Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Ապրիլի 30-ին ռուսական քարոզչական «Կավկազար» ալիքը պնդեց, թե ամերիկյան Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES), որը Հայաստանում գործում է դեռ 1990-ականներից, օգնելու է կեղծել խորհրդարանական ընտրությունները։ Գրառումը տարածեց «Կավկազարի» հետ փոխկապակցված «Ռիբար» ալիքը, որը ռուսական ամենախոշոր քարոզչական ալիքներից է Տելեգրամում՝ 1.5 միլիոն հետևորդով։

Ռուսամետ տելեգրամյան ալիքները ամիսներ շարունակ տարածում են պատումն այն մասին, թե արևմտյան զանազան նախաձեռնություններ և կազմակերպություններ կեղծելու են ընտրությունները Հայաստանում։ Այս պատումը փորձում է նախօրոք ապալեգիտիմացնել ընտրությունների արդյունքը։ Այն տարածում են ոչ միայն Տելեգրամ ալիքները, այլև պաշտոնական Կրեմլը։ 

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է տելեգրամյան ալիքների մի շարք գրառումներ ընտրությունների մասին և պարզել, որ դրանք չափազանցրած կամ մանիպուլացրած ձևով են ներկայացնում Հայաստանի համագործակցությունը արևմտյան կառույցների հետ՝ առանց հստակ հիմնավորման այն պիտակավորելով որպես ընտրությունները «կառավարելու» Արևմուտքի փորձ։

IFES-ը՝ ընտրությունների «վերահսկող»

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը 1987 թ․ ԱՄՆ-ում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որը խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ժողովրդավար ընտրությունների անցկացման համար։ Տարբեր տարիներին կազմակերպությունը աշխատել է շուրջ 145 երկրում։ Այժմ այն գործում է աշխարհի 45 պետություններում (ամբողջական ցուցակը հասանելի է հիմնադրամի կայքում):

Ի դեպ, մինչև 2001 թ․ IFES-ը աշխատել է նաև Ռուսաստանում։

Հայաստանում IFES-ը աշխատում է դեռ 1995 թվականից։ Այս փաստը նշում է նաև «Կավկազարը», բայց պնդում, որ երեք տասնամյակ անց, 2026-ին, IFES-ը օգնելու է Հայաստանում ընտրությունները կեղծել։ Այս պնդումը ալիքը հիմնավորում է նրանով, որ այս ընտրություններին IFES-ը դասընթացներ է վարում շվեդական Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ համատեղ։ Այս փաստը որևէ կերպ չի ապացուցում դրա վրա հիմնված պնդումը․ IFES-ը և International IDEA-ն հագործակցում են առնվազն 2010-ականների կեսից։ International IDEA-ն Հայաստանում աշխատում է 2020-ից, իսկ Հայաստանի հետ կապված նախագծեր իրականացնում է առնվազն 2005-ից։

Տելեգրամյան ալիքը մանիպուլացնում է, պնդելով, թե շվեդական կազմակերպության հետ համագործակցությունը ինչ-որ կերպ ապացուցում է, որ IFES-ը հենց այս տարի որոշել է օգնել կեղծել ընտրությունները Հայաստանում և «ապահովել դոնորներին անհրաժեշտ արդյունքը»։

ԵՄ-Հայաստան ծրագրերի քարոզչական զննում

Վերջին ամիսներին Հայաստանը լայն համագործակցություն է ծավալում ԵՄ հետ՝ ընտրություններից առաջ արտաքին հիբրիդային գրոհներին դիմակայելու համար։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին մի շարք նախաձեռնությունների իրականացման, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդման համար։ Ապրիլին հայտարարվեց երկու տարով Հայաստան ժամանող ԵՄ նոր քաղաքացիական առաքելության մասին, որը կաջակցի ռազմավարական խորհրդատվությամբ և կարողությունների զարգացմամբ տարբեր նախարարություններին և ազգային ինստիտուտներին։ Բացի այդ, ապրիլի սկզբին կիբերանվտանգության 60 մասնագետներ հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու «Կիբերվահան» Հայաստան-Էստոնիա վարժանքներին։

Այս ամենը համահունչ է կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ․ հայեցակարգին, որը ընդգծում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Փաստաթուղթը նաև նշում է համակարգված և օտար պետությունների հետ փոխկապակցված հիբրիդային արշավների խնդիրը։

Ընդդիմությունը, սակայն, շեշտում է, որ ԵՄ հետ նման ծրագրերը կարող են ծառայեցվել ընտրությունների ժամանակ իշխանության հեղինակությունը բարձրացնելուն, այլ ոչ թե ապատեղեկատվության դեմ անաչառ պայքարին։

«Կավկազարի»՝ վերը նշված գրառումը հերթականն է ռուսամետ ալիքների այն հրապարակումների շարքում, որտեղ Հայաստանի ընտրությունները դիտարկվում են արևմտյան «կառավարման» համատեքստում։ Այս հրապարակումներում ապատեղեկատվության դեմ պայքարում ԵՄ-ի և Հայաստանի ակտիվացող համագործակցությունը ներկայացվում է որպես ընտությունները վերահսկելու ու կեղծելու փորձ։

Oրինակ, մայիսին Երևանում անցնող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը «Ծիծակ» տելեգրամյան ալիքը որակում է «արտաքին միջամտության գործողություն»։ ԵՄ-ն պարբերաբար գագաթնաժողովներ է անցկացնում տարբեր գործընկեր երկրների հետ (օրինակ 1, 2, 3), որոնք հիմնականում նպատակ ունեն խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նույնպես բացառիկ չէ․ այն տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ, նախորդ տարիներին գագաթնաժողովը անց է կացվել Ալբանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլն։ Տելեգրամի ալիքը չի հիմնավորում, թե ինչու Հայաստանի դեպքում այս գագաթնաժողովները դարձան «արտաքին միջամտություն»։

Ալիքները նաև նորից շրջանառում են հին ու բազմիցս հերքված պատումներն ու դավադրության տեսությունները՝ ԵՄ կառույցների հետ համագործակցող կազմակերպություններին կապելով «Սորոսի համակարգի» հետ (օրինակ 1, 2)։  Սորոսին հիշատակելու հետ մեկտեղ «Կավկազար» ալիքը Արևմուտքի «կադրային կազմակերպություններ» է անվանում սոցիալական, մշակութային, երիտասարդական ծրագրեր իրականացնող հայաստանյան տարբեր նախաձեռնությունների։

Ուսումնասիրված նյութերում պնդումներն ու փաստարկները հաճախ հստակ չեն։ Օրինակ՝ «Ծիծակ» էջի նույն hրապարակման մեջ մեկ ասվում է, որ ընտրությունները կառավարելու է ԵՄ-ն, մեկ՝ Վաշինգտոնը։ Իսկ մեկ այլ՝ արդեն «Կավկազար» ալիքի հրապարական մեջ ընտրությունները «կառավարում էին» բրիտանացիները, ինչը մասին «վկայում» էր Հայաստան-Բրիտանիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Հայաստանը նման հռչակագրեր է ստորագրել տարբեր երկների, այդ թվում, օրինակ, հարևան Վրաստանի հետ։ 

Նմանապես, «Ռիբար» ալիքը ԵՄ սպասվող նոր քաղաքացիական առաքելությունը կապում էր Հայաստանի իշխանությունների՝ «արդար ընտրություններում» հաղթել չկարողանալու անհանգստնության հետ, ակնարկելով, թե ԵՄ-ն լինելու է ՀՀ-ում ընտրական անարդարության հետևում։ Ալիքը պնդում էր, թե ԵՄ առաքելությունը «կառավարելու է» ընտրական գործընթացը ի շահ իշխող կուսակցության, իսկ «եվրաբյուրոկրատիան» իր վերահսկողության տակ է վերցնելու «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները»։

