Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցի թուրքալեզու ծառայությունը՝ CGTN TÜRK-ը, հունվարի 31-ին գրել էր, թե ԼԳԲՏ+ համայնքը նախատեսում է 2026-ի ապրիլի 7-ին երթ անցկացնել Երևանում։ Ըստ նյութի հեղինակ Օկայ Դեպրեմի՝ Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում «շարժման օրինականացմանը»։
«Վերջին շրջանում խոսվում և գրվում է այն մասին, որ երկար տարիներ անց ԼԳԲՏ+ համայնքը երկրում [Հայաստանում] նոր երթ, նոր հանրահավաք է ծրագրում անցկացնել․․․․ Ըստ որոշ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես դրական է վերաբերվում շարժման օրինականացմանը և հանրային դաշտ դուրս գալուն՝ իր սիրելի Արևմուտքից հերթական «դրական միավորը» ստանալու ակնկալիքով»,- նշել է լրագրողը։
Տեղեկությունը տարածվել է վրացական մեդիայում ևս․ այն վերահրապարակել են rustavi2, Imedi, POSTV News, INFO9 (արխ․), Prime Time և բազմաթիվ այլ կայքեր ու ֆեյսբուքյան էջեր։
Այս տեղեկությունը ակտիվորեն տարածվում է (արխ․) նաև X սոցիալական ցանցում մեծ լսարան ունեցող օգտահաշիվների կողմից (1 2 3 4 5 6):
Հայկական ֆեյսբուքում լուրն առաջինը տարածողներից էր (արխ․) ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Տեղեկությունը ճիշտ չէ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում (արխ․)և pastinfo.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե Փաշինյանը հավանություն է տվել ԼԳԲՏ+ համայնքի շքերթի անցկացմանը.
«Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշել էր խոսնակը։
Բացի դրանից, տեղեկությունը տարածած կայքերի զգալի մասը հիմնվել է մի հոդվածի վրա, որի հեղինակը՝ Օկայ Դեպրեմը, բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածել և հայտնվել Russian fakes հարթակում՝ որպես կրեմլամետ հեղինակ։
Դեպրեմը թուրքական ODA TV լրատվամիջոցի լրագրող է, որը երեք տարի առաջ YouTube-ում տեղադրված տեսանյութում պնդել է, որ ունի Լուգանսկի քաղաքացիություն և նախկինում ապրել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Ուկրաինայում։
Իսկ ODA TV-ն հայտնի է որպես ռուսական «Storm-1516» ապատեղեկատվական արշավի մասնակից։
Ծագումով թուրք Օկայ Դեպրեմի գործունեությանը կարող եք ծանոթանալ Փաստերի ստուգման հարթակի (FIP.am) այս հոդվածում։
Տեղեկության սկզբնաղբյուրը
Մինչև չինական կայքում հայտնվելը՝ տեղեկությունն արդեն իսկ հրապարակվել էր lgbtq-armenia.com հարթակում, որը, ըստ whois.com-ի, ստեղծվել է 11 օր առաջ՝ 2026 թվականի հունվարի 22-ին։
Կայքը գրել էր, թե 2026 թվականի ապրիլի 7-ին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայաստանի պատմության մեջ առաջին ԼԳԲՏ+ շքերթը։ Նշվում էր, թե «շքերթի անցկացումը հնարավոր է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի աջակցությամբ», ու որ Փաշինյանը նախատեսում է անձամբ գլխավորել երթը՝ ի նշան մարդու իրավունքների պաշտպանության։
Տեղեկությունն այս հարթակում հայտնվել է առնվազն հունվարի 26-ին։

Էկրանապատկերը lgbtq-armenia.com կայքից
Բացի այս հրապարակումից՝ կայքում որևէ այլ տեղեկություն չկա։ Ընդամենը մեկ էջանոց կայքը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նկարով է, որը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ։

Էկրանապատկերը lgbtq-armenia.com կայքից
Սա հաստատում է AI or Not արհեստական բանականության ճանաչման գործիքը:

Էկրանապատկերը՝ AI or Not հարթակից
Նկարներից մյուսն իրական է, բայց այն 2012 թվականի Նյու Յորքում տեղի ունեցած երթից է։
Այսպիսով՝ Երևանում 2026-ի ապրիլին ԼԳԲՏ+ շքերթ անցկացնելու մասին լուրը սխալ է և պաշտոնապես հերքվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի կողմից։ Լուրի հիմքում նորաստեղծ կասկածելի մի կայք է, որն օգտագործել է արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար։ Տեղեկատվության աղբյուրներից մյուսը թուրք լրագրող Օկայ Դեպրեմն է, որը նախկինում բազմիցս կեղծ լուրեր է տարածել։