Էկրանապատկերը՝ rsf.org կայքից։

Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշը վերջին 25 տարիների համեմատ այժմ ամենացածր մակարդակում է։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցն արձանագրել է աննախադեպ պատկեր. առաջին անգամ աշխարհի երկրների կեսից ավելին հայտնվել է մամուլի ազատության ամենավատ՝ «բարդ» կամ «շատ լուրջ» խմբերում։ Սովորաբար RSF-ն իրավիճակը գնահատում է հինգ՝ «լավ», «բավարար», «խնդրահարույց», «բարդ» և «շատ լուրջ» մակարդակներով։ Այս տարվա արդյունքները փաստում են գլոբալ հետընթացի մասին։

Մամուլի ազատության մակարդակը նկատելիորեն նվազել է նաև Հայաստանում։ 180 երկրների շարքում մենք այս տարի 50-րդ տեղում ենք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն։ Հայաստանը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի երկրների շարքին։

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում մամուլի ազատության միջավայրը շարունակում է ձևավորվել խորացող բևեռացման, ապատեղեկատվության և ատելության խոսքի աճի պայմաններում։ Այս ամենի հիմքում և՛ ներքաղաքական խնդիրներն են և՛ տարածաշրջանային ու գլոբալ գործընթացները։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է գործել քաղաքական և առևտրային շահերի ազդեցության ներքո՝ բախվելով խմբագրական քաղաքականության վրա ճնշումների։ Դա է պատճառը, որ մեդիայի բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ 

Սրան զուգահեռ՝ գործող անկախ խմբագրությունները, որոնց թիվը ըստ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության սահմանափակ է՝ «ՍիվիլՆեթ», «Հետք», «Ֆակտոր TV», «Ազատություն» ռադիոկայան, զարգանում են և իրականացնում՝ ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող վերահսկողական աշխատանքներ։

Միջազգային կազմակերպությունը նշում է, որ թեև իրավական դաշտում տեղի են  ունեցել որոշակի փոփոխություններ, սակայն ոլորտը կարգավորող իրավական նորմերը բավարար կերպով չեն պաշտպանում մամուլի ազատությունը և չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին։

Նրանց գնահատմամբ ապատեղեկատվության դեմ պայքարի և տեղեկատվության հրապարակումը սահմանափակող դատական արգելքների հարցերը շարունակում են մնալ չլուծված, պետական տեղեկատվության հասանելիությունն էլ հաճախ սահմանափակվում է՝ պատասխանների մերժման, ձգձգումների և այլ մեխանիզմների միջոցով։

«Տնտեսական միջավայրը ևս չի նպաստում մեդիայի անկախությանը։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական ուժերին մոտ կանգնած անձանց կողմից կամ ֆինանսավորվում է ազդեցիկ գործիչների միջոցով։ Վճարովի բաժանորդագրության մոդելները քիչ են տարածված, իսկ գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչի հետևանքով սահմանափակվում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։ Միևնույն ժամանակ, պետական մեդիաները խուսափում են կառավարության հասցեին հնչեցվող քննադատությունից»,- ասվում է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցում։

Միջազգային կազմակերպության գնահատմամբ Հայաստանում առկա են նաև  լրագրողների անվտանգության հետ կապված խնդիրներ։
Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակների և նրանց աջակիցների կողմից։ Նրանք  հաճախ դառնում են ատելության խոսքի թիրախ, ինչը նպաստում է ինքնագրաքննության խորացմանը։ 

Նախորդ տարվա համեմատ 16 հորիզոնականով հետընթաց գրանցելու պարագայում անգամ, Հայաստանը տարածաշրջանում մամուլի ազատության ցուցանիշով  շարունակում է մնալ առաջատարի դիրքում։ Հարևան երկրներից Վրաստան-ը գտնվում է 135-րդ հորիզոնականում, Ադրբեջան-ը՝ 171-րդ, Թուրքիա-ն՝ 163-րդ, Իրան-ը՝ 177-րդ, իսկ Ռուսաստան-ը՝ 172-րդ տեղում։