Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջից

Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։

Նույն պնդումը նա արեց ապրիլի 22-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում․
«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանի սոցիալական ապահովության բնագավառում»,- ասաց վարչապետը։

«Ստուգված է»-ն փորձել է հասկանալ՝ արդյոք կենսաթոշակառուների եկամուտը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։

Որքան է նվազագույն սպառողական զամբյուղը

Կարևոր է նշել, որ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման երկու ցուցանիշ՝ հիմնված Համաշխարհային բանկի և Առողջապահության նախարարության մեթոդաբանությունների վրա։

Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ 2025 թվականի 4-րդ եռամսյակում (առավել թարմ տվյալները կհրապարակվեն մայիսին) նվազագույն սպառողական զամբյուղը մեկ մեծահասակի հաշվով կազմել է 68 784 դրամ։

Նվազագույն սպառողական զամբյուղը՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության

Էկրանապատկերում երևացող 61 000 դրամը, որի վրա հիմնվելով էլ Փաշինյանը նշում է, թե կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր է, վերաբերում է 1 շնչին բաժին ընկնող սպառողական զամբյուղին։ Ինչպես մեզ ասացին Վիճակագրական կոմիտեից՝ 1 շնչի մեջ ներառված են այդ թվում 0-ից 14 տարեկանները։ Քանի որ երեխաները շատ ավելի քիչ սնունդ և ծառայություններ են սպառում, նրանք նվազեցնում են միջին ցուցանիշը։ 

Այդ պատճառով մենք հիմք ենք ընդունել մեկ մեծահասակի (որի թվում է կենսաթոշակառուն) հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որն ավելի բարձր է (68 784 դրամ)։

Նույն ժամանակահատվածի համար Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկը ցույց է տալիս ավելի բարձր ցուցանիշ՝ 78 836 դրամ։

Ցուցանիշը՝ ըստ Առողջապահության նախարարության մեթոդաբանության

Որքան է միջին կենսաթոշակը

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրացան։

Այժմ միջին կենսաթոշակը Հայաստանում 59 000 դրամ է։ Իսկ անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները կարող են մինչև 20% հետվճար ստանալ՝ առավելագույնը 10 000 դրամ։ Վերջին տվյալներով՝ հետվճարից օգտվողները միջինը ստանում են 7000 դրամ։

Եթե միջին կենսաթոշակին գումարում ենք հետվճարի միջին չափը, ստացվում է 66 000 դրամ։ Սա ավելի ցածր է մեկ մեծահասակի հաշվով սահմանված նվազագույն սպառողական զամբյուղից, որը 68 000 դրամ է՝ դեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով։ 

Եթե հաշվարկը կատարենք Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ, որտեղ սպառողական զամբյուղի նվազագույն արժեքը սահմանված է 78 836 դրամ, նշված տարբերությունն էլ ավելի կմեծանա։

Այսպիսով, մոլորեցնող է պնդումը, թե կենսաթոշակառուների եկամուտը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր է, քանի որ 66 000 դրամ կազմող միջին կենսաթոշակը ցածր է թե՛ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված մեծահասակի հաշվով զամբյուղից (68 784 դրամ), և թե՛ Առողջապահության նախարարության սահմանած ցուցանիշից (78 836 դրամ): 

Փաշինյանը ընտրողաբար է ներկայացրել տվյալները՝ հիմնվելով մեկ շնչի հաշվով կազմող 61 000 դրամ ցուցանիշի վրա՝ չնշելով, որ մեծահասակների համար այդ արժեքն ավելի բարձր է։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել