2021.12.14,

Քննադատ

Ի՞նչ սպասենք 2022-ից մեդիա ոլորտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդեն ժամանակն է, օգտվելով 2021֊ի դառը և քաղցր փորձից, փորձել պատկերացնել, թե ինչ կարող ենք սպասել հաջորդ տարուց։ 

Գոյություն ունեն մի շարք հիմնական զարգացումներ, որոնք կշարունակեն ունենալ մեծ ու աճող ազդեցություն մեդիա դաշտի վրա։ 

Առաջինը՝ ընդհանուր սոցցանցային դաշտի վերաբաշխումներն են։ 

Անցնում են այն տարիները, երբ Ֆեյսբուքը հանդիսանում էր գերհարթակ, որը հիմնական թելադրողն էր տեղեկատվական հոսքերում, նաև շատ դեպքերում՝ հիմնական նորությունների աղբյուրը։ Բացի դրանից, Ֆեյսբուքի մարքեթինգային քաղաքականությունն այնպիսին էր, որ թույլ էր տալիս նույնիսկ սոցցանցի օգտատերերի արտահոսքի դեպքում չկորցնել մարդկանց, քանի որ մեծամասնությունը արտագաղթում էր կրկին իրենց պատկանող Ինստագրամ։ 

Սակայն, վերջին երկու տարիներին սկսել է ձևավորվել նոր թրենդ․ աշխարհը կրկին գնում է դեպի հարթակների բազմազանություն, որը գոյություն ուներ մինչև Ֆեյսբուքի ագրեսիվ արշավները։ 

Նկարի վրա պատկերված են Hootsuite կազմակերպության ուսումնասիրության տվյալները, թե որքանով է բիզնեսը օգտվում սոցիալական մեդիաից իր նպատակներին հասնելու համար։ 

2020-2021-ին փաստացի սկսվեց դաշտի դիվերսիֆիկացիան։ 2022֊ին այս միտումը  կշարունակվի, ի հայտ բերելով նոր հարթակներ, նոր հնարավորություններ։ Այսպես, օրինակ, Տելեգրամում գովազդի հնարավորության առաջին քայլերն արդեն ստեղծում են հիմք հարթակի հետագա ակտիվացման համար այն շուկաներում, որտեղ մինչ այսօր այն այդքան էլ տարածված չէր։ 

Իրար հետևից մի քանի երկրում գովազդային հարթակը փորձարկում են Pinterest-ը, TikTok֊ը։ Եթե TikTok֊ի դեպքում արդեն ակնհայտ է, որ սոցցանցը ստանում է գերազդեցություն որոշ հասարակական հատվածների շրջանակում, ապա Pinterest֊ի դեպքում կարելի է սպասել, որ տվյալ հարթակը կկարողանա ավելի լայնորեն դիրքավորվել և աճեցնել իր ազդեցությունը։ 

Մյուս կարևոր բանը կրիպտոարժույթի հանդեպ աճող հետաքրքրույթունն է, որի հետևանքով այն արդեն դառնում է սովորական երևույթ բավականին լայն հանրային հատվածների համար։ 

Կրիպտոյի շուրջ արդեն ձևավորվում են սոցիալական հարթակի զանազան տարրեր ունեցող երևույթներ, օրինակ NFT ստեղծման և վաճառքի շուրջ ձևավորված, շատերի համար դեռ խիստ անհասկանալի շարժումը։ 

Բացի դրանից, երկու տարի է, ինչ սոցցանցերը փորձում են պետությունների դիմադրությանը հակառակ ներգրավել կրիպտոարժույթն իրենց հարթակներում։ 

Մետան (նախկին Ֆեյսբուքը) բավականին լուռ, բայց գործարկեց իր կրիպտո քսակը։ Եվ  այն արդեն ինտեգրվում է WhatsApp֊ի հետ, թեև դեռ աշխարհագրորեն սահմանափակ։ Եթե սոցցանցին հաջողվի շրջանցել ռեգուլյատորների դիմադրությունը, ապա սա կփոխի օնլայն վաճառքի, օնլայն ծառայությունների ողջ դաշտը։ Հնարավոր է, որ հենց եկող տարին դառնա հեղափոխական այս ուղղությամբ։ 

Իհարկե, կարելի է սպասել շատ ու շատ այլ փոփոխությունների։ Օրինակ, սպասել, որ ավելի գերիշխող դիրքեր է ստանալու տեսանյութը, որպես հիմնական արտադրվող և սպառվող բովանդակություն։ 

Նաև կշարունակվի ինֆլուենսերների և բլոգերների ազդեցության աճը։ 

Սակայն, շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ բովանդակային սնունդ կտա մեզ եկող տարին։ Իսկ այս խառը աշխարհում դա բարդ է կանխատեսել։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *