Հիբրիդային գործողություններով զբաղվողի համար Հայաստանը գրեթե իդեալական լաբորատորիա է՝ նմանատիպ հարձակումների բազմազանությունը ուսումնասիրելու տեսանկյունից։ Իսկ նախընտրական փուլն էլ ավելի հետաքրքիր է դարձնում միջավայրը։ Եվ այստեղ ոչ միայն մաքուր տեղեկատվական հարձակումներ են, այլև բազմաթիվ հիբրիդներ, երբ, օրինակ, հաքերային հարձակումները և տեղեկատվական արշավները փոխկապակցվում են։
Media.am-ն արդեն գրել էկեղծ հայկական և թուրքական հաքերային թիմերի մասին։ Ներկայացրել ենք նաև հիբրիդային հարձակումներով զբաղվող թիմի հետ կապված փաստաթղթերի արտահոսքը։
Իհարկե, նման ծածուկ գործողությունները հիմնականում կապվում են Ռուսաստանի հետ և սա ունի օբյեկտիվ պատճառներ. նախ՝ ՌԴ-ն այսօր ամենաշահագրգռվածներից է Հայաստանում ընտրությունների արդյունքներով, հետո էլ՝ այսօր աշխարհում ամենամեծ կարողություններ ունեցող երկրներից է հենց հիբրիդային հարձակումներ իրականացնելու ներուժի տեսակետից։
Սակայն, հարկավոր է նշել, որ այս խաղը մի հոգով չեն խաղում։ Եվ առկա են նաև այլ դերակատարներ ու մեթոդներ։ հաքերային հարձակման հետևանքով արտահոսած փաստաթղթերը միակը չեն։
Օրինակ,՝ վերջին օրերին ակտիվացած «Хроники Кавказа» (caucasus-chronicle[.]com) կայքը, որը, ինչպես պարզել է Factor TV-ին, գործում է ընդամենը մեկ տարի, չունի որևէ իրական, նույնականացվող հեղինակ։ Կարճ ասած՝ խիստ կասկածելի աղբյուր է։ Այն ևս տարածում է Ռուսաստանին վերաբերող ներքին փաստաթղթեր՝ փորձելով դրանք լեգիտիմացնել այն «լեգենդով», թե իբր հիբրիդային հարձակումներով զբաղվող անձի հեռախոսը ենթարկվել է հաքերային հարձակման։
Որպես ապացույց արտահոսած փաստաթղթերի մեջ կա Apple-ից եկած զգուշացման նամակ, որ տվյալ հեռախոսը ենթարկվել է լրտեսական ծրագրով հարձակման։
Նման նամակներ Հայաստանում ստանում են այն մարդիկ, որոնց Ադրբեջանի հատուկ ծառայությունները վարակել էին Pegasus լրտեսական ծրագրով։
Նման հաքերային հարձակումների հետևանքով փաստաթղթերի արտահոսքը իրականում հաճախ ազդեցության օպերացիաների մաս է, և կարող է մի քանի տեսակի լինել.
- Արտահոսած ֆայլերը ամբողջությամբ կեղծ են։
- Արտահոսած ֆայլերը հիմնականում իրական են, սակայն ունեն մի քանի կեղծ նյութեր։ Իրական փաստաթղթերն օգտագործվում են հավաստիության պատրանք ստեղծելու համար, մինչդեռ այս գործողության բուն նպատակը հենց կեղծիքի լեգիտիմացումն է։
Կան դեպքեր, երբ արտահոսքը ամբողջությամբ իրական է, բայց այստեղ առաջանում է հարց. ո՞վ է դրա հետևում կանգնած։ Այստեղ նույնպես կան տարբերակներ։
Կան բացառիկ պատմություններ, երբ արտահոսքի հետևում կանգնած է մտահոգ քաղաքացի, որը համաձայն չէ իրականացվող «մութ գործերի» հետ։ Ամենահայտնի դեպքերից մեկը WikiLeaks-ում հայտնված ԱՄՆ Պետդեպի և Պենտագոնի հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերն են, որոնք Չելսի/Բրեդլլի Մենինգն էր փոխանցել կայքին։
Մյուս տարբերակում հարձակումն իրականացվում է գաղափարական դրդապատճառներ ունեցող հաքերային խմբերի (հաքտիվիստների) կողմից ։ Վառ օրինակ են ձախակողմյան հայացքներով հայտնի Anonymous շարժման տարբեր խմբավորումների գործողությունները, որոնք պարբերաբար կիբեռհարձակումների են ենթարկում բռնապետական ռեժիմներին։ Կամ թուրքական Կարմիր Հաքերները (RedHack, Kizil Hackerlar), որոնք, իրենց մարքսիստ-լենինիստական հայացքներից ելնելով, բազմիցս հրապարակել են թուրքական կառավարության գաղտնի փաստաթղթեր։
Կա և երրորդ տարբերակը, երբ հարձակումները իրականացվում են պետական հաքերային թիմերի կողմից, իսկ հետո արտահոսքը լեգիտիմացնում են կա՛մ անհայտ կայքերի միջոցով (ինչպիսին է Хроники Кавказа-ն), կա՛մ հորինում են ձախ հայացքներով հաքերային թիմ և դրա անունից իրականացնում արտահոսքը։ Այսպես, օրինակ, 2017 թվականին ռուսաստանյան ռազմական հետախուզությունը Anonymous Bulgaria կեղծ ակտիվիստ հաքերների անունից հրապարակել էր Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան գաղտնի փաստաթղթերը, որոնք ցուցադրում էին զենքի գաղտնի վաճառքների սխեմաները։
Հարկ է նշել, որ ազդեցության գործողությունները կարող են լինել նաև բացասական։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի դեմ տասնամյակներ իրականացրել են տեղեկատվական, կիբեռ և այլ տիպի հիբրիդային հարձակումներ։ Եվ հիմա դժվար չէ նկատել, որ, օրինակ, Ադրբեջանը, որպես ազդեցության գործողություն, աշխատացնում է հենց նեգատիվ ակտիվություն։ Այսինքն, սառեցրել է Հայաստանի դեմ իրականացվող հիմնական գործողությունները։ Ադրբեջանական հաքերները գրեթե զրոյական ակտիվություն են ցուցադրում հայաստանյան թիրախների դեմ։
Պետական ֆինանսավորում ունեցող հայալեզու հարթակները սառեցվել են՝ armenia[.]az կայքը հունվարից չի թարմացվում, caliber[.]az-ի հայերեն բաժինը անհետացել է։ Բազմաթիվ կեղծ հաշիվներ սոցցանցերում հիմա փորձում են դրական շփում իրականացնել հայերի հետ (սա, իհարկե, լավ չի աշխատում, քանի որ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ատելության լեզվով շփումը)։
Ամեն դեպքում, հիբրիդային հարձակումների մասին խոսելիս, չմոռանանք, որ հաճախ դրանք իրականացվում են, որպեսզի հենց դրանց աղբյուրը քողարկվի կամ կեղծ ընկալվի։