հեշտությամբ մանիպուլացվում են հենց ձևակերպվածի շրջանակներում։

Անանուն աղբյուրը կարող է լինել գաղտնի աղբյուր, բայց կարող է և չլինել։ Եզրույթների այս խառնաշփոթը թույլ է տալիս ենթադրել, որ օրինագիծը հապճեպ է մշակվել ու շատ բան հաշվի չի առնվել։

Հարց՝ ի՞նչ է կարգավորվում օրինագծի այս կետով։ 

Օրինագծում կա պարզբանում․

«Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր»։

Եվ բացատրություն, թե ինչ պետք է անեն ԶԼՄ-ները․

«Լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, և իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաև տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջև»:

Հիանալի է, որ ստուգելու պահանջը դրվում է լրատվամիջոցների վրա, բայց այդ պահանջը որպես կանոն իրավիճակային է։ Եվ լավագույն միջոցը դա պարզելու դատական նախադեպերն են, երբ ամեն դեպք կքննվի իր համատեքստում, առանց օրենքի հավելյալ սահմանափակումների։ 

Եվ եթե հարկ լինի, ասենք, լրատվամիջոցին պատասխանատվության կանչել զրպարտության կամ ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով, ապա դրա համար արդեն իսկ կա Քաղաքացիական օրենսգրքի կետը, որը սահմանում է, որ եթե լրատվամիջոցը հղում է անում այն աղբյուրներին, որոնք չի կարող նույնականացնել, ապա իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը։

Դա ամրագրված է օրենքով, և հավելյալ լրացման կարիք չունի, գոյություն ունեցող օրենքը պարտադրում է, որ տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ «ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը»։ Չի կարողացել, պատասխան պիտի տա։

Ընդհանրապես, պատասխանատվությունը բովանդակության համար բոլորովին կապ չունի, թե որ աղբյուրներից է այն ստացվել։

Օրինագծի հեղինակները որպես կանոն խոսում են լսարանի շահերի մասին, որ ավելի շատ ուզում են պաշտպանել քաղաքացիներին անբարեխիղճ տեղեկատվությունից։ Եվ վստահեցնում են, որ խոսքի ազատության սահմանափակում տեղի չի ունենա։ 

Ինչ-որ առումով այս դրույթը կարելի է համարել ինֆանտիլ, քանի որ լսարանի դերը այդպիսով նվազեցվում է՝ հավասարեցնելով տեղեկություն ստացողին պասիվ սպառողի, այլ ոչ թե տեղեկատվական աղբյուրները ինքնուրույն որոնող ինքնաբավ սուբյեկտի։ 

Ի վերջո, ընտրության ազատությունը, ստացած ինֆորմացիան ինքնուրույն մեկնաբանելու իրավունքը նաև խոսքի ազատության տարրեր են։ 

Ոչ միայն ասում ենք, այլև լսում ու կարդում այն, ինչ համարում ենք պիտանի (եթե իհարկե, մեր լսածն ու կարդացածը չի հակասում քրեական օրենսգրի պահանջներին)։

Սակայն, ստացվում է, որ ոչ թե սահմանափակվում է կեղծ տեղեկատվությունը, այլ դրան հղում անելը։ Այսինքն, եթե աղբյուրը հայտնի է, ուրեմն տեղեկությունը ճիշտ է կամ առնվազն մոտ իրականությանը։ 

Եվ հակառակը՝ կարող է լինել ճիշտ, կարևոր ու անաչառ տեղեկություն, բայց քանի որ դրա աղբյուրը չի կարելի  նույնականացվել, այն ենթակա չէ հրապարակման։

Ընդհանրապես, ինտերնետային աղբյուրների վրա սևեռումը ըստ այս օրինագծի՝ չափազանց ցայտուն է (օրինակ, «հանրային ելույթ» ձևակերպմանը միացել է նաև «գրառում» բառը)։ Դա ավելի շուտ օգնելու է պատժել լրատվամիջոցներին, այլ ոչ թե նվազեցնելու է ապատեղեկատվության ու կեղծ տեղեկատվության շրջանառությունը։ Կարծես ողջ ուշադրությունը ուղղվում է միջոցներին, այլ ոչ թե բովանդակային բաղադրիչին։

Օրինակ, հիմա, երբ «Իմ քայլը» որոշել է, որ Հայաստանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, հարց է ծագում՝ իսկ ո՞ր աղբյուրների հիման վրա է արվել նման եզրակացություն։

Իհարկե, այդ տեղեկությունը ունի անուն ու հասցե (ամենաբարձր անունը իշխանական սանդղակում ու ամենահայտնի հասցեն), բայց չունի բավարար հիմնավորում, որը ցանկացած աղբյուր (և առաջին հերթին պաշտոնական) չի կարող օդից վերցնել ու ներկայացնել որպես աներկբա իրականություն։ 

Մանիպուլյատիվ տեղեկության դեմ պայքարը ենթադրում է պատասխանատվություն հանրային խոսքի համար, որի հայտնությունը ԶԼՄ-ներում երկրորդական նշանակություն ունի։ 

Առաջնայինը աղբյուրի արժանահավատությունն է, որը բնավ էլ կապված չէ անուն ունենալու կամ չունենալու հետ, լրատվամիջոցներում մեջբերված կամ անտեսված լինելու հետ։

Ի վերջո, անանուն աղբյուրը կարող է կարևոր հանրային տեղեկություն փոխանցել, իսկ անունով աղբյուրը՝ բացահայտ մանիպուլյատիվ բովանդակություն կամ կեղծիք։

Եթե նորից խոսենք արտահերթ ընտրությունների պահանջ չլինելու մասին, ապա որպեսզի այդ պնդումը համարվի արժանահավատ, պետք է հենց աղբյուրը հղում անի սոցիալական հարցմանը կամ վերլուծական աշխատանքին, որը թույլ է տվել իշխող կուսակցությանը ասելու, որ ընտրությունների պահանջ չկա։

Այլապես դա իր փոխարեն կանեն մյուսները՝ թե՛ լրատվամիջոցները, թե՛ բոլոր նրանք, ովքեր անուն ու հասցե ունեն։ Այսինքն, կստուգեն ու կտեսնեն, թե հանրային խոսքն իր արժեք ու վստահելիության աստիճան ունի։

Հայաստանյան մեդիա դաշտի ախտը ոչ թե անանուն աղբյուրներն են, այլ անպատասխանատու աղբյուրները, որոնք կարող են լինել շատ հայտնի։ Եվ դրանք միայն ինտերնետում չեն, այլ ամենաբարձր պաշտոնական օղակներում անգամ։

Լրատվամիջոցներն էլ կարող են գեղեցիկ նշել աղբյուրն ու հանգիստ սրտով հրապարակել ցանկացած կեղծիք կամ մոլորեցնող ինֆորմացիա՝ ասված ամենաբարձր ամբիոններից կամ ընդատակյա հայտնի գործիչների գրասենյակներից։

Այդպիսով կլինեն մաքուր օրենքի առջև (նաև նոր), բայց պղտոր լրատվական դաշտի մաս։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *