2020.12.25,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-2

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ա. Խաղաղության խոսույթը

Մաս II

Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածում («Հայք» #15, 16, 18, 19, 1990 թ․) հիմնավորվում էր անկախ պետության ստեղծման հրատապությունը՝ հակառակ այն բանի, որ գաղափարը «շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը ետ վերցնելու մասին)»։

Այդ օրերին բոլորին պարզ էր, որ Մանուկյանը նկատի ունի առաջին հերթին ՀՅԴ-ին, որի Բյուրոն արտասահմանից հայտարարություն էր տարածել անկախացման վտանգների մասին։ Մանուկյանը՝ ինքը, համարում էր դա երկչոտություն՝ «վախկոտները, թույլերը» պետք է հեռանային հայրենիքից. «Դա ազգի փոշին է, թող մնան ուժեղները, նրանք, որոնք ձգտում են իրենց հայրենիքում մարդուն արժանավայել կյանքով ապրել, նրանք, ովքեր հավատք ունեն մեր ազգի ապագայի հանդեպ, նրանք, որոնք իրենց էությամբ իսկ հայ են, հայերեն մտածող, մեր նախնիների պատմությանը, մեր հողին ու ջրին կառչած»։

Վ. Մանուկյանի հոդվածը բուռն բանավեճերի առիթ դարձավ, բայց ժամանակը անկախության գաղափարի օգտին էր աշխատում՝ ընդամենը տարիուկես անց այն անշրջելի իրողություն էր, երբ… Ռուսաստանը դուրս եկավ ՍՍՀՄ-ից։ Այսուհանդերձ, հետագա տարիներին ընդդիմությունը բազմիցս երեսով տվեց 88-ի շարժման առաջնորդներին, որ Արցախի ազատագրման կարգախոսներով հասնելով իշխանության՝ հետագայում դավաճանել են հայտարարված նպատակին։

Ի տարբերություն «գնացքից թռչելու» կոչի, հետսովետական առաջին կառավարության փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի՝ Բաքու գնալու հորդորը, որտեղ «բանակցությունների արդյունքները անչափ ծանր են լինելու» («Եթե չսթափվենք այսօր դարը կավարտենք այնպես, ինչպես սկսել ենք», 20.11.1991, «Հայք»), մեծ մասամբ բացասական արձագանք գտավ թերթերում։ Ինչպես Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 26-ին, Արցախյան 2-րդ պատերազմում, թե «հայ ժողովուրդը, այո, պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների»՝ երևի հիշեցիք։ «Ցավոտ փոխզիջումներ» արտահայտությունը հիասթափություն, շփոթություն հարուցեց մեդիայում, սոցցանցերում, որ վերածվեցին քննադատության ալիքի։ Վարչապետը մեկ օր անց հանդես եկավ ավելի մարտաշունչ ուղերձով, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիներին «դժոխքի» կամ «գյոռբագյոռի» խոստումով։

Դիմատետրի՝ «ֆեյսբուքի», որը ես առաջարկում եմ կոչել «հակադարձ մեդիա», ԶԼՄ-ների լսարանի «խոսարանը», օգտատերերից վերոբերյակ հարցը լիովին արտացոլում է «միասնական լրատվության» պատկերը։ Արդյո՞ք միայն պաշտոնական տեղեկատվությանը հետևող օրինակելի քաղաքացին կարող էր  կողմ լինել խաղաղության խոսույթին, «փոխզիջումներիբ», եթե նույնիսկ հայտնի վերլուծաբանն էր վիրավորում նրանց, ում այդ լուրերը համոզիչ չեն թվա։

Հրանտ Տեր-Աբրահամյանի «հաղթանակի քարոզչությանը» կանդրադառնամ նաև ավելի ուշ, բայց երևի թե նախ մեդիան պետք է կատարեր անաչառ տեղեկատուի իր դերը՝ խուսափելով հանդերձ ռազմական գաղտնիքներ հրապարակելուց, որպեսզի հանրությունը կա՛մ տեղին սատարեր շնորհաշատ բելետրիստ Տեր-Աբրահամյանի, կա՛մ զիջումների մասին պետության ղեկավար Փաշինյանի՝ երբեմնի լրագրողի ու խմբագրի այլասացությանը ։

Հատկապես մեծ էին հանրության ակնկալիքները Թաթուլ Հակոբյանից և Էդիկ Բաղդասարյանից, որոնք պատերազմի կիզակետում էին, բայց աղոտ ակնարկներից այն կողմ չանցան՝ ավելի խճճելով իրենց հետևորդներին։

Բայց Հայաստանի դեպքում անհատ լրագրողների դերը գրեթե խորհրդանշական է։ Մեդիայի զգալի, եթե ոչ գերակշիռ մասը երկար տարիներ գտնվում է այն քաղաքական կուսակցությունների վերահսկողության ներքո, որոնք այսօր, միավորված որպես «Հայրենիքի փրկության շարժում», մեղադրում են Փաշինյանին պատերազմը ավելի վաղ չդադարեցնելու համար, մինչդեռ իրենք վարչապետի կողմից տեղեկացված են եղել ռազմաճակատի անհուսալի դրության մասին և ոչինչ չեն արել, որ «Հաղթելու ենք/հաղթում ենք» կարգախոսների էյֆորիային փոխարինեն իրականության համարժեք ընկալումը, խաղաղության խոսույթը, փոխզիջումների տրամադրվածությունը։

Առհասարակ ինձ սթափ մոտեցման միայն հազվադեպ դրսևորումներ են պատահել Արցախյան 2-րդ պատերազմի մեդիայում։ «Որոշ մարդիկ պետք է հասկանան, որ պատերազմը շոու չէ» հարցազրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն էր, դիցուք, զգուշացնում պարբերաբար շրջանառող խուճապային լուրերի վերաբերյալ. «Եթե պատերազմը մոտենում է ավարտին, հոգեբանորեն ցանկացած մարդ ուզում է ողջ մնալ, ինչն էականորեն ազդում է հոգեվիճակի վրա: Կորում է այն հիմնական մոտիվացիան` հանուն որի կռվում է»:

Իսկ ընդհանուր առմամբ մեդիայում կարծես պոռոտախոսության մրցույթ էր՝ «Էրդողանին ու Ալիևին բերելու ենք մեր հերոս տղերքի շիրիմների մոտ մատաղ անենք», «Ոչխարը չի կարող հաղթել մարդուն. ամերիկահայ գրող», «Ադրբեջանական մամուլն ահաբեկված է Արցախում Վահագն Չախալյանի գտնվելուց», «Մերոնք մարդ են մեջ գցում, որ դիրքեր հելնեն, իսկ ադրբեջանցու լամուկին ծեծելով են տանում ռազմաճակատ։ Հետո էլ ասում են՝ ոնց եք հաղթում… Հաղթանակի գաղտնիքը հավատն ու նվիրումն են…»[1]։

Ամենից սարսափելին, սակայն- «Ադրբեջանական լքված դիակները դառնում են կենդանիների բաժին. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել» ոճի նյութերն էին, որոնց աղբյուրը ՊՆ ներկայացուցչի ասուլիսներն էին։ Բայց մի՞թե ակնհայտ չէր, որ դա իսկական բումերանգ է. եթե մենք նահանջող կողմն էինք, նույն վտանգը սպառնում էր մեր զինվորների աճյուններին։

Արցախյան 1-ին պատերազմի ընթացքում, հակառակ ԶԼՄ-ների անհամեմատելի սակավությանը, ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը ավելի առատ ու հավաստի էր։ Կորուստները՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի զգալի հատվածի, ակնթարթորեն հայտնի էին դառնում բոլորին։ Պաշտոնական և անկախ լրատվամիջոցներից, հանրահավաքներից, որտեղ այդ կորուստները մատնանշելով «Լևոն՝ դավաճան» էր վանկարկում բազմաբղետ ընդդիմությունը, որին միացել էր 1991-ին վարչապետի պաշտոնին հրաժեշտ տված Վազգեն Մանուկյանը։

Նախօրոք նշելով, որ 1992-ին ՀՀ-ը չուներ կանոնավոր բանակ, կռվում էին կամավորները՝ հղում անեմ նույն ապրիլին «Երկիր» օրաթերթում լույս տեսած «Արցախի արյունոտ գարունը» հոդվածին, ըստ որի, «հասնելով դիրքերին «Ռոյթրի» թղթակիցն անակնկալի է եկել»՝ տեսնելով մեր կամավորների հնամաշ համազգեստներն ու փշված տերևներից փաթաթած ծխախոտները։

Ես՝ ինքս, 1992-ի ամռանը վերադառնալով Մարտակերտի ճակատից, հոդված տպեցի Հայոց համազգային շարժման «Հայք» շաբաթաթերթում՝ ենթավերնագրերից մեկում բացելով «ռազմական գաղտնիք». դիրքերում մեր կամավորները թիվը բազմապատիկ քիչ է ադրբեջանցիներից։ Դա նրանց տեսանելի էր սովորական հեռադիտակով, բայց հավանաբար լավ չէր երևում Երևանում պաթոսով հաղթանակ պահանջող տղամարդկանց։

Հոդվածի հրապարակումը օրերի տարբերությամբ համընկավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի հեռուստաելույթի հետ («իրականում թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք․․․»)՝ նա Մարտակերտի ճակատում կռվելու կանչեց 500 մահապարտի, որոնք մեծաթիվ զոհերի գնով կոտրեցին հակառակորդի հարձակման թափը։ Սեպտեմբերի 9-ին «Հայքում» լույս տեսավ իշխող «խաղաղության կուսակցության»՝ ՀՀՇ վարչության կոչը. «ադրբեջանական հրոսակները շարունակում են առաջխաղացումը… Արցախի վիճակը դառնում է օրհասական», հայրենի հողի համար կռվելու պատրաստ յուրաքանչյուր հայ քաջորդի, բոլոր արցախցիները պետք է մեկնեն «արցախյան մարդադաշտ»։

Թե՛ Վազգեն Սարգսյանը, թե՛ ՀՀՇ վարչությունը կոչ էին անում կամավորներին վեր կանգնել կուսակցական շահերից։ Ընդդիմությունն էլ դադարեցրեց պայքարը, երբ իր պահանջով Վազգեն Մանուկյանը 1992-ի սեպտեմբերին նշանակվեց ՀՀ պետնախարար, ապա պաշտպանության նախարար, և Գերագույն խորհուրդը անվավեր համարեց բոլոր փաստաթղթերը, որոնք Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում։

Ռազմաճակատում իրավիճակը կայունացավ, հայկական ուժերը հաջողություններ ունեցան, որոնք շարունակվեցին նաև Մանուկյանի պաշտոնանկությունից հետո հաջորդ տարի, ընդհուպ մինչև 1994-ի հրադադարը։ Իսկ արդյոք կա՞ր հրադադարի դեմ դժգոհություն ժամանակի թերթերում, որ այն չի թողել մեր զորքը «չայ խմի Բաքվում»։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

[1] Մեջբերում Աժ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքից

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *