2020.12.24,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-1

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ա. Խաղաղության խոսույթը

Մաս I

Չգիտեմ, որքանով է հանրային գիտակցության մեջ ամրակայված, բայց Հայաստանը անկախացել է փաստացի պատերազմական իրավիճակում։ ՄԱԿ-ում ՀՀ դրոշը բարձրացվել է 1992-ի մարտի 2-ին։ Նույն օրերին կռիվներ էին տեղի ունենում Տաուշի Այգեպար, Իջևանի Կիրանց գյուղերի մատույցներում, որտեղից ինքնապաշտպանական փոքրաթիվ ջոկատները դուրս էին մղում ադրբեջանցիներին՝ տալով զոհեր ու վիրավորներ։ ԼՂՀ-ում նախորդ ամիսներին 100 խաղաղ բնակիչ էր զոհվել։ Թերթերի սովորական լուրերից էր, որ «ադրբեջանցիները մեծ ուժերով ետ գրավեցին Ստեփանակերտի Կրկժան թաղամասը»… որ Մարաղա գյուղում թշնամին կոտորել է շուրջ հիսուն անօգնական հայերի։

Իսկ վերընթերցելով բանակցությունների սկսման նախապայմանները, որ նույն ամսին դրել էին ադրբեջանցիները, ես, ժամանակակից լինելով հանդերձ, դեժավյու ունեցա (պատկերացնում եմ շոկը, որ կապրի երիտասարդ սերունդը)։

Դրանք էին՝ ազատել ադրբեջանական բոլոր գրաված տարածքները և չեղյալ հայտարարել մեր Գերագույն խորհրդի ընդունած որոշումը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Ահա այս խորապատկերին էր ծավալվում խաղաղության խոսույթը Հայաստանում 1990-ականներին։

2020-ի՛ն փոխզիջումները, հաշտության հարցի քննարկումը Հայաստանում շատ ավելի դժվարընկալելի էին դարձնում մի քանի հանգամանք։ Արցախյան 1-ին պատերազմում հայկական ուժերի հաղթանակը, Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի նախագահության օրոք ստեղծված «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» քարոզչական առասպելը, որին զուգահեռ առաջ էր մղվում «ժողովրդավարությո՞ւն, թե՞ պատերազմ» կեղծ երկընտրանքը։ Այդ մանիպուլյացիաները ներկայացրել էինք դեռ մինչև պատերազմը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» ցուցահանդեսում, իսկ հետպատերազմյան շրջանում, ներքաղաքական ասպարեզում «հեղափոխական» ուժի որոշակի թուլացումից ականատես ենք դառնում նաև կոռուպցիայի արդարացման փորձերի «կոռուպցիա՞, թե՞ պատերազմ» կեղծ երկընտրանքի միջոցով, ինչպես օրինակ՝ «Հրապարակ թերթի» խմբագրականում։

Միգուցե, իրավացի լիներ Արմինե Օհանյանը, եթե կոռուպցիան «առանձին վերցրած» բանակը շրջանցեր։ Բայց, հակառակ այն բանին, որ նախկին Պնախարար Սեյրան Օհանյանն արգելել էր զինվորականներին օգտագործել «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը, ծանր, անմխիթարական պատկեր էր ստեղծվում թեկուզ միայն «Լրատան» «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսի համապատասխան բաժնի նյութերից։

Տևական ռազմաշունչ հռետորաբանության արդյունքում Արցախյան 2-րդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այն հասնում էր ծայրահեղությունների։

09.11.20, «Իրավունք»

Դժվար է հավատալ, բայց արժեքային ձևախեղումը մեր իրականությունում հասել է մի աստիճանի, երբ մշակույթի ներկայացուցիչը ցեղասպանության կոչ է անում, իսկ երկարամյա պարբերականն այն դարձնում է վերնագիր։

2020-ի 44-օրյա մարտերը աննախադեպ ծանր էին ոչ միայն մեզ, այլև վերջին տասնամյակների բոլոր պատերազմների համեմատ։ 90-ականների բարդությունն այն էր, որ  բ ն ա կ ե լ ի  տարածքները ավելի մոտ էին իրար ու հաճախ ձեռքից ձեռք էին անցնում՝ համապատասխան դաժան հետևանքներով։ Եվ ամեն մի բնակավայր ոչ միայն ռազմական, այլև ժողովրդագրական հենակետ էր։ Դիցուք, հայտնելով, որ 1992-ի մարտի 12-ին Մարտակերտի շրջանում «թշնամուց ազատագրվել են Սրխավենդ, Ղազանչի, Բերդա-փայա, Օրդա-Գյունեփայա և Մանիքլու գյուղերը», «Երկիր» օրաթերթը (1992-ի #47) մանրամասնում էր, որ այս ենթաշրջանում ըստ 1989-ի մարդահամարի ապրել է 3000 ադրբեջանցի, որոնց թիվը «վերջին երեք տարին գրեթե կրկնապատկվել էր ադրբեջանցիների որդեգրած հատուկ քաղաքականության շնորհիվ, որը միտում էր փոխել Արցախի ազգաբաշխական պատկերը»։

Նույն համարից տեղեկանում ենք, որ մարտի 6-ի առավոտյան Ղազանչի գյուղում գազանաբար սպանվել է 27 հայ, «որոնցից 15-ը՝ կանայք և երեխաներ», ինչի մասին «տարօրինակ լռություն է պահպանում» Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն մեկնաբանող միջազգային մեդիան, իսկ ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ դժգոհել է, որ ԱՊՀ զինապահեստները, որոնք սպասարկում էին Հարավային Կովկասի երեք հանրապետություններին, «առանց մեկ կրակոցի և առանց զինծառայողների կողմից որևէ դիմադրության» հանձնվել են Ադրբեջանին։

Հենց 1992-ին էլ, Արցախյան առաջին պատերազմի թեժացման տարին, խաղաղասիրական մասնավոր այցով Բաքու մեկնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժման վարչության անդամ Աշոտ Բլեյանը (նոյեմբերի 4-9-ը), ինչը դատապարտումների փոթորիկ առաջացրեց հայ հանրության մեջ։

Նրա ուղևորությունը գաղափարապես նախապատրաստել էր Կտրիճ Սարդարյանի «Եթե չսթափվենք այսօր դարը կավարտենք այնպես, ինչպես սկսել ենք» վերնագրով ծավալուն հոդվածը, որը լույս էր տեսել շուրջ մեկ տարի առաջ (20.11.1991, «Հայք»՝ Սարդարյանը հրապարակման պահին ՀՀ փոխվարչապետ էր).

«Խնդրելով պնդում եմ գնալ Բաքու»…

«Հսկայական, բայց ապարդյուն ջանքեր գործադրեցինք համաշխարհային դեմոկրատիային հասկացնելու, որ անտեսվում է մարդու, ազգի իրավունքները»։

«Մենք հո սեփական փորձով գիտենք, որ այս տարածքներում չեն գործում միջազգային նորմեր»։

«Հասկացողը կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի համար արեց հնարավոր և նույնիսկ անհնա8րին ամեն ինչ»։

«Ղարաբաղը հայտարարվեց հանրապետություն… Անմիջապես Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու փոխարեն փորձեցինք գործը կարգավորել Ելցինի ու Նազարբաևի միջնորդությամբ»։

«Ղարաբաղի հարցում Մոսկվա տանող բոլոր ճանապարհները անցնում են Ադրբեջանով»։

Սարդարյանի հոդվածի ակունքներում սիրված լեզվաբան, հայագետ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժը» բացառման օրենքն» էր («Մաշտոց», 1989 թ․), հարևանների հետ ուղղակի երկխոսելու պահանջը. «Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի Հանրապետությունը մեռավ»։

Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների առանցքում հակամարտությունը երկրորդ պլան մղելու առումով ակնհայտ է կապը նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, մի քանի ամսից վարչապետ նշանակված Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է» ծրագրային հոդվածի (ՀՀՇ «Հայք» շաբաթաթերթ, 1990) դրույթների հետ։ 1988-89 թթ.-ները անցել էին «Մի-ա-ցում» կարգախոսով, բայց 1990-ին Մանուկյանը հայտարարում էր, որ «Արցախի հարցը, այնուամենայնիվ, այժմ չի հանդիսանում շարժման ձող։ Այս հանգամանքը բացատրելու համար պետք չէ փնտրել դավաճաններ կամ դավադրություններ»։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *