2021.03.05,

Քննադատ

Լրագրության անցյալից. իրական և լրատվական քիլլերներ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Հայաստանը բաժանեց միմյանց դեմ թշնամաբար տրամադրված երկու բանակի: Հին ու նոր իշխանությունների արանքում կար ութ զոհ, ընդ որում, 98-ի հեղաշրջումով լղոզված քաղաքական դաշտում դժվար էր տարբերակել, թե զոհերը առավելապես նախկի՞ն, թե՞ գործող իշխանությունների ներկայացուցիչներ են: 

Փոխադարձ մեղադրանքների հեղեղը, բնականաբար, անցնում էր լրատվամիջոցներով, իսկ դա նշանակում էր, որ հակամարտ բանակների էին բաժանվել նաև լրատվամիջոցները: Ցավոք, մամուլի ազատության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը հնարավորություն չէր տալիս մնալ կոռեկտության սահմաններում, և քաղաքական մշակույթի խղճալի վիճակի պատճառով անհանդուրժողականությունը, հայհոյախոսությունը, թշնամանքը տարածվում էր նաև տպագիր խոսքում: 

Իրավիճակը ավելի էր բարդացնում այն, որ ոճրագործների պարագլուխը կապված էր լրագրության հետ, և նրա ուսանողական ընկերներից մի քանի հոգի, որ արդեն իսկ ճանաչված անուններ էին՝  հայտնվեցին կասկածյալի կարգավիճակում: 

Հասարակության մեջ առանց այն էլ մեծ հարգանք չվայելող լրագրությունն, այսպիսով, դարձավ շատերի աչքի փուշը, լրագրողներն էլ, ըստ այդմ, շատերի պատկերացումներում ասոցացվում էին իրական կամ պոտենցիալ քիլլերների հետ: Ասենք՝ ոմանք ինքնակամ էին ընդառաջ գնում այս կոչմանը, թերթերում ու եթերում բառիս բուն իմաստով հոշոտելով իրենց համար անցանկալի գործիչներին, ասես հեռակա մրցակցության մեջ մտնելով այս գործում 1996- 2000թթ. անգերազանցելի ОРТ-ի  հայտնի հաղորդավարի՝ Սերգեյ Դորենկոյի հետ:

Ներքաղաքական ցնցումները փոքր-ինչ մեղմելու, հասարակության երկփեղկումը անկառավարելիության աստիճանի չհասցնելու գերխնդիրը հանգեցրեց նոյեմբերի 13-ին երկրի նոր կառավարության կազմավորմանը, որի ղեկավար դարձավ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Այս քայլով փորձ արվեց հնարավորինս երկարաձգել 99-ի խորհրդարանի ընտրությամբ փաստացի հաստատված երկիշխանության ստատուս-քվոն: Այդ երկիշխանության մի թևը՝ նախագահականը, կառավարության ու խորհրդարանի գլխատումից հետո գործադիր ու օրենսդիր մարմինների ղեկավարման ծանրությունը մեծահոգաբար բարձեց զոհերի վշտաբեկ ու շփոթահար հարազատների ու նրանց մերձավորների ուսերին, հրաշալիորեն հասկանալով, որ Քոչարյանի չտապալվելու միակ ձևը սա է: Սպանված Վազգեն Սարգսյանի կողմնակիցները կուտը կերան. նրանց թվաց, թե որոշ լծակների տիրապետելով՝ կկարողանան բացահայտել ու պատժել ոճրագործության պատվիրատուներին

Հասկանալի է, որ իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների քանակը անհամեմատ մեծ էր: Հատուկենտ էին ազատի ու ընդդիմադիրի սահմաններն այնքան էլ պարզ չպատկերացնող և այս միջակայքում տարուբերվողները, որոնց հաճախ հետապնդում էին կանխատեսելի խոչընդոտները կամ անակնկալ զարգացումները: Օրինակ՝ այդ շրջանում ֆինանսական դժվարությունների պատճառով փակվել էր «Հայքը», ինչ-որ պահից էլ՝ հոկտեմբերի 27-ից ժամանակ անց, ընդմիջվեց «Առավոտի» տպագրությունը, ըստ շրջանառվող պատճառաբանության՝ տեխնիկական վերազինման նպատակով…

Այս կարգի ցնցումները քիչ էին՝ իշխանություններին չծառայող, ազատ, իրենց մասնագիտական սկզբունքներին հավատարիմ լրագրողները հաճախ դառնում էին թիրախ լրագրական ահաբեկչություն մեջ օրեցօր հմտացող իշխանական թերթերի էջերում: Այդ թերթերն անվանարկում էին ոչ յուրային լրագրողներին, չխորշելով ամենանողկալի բամբասանքներ ու ստեր հրապարարակելուց, տպագիր բառամթերքը համեմելով հահոյանքներով, վիրավորական որակումներով, չարախոսությամբ, պարզապես զրպարտությամբ: Ցավոք, հնարավոր չէր որևէ կերպ կասեցնել դա՝ դատարան դիմելը անմիտ ժամավաճառություն էր լինելու, իսկ փոխըմբռնման հասնելը բացառված էր ի սկզբանե: Ահա այս պայմաններում էր, որ լուսանկարիչ Գերման Ավագյանը թերթերի խմբագիրներից մեկին հարկադրաբար կերցրեց նրա տպագրած զրպարտությունը, բերանը խոթելով թերթի համապատասխան էջը, խորհուրդ տալով այլևս նման ստորություն չանել:

Նման մի սկանդալի մեջ ներքաշվեցի ես: Մեկ այլ թերթ «Բարով վայելես, Վասակ Դարբինյան» վերնագրով նախ մի ամբաստանություն հրապարակեց,  թե իբր ես յուրացրել եմ «Հայք» թերթի վերահրատարակման համար Վանո Սիրադեղյանի տրամադրած 25 հազար դոլարը: Դժվար էր բնորոշում գտնել այդ զազրախոսությանը, և անհեթեթություն կլիներ ներքաշվել ակնհայտ սադրանքի մեջ, ուստի դրան առանձնապես ուշադրություն չդարձրի: Շուտով, սակայն, նույն թերթում հրապարակվեց էլ ավելի նողկալի մի թղթակցություն, որտեղ անվանարկվում էին մի քանի գործընկեր լրագրողուհիներ: Անգամ նշված էին մեկ կամ երկու անուն: 

Օրեր անց փողոցում պատահաբար տեսա այդ տխրահռչակ թերթի խմբագրին: Մինչ այդ չէինք շփվել, անձամբ ծանոթ չէինք: Մոտեցա, բարևեցի, ճշտեցի իր ինքնությունը, ինքս էլ ներկայացա, ապա հորդորեցի, խնդրեցի և պահանջեցի, որ ընդամենը բանավոր ներողություն խնդրի այդ երկրորդ հրապարակման համար, բացատրելով, որ եթե զառանցանքին (առաջին հոդվածին) կարող էի ուշադրություն չդարձնել, ապա բացահայտ ստի, ամբաստանության ու վիրավորանքների համար գոնե ներողություն պիտի խնդրի: Շատ երկար բացատրում ու համոզում էի, որ դա ամենախելամիտ լուծումը կլինի, դրանից ավելի ոչինչ չեմ ուզում, ընդամենը ներողություն խնդրի ու գնա իր գործին… Բայց նա անհողդողդ էր, համառ ու անզիջում: Մինչև այն պահը, երբ ոտքերը կտրվեցին գետնից: Գնալուց առաջ խոստացա, որ եթե ևս մի անգամ նման բան տպագրի՝ ամեն ինչ չափազանց վատ կվերջանա:

Ի պատիվ իրեն՝ պայմանս երբևէ չխախտեց: Այդպիսով, համոզվեցի, որ բոլոր քաղաքակիրթ ռեսուրսները սպառելուց հետո միակ արդյունավետ լուծումը մնում է դաստիարակչական ծեծը: Անչափ ցավալի եզրահանգում, որը բխում է մեր մռայլ ու թափթփված իրականությունից… Զանազան հրապարակումների պատճառով մինչ այդ հաճախ էին սկանդալներ ծագել, բայց դրանք հիմնականում եղել էին պաշտոնյաների, քաղաքական գործիչների մասնակցությամբ: Դրանք, որպես կանոն, ծագում էին կամ թյուրըմբռնումների հետևանքով, կամ հակառակորդ քաղաքական ուժին մամուլում փչացնելու,  որևէ գործչի անվանարկելու նպատակով: Մինչդեռ այժմ, ահա, հակամարտություններ էին ծագում «ներհամայնքային», լրագրողական դաշտում: Դա ահազանգ էր, որ հասարակության մեջ համերաշխություն ասվածը շատ երկար ժամանակ չի լինելու:

…Հ1-ից հեռացվելուց հետո գործազրկության հերթական տևական փուլը պիտի ավարտվեր անակնկալ առաջարկով՝ համագործակցել «Արմենիա» հեռուստաընկերության հետ: 

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *