2020.05.21,

Տեսակետ

«Նկարիչները ստիպված են վերագնահատել, թե ինչը դնել օնլայն ու դարձնել անվճար, և ինչը՝ ոչ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կոմիքս արտիստ Շամիրամ Խաչատրյանը որոնում է համավարակի օրերին շուկայում ներկայանալու տարբեր ուղիներ: Եվ վստահ է, որ օնլայն տարբերակները փրկելու են ոլորտը:

Շամիրամը Թումոյում առաջին կոմիքսների ստարտափի հիմնադիրն է: Պանիկոմիկ Լաբ՝ Panicomik Laboratory ստարտափը պատրաստում է շուկա հանել կոմիքս պարբերական, որն ամենանայն հավանականությամբ, կլինի օնլայն բաժանորդագրությամբ (որոշ էջեր կլինեն անվճար, բայց ամբողջական պատկերապատումը հասանելի կլինի սիմվոլիկ գումարով):

Շամիրամը այն արտիստներից է, որը սովորել է գրաֆիկական նովելների սրբավայրում՝ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում և հիմա Հայաստանում համարվում է կոմիքսների նավապետ:

Բացի վարպետության դասերից Թումոյում և իր անհատական նախագծերից, նա նաև զբաղվում է հետազոտությամբ: Օրինակ, գրում է հայկական պատկերապատումների պատմությունը՝ սկսած 19-րդ դարից:

Շամիրամը պատմում է, որ կարանտինը թեև տխուր փուլ է, քանի որ ստուդիայից հեռու է (Թումոյի շենք չեն գնում), բայց ուրախ է, որ կա ժամանակ կենտրոնանալու տարբեր նախագծերի վրա, ուսումնասիրելու, գրելու: Եվ իհարկե նկարելու:

Նաև մտածելու, թե ինչպես անել, որ կոմիքսների մշակույթն ու լրատվական դաշտը իրար հանդիպեն, ու հնարավոր լինի թե՛ ինֆորմացիան ավելի սեղմ ու օրիգինալ կերպով ներկայացնել, թե՛ գումար վաստակելու ալտերնատիվ աղբյուրներ որոնել:

Ի վերջո, կոմիքսի ձևաչափը հաջողությամբ է ներկայացվում մեդիայում՝ լուրերն ավելի հասկանալի և հետաքրքիր դարձնելու համար: Կարճ, պարզ պատկերապատումները ինֆորմատիվ են, օգտակար ու գրավիչ գործիք՝ իրազեկելու համար:Բայց մեր լրատվամիջոցների էջերում հազվադեպ են հայտնվում պատկերների շարքերով պատմությունները:

Ինչու՞ են քիչ պատկերապատումները լրագրության մեջ:

Անցյալ տարի նման պրոեկտ արեցինք: Լրագրողները հարցազրույցներ էին վերցրել սահմանամերձ գյուղերի բնակիչներից, իսկ մենք կոմիքսներ էինք նկարել այդ հարցազրույցների հիման վրա: Արդյունքում ստացվեց ռեպորտաժ-կոմիքս: 

Աշխարհում դա ընդունված ժանր է, բայց մեզ մոտ այն շատ զարգացած չէ: 

Մեզ մոտ կոմիքսները ավելի շատ հարում են արվեստին, տանում դեպի հորինված աշխարհներ: Որքանո՞վ եք կարևորում այսօրվա օրը, իրադարձությունը, փաստը:

Հիմա ես առցանց նախագիծ եմ անում Թումոյի ուսանողների հետ: Նկարում ենք չորս էջանոց կոմիքս պատմություններ այսօրվա  ինքնամեկուսացման մասին, բայց մի քիչ ավելի լայն իմաստով: Մտածել ենք սահմանափակումներ՝ ամեն ինչը պիտի կատարվի տանը, անգամ եթե դա լինի երևակայական մի իրադարձություն կամ սարսափ: Դրան կգումարվի այլաբանությունը, թե ինչպես են մարդիկ այս ժամանակահատվածում վերափոխվում: 

Կլինեն թե՛ ֆիզիկական տրանսֆորմացիաներ (ասենք, մարդը դառնում է աթոռ կամ հակառակը) թե՛ հոգեբանական: Բայց ամեն ինչը կատարվելու է տան սահմանններում: Կարծում եմ, շուտով կավարտենք:

Կստացվի 40 էջանոց կոմիքս: Իհարկե, շատ կուզեի, որ տպագրվեր, բայց ներկայացնելու ձևաչափը կախված է իրավիճակի զարգացումից:

Հիմա մենք կարծես պատրաստվում ենք ռեստարտի և այդ պատճառով ակտիվ չենք ինտերնետում հենց այս ժամանակ:

Բայց կա նաև մեկ այլ խնդիր. կարծես կոմիքս նկարիչներից և ընդհանրապես նկարիչներից բոլորը պահանջում են էնտուզիազմ: Այսինքն, սպասում են, որ նկարեն ու իրենց ստեղծագործություններն անվճար տեղադրեն օնլայն, որ դրանք հասանելի լինեն բոլորին: 

Եվ դա շատ դեպքերում նկարիչներին դեմոտիվացնում է: Նրանք նկարում են, էներգիա ու ժամանակ են ծախսում, բայց գումար չեն աշխատում:

Իսկ հիմա բավականին ողբերգական վիճակ է կոմիքսների աշխարհում՝ կարանտինի պատճառով: Գրախանութները ողջ աշխարհում փակ են, և չկա գրքերի ու փողի պտույտ և նրանք, ովքեր գումար էին աշխատում տպագրությամբ կամ հրատարակչությունից, հիմա շատ բաներ հետաձգում կամ չեղարկում են: 

Ու երևի պիտի ընդունենք նաև, որ մեկ էջ տեքստ գրելու համար միգուցե ավելի քիչ ժամանակ է պետք, քան մի էջ նկարելու համար: Եվ նկարիչները ստիպված են վերագնահատել, թե ինչը դնել օնլայն ու դարձնել անվճար, և ինչը՝ ոչ: Եթե կարանտինը երկար շարունակվի, ասենք մի տարի, նկարիչները պետք է մտածեն օնլայնում փող աշխատելու կամ փողի նոր աղբյուր գտնելու մասին:

Պանիկոմիկ

 

Երբեմն փողը չի գալիս մեզ հանդիպելու, քանի որ չգիտի, թե մենք որտեղ ենք… Եվ ինչու՞ չգտնել համագործակցության եզրեր լրատվամիջոցների հետ: Օրինակ, անելով երգիծանկարներ կամ պատկերապատել հոդվածները, անգամ հետաքննությունները, վավերագրությունը: 

Այդ օրը կգա հաստատ, և միգուցե պետք է այն արագացնել: 

Ճիշտ ասած, ունեցել եմ միտք համագործակցելու լրատվամիջոցների հետ՝ անելով կոմիքս-օրագիր, որտեղ մի քանի պատմություն կլինեն իրար խառնված ու համադրված: Շատ կերպարներով, բայց գործողությունը պիտի տեղի ունենա Երևանում: Ու այդ շարքը ամեն շաբաթ կրապարակվեր որևէ լրատվամիջոցում: Բայց այդ գաղափարը մղվեց հետին պլան:

Եթե վավերագրության մասին խոսենք, անպայման պիտի գտնել մարդու, որը դա է սիրում նկարել: Երբ ես եմ անում դոկումենտալիստիկա, անպայման ստացվում է իմ կամ իմ շրջապատի մասին, և ավտոմատ կերպով դա կապվում է աշխարհի հետ:

Բլոգի՞ պես:

Կոմիքս աշխարհում դա հենց օրագիրն է՝ comics diary: Իսկ կոմիքս ռեպորտաժների համար պետք է կամ մտնել լրագրողի դերի մեջ, կամ համագործակցել լրագրողի հետ, որ սցենարը լինի «կյանքային» ու ռեպորտաժի կանոններով:

 

Պանիկոմիկ ստուդիա, Շամիրամ Խաչատրյանը՝ կենտրոնում

 

Ինչպե՞ս պիտի առաջ շարժվի կոմիքսների դաշտը՝ մեկենասներո՞վ, թե՞ շուկան ինքը կորոշի:

Ցանկացած ոլորտ միշտ էլ առաջ է գնացել էնտուզիաստների ու գժերի շնորհիվ:

Բայց հիմա, երբ ինֆորմացիայի հոսքն այնքան շատ է և շատանում են նաև կոմիքսներով հետաքրքրվողները, ավտոմատ կերպով ստեղծվում է նաև դաշտը: Եվ եթե ուզում ենք համակարգային փոփոխություն, պիտի աշխատենք ստեղծել կղզիներ օնլայնում: 

Ասենք, ունենանք մեկ ընդհանուր կայք, որտեղ կհրատարակվեն մեր արտադրած բոլոր կոմիքսները: Հասկանում եմ, որ դա գլոբալ քայլ է, որը միանգամից անել չի լինի:

Բայց ապագան պայծառ է, քանի որ հետաքրքրվողների ու կոմիքսներով և անիմացիայով զբաղվել ցանկացողների քանակը տասնյակներից դառնում է հարյուրավոր: Եվ շատերը տեխնիկապես շատ լավն են, արդեն սովորել են տարբեր հարթակներում ու երկրներում:

Խնդիրը տպագրությունն է, որը մանավանդ հիմա կանգ է առել: Անգամ եթե տպագրվի, հնարավոր կլինի անել դա փոքր տպաքանակով ու տարածել միայն փոստային տարբերակով: Օրինակ, տանը տպագրես ու փոստով ուղարկես բաժանորդներին:

Եթե պարզվի, որ ասենք չորս տարի պիտի ապրենք վիրուսի հետ, արդեն պիտի մտածենք, թե ինչպես վերաթողարկել մեր աշխատանքը:

Ես, օրինակ, սկսելու եմ մինի-սթորի, կարճ կոմիքսային պատմություն, որը կհրապարակվի միայն որպես Ինստագրամի սթորի և միայն 18+ մարդկանց համար: Պատմական արկածային կոմիքս է՝ էրոտիկ տարրերով և բաց կլինի միայն հատուկ մարդկանց համար:

Փաստորեն ցանցի տրամաբանությունը հուշում է նաև, թե ինչպես փող աշխատել ու լսարան հավաքել:

Այս պրոեկտը չի լինի վճարի դիմաց: Բայց իհարկե, բոլորիս չէր խանգարի լավ մարքեթինգը:

 

Շամիրամ Խաչատրյանի պատկերապատումը

 

Ինքնամեկուսացումը առիթ է նաև միավորվելու: Հիմա, օրինակ, չկա մի աղբյուր, որտեղ հավաքված է հայաստանյան կոմիքսների պատմությունը, փառատոնները, հեղինակները…

Համաձայն եմ, ինֆորմացիան շատ չէ: Մինչդեռ կարևոր փուլեր ենք ունեցել՝ «Բադաբադա», Պատկերապատումների փառատոն, Երեք ձուկ, Drink & Draw!, կոմիքսների օրեր, կոմիքս մարաթոններ և այլն: 

Հիմա ամերիկյան ամսագրի պատվերով ես գրում եմ մեր կոմիքսների պատմության մասին՝ մանրամասն հարցազրույցներով, փուլերով, թայմլայնով: Սկսած 19-րդ դարից: Հետո այդ տեքստը կթարգմանվի նաև հայերեն:

Կոմիքսի կառուցվածքը մոտ է կինոյին: Իսկ ինչո՞վ է կոմիքսը տարբերվում կինոյից:

Կոմիքսի պատմությունը կառուցվում է բոլորովին այլ տրամաբանությամբ ու կադրավորման սկզբունքով: 

Կոմիքսը ավելի մոտ է կինոյին, բայց հենց անցնում է կինոյի տարածք, դառնում է անհետաքրքիր: Կինոն ու կոմիքսը լրիվ տարբեր աշխարհներ են, սթորիթելինգի տարբեր տեսակներ: 

Մեկը շարժում է, մյուսը ստատիկա: Գումարած դրան կինոկադրն ունի սահմանափակում, այն ավարտվում է էկրանի չափերով (և նշանակություն չունի, դա հեռախոսի, կինադաթատրոնի կամ համակարգչի էկրան է):

Իսկ կոմիքսը չունի կադրի սահմանափակում, այն կարող է լինել կլոր, եռանկյունի կամ քառակուսի:

Կա նաև մոնտաժի տարբեր տրամաբանություն: Կինոյում մի բան ես խմբագրում, կոմիքսում՝ լրիվ այլ: 

Օրինակ եթե փորձենք «Կռնատ աղջիկը» հեքիաթը նկարել կինո, հետո արդեն նկարած առանցքային կադրերից փորձենք կառուցել կոմիքս, չի ստացվի: Կամ կստացվի աշխարհի ամենաանհամ կոմիքսը: 

Պիտի սկսես «ջարդել» կինոսցենարը՝ կադրերի հաջորդականությունը, խաղաս թայմլայների հետ և այլն, եթե ուզում ես կոմիքս անել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *