Տաթևիկ Բեժանյան

ՀՀ-ում անցկացվում են երկու տեսակի ընտրություններ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի /համապետական/ ընտրություններ։ Արցախցիների և օտարերկրացիների մասնակցության համար օրենքով սահմանված են տարբեր պայմաններ: ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել նաև փախստականները, ինչպես նաև ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, եթե նրանք տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված են առնվազն մեկ տարի:  

Սա վերաբերում է նաև արցախցիներին, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և առնվազն մեկ տարի գրանցված են տվյալ համայնքում։ 

Իսկ համապետական՝ Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել միայն և բացառապես Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները։ Օտարերկրացիները չեն կարող մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ինչ վերաբերվում է ԼՂ բնակիչներին, ապա նրանք կարող են մասնակցել համապետական ընտրություններին, եթե նրանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Քանի որ արցախցիները քաղաքացիություն ստանում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակից հետո, ինչը նշանակում է, որ նրանք այլ պետության քաղաքացիություն չունեն, երբ նրանց շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, այդ պահից նրանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակն ու այդ մասին հավաստող փաստաթղթերը դադարում են գործել, ուստի իրենց կարգավիճակից բխող 070 ծածկագրով անձնագրով չեն կարող մասնակցել ընտրություններին: Որպեսզի կարողանան մասնակցել ԱԺ ընտրություններին, քաղաքացիության շնորհման մասին ծանուցումն ստանալուց հետո, պետք է դիմեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն անձնագրավորման համար և մինչև անձնագրի տպագրությունն ստանալ համապատասխան փաստաթուղթ, որն անձին հնարավորություն կտա մասնակցելու ընտրություններին: 

ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել ընտրություններին անկախ նրանից, թե երբ են ստացել քաղաքացիությունը։ Եթե ՀՀ նախագահի՝ քաղաքացիություն շնորհելու հրամանագիրն ուժի մեջ է մտել, անձը կարող է մասնակցել ԱԺ ընտրություններին, նույնիսկ եթե ՀՀ քաղաքացիությունն իր երկրորդ կամ երրորդ քաղաքացիությունն է։  

Կարևոր է նշել, որ Հայաստանում բնակության ցենզը վերաբերում է միայն ընտրվելու իրավունքին, ոչ թե ընտրելու իրավունքին։ Այսինքն՝ անձը կարող է նույնիսկ ՀՀ հասցեով հաշվառում չունենալ կամ դեռևս անձնագիր ստացած չլինել, սակայն եթե ՀՀ քաղաքացի է, անկախ այն հանգամանքից քաղաքացիությունը շնորհվել է նախագահի հրամանագրով, թե քաղաքացի է հանդիսանում օրենքի ուժով, նա կարող է գալ և մասնակցել ընտրություններին։  

Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին երկար տարիներ ապրել է արտերկրում, այդ ընթացքում չի եկել Հայաստան, և նրա փաստաթղթերի ժամկետը լրացել է, նա կարող է վերադարձի վկայականով գալ Հայաստան և ժամկետանց անձնագրով մասնակցել ԱԺ ընտրություններին, եթե Հայաստանում ունի հաշվառում և տվյալներն առկա են ընտրողների ցուցակում։  

Ընտրողների ցուցակում տվյալների բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ, կախված այն հանգամանքից, թե օրենքով սահմանված ո՞ր հիմքով է անձի տվյալը դուրս մնացել ընտրողների ցուցակներից, Ծառայությունը կամ կտրամադրի տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար, կամ անձը հաստատող փաստաթուղթ (9-րդ ձև)՝ դատարան դիմելու և դատարանի որոշման հիման վրա լրացուցիչ ընտրացուցակում ընդգրկվելու համար։ 

Թե վերը նշված պայմաններին համապատասխան քանի ՀՀ քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին, ես այդ տվյալը չունեմ, թեև ենթադրում եմ, որ պետությունն այդ տեղեկատվությանը տիրապետում է։  

ՀՀ ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք չունի ՀՀ քաղաքացիների ընդամենը երկու կատեգորիա 

  1. Եթե անձը դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչվել է անգործունակ։
  2. Եթե անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, և կա դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճիռ, որի հիման վրա նա կրում է պատիժ։ 

Առանձին խնդիր է արտերկրում մահացած անձանց հարցը։ Եթե արտերկրում մահացած անձանց հարազատները մահվան մասին փաստաթղթերը չեն ներկայացնում Հայաստանի ՔԿԱԳ մարմիններին, ապա այդ անձինք պաշտոնապես չեն համարվում մահացած և շարունակում են մնալ ընտրողների ցուցակներում։ 

Հարազատները պարտավոր են ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, որպեսզի ՔԿԱԳ մարմինները տրամադրեն մահվան վկայական, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տվյալ անձին հանի բնակչության ու ընտրողների ռեգիստրներից։ Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ անձը մահացել է արտերկրում, և պետությունը այդ տեղեկությունը չունի։ 

Տաթևիկ Բեժանյան,
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