Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Մեդիայում արհեստական բանականության մասին քննարկումները սովորաբար պտտվում են նույն երկու վախերի շուրջ՝ այն կա՛մ կփրկի լրագրությունը, կա՛մ կկործանի այն։

Բայց գուցե այս երկու պատկերացումներն էլ չափազանց պարզեցված են։

ԱԲ-ն այսօր հաճախ ներկայացվում է որպես երևույթ, որը հիմնովին փոխելու է լրագրությունը։ Բայց իրականում մեդիան շատ ավելի վաղ էր սկսել հարմարվել ալգորիթմների ու սոցիալական մեդիայի թելադրած կանոններին։

Այս իմաստով ԱԲ-ի շուրջ տարածված միֆերն ավելի շատ խոսում են լրագրության ներկա վիճակի, քան հենց տեխնոլոգիայի մասին։

Միֆ 1. ԱԲ-ն կկործանի լրագրությունը

Սա թերևս ամենահուզական վախն է։ 

Այն կառուցված է այն պատկերացման վրա, թե մինչև ԱԲ-ի հայտնվելը լրագրությունն ամբողջությամբ մարդկային տարածք էր, որտեղ որոշումները կայացվում էին բացառապես լրագրողական արժեքների հիման վրա։

Իրականում սակայն խմբագրությունները վաղուց էին սովորել աշխատել որոնողական համակարգերի պահանջներով, իսկ բովանդակությունն արտադրել այնպիսի տեմպով, որը հաճախ ավելի մոտ էր սոցիալական մեդիայի արագությանը, քան լրագրողական աշխատանքի ռիթմին։

Այս իմաստով ԱԲ-ն ոչ այնքան կտրուկ շրջադարձ է, որքան արդեն գոյություն ունեցող մեդիա համակարգի շարունակություն։

Այո, այն կարող է սղագրել, մեծ ծավալով տվյալներ մշակել, նույնիսկ պարզ լուրեր գրել։ Բայց լրագրությունը երբեք միայն տեքստ գրելու մասին չի եղել։

Հետաքննական աշխատանքը, աղբյուրների հետ վստահության ձևավորումը, քաղաքական ու մշակութային համատեքստի ընկալումը դեռ շարունակում են մնալ մարդկային աշխատանքի արդյունք։ Եվ սա ոչ թե այն պատճառով է, որ մեքենաները «զգացմունքներ չունեն», այլ որովհետև լրագրությունը ոչ միայն տեղեկատվություն է, այլև պատասխանատվություն։

Միֆ 2. ԱԲ-ն կլուծի մեդիայի ֆինանսական խնդիրները

ԱԲ-ի մասին ամենատարածված պնդումներից մեկն այն է, որ այն մեդիան ավելի «արդյունավետ» կդարձնի։

Խմբագրություններին համոզում են, որ մեքենայական գործիքները կօգնեն ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ բովանդակություն արտադրել, արագացնել աշխատանքը և նույնիսկ մասամբ լուծել մեդիայի ֆինանսական խնդիրները։

Բայց այստեղ կարևոր հարց կա․ եթե լուրերն այլևս չեն կարդացվում այնպես, ինչպես նախկինում, ապա ի՞նչ իմաստ ունի պարզապես ավելի շատ բովանդակություն արտադրելը։

Մեդիայի խնդիրը վաղուց միայն բովանդակության քանակը չէ։ Խնդիրն այն է, որ հենց այն լրագրությունը, որը ժամանակ ու ռեսուրս է պահանջում, ամենադժվարն է պահպանել ֆինանսական ճնշումների պայմաններում։

Եվ թերևս ԱԲ-ի դարաշրջանում մեդիայի գլխավոր ռիսկը ոչ միայն աշխատատեղերի կրճատումն է, այլև լրագրողական առաջնահերթությունների փոփոխությունը։

Միֆ 3. ԱԲ-ն չեզոք տեխնոլոգիա է

ԱԲ համակարգերը հաճախ ներկայացվում են որպես օբյեկտիվ մեխանիզմներ, որոնք պարզապես «վերլուծում են տվյալները»։ Բայց տվյալները երբեք չեզոք չեն լինում։

ԱԲ-ն սովորում է արդեն գոյություն ունեցող տեղեկատվական միջավայրից։ Եթե այդ միջավայրը լի է քաղաքական, մշակութային կամ լեզվական անհավասարություններով, ապա այդ անհավասարությունները վերարտադրվում են մեքենայական համակարգերում։

Սա հատկապես վտանգավոր է փոքր լեզուների և փոքր մեդիա շուկաների համար։

Հայերեն բովանդակությունը համեմատաբար քիչ է և հաճախ վատ թվայնացված։ Արդյունքում փոքր լեզուներն ու տեղական պատմությունները կարող են ավելի արագ դուրս մնալ տեսանելիությունից։

Միֆ 4. Լրագրողները պարզապես պետք է «հարմարվեն»

Վերջին տարիներին մեդիա ոլորտում «հարմարվելու» գաղափարը դարձել է գրեթե անվիճելի պահանջ։ Խմբագրություններին անընդհատ ասում են, որ պետք է հարմարվել նոր տեխնոլոգիաներին ու ալգորիթմներին։

Բայց այստեղ կարևոր հարց կա․ հարմարվել ո՞ւմ կանոններով։

Ավելի վաղ անդրադարձել էի այն հարցին, որ տեխնոլոգիական «հարմարվելու» լեզուն հաճախ ներկայացվում է որպես անխուսափելի գործընթաց, մինչդեռ իրականում այն փոխում է ուժային հարաբերակցությունը մեդիայի և տեխնոլոգիական հարթակների միջև։

Լրագրությունն արդեն մեկ անգամ անցել է այս ճանապարհով։

Սոցիալական մեդիայի բուռն աճի տարիներին խմբագրություններին համոզում էին, որ եթե նրանք ճիշտ «օպտիմալացնեն» բովանդակությունը, ապա կհաղթեն ալգորիթմներին։ Փոխարենը մեդիան ավելի կախված դարձավ հարթակներից, որոնք ցանկացած պահի կարող էին փոխել խաղի կանոնները։

Այսօր նույն տրամաբանությունը վերադառնում է ԱԲ-ի միջոցով։

Եթե «հարմարվելը» նշանակում է անընդհատ փոխվել ուրիշների կանոններով, ապա դա ոչ թե մասնագիտական ճկունություն է, այլև կախվածության ձև։

Տեխնոլոգիաներին արձագանքելը անհրաժեշտ է։ Բայց լրագրությունը չի կարող անվերջ հարմարվել համակարգերին, որոնք ինքը չի վերահսկում։

Միֆ 5. ԱԲ-ն կարող է փոխարինել լրագրողին

ԱԲ-ի մասին գրեթե բոլոր քննարկումները վաղ թե ուշ հանգում են նույն հարցին՝ կփոխարինի՞ արդյոք այն լրագրողներին։

Բայց գուցե սա ամենակարևոր հարցը չէ։

Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ է կորչում, երբ լրագրությունը սկսում է գնահատվել հիմնականում արագության ու ծավալի չափանիշներով։

Այդ պահին սկսում են արժեզրկվել հենց այն հատկանիշները, որոնք լրագրությունը տարբերում են պարզապես բովանդակություն արտադրելուց՝ կասկածելու, ստուգելու, համատեքստ ստեղծելու և իշխանությանն անհարմար հարցեր տալու մշակույթը։

Եվ թերևս ամենամեծ վտանգն այն չէ, որ մեքենաները կսկսեն հոդվածներ գրել, այլ այն, որ լրագրությունը սկսի կորցնել իր սեփական չափանիշները։