Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Արթուր Աթանեսյան

ԵՊՀ-ում կայացած «Հաշվետու գիտաժողով-2025»-ին ներկայացված գիտական թեմաներից մեկը կրել է «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» խորագիրը։ Հետազոտական այդ աշխատանքը ղեկավարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ  Արթուր Աթանեսյանը։ 

Պրն Աթանեսյան, ինչու՞ է մեզ այսօր այդքան շատ կեղծ տեղեկատվություն շրջապատում 

Մենք ապրում ենք շատ ու բազմազան տեղեկատվական դաշտում, որտեղ աղբյուրները մասամբ անվերահսկելի են, ուստի տեղեկատվության որակը գնալով անկում է ապրում: Մարդկանց գրավում է ոչ այնքան որակը, որքան մատուցման ձևը, մատչելիությունն ու համակրելիությունը, տեղեկության անսպասելիությունը, «էքսկլյուզիվը»: Այս ամենը մեծացրել է կեղծ տեղեկատվության ծավալը։ Դրա հետևանքով մարդիկ ապակողմնորոշվում են, ընդունում սխալ որոշումներ, կատարում սխալ ընտրություն և այլն։   

Ներկայումս տեղեկատվական դաշտում կեղծիքն ավելին է, քան այն ժամանակ, երբ ավանդական ԶԼՄ-ները գրաքննվում էին։ 90-ականներին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանը որդեգրեց մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը որպես առաջնորդող սկզբունքներ։ Գրաքննությունը բնութագրվեց որպես ազատ մեդիայի թշնամի, գրաքննողներին համեմատում էին Ստալինի հետ, և որոշվեց գրաքննությունը հասցնել նվազագույնի։   

Արդյունքում, մենք ունեցանք տեղեկատվության տարածման ավելի լայն հնարավորություններ, հատկապես համացանցի առաջացման համատեքստում, բայց հրաժարվեցինք ֆիլտրներից, որոնք կարող էին կանգնեցնել կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության շրջանառությունը։   

Համացանցը ստեղծեց տեղեկացվելու բազմաթիվ հարթակներ, ընտրության լայն հնարավորություն։ Ավելին՝ մարդը ինքը դարձավ մեդիա, քանի որ ունեցավ հնարավորություն ստեղծելու բովանդակություն, տարածելու տեսածն ու լսածը։ Մարդը տեղեկատվության օբյեկտից վերածվեց տեղեկատվության սուբյեկտի, իսկ ֆիլտրներ այդպես էլ առաջ չեկան։ Մարդիկ առանց սահմանների տարածության մեջ սկսեցին գործել, ինչ ուզում գրում են, ինչպես ուզում գրում են, ու, բնական է, որ սա հանգեցրեց տեղեկատվական քաոսի։   

Իրականում, այս առումով, կեղծ տեղեկատվությունն ամենափոքր խնդիրն է։ Ավելի մեծ խնդիր է տեղեկատվական անվտանգությունը: Օրինակ՝ պետության համբավը մեկ օրում կարելի է փչացնել համացանցային համակարգված արշավի միջոցով։ Մի քանի թիրախավորված գրառում, ուղղորդված տեսակետների գեներացում, ու վերջ. այդ պետությունն այլևս չի ունենա նախկին իմիջը։ 

Ասում եք, որ կեղծ տեղեկատվության հոսքը հսկելու համար չկան ֆիլտրներ։ Կա ԶԼՄ մասին օրենք կան էթիկական նորմեր։ 

Էթիկա ասելով բոլորը պատկերացնում են տխուր, ձանձրալի մի բան, իսկ օրենք բառը լսելով միացնում ենք այն շրջանցելու տակտիկան։ Դրա համար ունենք այն, ինչ ունենք։  

Տեսեք, չկա մի իրադարձություն, որի մասին մենք ամբողջական, լիարժեք տեղեկատվություն ստանանք մեկ աղբյուրից։ Էլ չեմ ասում՝ իրադարձության ընտրությունն ինքնին արդեն սուբյեկտիվ է։ Երկրում բազմաթիվ իրադարձություններից լրատվամիջոցներն ընտրում են մեկ կամ երկուսը, համապատասխան իրենց քաղաքական կողմնորոշման, ու լուսաբանում են դրանք, այն էլ՝ ոչ լիարժեք։ Ստացվում է, որ մենք ապրում ենք կիսաճշմարտության պայմաններում, իսկ կիսաճշմարտությունը հավասար է կիսակեղծիքի։ Մենք մի բան գիտենք, բայց մեկ այլ բան չգիտենք։   

Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերեմ կենցաղային օրինակ։ Պատկերացրեք, որ դուք երիտասարդ եք, ուշ գիշեր է, նոր եկել եք տուն ու ձեր ծնողները բարկացած հարցնում են, թե որտե՞ղ էիք։ Պատասխանում եք, որ ընկերների հետ էիք, որովհետև դա անվտանգ պատասխան է։ Իսկ թե ինչ էիք անում, կոնկրետ ովքեր էին ձեզ հետ, որտեղ էիք, չեք ասում։ Այսինքն՝ դուք ասում եք ճշմարտության կեսը միայն։ Այո, դուք ընկերների հետ էիք, չեք խաբում, բայց սա եղելության կեսն է միայն, սա կիսաճշմարտություն է։ Ինչո՞ւ եք այդպես անում, որովհետև լիարժեք պատասխանը փոխելու է ծնողների վերաբերմունքը, տրամադրվածությունը ձեր նկատմամբ։ Այդ տրամաբանությամբ են աշխատում նաև տեղեկատվահաղորդակցական ալիքները։   

Սպառողն ունի հնարավորություն մի քանի աղբյուրներից օգտվելու և դրանք վերլուծելու, համադրելու շնորհիվ ստանալու ընդհանուր պատկեր։  

Դա ծավալուն աշխատանք է։ Երբեմն երեք-չորս աղբյուրն անգամ բավարար չէ, որ կարդաս ու պատկերացում կազմես։ Սպառողը չի ուզում այդ աշխատանքը կատարել, սպառողն ուզում է ստանալ, սպառել և վայելել։  

Սա է պատճառը, որ մենք այդքան խոսում ենք մեդիագրագիտության կարևորության մասին, քայլեր ենք անում դրա համար, բայց արդյունքի չենք հասնում, որովհետև դա պահանջում է վերլուծական աշխատանք, ջանք, ժամանակ, որին սպառողը պատրաստ չէ։ Ժամանակն է թելադրում լինել արագ, օպերատիվ, շատ չմտածել, շատ չխորանալ։   

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ վաղվա օրն անկանխատեսելի է բոլոր իմաստներով։ Մարդիկ նախընտրում են վայելել այսօրը, ոչ թե պլանավորել վաղը։ Իսկ այսօրվա համար հարկավոր չէ իմանալ ճշմարտությունը։ Ճշմարտությունը պետք է վաղվա օրը պլանավորելու համար, ապագան ծրագրելու, ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։   

Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ կիսաճշմարտությունը շահավետ է երկու կողմերին էլ՝ թե՛ սպառողին, թե՛ լրատվամիջոցներին։ 

Այո։   

Իսկ ի՞նչ անել այս իրավիճակում։ Հաշտվե՞լ։  

Մեդիաարտադրանք ստեղծողները վաղուց որդեգրել են պահանջարկը բավարարելու ռազմավարությունը։ Տալիս են այն, ինչ ուզում է հասարակությունը։ Եթե հասարակությունն ուզում է հայհոյանք և ատելության խոսք, մեդիան տալիս է դա։ Երկու քաղաքական գործիչներից լրատվամիջոցը կընտրի նրան, ում խոսքը համեմված է հայհոյանքով, սպառնալիքներով, որովհետև դա կդիտեն ավելի շատ, ուրեմն իրենք կաշխատեն ավելի շատ գումար։   

Որո՞նք են կեղծ լուրերի տարածման դրդապատճառները՝ ըստ կատարված հետազոտությունների։  

Հիմնական դրդապատճառը հենց շատ հետևորդներ հավաքելն է։ Նման մեթոդով տպավորություն ստեղծելը կարող է կարճատև լինել, ուստի պահանջում է շարունակական ներդրում. սոցցանցերում ազդեցություն գործելու համար պետք է մշտապես կամ պարբերաբար ցուցադրել և ցուցադրվել, բարձրաձայնել, այդ թվում՝ առավել վիճելի թեմաներ, որ հանրային ուշադրությունն ու վիճաբանությունը մշտապես ակտիվ լինեն: Սա է՛լ ավելի է մեծացնում կեղծ կամ մասամբ կեղծ տեղեկության շրջանառումն առցանց տիրույթներում:  

Հարկ է նշել, որ մեր հետազոտությունը մասամբ կոտրում է կարծրատիպեր: Մասնավորապես, այն պարզել է, որ վիրտուալ սոցիալական ցանցերի հայ սպառողներից ամենաշատը տղամարդիկ են (և ոչ կանայք) հակված հանդես գալու կեղծանուններով կամ կեղծ լուսանկարներով, առաջին հերթին՝ հակառակ սեռի հետ առցանց ծանոթանալու նպատակով: Փաստորեն, մեր իրականության մեջ ավանդաբար տղամարդիկ էին, որ ստեղծում և վերահսկում էին խաղի կանոններ: Այդ խաղի կանոնների համաձայն՝ այս կամ այն մոտեցումը կարող է համարվել անընդունելի, ամոթալի, անբարոյական և այլն: Ուստի, այդպիսի մոտեցում ցուցաբերելու ցանկություն ունեցող հայ տղամարդիկ, նաև գիտակցելով, որ շրջապատում դա չի ընդունվի, հակված են ոչ թե դա չանելու, այլ անելու, բայց վիրտուալ կեղծ ինքնությամբ:  

Նկատի ունեք՝ կեղծ լուրերի ու կեղծ օգտահաշիվների միջև կապ կա՞։  

Եթե մարդը պատրաստ է կեղծել իր ինքնությունը, ապա պատրաստ է կեղծել նաև իրականությունը, լուրերը։ Բոլորն ունեն իրենց բացատրությունը կեղծելու։ Եթե հարցնեք կնոջը, թե ինչո՞ւ է թաքցնում տարիքը կամ ծննդյան այլ ամսաթիվ է գրում ֆեյսբուքում, նա կբերի բազում բացատրություններ։ Տղամարդն էլ բազում բացատրություններ ունի, թե ինչու է իր լուսանկարի փոխարեն սոցցանցերում կամ առցանց ծանոթությունների հավելվածներում այլ լուսանկարներով հանդես գալիս։  

Պատահակա՞ն է, որ բոլոր առաջատար սոցիալական ցանցերի հիմնադիրները տղամարդ են, որ արհեստական բանականությամբ հավելվածների ստեղծողները տղամարդ են։ Բայց խախտելով սեփական խաղի կանոնները ավելի շատ հենց տղամարդիկ են խախտում դրանք ու կեղծ օգտահաշիվներով են հանդես գալիս։ Քաղաքականության մեջ էլ ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, ովքեր բնականաբար հակված են կրկին խաբելու։ Հաղորդակցություններում կանայք հակված են ենթարկվելու կամ փոխելու խաղի կանոնները, իսկ տղամարդիկ՝ դրանք շրջանցելու, խախտելու։   

Անանունության տեխնիկական լուծումը սոցցանցերի հաղորդակցություններում շատերի համար առավելություն է՝ անելու և տարածելու այն, ինչ իրենք անցանց հաղորդակցության ժամանակ չէին համարձակվի անել։ Օրինակ՝ ատելության խոսքեր տարածել, այլոց հայհոյել: Այդ իմաստով առցանց հաղորդակցությունների դաշտը կարծես իրականության ստվերային կողմը լինի՝ ցույց տալով մարդու իրական, սանձարձակ բնույթը:  

Մի կողմից՝ մարդկանց իրենց բացասական հակումների համար պետք է հատկացնել մի տեղ, որտեղ այս ամենը կարտահայտեն և կհանգստանան, հատկապես իրականության մեջ առկա բազում խնդիրների, դժգոհության համար առկա բազում պատճառների պայմաններում: Մյուս կողմից՝ առցանց դաշտում միմյանց հայհոյելու բացասական և բոլոր առումներով ապակառուցողական մոտեցումն արդեն դուրս է եկել առցանց տիրույթից և դրսևորվում է իրական կյանքում՝ ապացուցելով, որ ոչ միայն իրական կյանքն է արտացոլվում վիրտուալ տիրույթում, այլև հակառակը:    

Ասացիք, որ լրատվամիջոցները տալիս են այն, ինչ պահանջում է սպառողը։ Սպառողի վարքը տեղեկատվություն սպառելու հարցում չի՞ փոխվել։  

Մենք սովորել ենք, որ մեդիան պետք է բավարարի մեր պահանջները, մենք սովոր ենք մեդիայից պահանջել ու ստանալ։ Եթե տարիներ առաջ թերթ էին գնում ու կարդում նրանք, ովքեր համարվում էին հասարակության ազնվական հատվածը, գրագետ, կրթված զանգվածը, ապա հիմա դրան ունեն հասանելիություն բոլորը։ Ստեղծվեց ռադիոն, հեռուստատեսությունը, օնլայն հարթակները, տեղեկություն ստանալու միջոցներն այնքան շատացան, որ արժեզրկվեցին։ Երբ մի բան շատ շատ է, այն արժեզրկվում է, մարդը դադարում է դրան վերաբերել որպես արժեք։ Սպառողը նստած ասում է՝ մատուցեք ինձ, զարմացրեք ինձ, լրատվամիջոցները մրցակցում են սպառողի ուշադրությանն արժանանալու համար։ Մրցակցում են ոչ թե բովանդակությամբ, այլ՝ մատուցման ձևով․ ով ավելի գեղեցիկ, ավելի գրավիչ կներկայացնի նույն լուրը։ Կգրավի ձևը, արագ կվերցնես, կսպառես։ 

Իրավիճակը կփոխվե՞ր, եթե տեղեկատվություն ստանալը չլիներ անվճար, եթե մարդիկ գնեին նորությունները։  

Չեմ կարծում, թե մեր հասարակությունն այլևս կհամաձայնի դրան։ Տասնամյակներ կպահանջվեն մարդկանց սովորեցնելու, որ այն ինչ անվճար էր, պետք է մի օր դառնա վճարովի։   

Կներկայացնե՞ք հետազոտության մեթոդաբանությունը՝ օգտագործված տեխնիկաները։  

Մեթոդաբանությունը ներառում էր տեսահայեցակարգային մոտեցումների վերլուծություն և սոցիոլոգիական կոնկրետ հետազոտություն: Պետք էր հասկանալ վիրտուալ և իրական ինքնության կապն ու փոխհարաբերությունը, «վիրտուալ դիմակների» ստեղծման և օգտագործման ռազմավարությունները, ապա դրանք բացահայտել վիրտուալ սոցիալական ցանցերի հայ օգտատերերի շրջանում:  

Կիրառել ենք առցանց սոցիոլոգիական հարցման մեթոդը առավել ակտիվ օգտագործվող սոցիալական ցանցերում նորարար «Survey Monkey» ծրագրային փաթեթով, որը վճարովի հիմունքներով հնարավորություն է տալիս ձևավորելու, տարածելու, հավաքելու և վերլուծելու առավել բազմազան, ծավալուն և համալիր հարցեր: Այս ամենը մեկ հետազոտողի համար դժվար է, սակայն մեր հետազոտական թիմի համար ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում գրավիչ, խոստումնալից և արդյունավետ խնդիր էր: Հատկապես կարևոր էր ասպիրանտ, այժմ արդեն գիտությունների թեկնածու Անրիետա Կարապետյանի դերակատարումը տվյալների հավաքագրման և վերլուծության փուլում: 

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը