Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Քարոզարշավ 2026: Լուսանկարը՝ ՔՊ-ի Ֆեյսբուքի էջից։ Մշակումը՝ ԱԲ-ի

Մայիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնդեվազ բնակավայրում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղը։

«Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան [նվազագույն] սպառողական զամբյուղը։ Այսինքն՝ սպառողական զամբյուղը մարդուն անհրաժեշտ ապրանքների շրջանակն է։ Հիմա մեկ միջին թոշակով մի մարդը կարող է այդպիսի առևտուր անել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը նման հայտարարություն է անում։

Այս պնդումը նա արել էր նաև ապրիլի 15-ին՝ Ազգային ժողովում, և կրկնել ապրիլի 22-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Ստուգված է»-ն նախկինում այս պնդումը մոլորեցնող էր որակել՝ հիմնվելով  2025 թվականի 4-րդ եռամսյակային տվյալների վրա, քանի որ այս տարվա տվյալները դեռևս հրապարակված չէին։

Այժմ մենք վերանայել ենք մեր գնահատականը, քանի որ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր տվյալներ։

Հայաստանում միջին կենսաթոշակը 59 000 դրամ է։ Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները կարող են մինչև 20% հետվճար ստանալ՝ առավելագույնը 10 000 դրամ։ Վերջին տվյալներով՝ հետվճարից օգտվողները միջինը ստանում են 7000 դրամ։ Եթե միջին կենսաթոշակին գումարում ենք հետվճարի միջին չափը, ստացվում է 66 000 դրամ։

Վիճակագրական կոմիտեն հրապարակում է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման երկու ցուցանիշ՝ հիմնված Համաշխարհային բանկի (ՀԲ) և Առողջապահության նախարարության մեթոդաբանությունների վրա։

Համաշխարհային բանկի դեպքում նվազագույն սպառողական զամբյուղը իր հերթին երկու տարբեր ցուցանիշով է հրապարակվում՝ «մեկ շնչի» հաշվով և «մեկ մեծահասակի»։

Նախորդ նյութում նշել էինք, որ Փաշինյանը, նվազագույն սպառողական զամբյուղի մասին պնդումն անելիս, հիմնվել էր ՀԲ-ի՝ «մեկ շնչի» հաշվով ցուցանիշի վրա, որը 61 000 դրամ էր և ընդգրկում է բոլոր տարիքային խմբերը։ Այս տրամաբանությամբ ստացվում էր, որ միջին կենսաթոշակը 66 000 դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 61 000 դրամ՝ ավելի քիչ։

Մինչդեռ կենսաթոշակառուների դեպքում առավել ճիշտ է հիմք ընդունել հենց «մեկ մեծահասակի» հաշվով ցուցանիշը, քանի որ այստեղ ներառված չեն 0-14 տարեկանները, իսկ երեխաները շատ ավելի քիչ սնունդ և ծառայություններ են սպառում, ինչի պատճառով նվազեցնում են միջին ցուցանիշը։

Հետևաբար՝ մենք եզրակացրել էինք, որ վարչապետը ընտրողաբար է ներկայացրել տվյալները։

Էկրանապատկերը՝ armstat.am-ից

Վիճակագրական կոմիտեն, սակայն, մայիսի 8-ին հրապարակել է առավել թարմ տվյալներ, որոնք վերաբերում են 2026 թվականի առաջին եռամսյակին։ Ըստ նոր տվյալների՝ նվազագույն սպառողական զամբյուղն անգամ «մեկ շնչի» հաշվով է ավելի բարձր, քան միջին կենսաթոշակը։ Այն կազմում է 66 989 դրամ՝ միջին կենսաթոշակից գրեթե 1000 դրամ ավելի։

Էկրանապատկերը՝ armstat.am-ից

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, այժմ արդեն սխալ է թե՛ «մեկ շնչի», թե՛ «մեկ մեծահասակի» հաշվով։

Ինչ վերաբերում է «մեկ մեծահասակի» հաշվով նվազագույն սպառողական զամբյուղին, ապա այս տարվա ցուցանիշներով դրա արժեքը ևս բարձրացել է՝ 68 784 դրամից դառնալով 74 598 դրամ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել