siranush_papyan

«Խնդրում եմ՝ ինձ վիրավորելու համար պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել»,- լրագրող Սիրանույշ Պապյանը, որպես իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, այս պահանջն է ներկայացրել դատարանին հղած հայցադիմումում:

1in.am-ի և Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ իր հայցը ապրիլի 29 -ին ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանպատրաստից ճեպազրույցում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը՝ կապված ոստիկանությունում բարեփոխումների հետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է՝ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Սա, այն քիչ դեպքերից է Հայաստանում, երբ վիրավորանքի հայցով ոչ թե պաշտոնյան է դատարան դիմում լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ, այլ հակառակը:

Սիրանույշ Պապյանը նույն դեպքի առիթով ապրիլի 28-ին դիմել է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի համապատասխան դրույթների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ այդ օրենքի՝ պաշտոնյան մասնավորապես պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը Media.am-ին փոխանցեց, որ առաջիկայում դատարան են դիմելու նաև Երևանի Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ի ցույցի լուսաբանման հետ կապված միջադեպի առիթով և ոստիկաններին պատասխանատվության են կանչելու 1in.am-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, տեխնիկական սարքավորումները վնասելու համար:

Ռուզան Խաչատրյան