2023.02.01,

vox populi

Խորհուրդներ բռնության հանդիպած կին լրագրողներին

Հայաստանյան լրատվական դաշտը ֆեմինիզացված է։ Տղամարդիկ նախընտրում են այլ ոլորտներում աշխատել՝ լրագրողի աշխատանքային պայմանների անբարենպաստ լինելու, աշխատավարձերի՝ ցածր լինելու պատճառով։  

Այնուահնդերձ, որոշումների կայացման մակարդակում դարձյալ տղամարդիկ են՝ որպես գործադիր տնօրեններ ու լրատվամիջոցների ղեկավարներ։ Կան եզակի լրատվամիջոցներ, որոնք հիմնադրվել ու ղեկավարվում են կանանց կողմից և չեն գտնվում որևէ տնտեսական գործչի կամ քաղաքական ուժի ազդեցության ներքո։ 

Կանայք սահմանափակ հնարավորություններ ունեն ոչ միայն խմբագրության ներսում, այլև դրսում։ Աշխատանքի ընթացքում  խոչընդոտները կանանց համար ավելի շատ են, օրինակ,  կին լրագրողների հարցերից խուսափելու համար պաշտոնյաները, քաղաքական գործիչներ և այլոք, հաճախ կիրառում են գենդերային հիմքով վիրավորանքներ կամ ակնկարներ։ 

Այս տենդենցը պայմանավորված է ընդհանրապես հանրային խոսույթում վիրավորանքի և ատելության աճով, իսկ գենդերային հիմքով վիրավորանքներ պատրաստ կան և կիրառվում են՝ առանց հասարակական դատապարտման արժանանալու։   

Այս հոդվածում ներկայացնում ենք սեքսզիմի և ֆիզիկական բռնության օրինակներ, ինչպես նաև հուշումներ՝ ինչ կարելի է անել պաշտպանելու կին լրագրողներին և լիարժեքորեն վերականգնելու նրանց խախտված իրավունքները։ Բացի դատական լուծումների հնարավորությունից, կան նաև մասնագիտական խորհուրդներ՝  ինչպես վարվել խտրականության դեպքերում, ինչպես գրել դեպքի մասին, որպեսզի ատելությունը նկատվի և չնորմալիզացվի։ 

Լրագրողների դեմ սեքսիզմի դեպքերից մի քանիսը  

Լրագրողները թիրախավորվում են քաղաքական գործիչների կողմից, հատկապես խորհրդարանական ընտրությունների և քարոզչական ելութների ժամանակ, ինչպես նաև ԱԺ բարձր ամբիոնից հնչող հռետորաբանության, ինչի կապակցությամբ  «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է իր մտահոգությունը։ 

Մասնավորապես, 2021թ․ հունիսի 11-ին, ելույթ ունենալով Տավուշի մարզում կայացած նախընտրական հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորելով լրագրողներին ասել է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է աղբանոցի, որտեղ գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի։  

Լրագրողներին թիրախավորող և վիրավորող խոսք է հնչում նաև Հայաստանի բարձրագույն ամբիոնից, Ազգային ժողովի իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից, որոնցից մեկը՝ Վահագն Ալեքսանյանն իր ելութներից մեկում լրագրողներին անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ 

Այսպիսով, երկրում հանդուրժողականության, խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ հարգանքի հարցում գերակա դիրքերում է գտնվում քաղաքական իշխանությունը, որը նաև իր բառապաշարով թելադրում է տոնայնություն և ձևավորում այն անբարյացակամ մթնոլորտը, որում ստիպված են աշխատել լրագրողները։  

Բացի դա, եթե հաշվի առնենք, որ լրագրողական համայնքում գերակշռում են կանայք, ապա այս վիրավորանքները մեծապես և անմիջականորեն ազդում են կին լրագրողների վրա, որոնց նաև վերագրվում են ավանդաբար կանանց անվանարկող որակումներ, ինչպիսիք են մարմնավաճառ, անբարոյական և այլ արտահայտությունները։ 
 
2016թ․ ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լրագիր և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս վիրավորել է, ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»: 

Կին լրագրողը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը  պատճառված վնասի հատուցման պահանջով:  

Այս գործը, իհարկե, ներպետական բոլոր ատյաններում որևէ հաջողություն չարձանագրեց։ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով հայցը դատարանը մերժեց, ապա բողոքարկվեց Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ, սակայն ապարդյուն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  2019 թվականին գրանցել է լրագրող Սիրանույշ Պապյանի գործը:  

Սիրանույշ Պապյանը դիմել էր նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, բայց դիմումն այդպես էլ մնաց անարձագանք:  

Մեկ այլ միջադեպ, արդեն տեղի ունեցավ 2021թ-ին, նորընտիր խորհդարանում, երբ իշխանական պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Անի Գևորգյանի հարցին չպատասխանելով նրան հակադարձեց, «․․․ դու գնա վարսավիրանոց», ։ 

Այսպիսի բացահայտ սեքսիստական դրսևորումները հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար դարձել են սովորական․ թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները օգտագործել և օգտագործում են սեքսիզմը որպես կին լրագրողներին նվաստացնելու միջոց։ 

Նշենք նաև, որ լրագրողական կազմակերպություններն այդքան էլ զգայուն չեն սեքսիզմի դրսևորումների նկատմամբ, խորապես չեն գիտակցում և պատկերացնում, թե ինչպիսի խորը ազդեցություն կարող է թողնել այն կնոջ կյանքի և մասնագիտական գործունեության վրա։ Իրականում, սեքսիստական արտահայտություններն  առաջացնում են արժանապատվության անկում, հանգեցնում ինքնագրաքննության ու խուսափողականության, վարքագծի փոփոխման և կին լրագրողի առողջության վատթարացման։ 

Ֆիզիկական բռնություններ՝ կին լրագրողների նկատմամբ 

2021թ․-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, որոնցից 6-ը կատարվել է իշխանության ներկայացուցչի կողմից և մնացել անհետևանք։ Ֆիզիկական բռնություններից տուժած լրագրողների մեծ մասը կանայք են, որոնց նկատմամբ եղել է հրմշտոց, աշխատանքի խոչընդոտում, նույնիսկ հեռախոսների և աշխատանքային այլ պարագաների ձեռքից վերցնելու և տեսանյութերը ոչնչացնելու դեպքեր։

2022 թ․ 1-ին կիսամյակում տեղի ունեցած ֆիզիկական բռնության 12 դեպքը հիմնականում տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքների ժամանակ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում։ 

Անդրադառնալով պաշտոնատար անձանց կողմից կին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման վերջին երկու տարվա դեպքերին, հստակ կարելի է առանձնացնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին, որը 2 անգամ՝ 2021թ․ հունվարի 13-ին և  2022թ․ մայիսի 4-ին ԱԺ շենքում, չպատասխանելով «Yerevan.today»  կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հարցերին մի դեպքում նրան պիտակավորելով, սպառնալով և վիրավորելով, ապա նաև հրելով ձեռքից խլել և իր աշխատասենյակ է տարել նրա աշխատանքային գործիք բարձրախոսը, մյուս դեպքում վնասելով նույն լրագրողի ձեռքը խլել է հեռախոսը։  

Բացի ԱԺ շենքում տեղի ունեցած այս միջադեպերից, պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնատիպ վարքագիծ է դրսևորել 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի դիմաց։ Չպատասխանելով «Հրապարակ» թերթի լրագորղ Անուշ Դաշտենցի հարցին խլել է նրա հեռախոսը և իր մեքենայով հեռացել, լրագրողին սպառնալով, որ չի վերադարձնի նրա հեռախոսը, քանի դեռ նա «խելքը գլուխը չի հավաքել»։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձվել է ապակոդավորված և տեսագրությունը ջնջված։  

Այս միջադեպը ոչ միայն բռնություն է կին լրագրողի նկատմամբ, այլև նրա անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում, քանի որ հեռախոսի ապակոդավորման միջոցով հնարավոր է փնտրել և գտնել կին լրագրողի ինտիմ կյանքին վերաբերող մանրամասներ, ապա նաև հարմար պահի օգտագործել կիբերտարածքում նրան վարկաբեկելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով։ 

Հատկանշական է նաև այն փաստը, որ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեք միջադեպերի վերաբերյալ կայացվել են քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պատգամավորի գործողություններն ու վարքագիծը որևէ կերպ քննության առարկա չի դարձել նաև ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովում, որը, ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 17-րդ հոդվածի ժամանակավոր ձևավորվող հանձնաժողով է, քննում է պատգամավորական էթիկային վերաբերող հարցեր և ներկայացնում եզրակացություններ Ազգային ժողովին։ 

Առաջարկություններ կառավարությանը և իրավապաշտպաններին

Որպես դաշտի կարգավորման և մոնիթորինգի բարելավման հնարավորություններ․ 

  • Անհրաժեշտ է ներդնել և կիրառել լրագրողների պաշտպանության մեխանիզմներ, որոնք կներառեն նաև բռնությունից տուժած լրագրողների աջակցությունը։ 
  • Լրատվական դաշտի մոնիթորիգ իրականացնող կազմակերպություններն իրենց դիտարկումներում պետք է ցուցաբերեն գենդերային զգայուն մոտեցում։ 
  • Տվյալները հավաքագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչպիսի  բառապաշար է օգտագործվում  կին լրագրողներին թիրախավորելու և վիրավորելու նպատակով, թե յուրաքանչյուր վիրավորական արտահայտություն ինչպես է ընկալվում կանանց կողմից։ 
  • Անհրաժեշտ է մշակել ատելության խոսքի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ 
  • Ամենայն պատասխանատվությամբ հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումները՝ ցուցաբերելով գենդերային զգայուն մոտեցում։
  • Հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի նորմերին և խստորեն դատապարտել սեքսիզմի ու խտրականության ցանկացած դրսևորում։
  • ՀՀ ԱԺ-ում կիրառելի դարձնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման պրակտիկաները,   քննել  էթիկայի խախտման յուրաքանչյուր դեպք և ներկայացնել ՀՀ ԱԺ-ին։
  • Ստեղծել մեդիադաշտի բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ, առանց որևէ արտոնության ու բացառման, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներին համապատասխան։
  • Ստեղծել բռնության մասին ազդարարման արդյունավետ մեխանիզմներ՝ լրատվամիջոցների ներսում, որոնք արագ կկազմակերպեն լրագրողին անհրաժեշտ աջակցությունը։ 

Խորհուրդներ՝ բռնության ենթարկված լրագրողներին

  • Բռնության որևէ դեպք մի՛ անտեսեք, մի՛ հանդուրժեք խտրականության ու սեքսիզմի որևէ դրսևորում։ 
  • Դիմեք իրավապաշտպան կառույցներին՝ իրավունքի վերականգնման և դեպքին հանրային հնչեղություն հաղորդելու համար։ 
  • Դիմե՛ք իրավապահ մարմիններին, ներկայացրեք հաղորդումներ հանցագործության մասին և հանրայնացրեք գործի քննության ողջ ընթացքը։ 
  • Պաշտոնատար անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքի խախտման պարագայում դիմեք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ 
  • Կին լրագրողները կարող են դիմել նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային», որը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ ընդդեմ սեքսիզմի։
  • Մի՛ մոռացեք ինքնախնամքի մասին, լրագրողի ամենօրյա ծանրաբեռնվածությունն ու բռնությունները կարող են խաթարել ձեր առողջությունը։
  • Նկատեք ձեր կոլեգա կին լրագրողների դեմ կիրառված սեքսիզմը։ Եղեք սոլիդար նրանց հետ։ Բռնության ենթարկված անձի համար կարևոր է համայնքի ըմբռնումն ու նեցուկ լինելը։
  • Պաշտպանեք ձեզ օնլայն տարածքում։ Սոցիալական մեդիաներում փոխեք կարգավորումները՝ չթողնելով, որ ձեզ ուղարկվեն ատելության խոսք կամ սպառնալիքներ, որ ձեր անձնական էջերում հրապարակումներ անեն կասկածելի պրոֆիլներ։

Զարուհի Հովհաննիսյան, 
իրավապաշտպան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *