Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից քսան օր անց զրուցել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
Զրույցի սկզբում Հովակիմյանը ժպիտով հիշում է ԿԸՀ-ի հրավիրած վերջին ասուլիսը, որին որոշել է բացման ելույթի փոխարեն, մինչև հարցուպատասխանը, 8 րոպեանոց տեսահոլովակ ցուցադրել նախընտրական քարոզչության ժամանակ «կարելիների» ու «չիկարելիների» մասին։
«Երկու-երեք լրագրող թողեցին, հեռացան,-ասում է Հովակիմյանը»։
Ինչո՞ւ
Պատասխանում է՝ «Չգիտեմ։ Դասընթացներին էլ, որ ԿԸՀ-ն կազմակերպել էր լրագրողների համար, ակտիվ լրագրողների 90 տոկոսը չէր եկել։ Բայց հետո գնալու են և գրեն խախտումների մասին, չիմանալով նույնիսկ, որ դրանցից շատերը Ընտրական օրենսգրքի խախտումներ չեն»։
Կա մի «հավերժական» խնդիր, ես դա քսան տարի առաջ էլ եմ տեսել, երբ ինքս էի լրագրող։ Դա Ընտրական օրենսգիրքը չկարդալն է։ Հաճախ լրագրողներն իրենց համար տհաճ երևույթները ներկայացնում են որպես ընտրախախտում։ Օրինակ, մենք արձագանքում ենք լրագրողների հրապարակումներին, հանձնարարում ենք հեռացնել անօրինական փակցված նախընտրական պաստառները։ Բայց նույն նյութում լրագրողները կարող են իբրև խախտում ներկայացնել նաև օրինական փակցված պաստառները։ Րոպե առաջ նյութ թողարկելու մրցավազքը թույլ չի տալիս աշխատել հիմնավոր և ճշգրիտ։
Կարծում եք միայն շտապողականությու՞նն է խնդիրը։
Մեդիան քաղաքական օրակարգ ձևավորող ամենաազդեցիկ գործիքն է։ Բնական է, երբ լրագրողը կամ խմբագրակազմն ունի իր քաղաքական հայացքները, որոշ երևույթներ դրանցով պայմանավորված է մեկնաբանում։ Երբ քաղաքական շահ սպասարկելով ես լրատվական գործունեություն ծավալում ու փաստարկներդ սխալ են, դու որպես լրատվամիջոց թուլանում ես։ Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, մեդիայի սպառող եմ, ինձ՝ որպես պետական պաշտոնյայի, ձեռնտու է ճշգրիտը։ Երբ տեսնում եմ փաստարկված խնդիր, գնում եմ հրապարակման հետևից, գնում եմ շտկելու։
Ի՞նչ կասեք եթերաժամանակի հավասար բաշխման և լուսաբանման որակի մասին։
Մինչև երեկ լուսաբանման հետ կապված միայն մեկ բողոք ենք ստացել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի մի հատվածի մոնտաժման վերաբերյալ։ Պարզաբանում ենք պահանջելու, որովհետև այս փուլում թեկնածուների խոսքը չպետք է կտրվի։
Ընդհանուր առմամբ, քարոզարշավը միշտ լարված պրոցես է, հատկապես Աժ ընտրություններինը։ Կա՛մ մամուլը ազատ է, այսինքն ընդհանուր հասարակությունը ազատ է և բոլորը ազատ պայքարում են խորհրդարանում տեղ ունենալու, այդ թվում մեծամասնություն կազմելու համար, կա՛մ էլ պիտի դիկտատուրա լինի ու բոլորի բերանը փակված լինի։ Քանի որ մեր երկիրն ազատ է, այդ լարվածությունը բնական է։ Էմոցիոնալ վիճակում թեկնածուները կարող են նաև վիրավորել միմյանց։ Դա ազատության բերած անխուսափելի բացասական կողմն է։
Հավատացնում եմ ձեզ, գնացեք ամենահին ժողովրդավարական ավանդույթներն ունեցող երկրներ նախընտրական քարոզարշավի ժամանակ, տեսե՛ք ինչեր կհայտնաբերեք։ Թեկնածուներն ինչ ասես, որ չեն ասում իրար։
Քսան տարի առաջ հանրությունը տեսնում էր քարոզարշավն այնպես, ինչպես լրագրողներն էին ֆիլտրում։ Հիմա ամեն ինչ առցանց, իրական ժամանակում է տեղի ունենում։ Ավելի լավ է ունենանք այս ազատությունը, և մարդիկ տեսնեն քաղաքական գործիչներին իրենց էմոցիաներով, ոչ թե «ստերիլ»։ Դա է ժողովրդավարությունը՝ տեսնել մարդուն իր բոլոր կողմերով և վերջում կատարել ազատ ընտրություն։
Տեսե՞լ եք արհեստական բանականության ստեղծած նախընտրական քարոզչության տեսանյութերը։ Դրանք հանրության վախերի, տագնապի ու հույզերի վրա են խաղում։
Ճիշտն ասած, ժամանակս չի հերիքում ամեն ինչ տեսնելու համար, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ խնդիր ունի մարդկանց համոզելու, որ գնան իր օգտին քվեարկելու։ Թե ինչ բովանդակությամբ քաղաքական ուժը կցանկանա իր քվեները ստանալ…էստեղ ես շատ զգույշ կլինեմ։ Երբ մենք սկսենք քննարկել բովանդակության թույլատրելիությունը, կհայտնվենք գրաքննողի դիրքերում։ Ազատությունն ունի նաև իր գինը։ Հենց մենք սկսում ենք այդ ամենը մեր դաստիարակության, ընկալումների տեսանկյունից գնահատել, սկսում ենք գրաքննել։ Օրենքն արգելում է վիրավորանքը, զրպարտությունը, բռնության կամ ահաբեկչության քարոզը։ Մնացած դեպքերում, եթե կա ապատեղեկատվություն, թող հերքեն կամ դիմեն դատարան։ Խոսքի սահմանափակումը նույնիսկ «լավ մտադրություններով» դասական դիկտատուրայի ճանապարհն է։
Պարոն Հովակիմյան, այս անգա՞մ էլ չի լուծվելու «լռության օրը» սոցցանցերում քարոզչություն անելու խնդիրը։
Այս անգամ որոշել ենք վարչական տույժ կիրառել։ Նկատի ունեմ լրատվամիջոցներին, կամ հայտնի անհատներին կնույնականացնենք ու կտուգանենք։ Օրինակ, անցած տարվա մարտի 30-ի Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ, լրատվամիջոցները տոտալ խախտում էին լռության օրերը՝ քվարկության նախորդ օրը և քվարկության օրը։ Լրատվամիջոցը չի կարող օրենքից դուրս գործել, հետո գնալ որևէ պաշտոնյայի մեղադրել անօրինության համար։ Առնվազն գնացե՛ք, իրար ձեռ-ձեռի՝ օրենք խախտեք, որովհետև դուք նույն միջավայրի կողմնակից եք։ Եթե լրատվամիջոցը չի հարգում ՀՀ օրենսդրությունը, թող փակի խմբագրությունը և գնա ուրիշ գործով զբաղվի։
Իսկ ինչպե՞ս եք տույժը կիրառելու։
Մոնիտորինգի գործիքներով կփորձենք։ Ես չեմ ասում, որ 100 տոկոսով մեզ մոտ դա կստացվի: Ֆիզիկական անձանց դեպքում դա շատ բարդ է, բայց լրատվամիջոցների դեպքում կստացվի։
Որքա՞ն է տուգանքը։
Եթե չեմ սխալվում՝ մոտ 300 000 դրամ։
Ի՞նչ եք ակնկալում քվեարկության օրվա լուսաբանումից։
Որ լրատվամիջոցները քաղաքական քարոզչություն չծավալեն։ Եթե որևէ խնդիր ես տեսնում, ոչ ոք չի ասում՝ մի՛ բարձրաձայնիր, բայց եթե դա անում ես՝ շեշտելով քաղաքական ուժի անունը, բացասական երանգով ներկայացնելով, արդեն անուղղակի հակաքարոզչություն ես ծավալում։ Գործիքակազմը կա, ընդամենը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունները մինչև ժամը 20:00 մի՛ տվեք։ Օրինակ, լրագրողները իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար գնում են և ընտրատեղամասերում վեճեր են հրահրում։ Ես դա չեմ համարում լրագրություն, բայց ինքը միևնույնն է լրագրողի հավատարմագրով է մտնում տեղամաս, վեճ հրահրում, նկարում կամ էլ առցանց հեռարձակում։ Եթե հունիսի 7-ին լրագրողները զբաղվեն միայն լրագրողական գործունեությամբ և չզբաղվեն իրենց քաղաքական հայացքները սպասարկելով, ամենամեծ ներդրումը կունենան ընտրությունների օրինականության մակարդակի բարձրացման հարցում։
Այդ օրը թող պաուզա վերցնեն։ Թող այդ օրը ՀՀ քաղաքացին հանգիստ ընտրություն անի, թող դադարեն այդ օրը կրքեր բորբոքել, դադարեն այդ օրը մարդկանց նյարդերի վրա ազդել։