2020.12.12,

Քննադատ

Լրագրության անցյալից. Ծառուկյանի ներխուժումը «Հայկական ժամանակի» խմբագրություն

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

99-ի նոյեմբերի կամ դեկտեմբերի կիսամռայլ մի օր Sony Ericsson մոդելի  իմ բջջային հեռախոսով, որին կոպիտ ու դիմացկուն լինելու պատճառով «դուբինկա» էինք ասում, զանգահարեցի Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանին, հարցրի՝ ուր ես, ինչ ես անում: «Գնում եմ «Հայկական ժամանակ»,- ասաց: «Ի՞նչ կա»-, զարմացա: «Ոնց որ Ծառուկյանենք հարձակվել են Նիկոլի վրա…»: «Ո՞նց… Ինչի՞ համար»: «Դե գնամ, տեսնեմ, էլի: Արդեն մոտենում եմ»: «Ես էլ եմ գալիս»,- ասացի: «Դու էլ արի»,- պատասխանեց:

Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ, որ Նիկոլը հաճախ էր ներքաշվում սկանդալների մեջ. դա նրա տարերքն էր լրագրական գործունեության հենց սկզբից: Առհասարակ լրագրական նրա ամբողջ գործունեությունն է ուղեկցվել սկանդալներով: Այս առումով նա միշտ տարբերվել է անաղմուկ, հանդարտ, ապահով, անշառ, հնազանդ, հավատարիմ, ծառայամիտ, բարեկեցություն ապահովող լրագրությունը նախընտրող իր գործընկերներից: 

…Մինչ այս պատմությունը ներկայացնելը չեմ կարող շրջանցել մեկ այլ միջադեպ, որը տեղի էր ունեցել Ծառուկյանի համապատասխան «գրոհից» ամիսներ առաջ: Միջադեպից օրեր անց, Ա1+-ի եթերում հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, Նիկոլը պատմում է. «ԴԱՀԿ ծառության Կենտրոն համայնքի աշխատակիցը քացով բացել էր խմբագրության դուռը և իրեն ամբարտավան պահել՝ ինչ-որ որոշում հանձնելու»: «Ոտքով»,- փորձում է մեղմել Արամը: «Չէ, ոչ թե ոտքով, այլ հատկապես քացով,- պնդում է Նիկոլը…- Ինձ համար շատ վիրավորական էր, որ մեր խմբագրության աղջիկների և կանանց ներկայությամբ մեկը կարող էր մտնել և իրեն այդպես պահել: Ես իրեն ուղղակի կարգի եմ հրավիրել: Ես իրեն կարգի եմ հրավիրել իր ամբարտավան պահվածքի վերաբերյալ…»:

Արարատ Զուրաբյանին զանգելուց րոպեներ անց հասա խմբագրություն: Մեքենան  կանգնեցրի քիչ հեռու, բակում ազատ տեղ չկար՝ մի քանի շքեղ ու հսկա ջիպեր  օկուպացրել էին տարածքը, դրանց մատույցներում խմբված էին եղանակին և իրենց քշած մեքենաներին համահունչ դեմքեր: 

Դուռը բացեցի ու միանգամից տեսա Նաիրա Զոհրաբյանի այլայլված դեմքը: Նա նոր էր աշխատանքի անցել «Հայկական ժամանակում», բայց իր սուր հոդվածներով արդեն հասցրել էր դառնալ ՀԺ-ի ծանր հրետանին: Ընդհանուր սենյակում նրանից բացի կային նաև մի քանի լրագրող, բոլորը՝ ակնհայտորեն հուզված ու բորբոքված: «Էս ի՞նչ ա եղել»,- հարցրի: Նաիրան իրեն բնորոշ վրդովմունքով ու ցասումով նկարագրեց, թե ինչպես են մի քանի …-ներ ներխուժել խմբագրություն, հարվածել ու կեղտոտ հայհոյանքներ տվել լրագրողներին, քաշքշել ու հրել խմբագրին, վնասել գույքը… Չեմ կարող բառացի վերարտադրել նրա նկարագրությունը, մանավանդ որ հիշողությանս մեջ մնացել են միայն չափից դուրս հյութեղ ու թունդ  որակումները:

Մնացած լրագրողները խուսափեցին ինչ-որ բան ավելացնել: Հարցրի՝ ուր է Նիկոլը: Ներսում, ասացին, ներսի սենյակում: 

Բացեցի ներսի սենյակի դուռը: Երկու բազկաթոռներին նստած բանակցում էին Արարատ Զուրաբյանն ու Գագիկ Ծառուկյանը: Խմբագրի սենյակում կանգնած էր ու տանտիրոջ իր կարգավիճակն էր վերահաստատել Նիկոլ Փաշինյանը: Բարևեցի, Նիկոլը զարմացավ ինձ տեսնելով, Արարատը ժպտաց, իսկ Ծառուկյանը տարակուսած նայեց ինձ, ապա Արարատին, կամենալով իմանալ՝ ով եմ ես և ինչ գործ ունեմ այստեղ: Նրան միանգամից հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է զորքով եկել: Մինչ կպատասխաներ՝ շրջվեցի Նիկոլի կողմը, հարցրի՝ էս ի՞նչ ա կատարվում: «Տեսնում ես, էլի»,- ասաց: Էդ ընթացքում Արարատը հասցրեց ինչ-որ բան շշնջալ Ծառուկյանի ականջին, և երբ դարձյալ նայեցի նրան՝ ինձ մատնացույց արեց ՀԺ-ի այդ օրվա համարի առաջին էջի մի լուր. էս ա մեր գալու պատճառն, ասաց: Մի քանի տողանոց լուրի բովանդակությունը չեմ հիշում, հիշում եմ միայն, որ առնչվում էր տնտեսական ոլորտին: Մի քանի անգամ կարդալուց և արտառոց ոչինչ չգտնելուց հետո Ծառուկյանին հարցրի՝ հա, ի՞նչ: «Սուտ ա գրած,- բողոքեց,- տենց բան չկա»: Նիկոլը փորձեց առարկել ու տեղի չտալ, իսկ ես հարցրի. «Ենթադրենք սուտ ա, եթե սուտ ա՝ հերքում պահանջեք, ճիշտը ներկայացրեք, պիտի գաք ջարդուփշո՞ւր անեք, աղջիկներին ծեծե՞ք…»: 

Քիչ անց դուռը բացվեց, ներս մտավ Խաչատուր Քոքոբելյանը: Ծառուկյանն ակնհայտորեն մտադիր չէր համառել. նրան հիմա մտահոգում էր, թե ինչպես ավարտին հասցնի այս պատմությունը: Բայց շարունակում էր պնդել, թե լուրը սուտ է, և ինքը եկել է ճշմարտությունը պաշտպանելու: Սա, բնականաբար, ավելի էր բորբոքում Նիկոլին: Իրավիճակը դարձյալ լարվեց, և վեճի թունդ պահին, երբ այն կարող էր անկառավարելի դառնալ ու հանգել «-ախր դու ով ես, -բա դո՞ւ ով ես» կետին՝ կրակին յուղ լցնելու պես Ծառուկյանին բառացի ասացի հետևյալը. «Լսիր, ուրեմն…, քեզ նման օրը հարյուր հատ ծնվում է, իսկ էս տղու նմանները ծնվում են հարյուր տարին մեկ…»: 

Ծանր ու պայթյունավտանգ լռություն տիրեց: Այն ի զորու չէր ցրել ոչ Քոքոբելյանի՝ մեղմացուցիչ փաթեթավորմամբ մատուցված չարախինդ ժպիտը, ոչ Զուրաբյանի միջնորդական հաշտարար առաքելությունը: Ինչ-որ լուծում էր պետք, և ես այն գտա ակնթարթորեն՝ փոքր-ինչ նահանջելով ու դրանով նաև լիցքաթափելով թանձրացող լռությունը. «Ուրեմն պայմանավորվում ենք. կանչում ես էդ զորքիդ, շարում պատի տակ, ու նրանք միաբերան բարձրաձայն ներողություն են խնդրում խմբագրության աղջիկներից իրենց անշնորհք վարքի համար… Տղերքին ծեծել եք՝ ոչինչ, կռիվ ա եղել, մի օր էլ իրենք ձեզ կծեծեն… Տղայականը՝ հետո»:

Այդպես էլ եղավ: Շարեց թիկնազորին ու բացատրեց, որ աղջիկներից պետք է ներողություն խնդրել: Գլխահակ թիկնազորի տղաները նրա հրահանգով կիսաձայն մրմնջացին՝ ներողություն: Չի լսվում, պահանջեցի, և ստանալով Ծառուկյանի «բարձր ասեք» հրահանգը՝ միաձայն արտաբերեցին. ներողություն… Աչքի պոչով նայեցի Նաիրայի դեմքին. թեև դեռ չէր անցել վրդովմունքը, բայց կարծես գոհ էր այս վերջին դրվագից:

…Հետո, երբ դուրս էի եկել խմբագրությունից և ուզում էի գնալ, Արարատը մոտեցավ ու ասաց՝ տեղ ենք գնում:

Ավելի ճոխ սեղան, քան «Ոսկե պատառաքաղում» Գագիկ Ծառուկյանի պատվիրածն էր՝ քչերը տեսած կլինեն: Դա փաստորեն միջադեպը հարթված համարելու արարողակարգ էր, որը անցավ սառը մթնոլորտում ու տևեց մեկ ժամից էլ պակաս: 

Ահա այսպես ավարտվեց մի փոքրիկ, կարելի է ասել՝ աննշան լուրից ծագած սկանդալը, որի ականատեսն ու մասնակիցը դարձա:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *