Հայաստանյան 6 խմբագրություններ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միավորվել են ու ստեղծել ժամանակավոր (Pop Up) խմբագրություն՝ այս շրջանում ակտիվացած ապատեղեկատվության դեմ պայքարի համար։
Հետք, ՍիվիլՆեթ, Factor TV, FIP, ampop.am, media.am կայքերը «Փաստացի խմբագրության» հարթակում կիսում են իրենց աշխատանքային գործիքները, համատեղ քննարկում են թեմաները և փոխանցում են փաստերի ստուգման ժանրում իրենց արած աշխատանքը։
Փաստերի ստուգման կարևորության և այս շրջանում նրանց կողմից արդեն իսկ կատարված աշխատանքի մասին զրուցել ենք խմբագրությունների ներկայացուցիչների հետ։

Գարիկ Հարությունյան
Factor TV-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար
Նախընտրական պրոցեսին զուգահեռ՝ ակնկալում էինք, որ ապատեղեկատվությունը, մոլորեցնող տեղեկությունները շատ են լինելու, և այդպես էլ եղավ։ Այս իմաստով շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք ճշտված տեղեկություններ են ուզում ստանալ, ունենան «մեկ պատուհան», որտեղ հավաքված են փաստերի ստուգմամբ զբաղվող բոլոր թիմերը։ Այդ պատուհանը դարձավ «Փաստացի խմբագրությունը»։
Այս հարթակը լրատվամիջոցների հետ մրցելու համար չէ։ Ամեն ընթերցող կարող է հետևել իր նախընտրած լրատվամիջոցին։ «Փաստացի խմբագրությունը» լրացուցիչ աղբյուր է, որը թույլ է տալիս բոլորի հրապարակումները տեսնել մեկ տեղում ու տեղեկություններ փնտրելիս հատ-հատ չստուգել բոլոր վստահելի կայքերը։
Ես էլ եմ հասկանում, որ ապատեղեկատվությունը տարածվում է ավելի արագ, քան՝ ստուգված տեղեկատվությունը։ Կան կեղծիքներ, որոնք բացահայտում ենք ժամերի, երբեմն՝ րոպեների ընթացքում։ Բայց և կան տեղեկություններ ու պնդումներ, որոնց ստուգումը կարող է տևել շատ օրեր ու շաբաթներ։ Այդ ժամանակը գինն է, որ վճարում ենք ճշտված տեղեկություն ունենալու համար։
Ինչո՞ւ է կարևոր հետևել այս հարթակին հենց նախընտրական շրջանում։ Ասեմ։ Երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Այս նախընտրական փուլը հատկապես աչքի է ընկնում ապատեղեկատվական արդյունաբերական ծավալներով։ Եվ այս աղմուկից խուսափելու համար մարդիկ կարող են ծայրահեղ քայլերի դիմել, առհասարակ հրաժարվել լրատվությունից։ Հիմա մենք ավելի ինտենսիվ ենք աշխատում, որ մարդիկ դա չանեն, հետևեն ստուգված բովանդակությանը և կարողանան տեղեկացված որոշում ընդունել քվեախցիկում՝ ում էլ ընտրելիս լինեն։
Այս քարոզարշավը նաև բազմազան է կեղծիքների թեմաներով։ Բայց նկատել ենք օրինաչափություն, որ քաղաքական ուժերը մեկը մյուսի մասին ավելի շատ կեղծիք են տարածում, և հատկապես թիրախավորում են այն թեմաները, որոնք նվիրական են քաղաքական հակառակորդի համար։ Տարածման մասով էլ կա որոշակի օրինաչափություն․ տեսնում ենք, որ ավելի հաճախ կեղծիքները տարածվում են դիտավորությամբ։

Անի Գրիգորյան
ՍիվիլՆեթի Փաստերի ստուգման թիմի ղեկավար
Նախընտրական շրջանում ապատեղեկատվության ծավալների աճը, մանիպուլյացիան շատ արագ են տարածվում։ Ուստի կար նման համագործակցության կարիք՝ միավորելու ջանքերը, մեծացնելու լսարանները, լինելու կենտրոնացված, որպեսզի դիմադրենք ապատեղեկատվության այս հոսքին։
Տարբեր խմբագրությունների կողմից ստուգված տեղեկությունները մեկ հարթակում են հասանելի, ինչը ընթերցողին հնարավորություն է տալիս չշրջել բոլոր կայքերով, մտնել «Փաստացի խմբագրության» էջը ու տեսնել բոլոր 6 խմբագրությունների աշխատանքները փաստերի ստուգման ոլորտում։ Բացի այդ, երբ ամեն ինչ մեկ հարթակում է, բարձրանում է վստահելի տեղեկատվության հասանելիությունը, տարածումը շատանում է և մեծանում է թիրախային լսարանին գտնելու հնարավորությունը։
Մենք հասկանում ենք, որ ժամանակը փաստերի ստուգման մարտահրավերներից է․ կեղծ լուրերը շատ արագ են տարածվում, իսկ մենք ստուգում ենք ավելի դանդաղ։ Բայց մեր աշխատանքը չի կարող լինել փաստերի, աղբյուրների բացակայության հաշվին։ Բայց նույնիսկ մի քանի օր անց հնարավոր է ազդել այս կեղծ, մանիպուլյատիվ լուրի տարածումը մեր հոդվածների շնորհիվ, որովհետև դրանք կարող են երկար թևածել մեդիամիջավայրում, շարունակ մեջբերվել ու դառնալ գործիք՝ հանրության կարծիքի վրա ազդելու առումով։ Նույնիսկ մի քանի օր անց հեքել այդ լուրը, կարող է փակել այս շղթան։
Մենք ընթերցողին տալիս ենք ոչ թե կարծիքներ, ենթադրություններ, կանխատեսումներ, այլ փաստեր, բացատրություններ՝ հիմնված այս փաստերի վրա։ Ընթերցողը տեսնում է ոչ միայն այն, թե որտեղ են իրեն խաբում, որ լուրն է սուտ կամ մանիպուլյատիվ, այլև այն, թե ինչպես ենք մենք դա պարզել, ինչ ճանապարհով, ինչ միջոցներով։
Նախընտրական շրջանում մեր աշխատանքը առավել քան կարևոր է, որովհետև պատկերացրեք, թե քանի անգամով է մեծանում ապատեղեկատվության ծավալը և ինչպիսի միջոցներ են կիրառվում որոշ ուժերի կողմից՝ ընտրողների ձայների վրա ազդելու համար։ Դրանց կարևոր է հիմնավոր հակադարձել և մենք այդ աշխատանքը անելու ենք նաև հետընտրական շրջանում։ Հիմա արդեն իսկ, ուսումնասիրելով ՍիվիլՆեթի կատարած հոդվածների բովանդակությունը, կարող եմ ասել, որ մանիպուլյացիները հիմնականում արվում են սոցիալ-տնտեսական թեմաներով, անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներով։ Շատ են նաև խեղաթյուրված պնդումները Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասին, պատերազմ-խաղաղություն թեզերի մասին։ Դրանք տարածվում են ոչ թե մեկ աղբյուրից, այլ կիսաանուն, կեղծ կայքերով, սոցիալական ցանցերով, հետո լրատվամիջոցներով, ու մեզ համար շատ կարևոր է ցույց տալ նաև այս շղթան, թե ինչպես են փորձ անում ազդել մարդկանց վրա։
Նկատել ենք նաև հիբրիդային պատերազմին բնորոշ տարրեր, երբ ոչ թե պարզապես մեկ ապատեղեկատվություն է տարածվում, այլ այն ավելի լայն գործընթացի փոքր դետալն է, ուղված է քաղաքական բևեռացման խորացմանը, հանրության մեջ վախի մթնոլորտի ձևավորմանը և այլն։
Ուրախ եմ, որ նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, թե հասարակության լայն շրջանակների։

Հասմիկ Համբարձումյան
FIP – Փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր
Սա խմբագրությունների ջանքերի համատեղման և ապատեղեկատվության դեմ միասնական պայքարի առաջին փորձն է Հայաստանում։ Մենք արդեն մի քանի ամիս է՝ աշխատում ենք միասին, մոնիթորինգ ենք իրականացնում, հայտնաբերում ենք ապատեղեկատվական արշավներն ու հրապարակված կեղծ ինֆորմացիան և տեղեկացնում այդ մասին հանրությանը։
Հաճախ մարդիկ տեղեկատվական աղմուկի մեջ չեն հասցնում տարբերակել՝ որն է փաստ, որն է մեկնաբանություն, որն է մանիպուլյացիա կամ կեղծիք։ «Փաստացի»-ի կարևորությունն այն է, որ այստեղ տարբեր խմբագրություններ միավորում են իրենց ջանքերը՝ կոնկրետ պնդումներ ստուգելու, աղբյուրներ ներկայացնելու և հանրությանը ստուգված տեղեկատվություն փոխանցելու համար։ Ուստի կարծում եմ՝ նման ձևաչափի կարիք, որտեղ պրոֆեսիոնալներ են ու բարեխիղճ մասնագետներ, իսկապես կար հայաստանյան մեդիադաշտում։
Փաստերի ստուգումը առանձին մասնագիտական աշխատանք է։ «Փաստացի»-ում նյութերը կառուցվում են ոչ թե կարծիքի, այլ ստուգման գործընթացի սկզբունքով․ օրինակ՝ վերցնում ենք կոնկրետ պնդում, ուսումնասիրում ենք աղբյուրները, պաշտոնական տվյալները, փաստաթղթերը, համադրում տվյալները, և միայն դրանից հետո ներկայացնում եզրակացություն։ Հաճախ նաև քարտեզագրում ենք՝ ինչպես և ինչ ուժգնությամբ ու ինչ ալիքներով է տարածվում տվյալ ժամանակահատվածում գերակա նարատիվը կամ խոսույթը։ Ընթերցողին նաև ցույց ենք տալիս՝ ինչպես ու ինչ գործիքներով ենք ստուգում իրականացնում, ինչը վստահելիություն է առաջացնում մեր նկատմամբ։
Հասկանում եմ նաև, որ ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է շատ արագ, իսկ ստուգումը ժամանակ է պահանջում։ Սա մի տեսակ չգրված օրենք է մեր շրջանում, որի հետ ես ինքս հաշտ չեմ, շատ-շատ եմ ափսոսում, որ էդպես է։ Այո, մեզ՝ փաստեր ստուգողներիս համար ծանր է ու մարտահրավերային, նույնիսկ՝ անարդար, որ ճշգրտված տեղեկությունը շատ ուշ է հասնում ընթերցողին, և անարդար է այն տեսանկյունից, որ մարդը ստանում է կեղծ կամ սուտ ինֆորմացիա ու մնում, շարունակում ապրել այդ ինֆորմացիայի հետ միասին։
Բայց ինչևէ, մենք մտածում ենք, որ այստեղ կարևոր է ոչ միայն արագությունը, այլ նաև ճշգրտությունը։ Եթե լրագրողը պետք է ստուգի փաստաթուղթ, պաշտոնական տվյալ, տեսանյութի ծագում կամ որևէ աղբյուր, ապա դա երբեմն չի կարող արվել մի քանի րոպեում։ Ճշգրիտ ու համակողմանի ինֆորմացիա ունենալու համար չպետք է շտապել, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։
Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե հերքումը հրապարակվում է որոշ ժամանակ անց, այն կարևոր է, որովհետև կեղծ պնդումները հաճախ շարունակում են շրջանառվել։ Այդուհանդերձ, ատուգված նյութը դառնում է հղման աղբյուր՝ լրագրողների, փորձագետների, քաղաքացիների համար։ Այսինքն՝ այն ոչ միայն տվյալ պահին է ազդում, այլ նաև կանխում է հետագայում նույն մանիպուլյացիան կրկնելու հնարավորությունը։
Այս աշխատանքը առավել քան կարևոր է նախընտրական շրջանում, որովհետև տեղեկության հոսքը շատ է, ապատեղեկատվության ռիսկը մեծանում է, որովհետև քաղաքական ուժերը, քարոզչական խմբերը կամ տարբեր շահագրգիռ դերակատարներ փորձում են ազդել հանրային տրամադրությունների, մարդկանց դիրքորոշումների վրա։ Այդ փուլում մեկ կեղծ լուր, խեղաթյուրված մեջբերում կամ մանիպուլյատիվ թիվ կարող է ազդել ընտրողի ընկալումների վրա։
Հարթակը որոշակի ժամանակահատված շարունակելու է աշխատել նաև ընտրություններից հետո, քանի որ փաստերի ստուգումը միայն ընտրությունների համար չէ։ Հետընտրական շրջանում ևս անհրաժեշտ է հետևել քաղաքական հայտարարություններին, ընտրությունների արդյունքների վերաբերյալ պնդումներին, հնարավոր մանիպուլյացիաներին և հանրային նշանակություն ունեցող թեմաներին։
Խոսելով բովանդակության մասին, կարող եմ ասել, որ մեր դիտարկմամբ՝ մանիպուլյացիաները հաճախ վերաբերում են ԵՄ-ի հետ հարաբերություններին, ընտրական գործընթացներին, երկրի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև պատերազմի և զոհերի թեմաներին։ Այս թեմաները զգայուն են, և հենց դրա համար էլ հաճախ օգտագործվում են հանրային վախերը կամ անվստահությունը խորացնելու համար։ Ամենաշատ կեղծ տեղեկություններ տարածվում են վարչապետի ու նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ։
Տարածողները տարբեր են՝ քաղաքական գործիչներ, կուսակցական շրջանակներ, բլոգերներ, ֆեյսբուքյան էջեր, տելեգրամյան ալիքներ, լրատվամիջոցներ, երբեմն նաև օտարերկրյա կամ օտարերկրյա ազդեցության տակ գտնվող տեղեկատվական ցանցեր, բոտային հաշիվգներ։ Կարևոր է հատկապես մեխանիզմը՝ նույն պնդումը հաճախ սկսվում է փոքր էջերից, հետո տարածվում է ավելի մեծ լսարան ունեցող հարթակներով։ Հաճախ դա արվում է համակարգված ու տպավորություն է, թե բոլորը այդ թեմայի մասին են խոսում։
Նկատում ենք նաև հիբրիդային պատերազմին բնորոշ հրապարակումներ։ Դրանք սովորաբար այն հրապարակումներն են, որոնք միաժամանակ փորձում են վարկաբեկել պետական մարմինները, խորացնել հասարակության շրջանում բևեռացումը, տարածել վախ, կեղծ պատմություններ ներկայացնել՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ու ընտրությունների վերաբերյալ մանիպուլյատիվ պատկեր ստեղծելով։