Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Լուսանկարում՝ Կարինե Դավթյանը

Հայաստանում բոլոր կանայք՝ անկախ տարիքից կամ բնակության վայրից, բախվում են կարծրատիպերին և խտրական մոտեցումների։ Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք այս դժվարություններին հաճախ առնվազն մի քանի անգամ ավելի շատ են հանդիպում։ Media.am-ի զրույցում ասել է Կանանց իրավունքների տուն ՀԿ ղեկավար Կարինե Դավթյանը: Նա նշել է, որ հանրային գործունեություն ծավալող, քաղաքականությամբ զբաղվող կամ հանրային այլ հաստիքներ զբաղեցնող կանայք հաճախ քննադատության են ենթարկվում ոչ թե իրենց աշխատանքի, գաղափարների կամ գործունեության չկատարման համար, այլ՝ արտաքինի պատճառով։

Ամեն տարի, կանանց իրավունքների պաշտպանության օրվանից մինչև ապրիլի -ը ակտիվորեն խոսվում է խտրականության, ֆեմինիզմի և դրանց կարևորության մասին։ Ոմանք նշում են, որ կանայք օրենքով արդեն պաշտպանված են, մյուսները ներկայացնում են բազմաթիվ օրինակներ՝ հհակառակի մասին։ Ձեր կարծիքով, կա՞ սեռով պայմանավորված խտրականություն, թե ոչ։

Նախ, պետք է ընդգծեմ, որ Հայաստանում բոլոր կանայք՝ անկախ տարիքից կամ բնակության վայրից, բախվում են կարծրատիպերին և խտրական մոտեցումների։ Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք այս դժվարություններին հաճախ առնվազն մի քանի անգամ ավելի շատ են հանդիպում։

Մյուս հարցն այն է, թե կանայք ճանաչո՞ւմ են այդ խտրականությունը՝ թե ոչ։ Օրինակ, երբ հայտարարություններում պահանջվում է՝ «25 տարեկան, բարետես արտաքինով կին», կանայք հաճախ չեն նույնականացնում դա որպես խտրականություն։

Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ և մի շարք իրավական ակտերով խտրականության ցանկացած դրսևորում արգելված է, իրականում սա հաճախ մնում է միայն թղթի վրա։ Ուստի, իմ հստակ պատասխանը՝ այո, Հայաստանում կանանց նկատմամբ առկա է խտրականություն, և անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ հավասար հնարավորություններ ապահովելու համար։

Հիմա, նախընտրական շրջանում, շատ են թիրախավորվում կին քաղաքական գործիչները։ Ու թիրախավորվում են ոչ թե գործունեության, այլ՝ արտաքինի համար։ Ինչո՞ւ։

Իրավացի եք։ Հանրային գործունեություն ծավալող, քաղաքականությամբ զբաղվող կամ հանրային այլ հաստիքներ զբաղեցնող կանայք հաճախ քննադատության են ենթարկվում ոչ թե իրենց աշխատանքի, գաղափարների կամ գործունեության չկատարման համար, այլ՝ արտաքինի պատճառով։ Ցանկացած խոսք անգամ կարող է մանիպուլացվել, ծաղրանքի ենթարկել և շատերը սկսում են տարածել անհիմն քննադատություններ առանց որևէ հիմքի։

Կան դեպքեր, երբ կին պաշտոնյաների շուրջ շրջանառվում են կեղծ կամ շինծու ասեկոսեներ, դրանց շուրջ ձևավորվում են նարատիվներ՝ հեղինակազրկելու համար։ Տեղյակ եմ, թե հանրային գործունեություն ծավալող կանանց ինչպես են պիտակավորում, ստիգմատիզացիայի ենթարկում արտաքինի կամ հագուստի կամ այլ արտաքին ատրիբուտների պատճառով, ասելով «տգեղ է, գեր է» և այլն։

Այնուամենայնիվ, սա միայն առաջին քայլն է թիրախավորման գործընթացում։ Շատ քննադատություններ ուղղված են ընտանիքի անդամներին, երեխաներին կամ ընտանեկան կարգավիճակին՝ ամուսնացած կամ չամուսնացած լինելուն։ 

Ցավոք, հասարակության կողմից թիրախավորելը, քննադատելը կապում են ազատ խոսքի իրավունքի հետ, սակայն, ատելության խոսքի տարածումն աղերս չունի խոսքի ազատության հետ, որը հաճախ շփոթում են։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հաճախ արձագանքում է կանանց նկատմամբ ատելության խոսքին, անհիմն և ոչ օբյեկտիվ քննադատումների և ստիգմատիցազիայի ժամանակ հանդես գալով քննադատական հայտարարություններով։

Իսկ լրատվամիջոցները և՞ս մասնակցում են դրան։

Այո, ավանդական լրատվական միջոցների կողմից նույնպես հանդիպում է թիրախավորում, հաճախ ոչ օբյեկտիվ վերնագրերով հոդվածների տեղադրման պատճառով, որոնք հիմնականում նրանք զուգակցում են առկա նարատիվներին։ Իմ դիտարկմամբ, երբեմն հանդիպում են սուբյեկտիվ վերնագրեր, որոնք ավելի շատ դիտումներ հավաքելու նպատակ ունեն, քան թե լրատվական արժևորություն ներկայացնել։ Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում խտրականությունը, վիրավորանքներն ու ատելությունը շատ ավելի հաճախակի և ընդգծված են։

Ամեն տարի խոսում ենք այդ թեմայով, բայց կարծես փոփոխություն չենք տեսնում։ Քվոտաների շնորհիվ կանայք ավելի շատ են ներգրավվում, բայց հանրային ընկալման մեջ կարծես ոչինչ չի փոխվում։

Հիմքում՝ կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են։ Հասարակության մեջ դեռ իշխում է այն կարծիքը, որ կնոջ տեղը խոհանոցն է, ոչ թե քաղաքականությունը կամ այլուր։ Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ նա ուզում է։

Հայրիշխանական համակարգում կնոջն այնքան էլ լուրջ չեն ընդունում, առավել ևս՝ քաղաքականությամբ զբաղվող կամ որոշումներ կայացնող կնոջը։ Կնոջը հաճախ դիտարկում են որպես միայն էմոցիոնալ անձ։

Կանայք ստիպված են կրկնակի ավելի շատ աշխատել, որպեսզի ստանան հավասար վարձատրություն։ Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կանայք անընդհատ մասնակցում են դասընթացների, վերապատրաստվում են և մշտապես սովորում՝ շուկայում մրցունակ լինելու համար, մինչդեռ շատ տղամարդիկ առանց վերապատրաստումներ կամ դասընթացների մասնակցելու առավել վստահ են իրենց հմտության վրա։ 

Նկատել եմ, որ առաջարկի ստացման ժամանակ կանայք երկար մտածում են, թե ինչպես են համատեղելու ընտանիքի խնամքը, քանի որ ցավոք, կանանց վրա է դրված այդ պարտականությունը, բախվում ընտանիքի անդամների սահմանափակումներին, իսկ տղամարդիկ անմիջապես, առանց վարանելու ընդունում են աշխատանքային առաջարկները, առանց երկար մտածելու, թե կարո՞ղ են կատարել տվյալ աշխատանքը, արդյո՞ք կարող են համատեղել երեխայի խնամքի կամ ընտանեկան այլ պարտականությունների հետ։

Կանայք կարող են ունենալ բարձրագույն կրթություն և բարձր որակավորում, բայց բախվել աշխատաշուկայում մի շարք խնդիրների։ Հայաստանում հազվադեպ են տղամարդկանց քննադատում են անձնական ընտրությունների համար, օրինակ՝ ամուսնալուծության։ Իսկ կնոջ դեպքում սա կարող է ներկայացվել ոչ միայն որպես բարոյական խնդիր, այլև՝ աշխատանքային անհամապատասխանություն՝ կարծես ամուսնալուծված կին-պատգամավորը չի կարող արդյունավետ օրենսդրական նախագծեր մշակել։

Օրենսդրական փոփոխությունները կարո՞ղ են փոխել իրավիճակը։

Կարող են, իհարկե, սակայն, միայն օրենքի բացակայությունը չէ՝ որոշ իրավական կարգավորումներ անգամ գոյություն ունեն, ընդ որում՝ ընդհանուր մակարդակով։ Սակայն, իրականում պրակտիկայում՝ օրենքի իմպլիմենտացիայի ժամանակ այլ է պատկերը։ 

Հաճախ, կին իրավապաշտպաններն էլ են բախվում տարատեսակ խնդիրների, բռնարարների կողմից սպառնալիքների։ Սա ցույց է տալիս, որ իրավական բարեփոխումները ինքնին բավարար չեն՝ փոփոխությունը պահանջում է նաև մշակութային, կրթական և անվտանգության ոլորտներում համակարգված քայլեր։ 

Փաստորեն, լինելով կանանց իրավունքների պաշտպան, դուք էլ պաշտպանության կարիք ունե՞ք։

Այո, կին իրավապաշտպաններն էլ ունեն պաշտպանության կարիք։ Սակայն նման դեպքերը հաճախ չենք բարձրաձայնում, որպեսզի չվնասենք շահառուներին։ Կարևորն այն է, թե ինչպես է օրենքը իրականում կիրառվում պրակտիկայում։ Նաեւ առաջնային է անպատժելիության մթնոլորտի վերացումը․ հակառակ դեպքում անձինք շարունակելու են գործել այնպես, ինչպես կարծում են, որ նորմալ է, և դա վտանգավոր է ինչպես պաշտպանների, այնպես էլ շահառուների համար։

Կա կարծիք, ելնելով կարծրատիպերից ու նախապաշարմունքներից, որ կնոջը թիրախավորելու, վիրավորելու պրոցեսը չի պատժվում, որ կանայք հեշտ թիրախ են, քանի որ հաշվեհարդար չեն տեսնում, պատասխան չեն վիրավորում։ Համաձա՞յն եք։

Ցավոք, Հայաստանում կանանց թիրախավորելու և վիրավորելու բազմաթիվ դեպքեր իրականում անպատիժ են մնում։ Սա ստեղծում է այն տպավորությունը, որ կանայք հեշտ թիրախ են՝ քանի որ հետևանքները մնում են անպատիժ։ Այս անպատժելիությունը ոչ միայն թույլ է տալիս շարունակել նման վարքագիծը, այլև ամրապնդում է հասարակության մեջ կարծրատիպերն ու նախապաշարմունքները, որոնք հիմնականում սահմանափակում են կանանց անվտանգության, ազատության և լիարժեք մասնակցության հնարավորությունները հասարակական ու քաղաքական կյանքում։

Կարող ենք նաև ավելացնել, որ համակարգային արձագանքների պակասը ստիպում է կանանց զգալ սպառնալիք և անպաշտպանություն, ինչը հատկապես վտանգավոր է այն դեպքերում, երբ կանայք ակտիվ են հասարակական կամ քաղաքական ոլորտներում։