Հայաստանում ընտրություններից առաջ ԼԳԲՏ (Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս) անձանց և կազմակերպությունների թիրախավորումը շարունակվում է։
Տարբեր գործիքներով և հնարքներով ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ մանիպուլյացների տարածմանը անդրադարձել են թե «Ստուգված է»-ն (1, 2), թե այլ փաստեր ստուգող կազմակերպություններ։
«Փինք» իրավապաշտպան կազմակերպությունից «Ստուգված է»-ին հայտնեցին, որ վերջին շրջանում թիրախավորումն ակտիվացել է։ Կազմակերպության էջին անհայտ կեղծ հաշվիներից վիրավորական և սպառնալիքներ պարունակող նամակներ են ուղարկում։ տարածվում են նաև կեղծ տեղեկություններ։ Մենք ուսումնասիրել ենք դրանցից մի քանիսը։
Կեղծ էլեկտրոնային հասցեներից նամակների ուղարկում
Մայիսի 4-5-ին նախատեսված ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի նախաշեմին ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության դեմ գրոհ է իրականացվել։ Կեղծարարները կիրառել են «ֆիշինգի» մեթոդը։ Ապրիլին, «Փինք» կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել lilit.avetisyan[at]pinkarmenia[dot]com հասցեից։ Ուղարկողը ներկայացել է որպես Լիլիթ Ավետիսյան։
Իրականում Լիլիթ Ավետիսյանը կազմակերպության նախկին նախագահն է, և նրա անունից բացված այս հասցեն կեղծ է։ Կազմակերպության պաշտոնական դոմեյնը գործում է բացառապես .org տիրույթում։ Հարձակվողները ստեղծել են նույնական անվանմամբ, սակայն .com վերջավորությամբ դոմեյն՝ հույս ունենալով, որ ստացողը ընդհանուր նմանության պատճառով չի նկատի տարբերությունը։
WHOIS տվյալների բազայի համաձայն՝ դոմեյնը ստեղծվել է 2026թ․ ապրիլի 29-ին, այն դեռ մեկ ամիս չկա, ինչ գործում է։ Բացի այդ, այդ անունով կայք չի ստեղծվել, այսինքն՝ դոմեյնը գնվել է բացառապես նամակներն ուղարկելու համար։ Հատկանշական է, որ նույն IP հասցում նշված են ավելի քան 600 հազար այլ կայքեր։ Այն գրանցված է Գերմանիայում։

Բովանդակությունից պարզ է դառնում, որ հեղինակները փորձել են տեղեկություններ ստանալ կազմակերպության ծրագրերի մասին
Բացի դա, նամակի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործողության հետևում կանգնած անձինք հայերենի չեն տիրապետում։ Տեքստում առկա ձևակերպումները ցույց են տալիս, որ կատարվել է լեզվի մեքենայական թարգմանություն։

Կեղծ նամակի լուսապատճենը (տրամադրել է «Փինք» հկ-ն)
Մեզ տրամադրված այլ նամակներ ցույց են տալիս, որ փորձ է արվել տեղեկություն տարածել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Փինքի» միջև համագործակցության մասին։ «Ստուգված է»-ն որոշել է չհրապարակել նամակը՝ ապատեղեկատվությունն ավելի շատ չտարածելու համար, սակայն սա ևս մեկ փաստացի ապացույց է, որ կեղծարարները թիրախավորում են պետական կառույցներին և ՀԿ-ին միաժամանակ։
Վերոնշյալ նամակը կրկին ուղարկվել է lilit[at]avetisyan[dot]pinkarmenia.com կեղծ հասցեից և հասցեագրվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին։ Նամակում հանդիպում են այլ կեղծ էլ․ հասցեներ, այդ թվում՝ info[at]pinkarmenia[dot]com հասցեն։
Հիշատակվում է ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նամակում նրա անունը գրված է՝ որպես «Թամարա Աշոտովնա Սարգսյանը»։ Հատկանշական է, որ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում անունը նշված է որպես «Սարգսյան Թամարա Աշոտի», այսինքն՝ անվան հայկական դիմելաձև։ Առաջին տարբերակը ռուսական դիմելաձև է։
Նամակի կապակցությամբ նախարարությունը մայիսի 7-ին հերքում է հրապարակել․ «Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։
ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Փինքի» գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը «Ստուգված է»-ին հայտնեց, որ որևէ համագործակցություն նախարարության ու կազմակերպության միջև չկա։ Ավելին՝ ՀԿ-ն դիմել էր ԿԳՄՍՆ-ին կից հասարակական խորհրդին անդամակցելու, սակայն մերժում էր ստացել։ ԿԳՄՍՆ-ից «Ստուգված է»-ին նույնպես հայտնեցին, որ «Փինք Արմենիա»-ի հետ որևէ ծրագրի շրջանակում չեն համագործակցում։
Կեղծ նամակներ միջազգային ինֆլուենսերներին
Մայիսին «Փինքին» դիմել է ազգությամբ հնդիկ ինֆլուենսեր զույգ և տեղեկացրել, որ ստացել է նամակ-հրավեր՝ ԼԳԲՏ+ թեմայով տեսանյութեր պատրաստելու նպատակով մայիս և հունիս ամիսներին Հայաստան այցելելու վերաբերյալ։ Ըստ վերջիններիս տրամադրած տեղեկությունների՝ նախագիծը նրանց ներկայացվել է որպես միջազգային արշավ, որի շրջանակներում նախատեսվում է տարբեր երկրների ներկայացուցիչների այցելություն Հայաստան։
Ըստ ինֆլուենսերների՝ կազմակերպիչները նշել են մի քանի մանրամասներ, որոնց համաձայն արշավի հիմնական թեմատիկան սահմանվել է որպես «ԼԳԲՏ+ համայնքի տեսանելիություն և բացություն»։ Ճամփորդության սկզբնական ժամկետ է առաջարկվել մայիսի 17-ը, որը հետագայում տեղափոխվել է հունիսի սկիզբ։ Ծրագրով նախատեսվել է բովանդակություն ստեղծողների հավաք Երևանում, ինչպես նաև մեդիանյութերի պատրաստում քաղաքի և տեղական մշակույթի վերաբերյալ։ Կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել հոգալ ճանապարհածախսը և վճարել մասնակցության հոնորարներ՝ ուղարկելով «Yerevan is Calling You» («Երևանը կանչում է քեզ») վերնագրով գրքույկ։
Այնուամենայնիվ, նախքան համաձայնություն տալը, ինֆլուենսերները փորձել են անկախ աղբյուրներով ստուգել նախագծի օրինականությունն ու կապերը, քանի որ որոշ հանգամանքներ կասկածներ են առաջացրել։ Մասնավորապես, տրամադրված գրքույկում նշված չի եղել որևէ կազմակերպության կամ պատասխանատու անձի անուն, նախագիծը չի ունեցել պաշտոնական կայք կամ սոցիալական մեդիայի էջեր, իսկ էլեկտրոնային փոստով հաղորդակցության մեջ չեն նշվել հայաստանյան գործընկեր կազմակերպություններ կամ տեղական համակարգողներ։ Բացի այդ, մասնակիցներից խնդրել են տրամադրել վճարման տվյալներ՝ նախքան կազմակերպչական ամբողջական տեղեկատվության տրամադրումը։
Նամակներից մեկում նշվում է, որ արշավի հիմքում բացության, ընդունման, ճամփորդության ու մարդկային կապերի թեմաներն են, ինչպես նաև մայիսի 17-ը՝ որպես ԼԳԲՏՔ+ համայնքի համար կարևոր խորհրդանշական օր։ Նամակագիրը հավելում է, որ իրենց համար չափազանց կարևոր է, որ այս համագործակցությունը հրավիրյալների համար բնական լինի և համահունչ իրենց արժեքներին ու ոճին, այլ ոչ թե ընկալվի որպես կողմնակի, «արհեստական» գովազդ։
Հաղորդակցության տվյալների համաձայն՝ նամակներն ուղարկվել են a.lila[at]magic-influence[dot]com (Anita Lila) էլեկտրոնային հասցեից, իսկ նամակը հեղինակած անձը ներկայացել է որպես Աննետ։ Փաստերի ստուգման ընթացքում «Magic Influence» անունով կազմակերպությանը հաջողվել է նույնականացնել միայն Լինքդին սոցիալական ցանցում, սակայն այնտեղ որևէ բովանդակային տեղեկատվություն ներկայացված չէ։ Այս անունով ընկերության հետ առնչվող Անիտա Լիլա կամ Աննետ անունով անձանց մասին տվյալներ նույնպես հանրային աղբյուրներում չեն հայտնաբերվել։

Հատվածներ ինֆլուենսեր զույգի նամակներից․ Զույգի տվյալներ հեռացված են՝ նրանց ինքնությունը պաշտպանելու համար։
«Փինք» կազմակերպությունից նաև հայտնեցին, որ նմանատիպ առաջարկներ ուղարկվել են նաև Մոլդովայի իրենց գործընկերներին։ Վերջիններս էլեկտրոնային փոստով և Տելեգրամ հավելվածի միջոցով նամակներ են ստացել, որոնցում նշվել է, թե Հայաստանում նախատեսվում է իրականացնել «Փրայդ» միջոցառում, և կա դրան աջակցելու ու կարճ տեսանյութեր նկարահանելու անհրաժեշտություն։ Այս մասին նաև գրել էր «Փաստերի ստուգման հարթակը»։
Կեղծ էջերի ստեղծում
Զուգահեռաբար, 2026 թվականին «X» (նախկին Twitter) սոցիալական հարթակում ստեղծվել է «Armenian Queer Union» անունով էջ, որտեղ հիմնականում արհեստական բանականության միջոցով գեներացված բովանդակություն է տարածվում Հայաստանում ԼԳԲՏ+ թեմաներով ենթադրյալ միջոցառումների և զարգացումների վերաբերյալ։ Այդպես, մայիսի 4-ին էջը հայտնել էր, թե Հայաստանում ԼԳԲՏ+ հանրային հանդիպում է տեղի ունեցել, մինչդեռ իրականում նման միջոցառում տեղի չի ունեցել։ Էջի հետևորդների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հայաստանյան օգտատերեր հանդիսացող հետևորդներ չունի։
Հատկանշական է նաև, որ սույն թվականի մայիսին «Փինք» կազմակերպությունը հայտնել էր «X» հարթակում իր անունով բացված մեկ այլ կեղծ էջի մասին, որն ուներ նաև նույնականացման կապույտ նշան։ Կազմակերպության կողմից ներկայացված պաշտոնական բողոքի հիման վրա այդ էջը հեռացվել է սոցիալական ցանցի կողմից։
Այսպիսով, ուսումնասիրված փաստերը ցույց են տալիս, որ ԼԳԲՏ+ թեմայի շուրջ իրականացվող տեղեկատվական արշավները կրում են համակարգված բնույթ։ Կեղծարարները միաժամանակ օգտագործում են տարբեր մեթոդներ՝ պետական կառույցների և ՀԿ-ների անունից ուղարկվող կեղծ նամակներ, արտասահմանյան ինֆլուենսերներին ուղղված հրավերներ և սոցիալական հարթակներում արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ էջեր։ Չեղած միջոցառումների մասին տեղեկությունների կազմակերպված տարածումը փաստում է, որ այս գործողությունների նպատակը ներքին և արտաքին լսարաններում այս թեմայի շուրջ միտումնավոր մանիպուլյացիաներ ստեղծելն է։