2022.01.14,

Քննադատ

Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։ 

Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։ Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։ Երևի կան մի շարք հանգամանքներ։ Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։ Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։ Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։ 

Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։ Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։ 

Այսպես, մի շարք լրատվականների էջերն արգելափակվել են այն պատճառով, որ Ֆեյսբուքը բացահայտ գրաքննության է ենթարկում բովանդակությունը։ 

Օրինակ, Մոնթեի նկար կամ նույնիսկ Մոնթեի անվան կամայական օգտագործումը բերում է էջերի և հաշիվների արգելափակմանը։ Անհասկանալի է, թե ինչու է Ֆեյսբուքի ադմինիստրացիան հիմա սկսել նման գրաքննության ենթարկել հայկական հաշիվները։ (Նշենք, որ առաջին դեպքերը արձանագրվեցին դեռ 2020-ին, սակայն 2021-ի երկրորդ կեսից արգելափակումները դարձան զանգվածային)։ 

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բազմաթիվ բողոքներն ու լոբբինգն է հանգեցրել նման հետևանքների։ Իսկ կարող է պարզապես ֆեյսբուքի մոդերատորներից մեկը ադրբեջանական բողոքներից հետո դիմել է Վիքիպեդիային, որտեղ հստակ կապ կա Մոնթեի ու ԱՍԱԼԱ-ի միջև, իսկ ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ինչն էլ դարձել է մոդերատորների մոտեցման հիմք։ 

Իսկ Ֆեյսբուքում, ինչպես հայտնի է, երբ սկսում են մի բանի համար արգելափակել, անում են դա անմիտ, ավտոմատացված, լիակատար ուրագի պես։ 

Մոդերատորները և պարզապես ռոբոտները ամենուր փնտրում են Մոնթեի նկարներն ու դրանք արգելափակում, էջերին, հաշիվներին ու խմբերին նկատողոթյուններ անում և ժամանակավոր փակում։ Իսկ կրկնվելու դեպքում՝ հաշիվները հաճախ պարզապես ոչնչացվում են։ 

Ռոբոտները գտնում են Մոնթեի նկարները նույնիսկ հին, տարիներ առաջ արված գրառումներում։ Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի հայաաստանյան հաշիվ կա Ֆեյսբուքում, որտեղ չկա գոնե մի քանի Մոնթեի նկար։ Եվ պատկերացրեք աղետի մասշտաբները։ 

Ընդ որում, այս պահին հասկանալի էլ չէ, թե ինչպես Ֆեյսբուքում նստած ջոջերին բացատրել, որ իրենք սխալ են։ Ու նույնիսկ, եթե հաջողվի սխալը ուղղել, վաղը, մյուս օրը մի մոդերատոր մի նոր բան կկարդա Վիքիպեդիայում, ու կսկսեն մեկ այլ անիմաստ պատրվակով արգելափակել էջերը։      

Եվ կրկին ու կրկին գալիս ենք այն մտքին, որ հարկավոր է մտածել աղբյուրների բազմազանության մասին, չի կարելի հույս դնել միայն ու միայն Ֆեյսբուքի վրա։ Առավելևս, որ տվյալ հարթակի մոդերացիան գնալով ավելի ու ավելի է վատանում։ 

Այս պարբերությունից սկսած փորձենք մատնանշել այն հարթակները, որոնք արդեն նոր տարում հույսեր են ներշնչում այս բազմազանացման հարցում։ 

Առաջինը, ինչ մենք իմանում ենք Clowdflare-ի տվյալներից, այն է, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհում, TikTok-ը դարձել է ամենաայցելվող դոմեյնը։ 

Cloudflare Radar տվյալները Հայաստանում մեկ ամսվա ընթացքում

Հիմա չքննարկենք, թե որքանով լավ կամ վատ լուր է սա բովանդակության որակի տեսանկյունից։ Փաստ է, որ տվյալ փաստի հետ պետք է հաշվի նստել։ Եվ միայն բողոքները չեն օգնի լրատվականներին։ Աշխարհում մեծ լրատվականները չեն զլանում օգտագործել այս հարթակը։ 

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Տելեգրամը Հայաստանում վերջապես անցավ ոչ միայն Վայբերին, այլ նույնսիկ Ֆեյսբուքի մեսենջերին և Վոթզափին ու դարձավ ամենակիրառվող մեսենջերը։ Ինչը նաև այն դարձնում է լավ հարթակ լրատվականների համար՝ հաշվի առնելով, որ նմանատիպ ալիքների ազդեցությունը Հյաատսնում շարունակում է աճել։ 

Տելեգրամ ալիքներ Հայաստնում ունեն բավականին շատ լրատվականներ։ Սակայն, մեծ մասը օգտագործում են դրանք մոտավորապես նույն կերպ, ինչպես Թվիթերը։ Այսինքն՝ սխալ։ Տելեգրամն էլ, Թվիթրեր էլ, որը նույնպես վատ հարթակ չէ, օգտագործվում են Հայաստանում հիմնականում որպես հղումների ամբարներ։ 

Բայց այդ կերպ այս հարթակներում աշխատել չի կարելի, քանի որ նման դեպքերում լսարանը դադարում է հղումներին կտացնել։ Հարկավոր է աշխատել լսարանի հետ, ընկալել հարթակների լեզուն, ոճը, մոտեցումները և լսարանի ուզածը։ 

Ամեն դեպքում հարկավոր է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ լսարանն այսօր ցրվում է տարբեր հարթակներով։ Նույն Ֆեյսբուքի լսարանը Հայաստանում սկսել է արդեն նվազել՝ մոտ երկու տարի անփոփոխ մնալուց հետո։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *