Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Ռուսաստանում գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հաքերային հարձակման արդյունքում հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Հայաստանի քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան շրջելու լայնածավալ ռազմավարություն: Այն  ենթադրում է մասշտաբային տեղեկատվական գործողություններ, բայց ոչ միայն։ Այս նախագծերն ընդգրկում են մեդիա հարթակների ստեղծում, կեղծ տեղեկատվության տարածում և նույնիսկ թաքնված գործողություններ Եվրոպայում:

SDA-ն (“Агентство социального проектирования” ) նոր դերակատար չէ։ Այն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ 2024-ի ամերիկյան ընտրությունների վրա ներազդեցության փորձերի պատճառով։ Օրեր առաջ բրիտանական կառավարությունը հերթական անգամ պատժամիջոցների մասին հայտարարեց այս PR գործակալության դեմ։

Անհայտ հաքերներ հայտարարեցին, որ իրենց հաջողվել է կոտրել գործակալության ցանցը և հրապարակեցին մեծ քանակի փաստաթղթեր։ Դրանց մի մասը իրենցից ներկայացնում են Հայաստանի ուղղությամբ ազդեցության գործողությունների ծրագրեր, որոնք արդեն իրականացվել են, կամ իրականացվում են։ Իհարկե, մտքում հարկավոր է պահել, որ հաքերային հարձակումը գործակալության դեմ նույնպես կարող է մեկ այլ կողմից հիբրիդային հարձակման հետևանք լինել և, օրինակ, իրական նյութերի մեջ կարող են ներդրված լինել նաև կեղծ, արհեստածին փաստաթղթեր։ Սակայն, ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք իրական նյութերի հետ։

Եվ այսպես, ի՞նչ ենք տեսնում այդ նյութերում

1. Ռազմավարական նպատակ. 2026 թվականի ընտրությունները

SDA-ի գործունեության հիմնական թիրախը 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Հիմնական, բայց ոչ միայն, ռազմավարությունը «ռուսաստանցի հայերի» մոբիլիզացումն է, որոնք, ըստ հեղինակների, կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:

Այս նպատակով գործարկվել են հետևյալ նախագծերը.

  • «Երևան1» (Ереван1). Մասնագիտացված մեդիա Ռուսաստանի հայ համայնքի համար, որի նպատակն է ձևավորել բացասական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և դրական՝ պրոռուսական ուժերի հանդեպ: 2026 թվականի դրությամբ այն արդեն գործում է որպես լիցենզավորված ԶԼՄ՝ ակտիվ սոցիալական ցանցերով:
  • «Խոսում է սփյուռքը» (Говорит диаспора). Համահայկական մեդիա հարթակ, որը թիրախավորում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի և այլ երկրների հայությանը: Այն քարոզում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը և շեշտադրում Արևմուտքից ու Թուրքիայից եկող վտանգները:

2. Վարկաբեկման գործողություններ. «Մարսել» քեյսը

Ամենացայտուն օրինակներից մեկը «Մարսել» կոդային անվանումով գործողությունն է (իրականացման ամսաթիվը՝ 5 հունիսի, 2025 թ.):

  • Գործողության էությունը. Տարածվել է տեղեկատվություն, թե Նիկոլ Փաշինյանը 3.1 միլիոն եվրոյով վիլլա է գնել Մարսելում՝ օգտագործելով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) միջոցները:
  • Մեթոդները. Օգտագործվել են իբր «ֆրանսիացի լրագրողների» նյութերը, որոնք արագորեն տարածվել են մեդիաների և սոցցանցերի միջոցով:
  • Արդյունքը. Նյութը հավաքել է ավելի քան 10.6 միլիոն դիտում ամբողջ աշխարհում տարբեր լեզուներով:

3. Թվային մանիպուլյացիաներ. Վիքիպեդիայի «կլոնը»

Տեղեկատվական դաշտը վերահսկելու համար SDA-ն ստեղծել է «Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը:

  • Մեխանիզմը. Ստեղծվում են Վիքիպեդիայի կլոն-կայքեր հայերեն և ռուսերեն, որոնք ունեն ավելի լավ SEO օպտիմալացում՝ Google-ի որոնման արդյունքներում բնօրինակին գերազանցելու համար:
  • Խնդիրները. Հոդվածների մեջ ներմուծվում են անհրաժեշտ նարատիվներ: Օրինակ՝ «Երևան» կամ «Դատական համակարգ» էջերում ավելացվում են բլոկներ, որոնք վարկաբեկում են որոշակի քաղաքական գործիչների կամ պաշտպանում «իրենց» թեկնածուներին:
  • «Կեղծ դրոշ». Նախագծի սերվերները միտումնավոր տեղակայվում են Թուրքիայում, որպեսզի բացահայտման դեպքում ստեղծվի «թուրքական հետքի» տպավորություն:

4. Աստղագուշակություն և սադրանքներ Փարիզում

Փաստաթղթերը ցույց են տալիս նաև հոգեբանական ազդեցության և գաղտնի գործողությունների կիրառումը.

  • Աստղագուշակական վերլուծություն. Նյութերը պարունակում են Հայաստանի և անձամբ Փաշինյանի 2025 թվականի մանրամասն «աստղագուշակը», որը կանխատեսում է «պայթյունավտանգ իրադարձություններ», բողոքի ակցիաներ և հեղինակության անկում: Այս,  տեղեկատվական հարձակումները օգտագործվում են, հավանաբար, որոշակի կոնկրետ լսարանի թիրախավորելու համար։
  • «Հիշատակի օր» ակցիան Փարիզում. 2025 թ. ապրիլին նախատեսված էր գաղտնի ակցիա Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների մոտ:
  • Կատարողները. Ներգրավվել են Խորվաթիայի և Բուլղարիայի քաղաքացիներ, որոնց ներշնչվել է, թե նրանք աշխատում են «Դաշնակցություն» կուսակցության համար:
  • Էությունը. Գիշերով փակցվել են «I remember and demand» գրությամբ ստիկերներ՝ կոնսպիրացիայի խիստ կանոնների պահպանմամբ:

5. 2026 թվականի կարգավիճակը

Ըստ 2026 թվականի հաշվետվությունների՝ SDA-ն հաջողությամբ գործարկել է ազդեցության գործիքների ամբողջական ցանց, ինչի մասին ներկայացվում է հաշվետվություն.

  • Արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծվում են հարյուրավոր վիդեոհոլովակներ և նյութեր:
  • Վերահսկվում է ավելի քան 10,000 օգտահաշիվ սոցիալական ցանցերում՝ անհրաժեշտ թեզերը տարածելու համար:
  • Վիքիպեդիայի կլոն-նախագծում արդեն առկա է ավելի քան 50,000 խմբագրված էջ:

Իհարկե, ըստ հրապարակված տվյալների, գործակալությունն ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր ուղղություններով, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն և զգալի ռեսուրսներ են կենտրոնացվել 2026 թվականի հունիսյան ընտրությունների վրա։