Անդրանիկ Շիրինյան։ Լուսանկարը՝ Շիրինյանի ՖԲ էջից։

ԱՄՆ-ի կառավարության կողմից մարդու իրավունքներով և ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման դադարեցումից հետո Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտել է Հայաստանում իր աշխատանքը։ 

Freedom House-ը Հայաստանում 4 տարվա գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանքներ է իրականացրել մարդու իրավունքների և ազատությունների տարածման, որակյալ մեդիամիջավայրի ստեղծման, խոսքի ազատության ուղղությամբ։ Կազմակերպության գործունեության ու կիսատ մնացած ծրագրերի մասին Media.am զրուցել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հետ։  

Եթե փորձենք ամփոփել՝ Freedom House-ի հայաստանյան գրասենյակը անցած 4 տարիների ընթացքում ի՞նչ գործունեություն է ծավալել, որոնք հիմնականում միտված են եղել մեդիաոլորտի խնդիրների լուծմանը։  

Մեդիայի խնդիրները, ապատեղեկատվության դեմ պայքարը եղել են մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Մեր գործունեության հենց սկզբում մշակեցինք «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում․ դիմակայելով կեղծ պատմույթներին» զեկույցը, որն օգտագործվել է նաև միջազգային տարբեր կառույցների կողմից, որպես հայաստանյան մեդիադաշտին և ապատեղեկատվական միջավայրին ծանոթանալու գործիք։  

Մենք կարողացել ենք կազմակերպության անունը հնարավորինս օգտագործել ի նպաստ Հայաստանում խոսքի ազատության ապահովմանը։ Մշտապես փորձել ենք տեղական կազմակերպությունների ձայնը հասանելի դարձնել, այսինքն՝ ոչ թե առաջ տանել մեր օրակարգը՝ որպես ամերիկյան կազմակերպություն, այլ լսել տեղական կազմակերպությունների, տեղական փորձագետների կարծիքը և դրա հիման վրա կառուցել մեր ջատագովության արշավները։ 

Օրինակ, երբ առաջարկվում էր վիրավորանքի և զրպարտության դեպքում 5 անգամ բարձրացնել փոխհատուցման չափը, մենք այդ շեմը իջեցնելու համար հանրային քննարկում ենք կազմակերպել և կարող եմ ասել, որ նաև մեր կատարած աշխատանքի արդյունքում է հնարավոր եղել այդ բարձրացումը 5-ից հասցնել 3-ի։ Մենք հրապարակավ մեր բացասական դիրքորոշումն ենք արտահայտել անանուն աղբյուրներին հղում կատարելն արգելող օրենքի նախագծի վերաբերյալ, ակտիվ աշխատել ենք, որ ծանր վիրավորանքը հանվի քրեական օրենսգրքից։ Նմանատիպ օրինակները շատ-շատ են։ 

3 տարի անընդմեջ կազմակերպել ենք «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Ի սկզբանե գաղափարի հիմքում հենց մեդիայի և ապատեղեկատվության շուրջ քննարկումներն էին, բայց ընթացքում ֆորումը վերածվեց ավելի լայն՝ մարդու իրավունքների մասին խոսակցության, որտեղ մենք պարտադիր ունենում էինք պանելային քննարկում` նվիրված մեդիային և ապատեղեկատվությանը։  

Վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցում էիք նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի մշակման աշխատանքներին։ 

Այո՛, մարդակենտրոն լրատվության, մարդակենտրոն մեդիայի տարածումը մեր առաջնային նպատակներից մեկն է եղել։ Տեղական հասարակական կազմակերպությունները, մինչև մեր միանալը, կարծես թե 2 տարի արդեն իսկ աշխատել էին ոչ թե օրենքի, այլ հայեցակարգի մշակման վրա։ Երբ մենք միացանք, փորձեցինք համագործակցել Արդարադատության նախարարության հետ։ Կարծում եմ այս օրենքի շուրջ կատարված աշխատանքը հետհեղափոխական Հայաստանում Կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքի ամենահաջողված օրինակներից է, որովհետև ստեղծվել է բավական համագործակցային մթնոլորտ։  

Մենք շատ լավ գիտակցում էինք, որ մեդիադաշտը բևեռացված է։ Մեր նպատակն էր մեկ սեղանի շուրջ համախմբել ինչպես մեդիայի ոլորտի տարբեր ներկայացուցիչների՝ ընդդիմադիր կամ պրոիշխանական, այնպես էլ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների՝ ԼԳԲՏ անձանց, հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, քանի որ մեդիան շատ մեծ դեր ունի այս խմբերի իրավունքների պաշտպանության գործում։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ կազմակերպեցինք հանրային քննարկում, որը բավականին կառուցողական մթնոլորտում անցավ։ 

Հայաստանը այսօր գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում։ Մենք դեռևս չունենք այնպիսի կայացած ինստիտուտներ, որոնք կնպաստեն հասարակական կազմակերպությունների, կառավարության և Ազգային ժողովի միջև համագործակցությանը։ Մեր դերը, որպես միջազգային կազմակերպություն, շատ հաճախ եղել է այս տարբեր խմբերին միավորելը, միմյանց հետ խոսելու, քննարկելու հնարավորություն ստեղծելը, ցավոք կարծում եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման հետևանքով հիմա այս գործընթացները մի փոքր կդանդաղեն։  

Դուք խոսեցիք լրատվամիջողների բևեռվածության մասին, եթե ավելի ընդհանրական ներկայացնենք, որոնք են հայկական մեդիադաշտում առկա հիմնական խնդիրները։  

Խնդիրները չափից շատ են։ Դրանք շատ լավ արտացոլում են այն իրականությունը, որը կա այսօր քաղաքական դաշտում։ Բևեռայնացումը գալիս է հենց քաղաքական դաշտից, քաղաքական խոսույթը լի է ատելության խոսքով, վիրավորանքներով, ինչի հետևանքով էլ իշխանությունները երբեմն փորձում են ավելի պաշտպանողական դիրք զբաղեցնել։ Առաջարկում են օրինագծեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի սահմանած ժողովրդավարական նկրտումներին։ Բևեռայնացումը կլինի առաջին խնդիրը, որ կնշեմ, մնացած բոլոր խնդիրները սկսվում են այստեղից։  

Եթե հետհեղափոխական Հայաստանում ունեինք ընդդիմադիր և մի քանի անկախ մեդիա, ապա այսօր ունենք իշխանական, ընդդիմադիր և շատ սահմանափակ քանակությամբ անկախ խմբագրություններ, որոնք կարելի է անվանել մարդակենտրոն, որակյալ լրատվամիջոցներ։ 

Բայց եթե համեմատենք մեդիամիջավայրը Հայաստանում 2021 թվականին և այսօր, ապա որոշ վերապահումներով, բայց կարող ենք ասել, որ այն որոշակի դրական փոփոխության այնուամենայնիվ ենթարկվել է։  

2021-ին՝ պատերազմից հետո, մեդիան նպաստեց, որ մարդկանց ապրումները, տրավմաները դառնան քաղաքական շահարկումների գործիք։ Կարծես՝ հնարավորություն չէր տրվում մարդկանց ինչ-որ ժամանակ դադար վերցնել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Իշխանության գործելաոճը ևս նպաստավոր միջավայր էր ստեղծում այս ամենի համար։ Պատերազմի ընթացքում կամ հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակի մասին առկա սահմանափակ ինֆորմացիան նպաստում էր, որ ապատեղեկատվությունը, սուտ լուրերը տարածվեն և մարդկանց էմոցիաները դառնում էին շահարկման գործիք։ 

Կարծում եմ` այսօր քիչ թե շատ մեդիան փոխվել է կամ կարելի է ասել հասարակությունն է հաղթահարել այդ ծայրահեղ վիճակը։ Այսօր ավելի դժվար է մարդուն ներքաշել տարատեսակ շահարկումների դաշտ։ Փոխվել է նաև մարդկանց դիմակայության աստիճանը։ Տարբեր կազմակերպությունների աշխատանքի արդյունքում, մեր հասարակությունը կարողանում է դիմագրավել տարբեր ապատեղեկատվական արշավների։ Մեր գործունեության հիմնական խնդիրն է եղել նպաստել Հայաստանում ապատեղեկատվության նվազմանը։ 

Ձեր նշած ավելի դիմակայուն հասարակությունը կկարողանա՞ դիմագրավել ապատեղեկատվական արշավներին օրինակ առաջիկա նախընտրական տարում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ սակավաթիվ մարդակենտրոն, որակյալ լրատվամիջոցները ԱՄՆ-ի արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի կասեցումից հետո հայտնվել են շատ ավելի բարդ իրավիճակում, դրան էլ զուգահեռ ակտիվորեն զարգանում է արհեստական բանականությունը։  

Այսօր խնդիրը ոչ միայն անկախ լրատվամիջոցներին հատկացվող արտաքին օգնության դադարեցումն է, այլ այն վերաբերմունքի ու մոտեցումների փոփոխությունը, որը մենք նկատում ենք տարբեր ազդեցիկ մարդկանց կողմից ամբողջ աշխարհում։  

ԱՄՆ ՄԶԳ-ից ստացվող ֆինանսավորման դադարեցման հետևանքով հատկապես 2026-ի ընտրությունների նախաշեմին ավելի է դժվարանալու անկախ լրատվամիջոցների աշխատանքը։ Այս առումով շատ մոտ և նման օրինակներ են Մոլդովայում, վերջերս Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ ապատեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը, կեղծ պատմույթները շատ մեծ դեր խաղացին ընտրությունների արդյունքների վրա։ 

Արհեստական բանականության կիրառումը ևս լայնածավալ է լինելու։ Եվ ցավոք սրտի, այս ֆինանսավորման դադարեցումները նպաստելու են, որ մարդիկ ավելի հեշտությամբ ընկնեն արհեստական բանականության միջոցով ստեղծված ապատեղեկատվության ծուղակը։ 

Բայց այստեղ շատ կարևոր է նշել, որ միջազգային կազմակերպություններից, տեղական հասարակական կազմակերպություններից բացի, իշխանություններն ունեն պոզիտիվ պարտավորություն` կրթելու հասարակությանը, նպաստելու որակյալ մեդիա միջավայրի ձևավորմանը, որպեսզի քաղաքացիները կարողանան ժողովրդավարական պրոցեսներին հնարավորինս գիտակցված մասնակցություն ունենալ։  

Ի՞նչ ծրագրեր կային, որոնք չհասցրեցիք ավարտել։  

Շատ ծրագրեր ունեինք «Զանգվածային լրատվության մասին» օրենքի մշակման հետ կապված։ Նորից պետք է կազմակերպեինք տարբեր հանդիպումներ, որ մեդիայի տարբեր բևեռների ներկայացուցիչներ խոսեին ու ընդհանուր հայտարարի գային։  

Կիսատ մնաց նաև «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Այն շատ ազդեցիկ հարթակ էր քննարկումների համար, հնարավորություն էր ստեղծում ոչ միայն բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այլ անձամբ վարչապետի հետ քննարկել առկա խնդիրները։ Կարծում եմ այն դարձել էր սպասված միջոցառում հայաստանյան քաղհասարակության, ինչու չէ, նաև իշխանության համար։ 

Միջազգային մեկ այլ կազմակերպության՝ Global Media Registry-ի և Հետքի հետ զեկույց էինք պատրաստում, որը նվիրված էր լինելու Հայաստանում տարբեր մեդիա ընկերությունների ֆինանսական հոսքերի բացահայտմանը։ Կարծում եմ, որ սա Հայաստանի համար կարևորագույն նախաձեռնություն էր, որը ցավոք կիսատ մնաց։ Նախատեսել էինք, այն ներկայացնել «Ժողովրդավարության ֆորում»-ի ժամանակ։ 

Հույս ունեմ, որ մեր գործընկերները կգտնեն միջոցներ և կկարողանան աշխատանքները շարունակել նաև առանց մեզ և ավարտին կհասցնեն այս կարևոր նախագիծը։