«Ռիբար»-ի այս եզրակացությունների հիմքը նույնպես անհայտ է։ ԵՄ նոր առաքելությունը պաշտոնապես հաստատվել է ապրիլի 21-ին։ Ամսվա սկզբին ԵՄ-ն բացել էր առաքելության մասնագետների աշխատանքի հայտերի ընդունում, որի վերջնաժամկետը ապրիլի 23-ն էր, իսկ ընտրված մասնագետները հայտնի են դառնալու մեկ ամսից։ Այսինքն՝ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան, իսկ դրա կազմը հայտնի է լինելու միայն մայիսի վերջին։ Պնդումն այն մասին, որ առաքելությունը, որի կազմը հաստատվելու է ընտրություններից մի քանի օր առաջ, «կառավարելու է» ընտրական գործընթացը, չունի փաստական որևէ հիմք։

Նույն՝ ընտրական արդար գործընթացը խաթարելու տեսանկյունից էր ներկայացվում նաև Հայաստանի համագործակցությունը Viginum ֆրանսիական պետական ծառայության հետ, որը զբաղվում է ապատեղեկատվության ու օտարերկրյա թվային արշավների ուսումնասիրությամբ և գործում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության հովանու ներքո։

Դեռ 2025-ին քաղաքագետ Արթուր Խաչիկյանը իր Տելեգրամի ալիքում ակնարկում էր, թե Viginum-ը օգնելու է ճնշել Հայաստանի ընդդիմությանը։ Իսկ 2026-ի ապրիլին «Ռիբար» ալիքը պնդեց, թե Հայաստանի իշխանությունները ընտրություններում վերընտրվելու համար հույսները դրել են Արևմուտքի հատուկ ծառայությունների վրա՝ դրանց փոխանցելով «ինքնիշխանության մի մասը և որոշումներ ընդունելու հնարավորությունը»։

Ռուսական համակարգված ապատեղեկատվությունը հայտարարվում է «միֆ»

Ռուսամետ ալիքները միֆ են անվանում Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային պատերազմը», և եզրակացնում, որ դրա դեմ պայքարը ոչ այլ ինչ է, քան ընտրությունները հօգուտ իշխանության կեղծելու պատրվակ։ Հիբրիդային արշավները ընտրույթյուններին միջամտելու պատրվակ է անվանում նաև պաշտոնական Մոսկվան։

Սակայն անկախ լրագրողների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ակտիվ քարոզչություն է վարում Հայաստանում (օրինակ 1, օրինակ 2)։ Ավելին՝ DFRlab-ի 2025 թ․ կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում գրեթե յուրաքանչյուր դրական զարգացմանն ի պատասխան հնչում էր Մոսկվայի, ինչպես նաև Բաքվի բացասական արձագանք (այս արձագանքները հաճախ համահունչ էին)։

Իսկ Տելեգրամում ռուսալեզու ալիքների պատումների՝ 2025-ին իրականացված վերլուծությունը արձանագրում է, որ Հայաստանում իրականացվող եվրոպական ծրագրերը կապվում էին ընտրական գործընթացի հետ։ Օրինակ՝ անկախ ԶԼՄ-ներին հատկացված 1.5 մլն եվրո աջակցությունը ներկայացվում էր որպես օգնություն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ընտրություններին մշտադիտարկում իրականացնելու համար անկախ մեդիայի և քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագիրը մեկնաբանվում էր որպես Փաշինյանի օգտին իրականացվող ընտրախախտումները արդարացնելու պատրաստություն։

Bloomberg լրատվական գործակալության՝ ապրիլի 28-ին հրապարակված հետազոտությունը արձանագրում է, որ ընտրակեղծիքների մասին մեղադրանքները ռուսական ապատեղեկատվության քարոզարշավի հիմնական թեմաներից են։ Նման մեղադրանքներ Bloomberg-ի լրագրողները արձանագրել են նաև Հայաստանի սպասվող ընտրությունների վերաբերյալ։

Այսպիսով, արևմտյան կառույցների հետ ամենատարատեսակ համագործակցությունները մեր դիտարկած հրապարակումներում հաճախ մեկնաբանվում է որպես ընտրությունները կեղծելու փորձ։ Հրապարակումից հրապարակում կրկնվում է պատումն այն մասին, թե արևմտյան ուժերը պատրաստվում են խոչընդոտել Հայաստանում արդար ընտրական գործընթացին։ Սակայն այս մեղադրանքի հիմնավորումներ չեն ներկայացվում կամ մանիպուլյատիվ են։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել