2020.01.14,

vox populi

Պատվաստումների թեման՝ քաղաքական պայքարի մաս

Վերջին երկու տարում հակապատվաստումային շարժումը Հայաստանում նոր թափ է ստացել։ 

Եթե նախկինում տարեկան հակապատվաստումային 1-2 հոդված էր հրապարակվում, հիմա այնպիսի տպավորություն է, որ կան որոշ խմբեր կամ ուժեր, որոնց ձեռնտու չէ համաճարակային կայուն վիճակը։  

Ամբողջ աշխարհում այսօր կարմրուկի համաճարակ է ու շատ քիչ երկրներում է, որ վիճակը կայուն է. այդ ցանկում է նաև Հայաստանը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներով այսպիսի հաջողության ենք հասել, հակաքարոզչություն անողները միգուցե նույնիսկ չեն էլ գիտակցում, որ վիրուսի՝ երկիր ներկրման դեպքում իրենք էլ կդառնան լուրջ թիրախ։ 

Թիրախ կդառնա նաև բնակչության այն խավը, որն ունի բժշկական հակացուցումներ և չի կարող պատվաստվել կամ երեխան դեռ չի հասել պատվաստումային տարիքի։ 

Հակապատվաստումային քարոզն այսօր, ցավոք, դարձել է քաղաքական պայքարի մի մաս։ Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ չստուգված, անհասկանալի աղբյուրների հղմամբ հակապատվաստումային նյութեր են տարածում հիմնականում այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են այսօրվա «ընդդիմության» հետ։ 

Պատվաստումների ծածկույթը Հայաստանում տարիներ շարունակ բավականին բարձր է եղել, սակայն վերջին տարիներին դիտվում է նվազման միտում, որում իրենց դերն ունեն հակապատվաստումային քարոզն ու դրանք տարածող լրատվամիջոցները։ 

Վերջիններս հաճախակի են անհայտ աղբյուրներին հղում անում, ոչ ապացուցողական տեղեկատվություն, բամբասանք և ապատեղեկատվություն տարածում։ Մի խոսքով՝ խեղաթյուրում փաստերը։ Արդյունքում, գնալով բնակիչների շրջանում պատվաստումների նկատմամբ անվստահությունը մեծանում է։ 

Վառ օրինակներից է վերջին շրջանում երկու «բժիշկների» մամուլի ասուլիսը, որի ընթացքում անհեթեթ, խեղաթյուրված ինֆորմացիա տարածվեց, թե իբր «պատվաստումները կատարվում են սեռափոխության համար», ինչը ոչ մեկի «գլխում չի կարող տեղավորվել»։ 

Ու այդ կեղծ ինֆորմացիան, ցավոք, տարածեցին նաև որոշ լրատվամիջոցներ՝ առանց փաստերի ստուգման և երկրորդ կողմի մեկնաբանության։ 

Լրագրողները միանշանակ պետք է առնվազն երկրորդ կողմի կարծիք տան, ցանկացած դեպք քննարկելուց առաջ ստուգեն հարթակը, աղբյուրները, պարզելով, թե որքան են դրանք հավաստի, գիտության հետ համահունչ, ապացուցողական։ 

Չստուգված փաստերի հրապարակումը, այն էլ այս թեմայով, ոչ այլ ինչ է, քան հանրությանը վնաս պատճառելու փորձ՝ առանց հետագա ազդեցությունները, արդյունքները կշռադատելու և գիտակցելու։ 

Առանց հաշվի առնելու, թե դրանից ինքը, իր հարազատներն ու շրջապատը կտուժե՞ն, թե՞ ոչ։ 

Տարիների աշխատանքի արդյունքն է այսօրվա կայուն վիճակը, որոշ հիվանդությունների վերացումն ու վերահսկումը, ինչը, ցավոք, այսօր փորձ է արվում հավասարեցնել զրոյի։ 

Մեր օրերում ցանկացած մարդ կարող է համացանցում բովանդակություն ստեղծել ու տարածել, բայց լրագրողի խնդիրը ոչ թե այդ տեղեկատվությունը տարածելն է, այլ դրանք ճշտելն ու ստուգված բովանդակություն հրապարակելը։ 

Կան պաշտոնական էջեր, հավաստի աղբյուրներ, բազմաթիվ հետազոտությունների վրա արված եզրակացություններ, որոնք սակայն շատ անգամ անտեսվում են։ 

Այնպիսի տպավորություն է, որ հանրային առողջությունն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում, առաջնայինն անձնական շահն է, քաղաքական պայքարում դիրք զբաղեցնելն ու դիվիդենտներ շահելը։ 

Այս պայքարում ամեն մեկը փորձում է օգտագործել ցանկացած միջոց՝ թույլատրելի ու անթույլատրելի։

Ընդդիմադիր լրատվամիջոցները ցանկացած փոքր խայծ «կուլ են տալիս» ու դրանից մեծ պատմություն սարքում։ 

Նախորդ իշխանության օրոք ընդդիմությունն (ներկայիս իշխանությունը) իր քաղաքական պայքարում նման քայլերի չի գնացել։ Ավելին՝ պապիլոմավիրուսի պատվաստումների ներդրման գործընթացում մենք աջակիցներ ենք ունեցել հենց ընդդիմադիր դաշտից։ 

2017թվականի Աժ քննարկումը՝ պատվաստումների ներդրման մասին, հենց իրենց նախաձեռնությամբ էր կազմակերպվել՝ ոչ թե բացասական կոնտեքստում, այլ պարզելու իրականությունն ու անհրաժեշտության դեպքում աջակցելու հանրային առողջության պահպանմանը։ 

2006 թվականից այս ոլորտը ղեկավարում եմ, բայց նորություն է, երբ ընդդիմադիր դաշտը կարող է այդքան զգայուն թեման վերցնել և «դրոշակ» դարձնել։ 

Ցանկալի է, որ լրագրողը թեման լուսաբանելիս տեղեկատվության ճիշտ աղբյուրը իմանա։ 

Կան ապացուցողական հատուկ աղբյուրներ, որտեղ տեղեկատվությունը հիմնված է հետազոտությունների ու ապացույցների վրա։ Եվ պետք է կարողանա օգտվել այդ աղբյուրից։ Սա առաջին պայմանն է։ 

Հաջորդ պայմանը փաստերը ճշտելն է, համադրելը՝ պրոֆեսիոնալ մասնագետի օգնությամբ, և ճիշտ մատուցելը։ Մասնագետի ընտրության հարցը շատ կարևոր է։ 

Ամպագոռգոռ հայտարարելը դեռևս չի նշանակում ինֆորմացիային տիրապետել: 

Մյուսը լրագրողի անաչառությունն է։ Լրագրողը պետք է իր խղճի առջև մաքուր լինի, անաչառ լինի ու ճիշտը իրազեկի և միշտ մտածի, թե իր հոդվածը ինչպես կանդրադառնա հանրության վրա, որի մի մասնիկը հենց ինքն է։ 

Գայանե Սահակյան
ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *