Բաքվում հայերի դատավարությունը

«Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»․ 2021-ի հունիսի 7-ին Արմավիրում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նախընտրական քարոզարշավ էր։ Նրա ելույթից հատկապես մեկ նախադասություն՝ մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու մասին, անդադար շրջանառվելով հասավ մինչև 2026-ի ընտրություններ։

5 տարվա ընթացքում 150-ից ավելի գերի վերադարձավ Բաքվից, բայց գերիների թեման առանցքային է նաև այս քարոզարշավում։ Կան քաղաքական ուժեր, որ նրանց վերադարձը ձևակերպել են որպես նախընտրական խոստում և ընդգրկել իրենց ծրագրերում։

Ընդդիմությունը պնդում է, որ քանի դեռ Բաքվում պահվող հայեր կան, խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել։ Իշխանությունը հակառակն է ասում՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը նպաստում է գերիների վերադարձին։

Գերիների հարցը, արդեն երկու ընտրություն, ըստ պատեհության, քննարկվում է ներքաղաքական օրակարգում։ Դրան անդրադարձող վերջին աղմկոտ առիթը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արտաhայտությունն էր՝ «ա, դե, ծընգլ արիք»։ Մայիսի 25-ին, Գյումրիում, նա այսպես էր արձագանքել գերիների վերադարձի մասին լրագրողի հարցին՝ ավելի ուշ պարզաբանելով, թե իր պատասխանը գերիների հարցին չէր վերաբերում։

Ուղերձներ Բաքվից՝ քարոզչությանը զուգընթաց

Մայիսի 26-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում անցկացվեց առաջին ատյանում ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննության նախանիստը։

Նրանցից Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը մայիսի 27-ին Արցախի Ազգային Ժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով ուղերձ էր տարածել։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների ուղերձներում աշխատում ենք կարդալ այն, ինչը գրված չէ՝ փորձելով տեսնել տողատակերն ու ենթադրել, թե հատկապես ինչի համար է հղվել ուղերձը։ Իշխանյանի ուղերձում այդպիսի մի քանի հատված կա։

Նա Բաքվի բանտից քննադատում է դատավարությունը լուսաբանող AZtv-ի միակողմանի լրատվության ու ապատեղեկատվության համար, համարում այն «մոլորեցնող» և պահանջում, որ լրատվամիջոցը չլուսաբանի դատական նիստերը։

Առանց անուն նշելու՝ ԱԺ նախագահն ասում է, թե «ոչ անհայտ, կարևոր պաշտպաններից մեկը պոռթկացել է նիստի ժամանակ ու ասել է՝ սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար»։ Նա նաև հիշատակում է Կաֆկային, թե՝ կերազեր ներկա լինել նման դատավարության։

Իշխանյանի ուղերձը, սակայն, որոշ լրատվամիջոցներ տարածել են նրա խոսքից մի խոսույթով, որն ընդդիմադիր շրջանակներում հաճախ է շրջանառվում։ Այն է՝ Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ գերիները վերադառնան։ «Ազատության» անդրադարձը վերնագրված է․ «Մեզ հուշում էին՝ այստեղ եք այնքան, ինչքան կցանկանա ՀՀ իշխանությունը, ցավոք այդպես է»։

Նույն նախադասությունն է դարձրել վերնագիր նաև Սիվիլնեթը․ «Հասկացրել են՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան կցանկանան Հայաստանի իշխանությունները. Դավիթ Իշխանյան»։

Նույն միտքն է News.am-ում․ «ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ մենք վերադառնանք․ պինդ եղեք»։

Sputnik Արմենիան, Factor.am-ը ու էլի բազմաթիվ լրատվամիջոցներ այս վերնագրով են հրապարակել Դավիթ Իշխանյանի ուղերձը։

5–ր ալիքը փորձել է ինտրիգ ստեղծել՝ վերնագրի վրա հարցական նշան դնելով՝ «Ի՞նչ են հուշել ադրբեջանցի պաշտոնյաները»։

Կան լրատվամիջոցներ, որ ընտրել են չեզոք վերնագիրը՝ «Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից»։ Սրանց թվում է նաև Yerkir.am կայքը, որը պատկանում է ՀՅԴ–ին։ ՀՅԴ–ն ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Դավիթ Իշխանյանը նույնպես դաշնակցական է, բայց լրատվամիջոցը խուսափել է առաջին պլան բերել Դավիթ Իշխանյանի՝ իշխանությանը վերաբերող խոսքը, որը հնչել է Բաքվի բանտից։

Նկատենք, որ հենց ուղերձը վերնագիր ունի՝ «Մենք շարունակելու ենք մեր որդեգրած ուղին»։ Այն շատ ընդհանուր է, չունի հստակություն, չի պարունակում ինտրիգ։ Ո՞վ է դրել այս վերնագիրը՝ չգիտենք, բայց ենթադրելի է, որ ուղերձը այդպես վերնագրել է այն տարածողը, այսինքն, Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան կայքը, ուրեմն, ինչո՞ւ են որոշ լրատվամիջոցներ անտեսել այն։

Լավ վերնագիրը գրավիչ է, օգնում է, որ նյութը կարդացվի, բայց Բաքվից եկող ուղերձները չհամարենք սովորական հաղորդագրություններ։ Դրանք հրապարակելու լավագույն տարբերակը, երևի, հրապարակելն է՝ առանց ձեռք տալու, առանց դրանց վրա լրագրողական աշխատանք կատարելու ու վերնագրելու՝ ամենահետաքրքիրը առաջ բերելով։ Հատկապես, որ չգիտենք, թե ինչ պայմաններում է գրվել այդ ամենահետաքրքիր դրվագը կամ ինչի համար է գրվել։ Կամ էլ՝ գիտենք։

Այսօր, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում 19 հայ է պահվում։ Նրանց հիմնական մասը հայտնվել է այնտեղ 2023-ի իրադարձություններից հետո։ Բաքվից ուղերձներ են հղում նաև Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Բաբայանը։