ANNA NEWS տելեգրամյան ալիքը ապրիլի 3-ին կրկնել է (արխ․) արդեն հերքված տեղեկությունը, թե ապրիլի 7-ին Երևանում նախատեսվում էր ԼԳԲՏ+ երթ։

«Ապրիլի 7-ին Փաշինյանը Երևանում ԼԳԲՏ շքերթ էր պլանավորել, սակայն հանրային ուժեղ դժգոհության արդյունքում վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է: Սակայն մենք քաջ գիտակցում ենք, որ սա բառացիորեն եվրոպական քննություն է Փաշինյանի համար, և վաղ թե ուշ նրա բռնաճնշումների մեքենան կկարողանա դա կազմակերպել …[…] »,- նշված է հրապարակման մեջ։

Գրառումն արտատպել է Ռուսաստանում գրանցված, սակայն հիմնականում Հայաստանի մասին գրող Novostink.ru-ն, ինչպես նաև Pravda կայքը, իսկ Ֆեյսբուքում այն տարածել է Արման Նասիբյան անունով օգտատերը։

Գրառումը թիրախավորել է «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությանը՝ ապակողմնորոշիչ տվյալներ ներկայացնելով հայաստանյան այդ կազմակրպության մասին։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է հրապարակման այս և մի շարք այլ պնդումներ և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«ԼԳԲՏ երթը Երևանում»

«Ստուգված է»-ն դեռ փետրվարին էր անդրադարձել Երևանում ԼԳԲՏ երթ անցկացնելու մասին լուրին։ Պարզվել էր, որ այն կեղծ է, իսկ լուրերի աղբյուրը նորաստեղծ ու կասկածելի մի կայք էր, որն օգտագործել էր արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար և տեղեկությունը տարածելուց որոշ ժամանակ անց դադարել էր գործելուց։  

Ստացվում է, որ ANNA NEWS-ը գրել է մի երթի մասին, որի տարածման աղբյուրը ոչ արժանահավատ է եղել։ 

Ուշագրավ է, որ Novostnik.ru կայքը որպես հոդվածին կցվող թեգեր օգտագործել է ակնհայտ ատելություն և վիրավորանք պարունակող բառեր, այդ թվում՝ «այլասերվածներ», «ԼԳԲՏ-թափթփուկներ», «վտանգ»։

Էկրանապատկերը՝ novostink.ru-ից

«Փինք Արմենիա»-ն հերքում է իր ֆինանսավորման մասին և այլ պնդումներ

Գրառման մեջ մի շարք պնդումներ կան «Փինք Արմենիա» հկ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, թե կազմակերպությունն ընդգրկվել է Հայաստանի 4 նախարարություններին կից հասարակական խորհրդում:

«ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Փինք Արմենիա» ԼԳԲՏ կազմակերպությունը պաշտոնապես ընդգրկվել է Հայաստանի չորս նախարարությունների՝ արդարադատության, ներքին գործերի, աշխատանքի և առողջապահության նախարարություններին կից խորհրդակցական մարմինների (հասարակական խորհուրդների) կազմում»,- նշված է գրառման մեջ։

Ըստ  ANNA NEWS-ի՝  դրա արդյունքներից մեկն այն է, որ նոր Սահմանադրության արտահոսած նախագծում անհետացել է «ամուսնանալիս… կինը և տղամարդը ունեն հավասար իրավունքներ» ձևակերպումը։ 

«Սահմանադրությունը դադարում է ուղղակիորեն ամրագրել տղամարդու և կնոջ միությունը որպես ամուսնության մոդել, ինչը նշանակում է, որ հնարավորություն է բացում նույնասեռ միությունների օրինականացման համար»,- գրում է ալիքը։

«Փինք Արմենիան» հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և այլ ոչ հետերոնորմատիվ ինքնություններով անձանց) իրավունքների պաշտպանությամբ ու աջակցությամբ։

Իրավապաշտպան կազմակերպությունը 2026 թ. սկզբին իսկապես ընդգրկվել է նախարարություններին կից հասարակական խորհուրդների կազմում (1, 2, 3), սակայն կազմակերպությունից հերքում են ամուսնության ձևակերպման վերաբերյալ որևէ աշխատանք տանելու մասին պնդումները։

ՀԿ-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը «Ստուգված է»-ին հայտնեց, որ նման հարց որևէ հարթակում չեն բարձրացրել․ «Այս պահին նույնասեռ ամուսնությունների ճանաչումը մեր ադվոկացիոն առաջնահերթությունների մեջ ներառված չէ»։

Հատկանշական է նաև, որ նոր Սահմանադրության որևէ պաշտոնական տեքստ առայժմ հասանելի չէ։

«Իշխանություն» լրատվական կայքը մարտին հրապարակել էր մի փաստաթուղթ՝ կոչելով այն «Սահմանադրության նոր տեքստ»։ Դրանում ներկայացվել էր նաև հոդված 35-ը՝ «Ամուսնանալու ազատության» մասին։ Դրա առաջին կետը, որում նշվում է, որ ամուսնանալու իրավունք ունեն կինը և տղամարդը, փոփոխված չէ։ Հեռացված է 2-րդ կետը, ըստ որի՝ ամուսնանալիս, դրա ընթացքում և բաժանվելիս կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ։

Էկրանապատկերը՝ «Իշխանություն» կայքից

Հետևաբար՝ այսպես կոչված «արտահոսած փաստաթղթում» թեև «ամուսնանալիս… կինը և տղամարդը ունեն հավասար իրավունքներ» ձևակերպումը իսկապես չկար, սակայն առաջին կետում հստակորեն ընդծվում է, որ կինն ու տղամարդն են ամուսնանում և կազմում ընտանիք։

Հատկանշական է, որ Արդարադատության նախարարությունը հերքել է, որ հրապարակված տարբերակը իրենց մշակած վերջնական տեքստն է:

Գրառման մեջ նշվում է, թե «Փինք Արմենիան» լայնածավալ ֆինանսական կապեր ունի արտասահմանյան կառույցների հետ, այդ թվում՝ շվեդական SIDA, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), դանիական «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (New Democracy Fund), բրիտանական «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) և Միացյալ Թագավորության կառավարության հետ։ Որպես դոնորներ նշված են նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ին դադարեցրել է գործունեությունը Հայաստանում 2025 թվականին, հետևաբար «Փինք»-ի՝ դրա կողմից լայնածավալ ֆինանսական կապերիմասին պնդումը կեղծ է։ 

Այս առնչությամբ Հռիփսիմե Կիզոգյանը պարզաբանեց. ««Փինք Արմենիան» ներկայում չի ֆինանսավորվում ԱՄՆ-ի կամ Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից։ Մենք նախկինում ստացել ենք ֆինանսավորում ԱՄՆ ՄԶԳ-ից, որն ավարտվել է 2023 թվականին։ Ունեցել ենք դոնորներ բրիտանական առանձին հիմնադրամներից, օրինակ՝ Sigrid Rausing Trust-ը կամ IWPR-ը, որոնց հետ համագործակցությունը նույնպես ավարտվել է»։

Այսպիսով, Երևանում ԼԳԲՏ+ շքերթի անցկացման մասին լուրերը հերթական ապատեղեկատվությունն են, որոնք հիմնված են հին, հերքված և կասկածելի աղբյուրների վրա։ Տարածվող պնդումները թե՛ նոր Սահմանադրության մեջ ամուսնության սահմանման փոփոխության և թե՛ «Փինք Արմենիա» կազմակերպության ներկայիս ֆինանսավորման վերաբերյալ, սխալ են։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել