Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

2026թ․-ի հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝  թվային տիրույթում ակտիվանում են զանազան գործողություններ, որոնք կարելի է անվանել հիբրիդային հարձակումներ։

Երկու, ենթադրաբար մրցակից հաքերային խմբեր՝ Armenian Code-ը (Հայկական կոդ) և Wolves of Turan-ը (Թուրանի գայլերը), հայտնվել են Տելեգրամում՝ ներգրավվելով հաքերային «ատամն ատամի դիմաց» հակամարտության մեջ։ Բայց  OSINT վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, որ սա մեկ միասնական և համակարգված արշավ է, որը միտված  է տարածաշրջանն ապակայունացնելուն։ Եվ իրականում երկու թշնամի հաքերային թիմերի հետևում կանգնած է նույն արտաքին ներազեցություն իրականացնող անհայտ թիմը, որի մասնակիցները, ամենայն հավանականությամբ, խոսում են ոչ թե հայերեն կամ թուրքերեն, այլ ռուսերեն։

Թվային երկվորյակներ. Ծնված նույն աղբյուրից

Թեև այս խմբերը պնդում են, որ ներկայացնում են հակադիր ազգայնական շահեր, նրանց ենթակառուցվածքը բացահայտում է զուգահեռ ծնունդ և աճ.

  • Համակարգված գործարկում. Armenian Code (AC)-ը ստեղծվել է 2026 թվականի հունվարի 14-ին։ Ընդամենը հինգ օր անց՝ հունվարի 19-ին, ի հայտ է եկել «մրցակից» Wolves of Turan (WoT)-ը։

Տելեգրամ ալիքները․
AC. անգլերենը՝ @armeniancode_eng , հայերենը՝ @armeniancode_am.
WoT. անգլերենը՝ @Wolves_of_Turan_ հայերենը՝ Tr – @Wolves_of_Turan

  • Ենթակառուցվածքի հայելայնացում. Երկու խմբերն էլ իրենց ալիքները գրանցել են ռուսական վերլուծական TGStat հարթակում՝ մեկը մյուսից 24 ժամվա հետո

Armenian Code-ը TGStat-ում

Wolves of Turan-ը TGStat-ում

  • Տեսողական և կառուցվածքային ինքնություն. Երկու խմբերի հրապարակումները կարծես մեկը մյուսի հայելին լինեն

Հաքերային թիմերը սովորաբար օգտագործում են երրորդ կողմի կայքեր, որոնք կարող են օբյեկտիվորեն ապացուցել, որ իրենց հարձակումը հաջողված էր։ Ամեն հարձակման համար ստեղծվում է առանձին հղում, որը ապացուցում է կոնկրետ կայքի վրա կոնկրետ պահին հարձակումը։ Armenian Code-ը և Wolves of Turan-ը այս նպատակով օգտագործում են նույն կայքը, ինչը արդեն հետաքրքիր է։ Սակայն արձանագրվել է ավելի հետաքրքիր օրինակ, որը ցույց է տալիս, որ այդ ալիքների ադմինը նույն մարդն է։ Այդ երկու Տելեգրամ ալիքների ընդհանուր ադմինը մի օր շատ շտապել է, ու երկու հակադիր ալիքներում սխալմամբ նույն հղումները հրապարակել։

check-host.net/check-report/3d35ec43kb85
check-host.net/check-report/3d35ee5dk6e6
check-host.net/check-report/3d35ed41kc29

Տվյալ դեպքում մանիպուլյացիաներով զբաղվողներն իրենք են դարձել սեփական մանիպուլյացիաների զոհ, և սխալմամբ նույն հղումները տեղադրել.

Լեզվական մատնահետքեր. «ռուսական» շարահյուսություն

Չնայած իրենց դիրքավորմանը՝ որպես հայ և թուրք հայրենասերներ, երեք լեզվական մոդելների, ԱԲ-ների (Gemini, ChatGPT, Grok) կողմից իրականացված լեզվական վերլուծությունը նրանց անգլերեն բովանդակության մեջ բացահայտել է ռուսալեզու մտածողության ձևերի զգալի նշաններ։

  • Թարգմանության արտեֆակտներ. Խմբերն օգտագործում են կոնկրետ բառացի թարգմանություններ, որոնք տարածված են ռուսական քաղաքական դիսկուրսում, բայց հազվադեպ են հայկական կամ թուրքական բնիկ թվային մշակույթում։ Այսպես օրինակ, սրանք ռուսերենից բառացիորեն վերցրած արտահայտություններ են. “sit idly by with folded arms”, “absorbed it with our mothers’ milk”, “piece by piece”, “we will not miss a single attack and we will take revenge!”, “the call of blood”.
  • Կյուրեղագիր (кирилица) արտեֆակտներ. Armenian Code-ի հրապարակման մեջ տեքստում ասվում է. opposition party “Hayk” (Аякве)։ Անվան կողքին Аякве կյուրեղագիր ուղղագրության ներառումը հուշում է, որ բնօրինակ սևագիրը գրվել է կիրիցայով (հավանաբար ռուսերեն, քանի որ «Հայկը» հայկական անուն է, բայց տրված տառադարձումը ռուսերեն հնչյունաբանություն է)։ Իսկ քաղաքական կուսակցության իրական անունը «ՀայաՔվե» է, ոչ թե «Հայկ». սա ևս ցույց է տալիս անհայտ օպերատորի կողմից իրականացված ավտոմատ թարգմանությունը՝ առանց մանրամասների մեջ խորանալու:

 Թիրախը. սաբոտաժ Հայաստանի դեմ

Այս գործողության հիմնական նպատակը կարծես թե Հայաստանի ենթակառուցվածքների դեմ կիբեռհարցակումների համար հիմք ստեղծելն է՝ օտար դրոշի տակ։

2026 թվականի ապրիլին գործողությունը երկու հաքերային թիմերի միջև տեղեկատվական պատերազմից անցում կատարեց բարձր ազդեցության DDoS և SCADA կիբեռ հարձակումների։

Wolves of Turan-ը, ըստ իրենց հայտարարության, ի պատասխան Armenia Code թիմի հարձակումների թուրքական և ադրբեջանական թիրախների դեմ, սկսել են լուրջ հարձակուներ Հայաստանի ֆինանսական, պետական և այլ կարևոր ենթակառուցվածքների դեմ։ Ամենայն հավանականությամբ, մոտակա շաբաթների ընթացքում կարելի է սպասել էլ ավելի լայնածավալ հարձակումների։

Եզրակացություն. արհեստականորեն ստեղծված ճգնաժամ

«Armenian Code»-ը և «Wolves of Turan»-ը թշնամիներ չեն. նրանք նույն մարմնին պատկանող երկու ձեռքեր են։ Արհեստականորեն «կիբեռպատերազմ» ստեղծելով՝ չարամիտ դերակատարը, որը թաքնվում է ստվերում, հասնում է մի քանի աշխարհաքաղաքական նպատակների:

  1. Տնտեսական խաթարում. Խարխլել վստահությունը հայկական բանկային և ֆինտեխ կայունության նկատմամբ։
  2. Կիբեռբևեռացում. Երկարատև գործողություն, որը նախատեսված է Հայաստան-Թուրքիա/Ադրբեջան կիբեռ (կամ ավելի լայն) հակամարտությունը բորբոքելու համար՝ մինչև հունիսյան ընտրությունները։